Ուրտեխե․ Երևանի նոր կրթարանն արցախյան հիմքեր ունի

  • 11:19 29.08.2024

Երևանի Արաբկիր վարչական շրջանում նոր արցախյան հասցե կա։ Սեպտեմբերի 1-ից Կոմիտաս 20 հասցեի «Ուրտեխե» կրթարանը իր առաջին նոր ուսումնական տարին է սկսելու։ Կենտրոնը կրթական ծառայություններ է տրամադրում ինչպես տարրական, այնպես էլ բարձր դասարանի աշակերտներին։ Միջին և ավագ դպրոցի աշակերտները միայն առարկայական պարապմունքների հնարավորություն են ունենալու, իսկ կրտսերները՝ դասապատրաստման։

Կրթարանի հիմնադիր Զինա Գասյանը համոզված է՝ մանկավարժական երկար տարիների փորձ ու հմտություններ ունեցող ուսուցիչները երեխաներին կտան այն կարևոր գիտելիքները, որոնք նրանք դպրոցում չեն հասցնում յուրացնել և կամրապնդեն դպրոցում ստացածը․ «Կրթարանում տրամադրվում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային աջակցություն, իսկ ուսուցման մեթոդները մշակված են այնպես, որ յուրաքանչյուր երեխա կարողանա զարգացնել իր ստեղծագործական ունակությունները, ինչպես նաև սովորի արդյունավետորեն հաղթահարել դասագրքերում հանդիպող դժվարությունները։ Կրթարանի ծառայությունը ճկուն է, ունենք նաեւ առցանց տարբերակ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել նաեւ հասանելիություն Արաբկիր վարչական շրջանից դուրս։ Կրթարանում ուշադրություն է դարձվում նաև երեխայի ընդհանուր զարգացման վրա՝ ներառյալ ինքնուրույն մտածելու, ժամանակի կառավարման և խնդիրների լուծման հմտությունների զարգացումը»․ -պատմում է Զինան։

Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, աշակերտների հավաքագրումն ընթացքի մեջ է։

Կրթարանում, ի տարբերություն աշակերտների, որոնք և՛ Հայաստանից են, և՛ Արցախից, ուսուցիչները բոլորն էլ Արցախից են․ «Այս գաղափարի սոցիալական բաղադրիչը Արցախից բռնի տեղահանված փորձառու մանկավարժների համար աշխատատեղ ստեղծելն է: Թիմը արդեն հավաքագրված է և սպասում է ուստարվա մեկնարկին: Երկարաժամկետ հատվածի կտրվածքով ևս ունեմ պլաններ, սակայն ժամանակից առաջ չընկնեմ և փակագծեր դեռ չբացեմ»,- կիսվում է մեզ հետ Զինան:

Մանկավարժության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող Զինան լավ է հասկանում կրթված, դաստիարակված, հայրենաճանաչ մարդու դերը պետության կյանքում։ Իր կրթարանում ուսումնական ծրագրի, տրամաբանական խաղեր-վարժությունների հետ մեկտեղ լինելու են նաև ճանաչողական էքսկուրսիաներ։ Զինան հաստատության անվանումն էլ պատահական չի ընտրել․ ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող «Ուրտեխե»-ն Մեծ Հայքի 10-րդ նահանգն է՝ Արցախը։

Կրթարանի ՖԲ էջի հղումը՝ https://www.facebook.com/profile.php?id=61564138869700

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբի ծրագրի շրջանակներում

f