Ինչի մասին է լռել Զախարովան. ոչ ոք Արցախի օկուպացիան օրինական չի ճանաչել

  • 17:45 30.08.2024

Էթնիկ զտումները չճանաչվեցին, բայց օրինական չհամարվեց նաև Արցախի օկուպացիան

Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում պատասխանելով Հայաստանին վերաբերող հարցերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրեն բնորոշ ձևով, փորձեց ուշադրությունը կենտրոնացնել Ռուսաստանին ձեռնտու հանգամանքների վրա՝ չնշելով այն, ինչը կարող է բացահայտել Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության բարբարոսական էությունը։

Նա, մասնավորապես, նշել է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից եզրակացություններ չկան, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել։

«Եթե դուք՝ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, գիտեք, որ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է եռակողմ համաձայնագրերից, հետ է վերցրել իր ստորագրությունը կամ պաշտոնական հայտարարություն է արել, որ այդ փաստաթղթերն այլևս վավերական չեն, ապա մենք դա կմեկնաբանենք։ Այս պահին մենք նման բան չենք լսել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնելով, որ Պուտինը վերջերս զանգահարել է Փաշինյանին՝ Ալիևի հետ բանակցություններից հետո, նա հորդորել է. «Ճշտեք Երևանի իշխանություններից՝ արդյո՞ք հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է այս բանակցությունների ընթացքում, որ այլևս չի դիտարկում եռակողմ համաձայնագրերը (1,2,3,4) որպես գործող։ Ես չգիտեմ այս մասին»:

Մոսկվան “սլիվ” է անում Հայաստանում իր գործակալներին՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանն է եռակողմ «համաձայնագրերի» պրովայդերը և չի հրաժարվում դրանցից՝ շարունակելով կապիտուլյացիայի ճանապարհը։

Սակայն Զախարովան, նշելով, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչել Արցախում էթնիկ զտումների փաստը, չի հիշում, որ ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչել Արցախի ռուս-թուրքական օկուպացիայի և 2020-2023 թվականների ագրեսիայի արդյունքները։ Չկա որևէ միջազգային իրավական ակտ, որը կճանաչի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես «կարգավորման համաձայնագիր», իսկ ռուսական զորքերի մուտքը՝ օրինական գործողություն։ Ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն չի հայտարարել, որ իրավաչափ է համարում արցախցիների տեղահանումը, որ Արցախի հարցը լուծված է, եւ բանակցություններ այլեւս պետք չեն։

Ավելին, չնայած Բաքվի և Մոսկվայի փորձերին, միջազգային հանրությունը հետ չի կանչում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը` հիշեցնելով, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի համաժողովում։

Իսկ Հայաստանին Սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը հանգեցրին նրան, որ Հայաստանի Հանրապետության հիմքը բացահայտվեց ամբողջությամբ և հաստատվեց, որ Արցախը 1989 թվականի որոշմամբ Հայաստանի անբաժան մասն է։ Սա նշանակում է, որ ռուս-թուրքական զորքերը գրավել են Հայաստանի մի մասը։

Զախարովան խոհեմաբար լռեց այս մասին, բայց այս լռության հետևում գիտակցում կա, որ հատուցումը կարող է սպասվածից շուտ գալ։ Եվ մի օր ռուսական զորքերը կլքեն Հայաստանը այնպես, ինչպես հապճեպ հեռացան Արցախից։ Բայց առանց զենքի ու հուշարձանների։