Տանան նիգյարան Անուշը

  • 13:19 29.08.2024

Հայաստանի ռադիոդպրոցներից մեկի դասերի մասնակից Անուշ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ դասախոսը փորձում էր համոզել տեքստը կարդալ ժպիտով, ոգևորվածությամբ, քանի որ մյուս կողմում ռադիոունկնդիրը զգում է, թե դեմքի ինչ արտահայտությամբ է խոսվում։ Բայց Շուշիից, այնուհետև Ստեփանակերտից տեղահանված Անուշը բացատրում էր՝ ես չեմ կարողանում ժպտալ։ Չժպտացող աղջիկը, արդեն գտնվելով Հայաստանում, ձեռքերը ծալած չի նստել։ Ցավը խեղդելով նոր ուղղություններով առաջ շարժվեց, արահետներով, որոնք իրեն անծանոթ են։ Մասնագիտությամբ լինելով օտար լեզուների մասնագետ, հիմա նա բացահայտում է լրագրության գաղտնիքներն ու ծանոթանում նրբերանգներին։

Լրագրությունն օգնեց ուշքի գալ

Դեռ Արցախում՝ մինչև շրջափակումը, սկսեցի հաճախել ՀՀ հանրային հեռուստաընկերության կազմակերպած մեդիաակադեմիայի դասերին։ Շրջափակման ժամանակ սկսեցի հաճախել HubArtsakh-ի և Մեդիա+ համատեղ ծրագրին։ Ու այդ շրջանում գրեցի իմ առաջին նյութը, դա սեպտեմբերի 7-ն էր։ Այդ նյութը, որը շրջափակման օրերին արցախցիներին օնլայն օգնող բժիշկների մասին էր,  տեղադրվեց «Առավոտ»-ում։ Ես շատ էի ուրախացել, քանի որ մասնագիտությամբ լրագրող չեմ և դա իմ առաջին փորձն էր։ Ես օտար լեզուների մասնագետ եմ, բայց միշտ սիրել եմ լրագրության ոլորտը։ Դրանից հետո այլևս չհասցրի Արցախում այդ ուղղությամբ աշխատել։ Միայն ափսոսում եմ, որ շատ նկարներ ու վիդեոներ չեմ արել այնտեղից։

Հայաստանում արդեն լրագրությամբ զբաղվելն ամենաշատն օգնեց ուշքի գալ։ Իմ ֆեյսբուքյան մի գրառումը, որտեղ ես ներկայացրել էի 2020-ի և 2023-ի տարհանումները, բավականին մեծ արձագանք գտավ։ Այդ գրառումը որպես նյութ  տեղադրեց Civilnet-ը։ Այն նաև անգլերեն թարգմանեցի, և տեղադրվեց ամերիկյան մի կայքում ևս։ Հիմա արդեն Մեդիանախաձեռնությունների կենտրոնի հետ փոդքասթ ենք անում, որը կոչվում է «Տանան նիգյարան»։ Մտածում էի՝ ի՞նչ կարող եմ անել, որ գոնե մի փոքր օգուտ լինի արցախցիների համար՝ եթե ոչ հիմա, գոնե տարիներ հետո։ Ու մտածեցի, որ այս պահին լավագույնը, որ կարող եմ անել, Արցախի բնակավայրերի, գյուղերի մասին խոսելն է։ Ցավալին այն է, որ ֆինանսավորումը ժամանակավոր է։ Այդ նախաձեռնությունը շատ թանկ է ինձ համար։ Մարդկանց հետ խոսելով հասկանում եմ, որ կորուստը, ցավը միայն իմը չեն, դրանք համընդհանուր են։ Այդպես ավելի հեշտ է հաղթահարելը։ Խոսում ենք այդ բնակավայրերի պատմության, ունեցած ազդեցության, պատմամշակութային արժեքների մասին, տան ու հիշողությունների մասին։ Դրական կարծիքներ շատ եմ լսում ու ոչ միայն արցախցիներից։

