Step1.am-ի զրուցակիցն է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
-Պարո՛ն Ղազարյան, Արցախից բռնի տեղահանված քանի՞ անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
-Օգոստոսի 26-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4217 անձ։ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն են ստացել 2496-ը։ Շատերն այս թվերին նայելով, ասում են, թե քաղաքացիություն ստացողների թիվը քիչ է, բայց այստեղ պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք, որ անչափահասներն այս տվյալների մեջ չկան եւ չեն կարող լինել։ Քաղաքացիության դիմումներ լրացնում է 18 տարին լրացած անձը, իսկ երբ ծնողները կամ մեկ ծնողը դառնում են ՀՀ քաղաքացի, անչափահասն ուղղակի անձնագրի փոփոխության ճանապարհով դառնում է ՀՀ քաղաքացի։
-Արցախցիները հետեւյալ հարցն են բարձրաձայնում՝ բնակապահովման ծրագրից օգտվելու համար ինչո՞ւ է պարտադիր նորմ սահմանվել ՀՀ քաղաքացի դառնալը։ Չէ՞ որ այդ ծրագրի նպատակն այն է, որ Հայաստանը փախստական արցախցիներին ապահովում է բնակարանով, ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջի նպատակը ո՞րն է։
-Իրականում ծրագրի պատասխանատու մարմինը մենք չենք, հարցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է։ Բայց ծրագրի պատասխանատուները բարձրաձայնել են այդ հարցը, հետեւյալ տրամաբանությունն է, որ պետությունը երկարաժամկետ ներդրում է կատարում այս անձանց համար՝ բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման նպատակով։ Եվ երկարաժամկետ ներդրումը պետք է արտահայտվի նաեւ պետության հետ երկարաժամկետ կապի որոշակի դրսեւորմամբ։ Իսկ դրա իրավական դրսեւորումը մեր իրավական համակարգի պայմաններում միայն քաղաքացիություն ստանալն է։ Այսինքն՝ քաղաքացիությունն է ապահովում այն երկարաժամկետ եւ իրավական կապն անձի ու պետության միջեւ, որն ակնկալվում է, որ պետք է լինի նաեւ այս ծրագրի արդյունքը։ Սա է հիմնարար տրամաբանությունը։
Բայց ես նշեմ նաեւ շատ կարեւոր հանգամանք՝ եթե ուշադրություն դարձրած լինեք, աջակցության ծրագրերի համար սոցիալական ու իրավական կարգավիճակը միմյանց հետ կապված չեն եղել։ Ես նկատի ունեմ միանվանգ 100 հազար դրամ, 40+10 հազար դրամ աջակցության ծրագրերը, որոնց դեպքում սոցիալական ու իրավական կարգավիճակը միմյանց հետ կապված չեն եղել։ Այսինքն՝ բռնի տեղահանման փաստի հիման վրա են իրականացվել սոցիալական ծրագրերը, որովհետեւ դրանք եղել են ճգնաժամի կառավարման եւ ճգնաժամի հաղթահարման սոցիալական ծրագրեր, ոչ թե երկարաժամկետ կապ ենթադրող ծրագրեր։ Անձը լիներ ՀՀ քաղաքացի, թե չլիներ, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված էր, եւ ֆիքսված էր նրա տեղահանության փաստը, այդ փաստի ուժով նա օգտվում էր եւ շարունակում է օգտվել նշածս սոցիալական ծրագրերից։
-Քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը կարո՞ղ է ազդել բնակապահովման ծրագրի արդյունավետ իրականացման վրա։ Ես նկատի ունեմ, որ այդ պահանջի դեպքում ծրագրի իրականացումը կարող է դանդաղել։ Գուցե սա արվել է այն նպատակով, որպեզի հնարավորինս քիչ մա՞րդ օգտվի ծրագրից։
-Անկեղծ ասած, ծրագրի դիմելիության մասին տեղեկություն չունեմ, պետք է դիմելիությունը հաշվենք, որպեսզի կարողանանք նմանատիպ եզրահանգում անել։ Այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ ԼՂ-ից տեղահանված անձանց շրջանում որոշակի միֆեր, կասկածներ կան, որոնք օբյեկտիվորեն կարող են առաջանալ։ Մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք տեղահանված անձանց հետ, եւ հիմնական մտահոգություններն այն են, թե ի՞նչ կլինի իրենց գույքային իրավունքների հետ։ Մինչդեռ, մենք հստակ բացատրում ենք, որ իրականում այս իրավունքների մասով անձը որեւէ կերպ չի տուժում, դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են։ Անձի իրավական կարգավիճակի փոփոխությամբ այս իրավունքները որեւէ կերպ չեն խաթարվում եւ չեն տուժում։ Նմանօրինակ մտահոգություններ ես տեսել եմ նաեւ Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց շրջանում։
-Ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար արցախցիները ստորագրում են մի փաստաթուղթ, ըստ որի՝ ոչ մի երկրի քաղաքացի չեն հանդիսանում։ Ինչի՞ համար է սա արվում։
-Այստեղ շատ կարեւոր հանգամանք կա՝ ձեւակերպումն այսպես է՝ չեն հանդիսանում որեւէ այլ երկրի քաղաքացի։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը որոշակիացվել է 2023 թվականի հոկտեմբերի կառավարության 18-64 որոշմամբ։ Այդ որոշումը ենթադրում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի, փախստականի կարգավիճակի տրամադրում։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կիրառվում է աշխարհում զանգվածային հոսքերի դեպքում։ Օրինակ՝ Եվրամիությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալիս են Ուկրաինայից բռնի տեղահանված փախստականներին՝ միակ տարբերությամբ, որ այնտեղ ժամանակավոր պաշտպանությունը միանգամից չի ենթադրում փախստականի կարգավիճակ։ Իսկ մեր Փախստականների եւ ապաստանի մասին օրենքը հստակ ասում է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ճանաչվում են փախստական։ Այսինքն՝ նրանք ՀՀ-ում ունեն նույն իրավունքները, ինչ այլ փախստականները։
Կառավարության որոշումը, որով տրամադրվեց ժամանակավոր պաշպանության կարգավիճակը հստակեցնում է այն խումբը, որին տրամադրվում է այդ կարգավիճակը։ Երեք կատեգորիա է նշված՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրով անցնող մարդիկ, այն անձինք, ում վերջին հաշվառումը եղել է ԼՂ բնակչության ռեգիստրում եւ երրորդը՝ չկան ԼՂ բնակչության ռեգիստրում, բայց բռնի տեղահանության ընթացքում մենք ֆիքսել ենք, որ այս անձինք ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք են։ Եվ մեկ բացառություն կա, որ անձը չի հանդիսանում այլ երկրի քաղաքացի։ Սրա լոգիկան դրված է Փախստականների եւ ապաստանի մասին մեր օրենքում, որ եթե անձն ունի որեւէ այլ երկրի քաղաքացիություն, նա օգտվում է այդ երկրի պաշտանությունից։ Պայմանական ասած՝ եթե անձը Ռուսաստանի կամ Արգենտինայի քաղաքացի է, նա արդեն օգտվում է այդ երկրի պաշտպանությունից։ Ժամանակավոր պաշտպանության էությունն այն է, որ որեւէ պարագայում ՀՀ-ն չի վերադարձնելու ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձին այն տարածք, որտեղ նրա կյանքին ռիսկ է սպառնում։ Իսկ այս պարագայում նա արդեն օգտվում է այդ չվերադարձելիության սկզբունքից երրորդ պետության կողմից։ Նույնը ՀՀ քաղաքացիների մասին է՝ եթե անձը ՀՀ քաղաքացի է, իրավականորեն անհրաժեշտություն չկա ու չի էլ կարող լինել մի իրավիճակ, որ անձն իր քաղաքացիության երկրում լինի նաեւ փախստական։ Դա իրավական նոնսենս է, չի կարող նման բան բան գոյություն ունենալ։ Եվ հենց այդ պատճառով է նշված, որ անձը չպետք է լինի այլ երկրի քաղաքացի։
-Այսինքն՝ երբ նշվում է՝ չպետք է լինի այլ երկրի քաղաքացի, խոսքն Արցախի մասի՞ն չէ։
-Այո՛, հենց ոչ Արցախի մասին է խոսքը։
-Այսինքն՝ Արցախում իրենց կոլեկտիվ գույքային եւ մյուս իրավունքները պահպանվո՞ւմ են։
-Այո՛։ Հենց դրանով մենք սահմանազատում ենք դնում, որ եթե անձը միայն Լեռնային Ղարաբաղում էր բնակվում, այնտեղ էր հաշվառված, իրեն համարում էր ԼՂ քաղաքացի, մենք նրան վերցնում ենք ժամանակավոր պաշտպանության տակ։ Մենք ուղղակի պետք է ֆիքսենք, որ այլ երկրի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի չի հանդիսանում տվյալ անձը։
-Արցախից բռնի տեղահանված անձանց մոտ շատ է ծագում այս հարցը՝ իրենք քաղաքացիություն ունեցող, թե՞ չունեցող անձինք են։
-Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունը Լեռնային Ղարաբաղն է։
– Կմանրամասնե՞ք՝ ի՞նչ անձնագրեր են տրամադրվում արցախցիներին, 099 կոդով անձնագիրը ինչո՞վ է տարբերվում 070 կոդով անձնագրերից։ Դա հատուկ անձնագի՞ր է, թե սովորական քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, հետագայում մարդիկ դարձյալ խնդիրների չեն բախվի՞ իրենց անձնագրերի պատճառով։
-099 կոդը վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո մարդն առաջին անգամ անձնագրավորվում է։ Դա առանձին անձնագրավորման կոդն է։
-Այսինքն՝ եթե, օրինակ, Իսպանիայի քաղաքացին որոշի ՀՀ քաղաքացիություն ստանալ, դարձյալ այդ կոդն է լինելո՞ւ։
-Այո՛, դա առաջին անգամ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձի անձնագրավորման կոդն է։ Նախկինում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրվել են ՀՀ անձնագրերը ոչ թե որպես քաղաքացիության հավաստում, այլ որպես ճամփորդական փաստաթղթեր։ Դրա մասին արձանագրված է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռում, որտեղ հղում է կատարված 1999 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ համաձայնագրին, գրված է, որ այդ փաստաթղթերը ճանփորդելու նպատակով են տրամադրվում եւ չեն վկայում անձի՝ ՀՀ քաղաքացիության պատկանելության մասին։
Ինչ վերաբերում է ծննդավայրը անձնագրում նշելուն, մեր կարգավորումներով հնարավորություն կա ընտրել երկիր, մարզ եւ բնակավայր։ Այսինքն՝ երբ անձն իր դիմումում գրում է, որ ցանկանում է որպես իր ծննդավայր նշել մարզը կամ բնակավայրը, այդ հնարավորությունը կա։ Լեռնային Ղարաբաղի դեպքում բնակավայրի անունն է նշվում։
Ռոզա Հովհաննիսյան