Հայաստանից արտագաղթողների մի հսկայական մասը նրանք են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի նկատառմանն այն մասին, որ վերջին երեք ամիսների ընթացքում շուրջ 23 հազար արցախցի արտագաղթել է Հայաստանից։
«Մենք կոչ ենք անում Արցախից բռնի տեղահանվածներին՝ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մենք ուզում ենք, որ նրանք չարտագաղթեն։ Ինչու՞ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում. որովհետև խաղաղություն չկա»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Խաղաղության օրակարգը» նաև դրա համար է։
Փաշինյանը չնշեց սակայն, ինչո՞ւ արցախցիների ՀՀ անձնագրերը չճանաչվեցին որպես ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, հնարավորություն տալով չցանկացողներին փախստականի կարգավիճակ ստանալ։ Ամեն ինչ հակառակ ձեւով արվեց․ մարդիկ ստիպված էին ամիսներով չարչարվել՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, գրանցվել ուրիշ մարդկանց տներում։ Հիմա էլ նրանց ստիպում են նույն ճանապարհն անցնել՝ մի կապույտ անձնագիրը մյուսով փոխարինելու համար։
Եթե արցախցիների քաղաքացիությունը իսզբանե ճանաչվեր, բոլորը կկատարեին իրենց պարտքը, կկարողանային աշխատանքի ընդունվել առանց խոչընդոտների, սեփականություն ձեռք բերել եւ մայր-հայրենիքում նվաստացված վիճակում չէին հայտնվի։
Ի՞նչ է ուզում Փաշինյանը․ որ իր կառավարությունը արցախցիներին քաղաքացի չճանաչի, ՀՀ պետականությանը վտանգ համարի, ճնշի, նվաստացնի, իսկ մարդիկ վազելով գնան քաղաքացիությո՞ւն վերցնեն, որն իրենք ունեն։