Սերտիֆիկատ՝ կա ու չկա

Ցավոք, հիմա բազմաթիվ անարդարությունների ենք հանդիպում։ Միայն վերջերս ենք իմացել, որ բնակարանների ապահովման շահառու էինք՝ որպես Շուշիից տեղահանված։ Սերտիֆիկատի ժամկետն անցել է, և մենք չենք կարող օգտվել դրանից։ Զրկվեցինք սերտիֆիկատից միայն այն բանի համար, որ տեղյակ չէինք դրա մասին։ Ու մեզ նման հարյուրավոր մարդիկ այդ կարգավիճակում են։ Դա նաև պատճառ հանդիսացավ, որ զրկվենք այն բոլոր աջակցություններից, որոնք պետք է ստանայինք որպես 2023-ին Արցախից բռնի տեղահանված։ Ասում են, որ կտեղափոխեն այս նոր ծրագրի մեջ, որը մեզ՝ 2-հոգանոց ընտանիքիս համար, մեղմ ասած, ձեռնտու չէ։ Հիմա, կրկնակի տեղահանված լինելով, ամեն ինչից զրկված ենք։ Կրկնակի տեղահանությունից հետո հոգեբանական, սոցիալական խնդիրները հաղթահարում եմ ինքնուրույն, որովհետև մենք ոչ մի աջակցությունից չենք օգտվում, սերտիֆիկատներից էլ զրկվել ենք։ Աշխատում եմ և փորձում հույսս ոչ մեկի վրա չդնել, այլ անձամբ հոգալ իմ կարիքները։

Հիշողության այգին

2020-ին կորցրել ենք Շուշին։ Մինչև պատերազմն այնտեղ էի ապրում՝ մայրիկիս ու հայրիկիս հետ։ Շուշիում ունեինք և՛ բնակարան, և՛ սեփական գողտրիկ տուն՝ իր մեծ այգիով։ Ասել, թե անսպասելի էր Շուշիի կորուստը, նշանակում է ոչինչ չասել։ Մինչև հիմա էլ այդ մտքի հետ չեմ հաշտվում։ Իմ դեպքում իրավիճակն ավելի բարդ էր, քանի որ այդ  օրերին հայրիկիս կորցրի։ Այդ ամենը սարսափելի հարված էր։ Դա է պատճառը, որ կյանքն ինձ համար բաժանվում է մինչև 2020-ը և հետո։ Մինչև 2020-ը կյանքը լուսավոր գույների մեջ էի տեսնում, նույնիսկ եթե դժվարություններ էին լինում, իսկ այն, ինչ եղավ հետո, խամրած գույների մեջ էր։

Հիշողությանս մեջ մեր այգին է։ Հայրս այնտեղ ամեն ինչ աճեցնում էր՝ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ։ Պաշտում էի հատկապես մանուշակների սեզոնը։ Դրանք այնքան շատ էին։ Հայրս միշտ հիշեցնում էր, որ դրանք քաղելու ժամանակն է։ Նույնիսկ ընկերուհիս այդ մանուշակների մեծ փունջը Երևան ուղարկեց իր քրոջ համար։ Որքան մեծ էր նրա ուրախությունը այդ մեծ ու հոտավետ մանուշակների փունջը տեսնելիս։

Շուշիում ապրելու իրավունք ունեի

Կյանքը Շուշիում չէի ասի, որ հեշտ էր, ինչպես և Արցախի մյուս բնակավայրերում։ Համեստ կյանքով էինք ապրում՝ առօրյա դժվարություններով ու հոգսերով։ Բայց հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամեն ինչ իդեալական էր։ Հետաքրքիր է, որ միշտ հասկանում էի, որ առանձնահատուկ քաղաքում եմ ապրում, նույնիսկ եթե գրքերում չկարդայի, որ Շուշին պատմական, մշակութային քաղաք է։ Մի գերբնական զգացողություն կար Շուշիում։ Բացի այդ, 90-ականներին Շուշիի մարտերի համար է զոհվել իմ հարազատ քեռին։ Չեմ հիշում` փոքր տարիքում գիտակցու՞մ էի, թե՞ ոչ, բայց երբ մեծացա, հասկացա, որ Շուշիում ապրելու իրավունք ես ունեմ, ոչ միայն իրավունք, այլև դա պարտականություն ու պատիվ է ինձ համար։

Այլևս ձմեռ չեմ սիրում

 

Շուշիում խաղաղ էր, երջանիկ, հանգիստ։ Սիրում էի Ղազանչեցոցը և Կանաչ ժամը։ Կիրակիներին, երբ գնում էի Պատարագի, սկզբից Ղազանչեցոցն էի գնում, հետո քայլելով Կանաչ ժամ հասնում։ Ժամերով քայլում էինք քաղաքում, բոլոր կածաններն անգիր գիտեմ։ Հիմա Շուշիի տեսքը փոխում են, բայց իմ հիշողություններում Շուշին աշխարհի ամենապայծառ քաղաքն է։ Կարոտում եմ նույնիսկ Շուշիի կապույտ գույնի 301 ավտոբուսը։

Աշխատում էի Ստեփանակերտում։ Ծանր օրվանից հետո, երբ հոգնած վերադառնում էի տուն, արդեն «Տանկ» հուշարձանի մոտ փչում էր Շուշիի քամին։ Հոգնածությունս հօդս էր ցնդում, ասես նոր մարդ լինեի։ Հատկապես յուրատեսակ էր Շուշիի ձմեռը։ Շուշին կորցնելուց հետո այլևս ձմեռ չեմ սիրում, որովհետև ոչ մի ձմեռ իր գեղեցկությամբ չի համեմատվի Շուշիի ձմռան հրաշալի տեսարանի հետ։ Շուշիում շատ էի սիրում տոնական օրերը։ Ամառային օրերին, երբ զբոսաշրջիկները շատանում էին, քաղաքը, կարծես, չափերով մեծանում էր։ Անընդհատ հարցնում էին, թե որտեղ է Ջըդըրդուզը, Ղազանչեցոցը․․․ Հիշողություններումս դաջված են հատկապես եկեղեցիներում նշվող Սուրբծննդյան և Սուրբ Հարության օրերը։ Հազարավոր մարդիկ գալիս էին Շուշի այդ օրերին, հետո քաղաքը նորից հանդարտվում էր, մնում էինք մենք՝ շուշեցիներս։

Առաջին տեղահանություն

2020-ին վերադարձանք Ստեփանակերտ։ Աշխատանք ունեի, նաև որպես տեղահանված խոստանում էին բնակարանային հարցերը լուծել։ Ստեփանակերտում արդեն շատ բարդությունների առաջ կանգնեցինք։ Երեք տարի ապրել ենք առանց խոհանոցի ու այլ հարմարությունների հյուրանոցային մի սենյակում։ Բարդ էր այդ նոր իրականությանը հարմարվելը։ Երբ Երևան էի գնում, Շուշիի կողքով էի անցնում, ինչը  սարսափելի զգացողություններ էր արթնացնում․ անցնում ես քո տան կողքով, բայց չես կարող մտնել այնտեղ։

Վիտամինների պակասից որոշ  առողջական խնդիրներ ունեցա

Բլոկադայից մի քանի օր առաջ Երևանում էի։ 2022-ի դեկտեմբերի 9-ին հասել եմ Ստեփանակերտ, 12-ին ճանապարհը փակել են։  Այդ ժամանակ հիմնական աշխատանքից դուրս էի եկել։ 6 տարի աշխատել  եմ  «Hallo Trust»-ում, այնուհետև՝ որպես թարգմանիչ, քարտեզագրող, նախագծերի համակարգող։ Այդ աշխատանքի շնորհիվ շրջել էի Արցախի գրեթե բոլոր շրջաններում ու գյուղերում։  Շրջափակման օրերին մի  փոքրիկ օնլայն աշխատանք ունեի միայն։ Հետո արդեն համացանցի հետ ունեցած խնդիրների պատճառով դրանից էլ զրկվեցի։

Բլոկադայի ժամանակ օրերս հիմնականում անցնում էին մարզադաշտում՝ Ստեփանակերտի իմ ամենասիրած վայրում։ Այնտեղ ինքնամոռաց ժամերով վազում էի։ Դա շատ էր օգնում հաղթահարելու սթրեսս ու քիչ թե շատ վերականգնվելու։ Բայց քանի շրջափակումը սաստկանում էր, օրգանիզմս հյուծվում էր, ի վիճակի չէի արդեն մարզվելու։ Այդպես դադարեցի գնալ մարզադաշտ։ Վիտամինների պակասից որոշ առողջական խնդիրներ առաջացան։ Ամիսներ շարունակ նորմալ սնունդ չունեինք, ինչը, բնականաբար, իր վատ ազդեցությունը թողեց։ Ու անընդհատ հարց էր առաջանում՝ մի՞թե 21-րդ դարում հնարավոր է, որ մարդը սոված մնա։ Այդ օրերին դուրս էի գալիս ու շրջում քաղաքում։ Հիմնականում գնում էի այն վայրերը, որտեղ գրաֆիկով լույս կար։ Մի տեսակ հարմարվել էի այդ հանգստությանը, համացանցային աղբից միտքս ձերբազատվել է։ Հետաքրքիր է, բայց բարի արարքներն էլ էին շատացել։ Հիշում եմ, որ խանութներում արդեն ձեթ չկար, միայն կտավատի ձեթ ունեինք, որը հոտի պատճառով այդպես էլ չօգտագործեցինք։ Տան ձեթն արդեն սպառվում էր, և ի՜նչ անակնկալ էր, երբ ընկերուհիս մի շիշ ձեթ նվիրեց։ Դա իսկական  թանկարժեք նվեր էր այդ օրերի համար։

Երեխաները աղոթում էին, մենք էլ նրանց հետ

Սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի տնից դուրս գալ, երբ պատերազմն սկսվեց։ Սկզբից չհասկացա, որ սկսվել է, մտածում էի տանիքի թիթեղն է քամուց ձայներ հանում։ Հետո արդեն սարսափած նկուղ իջանք։ Մի կերպ այդ օրն անցկացրինք։ Երեխաները բարձրաձայն աղոթում էին, մենք էլ նրանց հետ։ Զավեշտալի է, բայց մեր շենքի բնակիչները որոշել էին գիշերել իրենց տներում։ Մայրս էլ նրանց հետ էր։ Որպեսզի մայրիկիս մենակ չթողնեի, ես էլ որոշեցի նկուղից դուրս գալ ու գնալ հյուրանոցի մեր սենյակը։ Գիշերը լուսացրինք՝ հաշվելով արկերը, նաև, թե ո՞ր կողմից են խփում։

Վախս իրականություն դարձավ

Արցախից դուրս գալն իմ կյանքի մեծագույն վախերից մեկն էր։ Եթե 2020-ին հայրս ողջ էր և իր մեքենայով մեզ փրկեց պատերազմից, ապա 2023-ին մենակ էինք, միշտ այդ միտքը կար՝ եթե պատերազմը սկսվի, մեզ ո՞վ է տանելու։ Վախն իրականություն դարձավ։ Տեսնում էի ակնթարթի պես դատարկվող քաղաք։ Մարդիկ մեկը մյուսի հետևից հապճեպորեն լքում էին իրենց տները։ Մեծ ցավ ու ափսոսանք էի ապրում, որ քաղաքը ուրվական էր դառնում։ Մնում էին միայն թափառող շները։ Երբեմնի մաքուր ու կոկիկ քաղաքն այլևս գոյություն չուներ։

Մենք դուրս եկանք սեպտեմբերի 28-ին։ Բայց նախքան դուրս գալը դժոխքի միջով եմ անցել։ Սարսափելի վախեր ունեի, թե ո՞նց պետք է դուրս գանք։ Ասացին, որ անծանոթ մարդկանց մեքենայում տեղ կա։ Նրանց հետ գնացինք, բայց դեռ Շուշի չհասած՝ մեքենան փչացավ։ Մի կերպ Երևանից եկող ավտոբուսներից մեկով հետ եկանք Ստեփանակերտ։ Ավտոբուսների համար գրանցվել էինք, որ գնայինք, բայց այնքան անփույթ էր ամեն ինչ կազմակերպված, որ այդպես էլ չիմացանք, թե մեր հերթը երբ պիտի գա։ Պետք է հրապարակում գիշերեինք, որ մեր հերթը գա ու կարողանայինք խցկվել ավտոբուսի մեջ։ Մեզ անընդհատ գրում էին, որ մեքենաներ կան, եթե վարորդ ու բենզին ունեք, վերցրեք մեքենան։ Պատահական մի մարդ արձագանքեց գրառմանս և ասաց, որ մեզ տանելու է։ Պարզվեց, որ այդ մարդու տղան բենզինի պահեստի պայթյունի ժամանակ տուժել է, բայց ողջ է մնացել։ Նա ասաց՝ եթե իմ տղան ողջ է մնացել ու Աստված նրան փրկել է, ապա ես ինչպե՞ս կարող եմ մարդու խնդրանքը, որը կյանքի ու մահվան հետ է կապված, չկատարել։ Ու այդպես բացարձակ անծանոթ մարդիկ մեզ փրկեցին։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

 

f