Հովհաննես Քաջազնունու Բաքվի հայոց եկեղեցին

  • 13:41 28.08.2024

Իսկ գիտեի՞ք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ոչ միայն ճարտարապետ էր, այլև նրա նախագծով կառուցվել է Բաքվի Սբ․ Թադևոս և Սբ․ Բարդուղեմիոս եկեղեցին, որը գտնվում էր Դիմիտրովա-Բոնդարնայա-Շամսի Բադալբեյլի փողոցում։

Դեռ ուսանողական տարիներին երիտասարդ Քաջազնունու համար երազանք էր դարձել նախագծել հայկական եկեղեցի, և այդ երազանքը նրան տարավ Անի, բացահայտելու հայկական ճարտարապետության գաղտնիքները։  Հովհաննես Քաջազնունին հայկական եկեղեցու նախագիծը մշակել է տարիներ շարունակ, փայփայելով հայկական նոր ոճով կոթողային շինություն ստեղծելու գաղափարը: Գիտակցելով հայկական ճարտարապետության բարձր գեղարվեստականությունն ու արտահայտման ազգային ձևերը, նա իր առջև խնդիր էր դրել ճարտարապետությանը տալ նոր բովանդակություն, ստեղծելով  հայկական նոր ոճ։

19-րդ դարավերջը ինչպես ասում են, Քաջազնունու երազանքի աստեղային ժամն էր։ Բաքվեցի մեծահարուստ Ենովք Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898 թվականին Սանկտ Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ 1907 թվականի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացված հինգ նախագծերից մեկն էլ Հովհաննես Քաջազնունունն էր։

Հունիսի 4-ին հայտնի է դառնում, որ Պետերբուրգում գործող ժյուրին առավելությունը տվել է ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանի ե Վ. Պետրովսկու նախագծերին. դրանք արժանացնելով առաջին մրցանակի: Բուդաղյանի ընտանիքի կտակակատարների խորհուրդը, սակայն կտրականապես դեմ գնալով ժյուրիի որոշմանը, նախընտրեց Քաջազնունու տարբերակը: Սկսվում է նախագծի աշխատանքային գծագրերի մշակումը, որը Քաջազնունին կատարում էր մենակ, առանց որևէ մեկին ներգրավելու աշխատանքներին: Ըստ ներկայացված նախագծի, եկեղեցու շինարարության արժեքը կազմում էր 300.000 ռուբլի: Բայց ժառանգած գումարը կազմում էր ընդամենը 200.000 ոուբլի։  Քաջազնունին ստիպված էր զգալիորեն վերափոխել նախագիծը։ Եթե նախագծով նախատեսված էր 1500 տեղանոց աղոթասրահ, չափերը փոքրացնելով այն հասցվեց 1000 մարդու։

1909 թվականին Քաջազնունին քաղաքական գործունեության համար ձերբակալվում է, գրավով ազատվելուց հետո, 1911 թվականին քաղաքական հալածանքներով պայմանավորված մեկնում է արտասահման։ Այդ ընթացքում եկեղեցու շինարարությանը հետևում էր մեկ այլ հայ ճարտարապետ՝ Նիկողայոս Գեորգի Բաևը, որը նույնպես մեծ ավանդ ունի Բաքվի ճարտարապետության մեջ։

1914 թվականին կայանում է եկեղեցու օծման արարողությունը, որից հետո Ենովք Բուդաղյանի աճյունը, որ ժամանակավորապես հողին էր հանձնվել հայկական հին գերեզմանատանը, տեղափոխվում և վերահուղարկավորվում է նորակառույց եկեղեցու բակում, ինչպես նախօրոք հայտարարել էր հայկական եկեղեցու ավագ քահանա Ղևոնդ Տեր-Աստվածատուրյանը։

Ականատեսների վկայությամբ, այդ եկեղեցին Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, որը աչքի էր ընկնում իր ներքին ու արտաքին շքեղությամբ ու ճարտարապետական դրվագներով։ Սպիտակ քարի և ոսկու նուրբ շերտով հարդարման զուգակցումը, արևի ճառագայթների ներքո հատուկ մի վեհություն էին տալիս եկեղեցուն:

Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը որոշ ճարտարապետների կողմից մեկնաբանվեց որպես «նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից և այդ առումով նման է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։

Խորհրդային տարիներին եկեղեցին հայտնվում է «ոչ ցանկալի» հուշարձանների ցանկում և բարբարոսաբար քանդվում 1930-ական թվականի սկզբներին։ Ականատեսների վկայությամբ՝ քանդում էին երեք տարի շարունակ։ Այնքան ամուր կառույց էր, որ 1937 թվականին ստիպված են լինում պայթեցնել: Եկեղեցու տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի  շենքը։

Եկեղեցին ճարտարապետական ու նաև բարձր գեղարվեստական արժանիքներով, իր ուրույն տեղն ունի հայ ճարտարապետության պատմության մեջ։

Արմինե Հայրապետյան

f