Այո, իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, իշխանության ղեկավարությունը գտել է, որ վերջին ժամանակներս լուրջ բացթողում ունենք քաղաքացիների հետ շփվելու, խնդիրները բարձրացնելու առումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Անկասկած մեր վարկանիշը առաջվա համեմատ ցածր է, բայց էլի բարձր է բոլորից մի քանի անգամ: Հետեւաբար, երբ լինի ընտրություն, այդ վարկանիշը վերածվելու է ձայների հարաբերակցության»:
Եթե նկատեցիք, վարչապետի կողմից հեծանվավազքը համընկավ Իսրայելում, Պաղեստինում լարվածության խորացմանը. Շատ հնարավոր է, որ այդ քայլը մտածվել է, որպեսզի աշխատանքի ազատ ժամանակամիջոցում զբաղվել ակտիվ սպորտով, որը կօգնի էներգիայի վերարտադրմանը, օրգանիզմի հանգստացմանը եւ այդ ձեւով վարչապետն աշխատանքի ժամերին ավելի լավ կլծվի այն մարտահրավերների կառավարմանը, որոնք ծագած են Հայաստանի առջեւ եւ կարող են ծագել, ասել է Աղազարյանը:
Հովիկ Աղազարյանի “մանկական” շուրթերով ասվում է ճշմարտությունը։
1․ Փաշինյանը ընտրությունների է պատրաստվում, եւ այն կարող է հայտարարվի ցանկացած պահի, երբ նա զգա սեփական իշխանությունը կորցնելու վտանգը։
2․ Վտանգը կապված է ոչ թե ներքին՝ հայերի ուղեղները հեշտ է լվանալ, այլ արտաքին հանգամանքների հետ՝ Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի հնարավոր անկման կամ նոր թռիչքի, ինչը կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Փաշինյանը փորձում է մինչ վերջին պահը “կողմնորոշում” ցույց չտալ, որպեսզի ցանկացած արդյունքի դեպքում բռնի հաղթողի կողմը։ Դեռ էներգիա է հավաքում եւ ժամանակ ձգում, թողնելով հիմնական խոստումների կատարումը վերջին՝ որոշիչ առեւտրի համար։ Թեկուզ ապրանքը առեւտրին մասնակցում է միայն պասիվ դիրքում։