Մոսկվան տեսել է իրանցի պաշտոնյաների հայտարարությունները եւ մտահոգությունները՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այս մասին երեկ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թեհրանի բազմիցս արտահայտված դիրքորոշումը Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի անընդունելիության վերաբերյալ։
Զախարովայի խոսքով՝ այս մոտեցման պատճառները պարզաբանելու համար հարցը պետք է ուղղել Թեհրանին։
Նա հավելել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է։
«Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ համապատասխան համաձայնագրերը պետք է իրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ համապատասխանի ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի շահերին»,- ընդգծել է դիվանագետը: