Կիրանց
Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ երեկ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար», – հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Թե ովքեր են ստորագրել և ինչու դեմ առ դեմ հանդիպում տեղի չի ունեցել ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չեն հստակեցնում:
Բաքվում այս փաստաթղթի ստորագրումը շատ կարեւոր համարեցին։ Թե ինչ սկզբունքների է համաձայնվել Հայաստանի կառավարությունը, կարելի է կռահել․ Արարատ Միրզոյանը հայ դեսպաններին հավաքից հետո տարել է Կիրանց եւ ցույց տվել, թե ինչ սկզբունքով պետք է լինի «սահմանազատումը»։
Հետաքրքիր է, որ սահմանազատման սկզբունքները հաստատվում են այն բանից հետո, երբ «ճանաչվել» է նոր «սահմանը» Տավուշում եւ հայտնի է դարձել, որ դեռ 2020-ի դեկտեմբերին Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան ՊՆ մակարդակով ինչ-որ հուշագիր են ստորագրել, որով Սյունիքում հանձնվել են հայկական հողեր, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը։ Մինչ այդ ՀՀ վարչապետի ստորագրությամբ 2020-ի նոյեմբերի 9-ին հանձնվել են արցախյան տարածքներ, մեծ մասը առանց մի կրակոցի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւս չի անցել Հայաստանում ներքին ընթացակարգեր։
Արցախի, Սյունիքի եւ Տավուշի «սահմանազատումը» Ազգային ժողովը եւ Սահմանադրական դատարանը չի քննարկի, թեկուզ իրավական պետության առկայության դեպքում օրվա իշխանություններին պետք է հարցնեին, թե ինչ իրավունքով են հանձնվել հողերն՝ առանց վավերացման եւ իրավական հիմքի։ Դրա համար հատուկ եւ ծանր հոդված կա Քրեական օրենսգրքում։
Այսօր Փաշինյանը ասուլիս կտա եւ կասի, որ դա արվել է, որպեսզի պատերազմ չլինի, որ մարդիկ Սեւանի շուրջ հանգիստ հեծանիվ քշեն, որ էլի արցախցիներն են մեղավոր։ Գուցե նաեւ կասի, որ ռեւանշիստները չեն ուզում Հայաստանի խաղաղ գոյությունը, եւ դրա համար նոր ընտրություններ են պետք, որ կարողանանք ռեվանշիստներին հաղթել եւ նոր Սահմանադրություն ընդունենք՝ առանց Արցախի, Սյունիքի եւ Տավուշի։ Հատկապես որ “ռեւանշիստներն” էլ դեմ չեն գնա Պուտինին։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: