Եվրամիության անդամ երկրների դեսպանատների կողմից Արցախից բռնի տեղահանված 070 կոդով անձնագիր ունեցող անձանց վիզա չտրամադրելու եւ փաստաթղթերը չընթացքավորելու հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր․ «070 կոդով տրված փաստաթուղթը 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման շրջանակում հանդիսանում է ճափորդական փաստաթուղթ։ Սակայն նշված փաստաթղթերը, համաձայն որոշման, ՀՀ-ից դուրս գալիս եւ ՀՀ մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում, եւ դրանք կրող անձինք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ եւ Եվրոպական միության անդամ պետությունների միջեւ առկա երկկողմ, բազմակող իրավապայմանագրային բազան առնչվում է ՀՀ քաղաքացիներին»։
Այսօր հրավիրած ասուլիսում Արցախի նախկին պետնախարար, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, արձագանքելով ԱԳՆ այս հայտարարությանը, ասաց, որ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է։
«Միանշանակ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ միշտ էլ եղել ենք քաղաքացիներ, օգտվել ենք գրեթե բոլոր իրավունքներից։ Եվ ավելի բարձր նորմատիվ իրավական ակտերով եւ պրակտիկայով մենք համարվել ենք քաղաքացի։ Կառավարության որոշումն այս տեսակյունից հակասահմանադրական է։ Արցախում մենք ստացել ենք ՀՀ տասնյակ հազարավոր նույնականացման քարտեր։ ՀՀ նույնականացման քարտերի մասին օրենքը հստակ ասում է, որ դա տրվում է բացառապես ՀՀ քաղաքացիներին։ Եթե քաղաքացի չենք, ապա ինչպե՞ս է դա տրվել։ Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող մի քանի հազար անձինք ՀՀ-ում ունեցել են եւ այսօր էլ ունեն գյուղատնտեսական նշանակության հող՝ սեփականության իրավունքով։ Ըստ օրենսդրության՝ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են գյուղատնտեսական նշանակության հող սեփականաշնորհել, ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Չասեմ, թե հանրային ծառայությունում Արցախի հաշվառմամբ քանի ծառայողներ կան՝ եւ բարձրաստիճան պաշտոններում, եւ ներքեւի օղակներում։ Ինչպե՞ս են իրենք ընդունվել ծառայության, եթե օրենքն ասում է, որ բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են ընդունվել հանրային ծառայության»,- հարցադրում արեց Արտակ Բեգլարյանը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: