Զգույշ՝ խարդախություն

Levon Hayryan-ը գրում է․

Սիրելի՛ ժողովուրդ՝ արցախցիներ, զուգուշացե՛ք խարդախություններից։ Երկու օր առաջ հետևյալ համարից զանգ եմ ստացել 041025897: Զանգողը տեղեկանալով, որ Արցախից փախստական եմ, հարցնելով բնակության վայրս, ասաց որ Կարմիր Խաչի գրասենյակում իմ անունով ապրանքներ կան և եթե ես վճարային ավտոմատից իրենց ասած համարին փող փոխանցեմ իրենք կարող են տեղափոխել իմ իրերը։ Երբ ես ասացի ինքս կմոտենամ տվյալ գրասենյակին և կստանամ իրերը միայն ասեք գրասենյակի հասցեն, ինչ որ մի սուտ հասցե տվեց և իմ ստուգելուց հետո, որ տվյալ հասցեում Կարմիր Խաչի գրասենյակ չկա, բազմաթիվ զանգերիս չպատասխանեց։

Սույնով ուզում եմ նաև իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Նորից տեղադրում եմ համարը 041025897։

Եթե Փաշինյանը չգիտի, թե ով է Ռուբեն Վարդանյանին ուղարկել Արցախ, ապա ո՞վ գիտի

Խոսելով ասուլիսի ժամանակ այս պահին գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, Փաշինյանն ասաց. «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց ԼՂ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ դե գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը, ոնց որ այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք”: 

Եթե Փաշինյանը չգիտի այդ հարցի պատասխաններն, ապա ո՞վ գիտի։ 

Կարելի էր ուղղակի ճանաչել, որ արցախցիները՝ ՀՀ քաղաքացի են

Հայաստանից արտագաղթողների մի հսկայական մասը նրանք են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի նկատառմանն այն մասին, որ վերջին երեք ամիսների ընթացքում շուրջ 23 հազար արցախցի արտագաղթել է Հայաստանից։

«Մենք կոչ ենք անում Արցախից բռնի տեղահանվածներին՝ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մենք ուզում ենք, որ նրանք չարտագաղթեն։ Ինչու՞ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում. որովհետև խաղաղություն չկա»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Խաղաղության օրակարգը» նաև դրա համար է։

Փաշինյանը չնշեց սակայն, ինչո՞ւ արցախցիների ՀՀ անձնագրերը չճանաչվեցին որպես ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, հնարավորություն տալով չցանկացողներին փախստականի կարգավիճակ ստանալ։ Ամեն ինչ հակառակ ձեւով արվեց․ մարդիկ ստիպված էին ամիսներով չարչարվել՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, գրանցվել ուրիշ մարդկանց տներում։ Հիմա էլ նրանց ստիպում են նույն ճանապարհն անցնել՝ մի կապույտ անձնագիրը մյուսով փոխարինելու համար։ 

Եթե արցախցիների քաղաքացիությունը իսզբանե ճանաչվեր, բոլորը կկատարեին իրենց պարտքը, կկարողանային աշխատանքի ընդունվել առանց խոչընդոտների, սեփականություն ձեռք բերել եւ մայր-հայրենիքում նվաստացված վիճակում չէին հայտնվի։ 

Ի՞նչ է ուզում Փաշինյանը․ որ իր կառավարությունը արցախցիներին քաղաքացի չճանաչի, ՀՀ պետականությանը վտանգ համարի, ճնշի, նվաստացնի, իսկ մարդիկ վազելով գնան քաղաքացիությո՞ւն վերցնեն, որն իրենք ունեն։   

Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Արցախի հարցը՝ ՀՀ պետականության խոչընդոտն է

“1996 թվականին Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ հարցը չի եղել ԼՂ հարց, եղել է ՀՀ հարց, Հայաստանի պետականությունը զրոյացնելու հարց: Ժամանակի մեջ ես ավելի եմ դրանում համոզվում: Այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին”: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որը ստորագրել է 2020 նեյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նա հաստատեց, որ հայտարարությունը գործում է, ակնարկելով, որ այն “ուժի մեջ են պահում” գերիների պատճառով։

Փաշինյանը չմեկնաբանեց այն հարցը, որ Բաքուն, պահանջելով ՀՀ Սահմանադրության փոփոխություն, փաստորեն ճանաչում է, որ ՀՀ-ն՝ Հայաստանի եւ Արցախի միավորումն է։

Փաշինյանը նաեւ նշել է ՀՀ պայմանը ճանապարհների բացման հարցում։ “Մեզ համար կարեւոր է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանով անցնելիս իրենց զգան անվտանգ ու ապահով, նույն կերպ էլ ՀՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով անցնելիս զգան ապահով ու անվտանգ», – ասաց նա:

Հիշեցնենք, որ ավել վաղ հայտարարվել է, որ եթե ռուսները ուզում են ապահովել ՀՀ տարածքով միջանցքի անվտանգությունը, ապա ո՞վ է ապահովելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը ադրբեջանի տարածքում։

Մեկնաբանելով երեկ Երեւանի եւ Բաքվի միջեւ երեկ ստորագրված փաստաթուղթը, նա ասել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսվելու է որպես սահմանազատման բազային սկզբունք։ “Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման բազա դարձնելը նշանակում է, որ Հայաստանը և Արբեջանը, ըստ էության, Խորհրդային միության սահմաններով  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա իրադրության էական, դրական փոփոխություն է»,- նշել է Փաշինյանը։

«Մենք առաջարկում ենք այն, ինչ այս պահին համաձայնեցված է, այս պահին դա ստորագրել եւ վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել»,- ասել է Փաշինյանը “խաղաղ պահմանագրի” վերաբերյալ։

“Ենթադրվում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո նաեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջեւ, որը լրացուցիչ պլատֆորմ կհանդիսանա բոլոր մնացած հարցերը քննարկելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե որ հատվածներում կշարունակվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Փաշինյանը չի հստակեցրել՝ հայտնելով, որ այդ հարցը դեռևս որոշված չէ։

 

 

Artsakh STEAM Fest․ հոկտեմբերի 6-ին

2024 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Artsakh STEAM Fest 2024-ը։

Ֆեստի հիմնական նպատակն է խթանել STEAM (science, technology, engineering, art and mathematics) կրթությունը, նախագծային ուսուցումը, համագործակցությունը և ցանցային կապը մասնակիցների, մանկավարժների, ոլորտի մասնագետների և կազմակերպությունների միջև։

Հայաստանում երիտասարդների հավանական ներուժը համարժեք չէ STEAM ոլորտներում սովորողների և մասնագետների ներգրավվածությանը: Սահմանափակ են հնարավորությունները գործնական, նախագծահեն ուսուցման և STEAM գիտելիքների իրական կիրառման համար: Տեղական տաղանդների, մանկավարժների և ոլորտի մասնագետների միջև բացակայում է համագործակցությունը և ցանցը: Արվեստները թերներկայացված են ավանդական STEM շրջանակում, որը ճնշում է ստեղծարարությանն ու նորարարությանը:

STEAM գործունեությամբ համայնքահեն նախաձեռնությունները կարող են խթանել տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Վերոնշյալ խնդիրների և կարիքների լուծման նպատակով` 2022 թվականին Մարտակերտ քաղաքում կազմակերպվեց «Artsakh STEM Expo» ցուցահանդեսը, որին մասնակցեց շուրջ 400 մասնակից ՀՀ-ից և Արցախից, իսկ նախորդ տարի Ստեփանակերտում կազմակերպեցինք «Artsakh STEM Expo 2023» ցուցահանդեսը, որին մասնակցեցին շուրջ 150 մասնակիցներ միայն Արցախից, քանի որ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ։

«STEAM Fest 2024»-ը հարթակ է՝ խթանելու STEAM կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը ուսանողների, մասնագետների և մանկավարժների միջև: Նպատակն է հետաքրքրություն առաջացնել STEAM ոլորտների նկատմամբ և խրախուսել նախագծային ուսուցումը` կենտրոնանալով ստեղծագործ և տեխնիկապես հմուտ թիմերի և անհատների սերունդ ձևավորելու վրա, որոնք կնպաստեն Հայաստանի աճին և զարգացմանը:

Ինչպես Հայաստանն առաջին անգամ մերժեց Արցախը

Լևոն Տեր-Պետրոսյանը Անկարայում, հանդիպում Էլչիբեյի հետ

Ինչպես արդեն գրել էինք, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը առկա սահմաններում։ ԱՊՀ պայմանագրի վավերացման ժամանակ ներկայացված տարբեր կարծիքում Հայաստանը չի անդրադարձել Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցում տարաձայնությունների և կոնֆլիկտի առկայությանը։ Այս խնդիրը երբեք չի բարձրացվել ԱՊՀ շրջանակներում։ Սա, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին մերժումն էր և ՀՀ Սահմանադրության առաջին խախտումը։

Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հարաբերությունների կոնկրետ մոդել է ձևավորվել. ԼՂՀ-ից Հայաստանի Գերագույն խորհուրդ ընտրված պատգամավորները հետ չեն կանչվել, չնայած այն հանգամանքին, որ Արցախն արդեն ձեւավորել էր սեփական խորհրդարանը։

Չնայած իրավական տարանջատմանը, փաստացի անջատում տեղի չի ունեցել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինտեգրվել է Հայաստանին բոլոր ոլորտներում. ԼՂՀ-ում իշխանության գլխին Հայաստանի հովանավորյալներն էին, ովքեր չէին կարող ազդել քաղաքականության վրա։

Լղոզվել է հայոց պետականության ստեղծման իրավական հիմքը. կառավարումն ու պետականաշինությունը սկսեցին հիմնվել ավտորիտար սկզբունքների վրա։ Սա իր հերթին հանգեցրեց քաղաքական ու տնտեսական քաոսի ու երկրում օլիգարխիայի ձեւավորմանը։

Հակասություններ առաջացան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ 1992 թվականից Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկվում է ԵԱՀԿ շրջանակներում, և Հայաստանը հրաժարվում էր ինքնուրույն լուծել ԼՂՀ կարգավիճակի հարցը։ Հայաստանը խնդիրը ներկայացրել է «փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության» շրջանակներում։ Հենց դա էլ հնարավորություն տվեց ադրբեջանին արդարացնել ուժի կիրառումը։

1992 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանի պատերազմը ստիպեց Հայաստանի իշխանություններին որոշել դե ֆակտո ճանաչել ԼՂՀ-ն և օգնություն ցուցաբերել նրան։ Մոբիլիզացիա է հայտարարվել։ Հենց այդ ժամանակ էլ նախագահ Տեր-Պետրոսյանը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հիմք ընդունեց «Թուրքիայի հետ հաշտեցումը», և ադրբեջանի և ԼՂՀ-ի հակասությունները անվանվեցին Հայաստանի զարգացման առանցքային խնդիր։ Իրականում այս դիրքորոշումը հետագայում հանգեցրեց ինքնիշխան քաղաքականության կորուստին և Հայաստանի ինտեգրմանը Ռուսաստանի ռազմական, ապա տնտեսական բլոկներին։

Ծանոթ մոտեցումներ են, այնպես չէ՞։ Այսօրվա իշխանությունը հավատարիմ է նույն դիրքորոշումներին, բայց ավելի բացահայտ ձևերով։ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախը որպես ադրբեջանի մաս, ստորագրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հանցավոր հայտարարությունը և համակարգված սպասարկում է ռուս-ադրբեջանական տանդեմը։

Արտաքին քաղաքական կուրսը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ռազմավարական գիծ է հետապնդում, որն էլ իր հերթին կապում է այդ կուրսը ադրբեջանի հետ։ Նույնիսկ 1994-ի պատերազմում Ադրբեջանի պարտությունը չփոխեց Հայաստանի բոլոր իշխանությունների մտադրությունները, չնայած այն հանգամանքին, որ բոլոր ազատագրված տարածքները գտնվում էին Հայաստան + ԼՂՀ վերահսկողության տակ։

Հենց այս անհեռատեսությունն ու քաղաքական ու դիվանագիտական ​​անգրագիտությունը հանգեցրին ադրբեջանի ակտիվացմանը միջազգային ասպարեզում։ Իսկ աշխարհաքաղաքական հարմար իրավիճակը հնարավորություն տվեց այս ահաբեկչական, ռասիստական ​​երկրին իրականացնել Արցախի բնակիչների ցեղասպանությունն ու տեղահանությունը։

Հաջորդ հոդվածներում կանդրադառնանք Հայաստանի իշխանությունների անցած 26 տարիների հանցավոր քաղաքականությանը, որն արդեն իսկ հասցրել է պետականության կորստի շեմին։

Մարգարիտա Քարամյան

Միասնականչ. հաջորդ համերգը սեպտեմբերի 13-ին

Շուշիի «Վարանդա» երգչախմբի ղեկավար Զաքար Քեշիշյանը հանդես է եկել «Միասնականչ» համերգային ծրագրով:

« Ցանկանում էի Կոմիտասի տուն-թանգարանում համախմբել իմ բոլոր արցախցի ընկերներին, որպեսզի միասին վայելենք երաժշտությունը: Հերթական երաժշտական ծրագրով հանդես կգանք սեպտեմբերի 13-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում»-նշել է նա:

Սահմանադրական դատարանը կքննարկի Արցախի, Սյունիքի եւ Տավուշի “սահմանազատումը”

Կիրանց

Նախապես հայտարարված ժամկետից երկու ամիս ուշացմամբ երեկ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին և ստորագրեցին, թե ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար», – հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Թե ովքեր են ստորագրել և ինչու դեմ առ դեմ հանդիպում տեղի չի ունեցել ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ վարչապետի աշխատակազմը չեն հստակեցնում:

Բաքվում այս փաստաթղթի ստորագրումը շատ կարեւոր համարեցին։ Թե ինչ սկզբունքների է համաձայնվել Հայաստանի կառավարությունը, կարելի է կռահել․ Արարատ Միրզոյանը հայ դեսպաններին հավաքից հետո տարել է Կիրանց եւ ցույց տվել, թե ինչ սկզբունքով պետք է լինի «սահմանազատումը»։

Հետաքրքիր է, որ սահմանազատման սկզբունքները հաստատվում են այն բանից հետո, երբ «ճանաչվել» է նոր «սահմանը» Տավուշում եւ հայտնի է դարձել, որ դեռ 2020-ի դեկտեմբերին Երեւանը, Բաքուն եւ Մոսկվան ՊՆ մակարդակով ինչ-որ հուշագիր են ստորագրել, որով Սյունիքում հանձնվել են հայկական հողեր, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը։ Մինչ այդ ՀՀ վարչապետի ստորագրությամբ 2020-ի նոյեմբերի 9-ին հանձնվել են արցախյան տարածքներ, մեծ մասը առանց մի կրակոցի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւս չի անցել Հայաստանում ներքին ընթացակարգեր։

Արցախի, Սյունիքի եւ Տավուշի «սահմանազատումը» Ազգային ժողովը եւ Սահմանադրական դատարանը չի քննարկի, թեկուզ իրավական պետության առկայության դեպքում օրվա իշխանություններին պետք է հարցնեին, թե ինչ իրավունքով են հանձնվել հողերն՝ առանց վավերացման եւ իրավական հիմքի։ Դրա համար հատուկ եւ ծանր հոդված կա Քրեական օրենսգրքում։

Այսօր Փաշինյանը ասուլիս կտա եւ կասի, որ դա արվել է, որպեսզի պատերազմ չլինի, որ մարդիկ Սեւանի շուրջ հանգիստ հեծանիվ քշեն, որ էլի արցախցիներն են մեղավոր։ Գուցե նաեւ կասի, որ ռեւանշիստները չեն ուզում Հայաստանի խաղաղ գոյությունը, եւ դրա համար նոր ընտրություններ են պետք, որ կարողանանք ռեվանշիստներին հաղթել եւ նոր Սահմանադրություն ընդունենք՝ առանց Արցախի, Սյունիքի եւ Տավուշի։ Հատկապես որ “ռեւանշիստներն” էլ դեմ չեն գնա Պուտինին։

Նաիրա Հայրումյան

Ինչու՞ անջատվեց ՀԱԷԿ-ը. Զապորոժիեի ԱԷԿ-ը հանեց բոլոր «կարմիր գծերը»

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:55-ի սահմաններում, Հայաստանի ատոմակայանը անջատվել է երկրի էներգահամակարգից։ Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Անջատումը տեղի է ունեցել կայծակի հարվածից, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը տեղափոխել է անվտանգ անջատման ռեժիմ: Ներկայումս ԱԷԿ-ի թիմը զբաղված է կայանի վերագործարկումով։

Երեկ, իհարկե, Հայաստանում զգալի ամպրոպ էր, բայց երբևէ կայծակի հետևանքով ատոմակայան ավտոմատ չի անջատվել։

Զապորոժյեի և Կուրսկի ատոմակայանների հետ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայկական ատոմակայանի հետ կապված «միջադեպը» պատահական չի թվում։

Ռուսները, զավթելով Զապորոժյեի ատոմակայանը, փաստացի ջնջեցին այն «կարմիր գծերը», որոնք լռելյայն կային միջուկային օբյեկտների հետ կապված։ Դա թույլ տվեց Ուկրաինային ներխուժել Կուրսկի շրջան՝ նպատակ ունենալով գրավել Կուրսկի ատոմակայանը:

Հայկական ատոմակայանը գտնվում է 30 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ սահմանից, որը «հսկում են» ռուս սահմանապահները։ Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմի հետ քննարկվում է հայկական ատոմակայանի նոր բլոկի կառուցման հարցը, եւ Մոսկվան չի թաքցնում իր զայրույթը։ Իր հերթին Բաքուն և Անկարան միջազգային բոլոր հարթակներում պահանջում են փակել հայկական ատոմակայանը։

Իրաքի շոգը հասնում է Հայաստան

Սեպտեմբերի սկզբին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով, հանրապետությունում տիրություն են անելու Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքները։

Իրաքից հոսքերի ներթափանցում է սպասվում երկուշաբթի օրը։ Արդյունքում՝ սեպտեմբերի 2-3-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Նմանատիպ ջերմային ֆոն կդիտվի Արարատյան դաշտում, Սյունիքում, Տավուշի հարթավայրում և Երևանում։ Օրվա ընթացքում այս հատվածներում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի։

Արցախցի սպաները Հայաստանում․ “Միգուցե նրանք վախենո՞ւմ են ինչ-որ բանից”

Հայաստանի կառավարությունը չի սահմանափակում, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ներգրավվեն Հայաստանի զինված ուժերում, բայց առաջացնում է արհեստական խոչընդոտներ։ Այս մասին Արցախի ՊԲ եւ այլ ուժային կառույցների նախկին ծառայողներին Հայաստանի անվտանգային համակարգում ինտեգրելու թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Էդուարդ Առաքելյանը։

Նա նշեց, որ խոչընդոտներից մեկը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր պահաջն է։ Մարդկանց մի մասը սկզբունքից ելնելով՝ չեն ուզում փոխել իրենց անձնագրերը, քանի որ չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացու 070 կոդով անձնագիրը փոխեն եւ մեկ այլ՝ 099 կոդով անձնագիր ստանան։

Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի Զինված ուժերում առաջարկվող աշխատավարձերը ցածր են, իսկ արցախցիներն ունեն սոցիալական ու բնակարանային խնդիրներ։ Բացի դա, Արցախի կորստից հետո մարդիկ մոտիվացված չեն, բարոյահոգեբանական վատ վիճակում են եւ չեն ուզում ծառայել։ Այս խնդիրների համատեքստում, նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը անհատական մոտեցում չի ցուցաբերում այս մարդկանց։ Այն ներուժը, որը եղել է Արցախի ՊԲ-ում, չի գնահատվում այսօր։ Շատ մասնագետներ են փաստում, որ Արցախի ՊԲ-ում ավելի պատրաստված զինվորականներ են եղել, քան Հայաստանում։

«Ես մեկ օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի, որ մարդկանց անհատական մոտեցում չի ցուցաբերվում․ մեր փոխգնդապետներից մեկն արդեն 9-10 ամիս է՝ սպասում է, որ իրեն աշխատանքի ընդունեն։ Շատ լավ մասնագետ է, նման մասնագետներ դժվար է գտնել, ՊՆ-ում փաստաթղթերը ստուգել են, հարցազրույց են անցկացրել, աշխատավարձի չափն էլ են ասել, բայց մարդուն չեն կանչում ծառայության։ Եվ հարցն այն է, որ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչո՞ւ իրեն չեն կանչում։ Ես չգիտեմ՝ Հայաստանի իշխանությունները սա դիտավորյա՞լ են անում, միգուցե բյուրոկրատիայի հետեւանք է, միգուցե նրանք վախենո՞ւմ են ինչ-որ բանից»,- ասաց Էդուարդ Առաքելյանը։

Բանախոսը նշեց, որ Հայաստանի ԱԱԾ-ում ավելի դժվար է ընթանում արցախցիներին աշխատանքի ընդունելու գործընթացը՝ չնայած Հայաստանի Ազգային ժողովն օրենք էր ընդունել այդ մասին։

Արցախի պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանի խոսքով՝ արցախցի զինծառայողներին Հայաստանի զինված ուժերում ներգրավելու ուղղությամբ չկա մոտիվացիա։ Այդ աշխատանքը պետք է կատարեր իշխանությունը, բայց չի անում։ «Եթե ավագ սպային առաջարկում են բանվոր-ծառայողի հաստիք, այն էլ 120 հազար դրամ աշխատավարձով, դա աբսուրդ է, լուրջ չէ։ Չկա մոտիվացիա եւ արժեքի գնահատում»,- ասաց Սահակյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ տարիներ շարունակ զինվորական ծառայությանն ու երկրի պաշտպանությանը նվիրված մարդիկ խոցելի են, ավելի դժվարությամբ են ինտեգրվում քաղաքացիական կյանքին։

Ռոզա Հովհաննիսյան

COP 29-ը․ Բաքուն “պատժում “է ԵԽԽՎ-ին, որը “էթնիկ զտում” է որակել Արցախում կատարվածը

COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության մանդատը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարին որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը «չէր կատարել հիմնական պարտավորությունները»։  ԵԽԽՎ-ն նաև անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, նշելով, որ “2023թ. ռազմական գործողությունները հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության տեղահանությանը Հայաստան և էթնիկ զտումների»:

Մեկնաբանելով ադրբեջանական որոշումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է․ «Պետք է մի պարզ հարց ուղղել բոլոր այն երկրների կառավարություններին, որոնց պատգամավորներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ դուք դեռ ընտրություն կկատարե՞ք մասնակցել Բաքվում կայանալիք COP 29-ին՝ այդպիսով փաստորեն հիասթափեցնելով ձեր իսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորներին, որոնց մուտքը պարզապես արգելվել է իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար: ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումերին։ Մեկ այլ հարց պետք է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը թույլ է տալիս ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Ադրբեջանն է, թելադրել, թե ով կարող է մասնակցել ՄԱԿ-ի կարևոր համաժողովներից մեկին։ Բաքվի աճող ցինիզմը հետևանք է այն բանի, որ նավթային այս փոքր բռնապետությունը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար և շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ»։

Հիշեցնենք, որ երեկ Մարիա Զախարովան ասել է, թե ոչ մի միջազգային մարմին Արցախում կատարվածը որպես էթնիկ զտում չի որակել։