Արցախից բերված թեյաբույսերը՝ որպես թալիսման

  • 18:02 30.08.2024

“Թեյերի մոտավոր 20 տեսակ ունենք, բայց ինչպես բոլորը, ես էլ ունեմ իմ սիրելին` ուրցով և սրխունդով” Լիլիթը, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է, սակայն սերը դեպի բնականը, արցախյանը նրան հնարավորություն տվեց թեյեր ստեղծել:

Ասում է, որ թեյեր ստեղծելու մտահղացումը առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, մտածում էր, թե ինչ կարող է ստեղծել դաժան իրականությունից կտրվելու, մյուսներին գոնե մի քիչ ժպիտ նվիրելու և ինչու չէ՝ նաև եկամուտ ունենալու համար:

Անվան ընտրությունը և լոգոն միշտ ցանկանում էր, որ կապած լինեին Արցախի հետ, ավելի կոնկրետ` տատիկ-պապիկի: Թեկուզ՝ Հայաստանում մի փոքր դժվարությունների էին հանդիպել անվան և լոգոյի հետ կապված:

Արցախում թեյը և թեյախմությունը մի այլ արվեստ է: Արվեստ է նաև խոտաբույսերով թեյեր պատրաստելը, յուրաքանչյուր բույս ունի իր նշանակությունը և օգտակարությունը, ինչի ընտրության արվեստին Լիլիթը տիրապետում է:

Թեյերում օգտագործվող թեյաբույսերը Լիլիթը անձամբ էր հավաքում Արցախի տարբեր գյուղերից, որից հետո մշակում և ապա բրենդավորում: Հայաստան տեղափոխվելուց հետո փորձում են շարունակել Արցախում սկսած աշխատանքը, չնայած այժմ ունեն որոշակի իրավաբանական խնդիրներ, որոնք փորձում են լուծել:

Արցախից կարողացել են բերել թեյաբույսերի մի փոքրիկ փունջ, որը պահում են որպես թալիսման: Չնայած, որ այժմ արցախյան խոտաբույսերի ձեռքբերումը անհնար է, բայց նրանք փորձում են խոտաբույսեր գտնել Սյունիքում: Լիլիթը նաև նշում, որ Հայաստանում, ի տարբերություն Արցախի՝ թեյախմությունը այդքան էլ զարգացած չէ, ինչն իհարկե բացասաբար է ազդում, և առայժմ վաճառքը հիմնականում կարողանում են իրականացնել տարբեր փառատոների ժամանակ:

Թեյերը կարող եք ձեռք բերել Արցախի բուրմունք էջից

Քրիստինա Ալավերդյան

f