Զինվորականից՝ թեյագետ

  • 19:11 28.08.2024

«Թեյի արտադրությունը և թեյի բիզնեսը իմ մանկության երազանքն էր, ես սիրում եմ տարբեր խոտաբույսերով թեյեր խմել, ինձ շատ դուր են գալիս հետաքրքիր համադրությունները, այդ իսկ պատճառով ես սիրով, մեծ ցանկությամբ որոշել եմ զբաղվել թեյի արտադրանքով»,- Անդրանիկ Սարգսյանի խոսքերն են՝ 17 տարվա զինվորական, ով բռնագաղթից հետո որոշել է փոխել մասնագիտությունը եւ խաղաղությունը թեյի տեսքով մատուցել իր ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր  մի բաժակ թեյի շնորհիվ հանգստություն կգտնեն։

Անդրանիկը համեստորեն լռում է, իսկ կինը՝ Անին, հպարտությամբ է պատմում, որ ամուսինն Արցախում ՊԲ-ի սպա էր՝ զորամասի շտաբի պետ։ Մեկուկես տարի էր մնացել, որ անցնի զինվորական թոշակի, բայց  հիասթափությունը շատ մեծ եղավ։

«Անդրանիկն ուզում էր շարունակել հոր՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած ազատամարտիկի գործը։ Մեծ պատասխանատվությամբ էր ծառայում եւ հաջողություններ ուներ, որի մասին վկայում են բազում   պարգևատրումները, պատվոգրերը, խրախուսանքները, մեդալները»,- ասում է Անին։

Կինը նշում է նաեւ, որ ամուսնու ապրումները շատ ծանր էին,  երբ որոշում կայացվեց լքել Արցախը՝ տարիներով պահած հողը, որի խաղաղության համար Անդրանիկը անհայր մեծացավ եւ ինքը  եւս անհամար անքուն գիշերներ անցկացրեց՝ հսկելով  մեր բարձունքները։

ՀՀ-ում երկար ժամանակ իր տեղը չգտնելով, աշխատանքի փնտրտուքներից հոգնած՝ հիասթափվում է ամեն ինչից։ Հետո հիշում է իր սիրելի հոբբին, որն այսօր դարձել է հետաքրքիր բիզնեսի սկիզբ։

«Արցախում ես միշտ մեր լեռնային և դաշտային գոտիներից հավաքում էի օգտակար խոտաբույսեր և նրբագեղ հոտով անուշաբույր համադրությամբ թեյ էի պատրաստում, հյուրասիրում իմ ընտանիքին, ընկերներին, հարևաներին, և հենց այդտեղից էլ առաջացավ դյութիչ թեյի անվանումը՝ Դյութեա»,- պատմում է Անդրանիկը։

 

Անին անկեղծանում է՝ իրենց տոնախմբությունների բաղկացուցիչ մասն էր Անդրանիկի պատրաստած թեյը։ Դա հատուկ արարողակարգ էր եւ բարեկամները երեկոյի այդ հատվածին  մի այլ  ոգեւորությամբ  էին սպասում։

Մանկության սիրելի զբաղմունքը մի քանի ժամում վերածվեց աշխատանքի գաղափարի։ Բույսերի հավաքմամբ զբաղվում է հիմնականում Անդրանիկը։

«Դեղաբույսերը հավաքում եմ հայկական լեռնաշխարհի բարձունքներից՝  Սիսիանից, Ղափանից, Տաթևից, Ապարանից, Բյուրակնից և Սեպասարից։ Դժվարություներ լինում են հիմնականում բարձրադիր գոտիներից հավաքելիս և թունավոր միջատների, օձերի հանդիպելիս»,- բացատրում է Անդրանիկը։

Թեեւ թեյամշակման մեջ ամենաբարդը հենց խոտաբույսերի հավաքումն է, բայց  ամբողջ ընթացքին պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել։ Սարգսյանները հենց այդպես են անում։

Արմավիրի իրենց այժմյան կացարանը իսկական արտադրամասի է վերածվում՝ տեսակավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ Անիի ծնողներն ու եղբայրը։

Թերթիկներն՝ առանձին, ցողուններն՝ առանձին, տերեւներն՝ առանձին, այս ամենը սպասում է իր ճիշտ ժամանակին՝ թեյի նոր համ ստանալու համար։ 9 եւ 7 տարեկան աղջիկներին վստահված է փաթեթները կշռելն ու գրառումներ անելը։

«Ես մասնագիտությամբ բուսաբան եմ, բայց նաև անհրաժեշտության դեպքում խորհուրդներ եմ հարցնում իմ դասախոս ավագ ընկերոջից, որը նույնպես թեյագործ է և չի զլանում մեզ խորհուրդներ տալուց։ Անդրանիկը եւս ունի  շատ խելացի թեյագործ ծանոթ, որի հետ էլի խորհրդակցում է համադրությունների և այլ հարցերավ։ Մեր բախտը շատ է բերել, որ մեր թեյագործ ընկերները մեզ որպես մրցակից չեն դիտարկում, այլ սրտանց ուզում են, որ հաջողենք»- ուրախությամբ ասում է Անին։

Անդրանիկն ուսումնասիրել է տարբեր աղբյուրներ՝ բույսերի համադրության, համային խառնուրդների մասին։ Ու առանց  հոգնելու, մեծ սիրով է պատմում բույսերի օգտակարության,  վիտամինների պարունակության մասին:

«Առողջարարության առումով իմ հավաքած խոտաբույսերը յուրահատուկ բուժման և օգտակարության բաղադրիչ մաս են կազմում։ Օրինակ, մասուրի մեջ 5-10 անգամ ավել է վիտամին C-ն, այն մաքրում է արյունատար համակարգը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ուրցը բարելավում է ախորժակը և ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը, օգտագործվում է նաև մաշկային հիվանդության բուժման համար»,- բացատրում է թեյագործն ու ավելացնում, որ թեյի սիրահարներն անպայման կգնահատեն համային այն փունջը, որ ինքն է ստեղծում։

Բայց մինչեւ «Դյութեա»-ն հասնի գնորդի թեյի սեղան՝ առաջինը համադրությունները փորձելու պատիվն ընտանիքինն է։

Կինն ու դուստրերն առաջին համտեսողներն են, իհարկե՝ առաջին օգնականները լինելուց զատ։

Արցախցիներն են հիմնական գնորդները, որովհետեւ պարզել են, որ այստեղ սուրճի սիրահարներն ավելի շատ են։ Սոցիալական էջերով են վաճառքն իրականացնում, բայց ամենամեծ վաճառքը գրանցում են տոնավաճառների ժամանակ։

Թեեւ լավ են գիտակցում, որ խոտաբույսերով համեմված թեյերի շուկան շատ մեծ է, բայց վստահ են, որ մի օր «Դյութեա»-ն էլ լավ մրցակից կլինի շուկայում, որովհետեւ իրենք ներդնում են մի ողջ ընտանիքի սեր ու ջերմություն։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

f