Լևոն Տեր-Պետրոսյանը Անկարայում, հանդիպում Էլչիբեյի հետ
Ինչպես արդեն գրել էինք, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը առկա սահմաններում։ ԱՊՀ պայմանագրի վավերացման ժամանակ ներկայացված տարբեր կարծիքում Հայաստանը չի անդրադարձել Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցում տարաձայնությունների և կոնֆլիկտի առկայությանը։ Այս խնդիրը երբեք չի բարձրացվել ԱՊՀ շրջանակներում։ Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին մերժումն էր և ՀՀ Սահմանադրության առաջին խախտումը։
Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հարաբերությունների կոնկրետ մոդել է ձևավորվել. ԼՂՀ-ից Հայաստանի Գերագույն խորհուրդ ընտրված պատգամավորները հետ չեն կանչվել, չնայած այն հանգամանքին, որ Արցախն արդեն ձեւավորել էր սեփական խորհրդարանը։
Չնայած իրավական տարանջատմանը, փաստացի անջատում տեղի չի ունեցել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինտեգրվել է Հայաստանին բոլոր ոլորտներում. ԼՂՀ-ում իշխանության գլխին Հայաստանի հովանավորյալներն էին, ովքեր չէին կարող ազդել քաղաքականության վրա։
Լղոզվել է հայոց պետականության ստեղծման իրավական հիմքը. կառավարումն ու պետականաշինությունը սկսեցին հիմնվել ավտորիտար սկզբունքների վրա։ Սա իր հերթին հանգեցրեց քաղաքական ու տնտեսական քաոսի ու երկրում օլիգարխիայի ձեւավորմանը։
Հակասություններ առաջացան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկվում է ԵԱՀԿ շրջանակներում, և Հայաստանը հրաժարվում էր ինքնուրույն լուծել ԼՂՀ կարգավիճակի հարցը։ Հայաստանը խնդիրը ներկայացրել է «փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության» շրջանակներում։ Հենց դա էլ հնարավորություն տվեց ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը։
1992 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանի պատերազմը ստիպեց Հայաստանի իշխանություններին որոշել դե ֆակտո ճանաչել ԼՂՀ-ն և օգնություն ցուցաբերել նրան։ Մոբիլիզացիա է հայտարարվել։ Հենց այդ ժամանակ էլ նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հիմք ընդունեց «Թուրքիայի հետ հաշտեցումը», և ադրբեջանի և ԼՂՀ-ի հակասությունները անվանվեցին Հայաստանի զարգացման առանցքային խնդիր։ Իրականում այս դիրքորոշումը հետագայում հանգեցրեց ինքնիշխան քաղաքականության կորուստին և Հայաստանի ինտեգրմանը Ռուսաստանի ռազմական, ապա տնտեսական բլոկներին։
Ծանոթ մոտեցումներ են, այնպես չէ՞։ Այսօրվա իշխանությունը հավատարիմ է նույն դիրքորոշումներին, բայց ավելի բացահայտ ձևերով։ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախը որպես ադրբեջանի մաս, ստորագրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հանցավոր հայտարարությունը և համակարգված սպասարկում է ռուս-ադրբեջանական տանդեմը։
Արտաքին քաղաքական կուրսը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ռազմավարական գիծ է հետապնդում, որն էլ իր հերթին կապում է այդ կուրսը ադրբեջանի հետ։ Նույնիսկ 1994-ի պատերազմում Ադրբեջանի պարտությունը չփոխեց Հայաստանի բոլոր իշխանությունների մտադրությունները, չնայած այն հանգամանքին, որ բոլոր ազատագրված տարածքները գտնվում էին Հայաստան + ԼՂՀ վերահսկողության տակ։
Հենց այս անհեռատեսությունն ու քաղաքական ու դիվանագիտական անգրագիտությունը հանգեցրին ադրբեջանի ակտիվացմանը միջազգային ասպարեզում։ Իսկ աշխարհաքաղաքական հարմար իրավիճակը հնարավորություն տվեց այս ահաբեկչական, ռասիստական երկրին իրականացնել Արցախի բնակիչների ցեղասպանությունն ու տեղահանությունը։
Հաջորդ հոդվածներում կանդրադառնանք Հայաստանի իշխանությունների անցած 26 տարիների հանցավոր քաղաքականությանը, որն արդեն իսկ հասցրել է պետականության կորստի շեմին։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: