Ուկրաինական անօդաչու սարքերը հասել են Մուրմանսկ

Ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները ստիպված են փախչել Օլենյա ավիաբազայից, որը գտնվում է Կոլսկի թերակղզում, Մուրմանսկի շրջանում, ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, նշված հինգ հրթիռակիր ռմբակոծիչները օդ են բարձրացել Սարատովի մարզի Էնգելսի օդանավակայանի ուղղությամբ։

Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին համակարգող Վիոլետա Գրուդինան հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերն արդեն չորրորդ օրն է, ինչ գրոհում են Մուրմանսկի շրջանում գտնվող ռազմական օբյեկտները։ Նա տեսանյութ է հրապարակում, որտեղ, ըստ նրա, երևում է ուկրաինական անօդաչու թռչող սարք Վիսոկի փակ ռազմական գյուղի մոտ։

«Թռիչք հարավից է եկել։ Սկզբից 1300 մ բարձրության վրա, հետո իջել է 900 մ ու կորել։ 15-20 րոպեից սպասում էին ժամանելուն, տարհանեցին ձեռնարկությունները»,- ասվում է ականատեսների՝ Գրուդինային ուղարկված տեսանյութի մեկնաբանության մեջ։

Պուտինի` Բաքու կատարած այցը նախապես պլանավորած միջոցառում չէր

«Պուտինի համար անհրաժեշտություն էր դարձել այդ այցը կատարել Ադրբեջան, իմ կարծիքով՝ դա նախապես պլանավորած միջոցառում չէր, այլ պայմանավորված էր ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի հարձակմամբ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցին ու հայտարարություններին։

«Եվրամիության երկրները սնուցող գազատար համակարգը, որը Ռուսաստանից դուրս է գալիս եւ անցնում է Ուկրաինայի տարածքով, ըստ էության հիմա գտնվում է ուկրաինական կողմի հսկողության տակ։ Եվ հիմա Ռուսաստանի հույսը Ադրբեջանն է։ Իմ կարծիքով՝ դրանով է պայմանավորված Պուտինի այցը Ադրբեջան, հավանաբար Պուտինը եւ Ալիեւը փորձում էին գտնել ուղիներ՝ ինչպես կարելի է պատժամիջոցները շրջանցել եւ լուծել գազի խնդիրը»,- ասաց Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է այցի շրջանակներում Հայաստանի մասին արված հայտարարություններին, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Հիշատակվեց արցախյան հարցը, որովհետեւ խաղաղության պայմանագրի տակ դա է քողարկված։ Դա էլ պայմանավորված է Ադրբեջանի անհանգստություններով։ Հունիսին ութ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ ավարտեցին փաստահավաք առաքելությունը եւ եկան եզրակացության, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Այսինքն, ըստ այդ կազմակերպությունների եզրակացության՝ Իլհամ Ալիեւը ենթակա է քրեական հետապնդման Միջազգային քրեական կոնվենցիայի 7-րդ հոդվածի՝ մարդկության դեմ հանցագործության հատկանիշներով։ Հայաստանում իշխանություններն ու ԶԼՄ-ներն առանձնապես չեն լուսաբանում այդ փաստը, բայց Իլհամ Ալիեւի համար դա խնդիր է, որովհետեւ այդ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները դիմեցին Եվրամիության ղեկավարությանը, ԱՄՆ-ին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ քրեական վարույթ հարուցել Ալիեւի դեմ»։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ խնդիրը հայկական հարցն է, փորձում են Ռուսաստանի միջոցով Հայաստանից ստանալ հերթական զիջում։ «Մեզ հայտնի են այդ պահանջները՝ միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, հայցերը միջազգային դատարաններից հետ կանչել։ Հավանաբար դրանով էլ պայմանավորված են ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, որ Հայաստանն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի կնքմանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի տարածքով միջանցքի մասին հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց․ «Միջանցքի շուրջ սպեկուլյացիաները շատ են, օրեր առաջ մենք լսեցինք, որ ադրբեջանական կողմն առաջարկում է հանել այդ հարցը խաղաղության պայմանագրից։ Այսինքն՝ իմ կարծիքով՝ խնդիրն ավելի մեծ է, ուզում են հասկանալ՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի անվան տակ ինչ-որ փաստաթուղթ կազմել, որն Ալիեւին կազատի քրեական պատասխանատվությունից։ Ենթադրում եմ, որ դրան էր վերաբերում Ռուսաստանի այդ հայտարարությունը, որի էությունը Հայաստանին մեղադրելն է, որ Հայաստանը չի կնքում խաղաղության պայմանագիրը, որ մեղավոր կողմը Հայաստանն է»։

Ռոզա Հովհաննիսյան

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը որակվեց դժբախտ պատահար

Իրանում ավարտվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ միջադեպը որակվել է դժբախտ պատահար: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը գերազանցել է նորման, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի պայմաններում բախվել է սարին»,- հայտնում է գործակալությունը:

Զորավարժություններ Հայաստանում եւ Ադրբեջանում

ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներն օգոստոսի 20-21-ը համատեղ շտաբային մարզում են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ շտաբային մարզումների շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
«Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացնում, այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ղեկավար անձնակազմի գործնական հմտությունները պայմանական թշնամու կողմից անակնկալ օդային հարձակումները հետ մղելու գործողությունները», – ասված է հաղորդագրությունում։

Ուրիշ երկիր չկա՞ր արցախցի երեխաներին ուղարկեք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝  ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի․ տեղեկացնում են գերատեսչությունից։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Այդ մասին հայտնում է Factor-ը։

Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից և Արմավիրի մարզի տարբեր համայնքներից։

Ուղեկցողների թվում են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, բժիշկներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով, աշխատանքների իրականացման գործընթացին աջակցում են երկու երկրներում հավատարմագրված դեսպանները։

Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝  ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։

Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին

Ազատություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ այսօր բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև:

Նրանք “Вон из Армении” բացականչություններով ձվեր, կարտոֆիլ ու լոլիկ նետեցին դեսպանատան՝ Առինջում գտնվող շենքի պատերին:

Ակցիայի մասնակիցներին վրդովվեցրել էր այդ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:

Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել էր “Россия” հեռուսատաալիքին տված հարցազրույցում՝ հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին:

Ցուցարարներն այսօր պահանջեցին Հայաստանի իշխանություններից՝  խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

Եղանակը Հայաստանում. շոգ է լինելու

Շուշվա կլոխ

Օգոստոսի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+34,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29,

Լոռիում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+32,

Տավուշում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+19+22, ցերեկը՝ +33+37,

Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +38+39,

Արմավիրում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +37+38,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32։

Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է ակնարկում ՀՀ ԱԳՆ-ը. Ի՞նչ է թաքցնում Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից

Հերթական «տիեզերական աղմուկը» բարձրացրեցին թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժ է անում ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցությունների վերաբերյալ համաձայնագիրը», թե ՀՀ ԱԳՆ արձագանքը դրան։

Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում կա հետևյալ արտահայտությունը. «Մենք կարծում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ, բացի հրապարակային փաստաթղթերից, Հայաստանը որևէ այլ համաձայնագրի կողմ չէ և, հետևաբար, չի կարող սաբոտաժ անել այն»։

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը. կա՞ն այլ պայմանավորվածություններ, որոնք տեղ չեն գտել նոյեմբերի 9-ի հայտարարության հրապարակային տեքստում և այլ եռակողմ փաստաթղթերում։

Պուտինի, Փաշինյանի և ալիևի՝  նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից անմիջապես հետո լուրեր հայտնվեցին, որ կան նաեւ այլ կետեր, որոնց մասին ոչ մի կողմ բարձրաձայն չի խոսում։ Մասնավորապես, արդեն 2020 թվականի ձմռանը հայկական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ անընդհատ տեղեկատվություն էին տարածում այն ​​մասին, որ Լաչինի միջանցքը, որը ենթադրաբար պետք է վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից, «կաշխատի» միայն պայմանով, որ Հայաստանը համաձայնի միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Մեղրիով, որը կվերահսկի ՌԴ ԱԴԾ-ը։

Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միջանցքի հետագա արգելափակումը ենթատեքստային առումով կապված էր այն փաստի հետ, որ Հայաստանը իբր համաձայն չէ իր տարածքով արտատարածքային միջանցք բացել և պնդում է, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։

Այն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ավելի շատ պետք է ռուսաստանին, քան ադրբեջանին, պարզ էր արդեն 2020թ.։ Ընդ որում, Ռուսաստանի համար այդ միջանցքը սկսվում է Հադրութից, այսինքն՝ Արցախի տարածքում Իրանի հետ սահմանից։

Ինչպե՞ս են անցել Շոյգուի այցերը Իրան, այնուհետև ադրբեջան, եւ ինչպես են դրանք կապվում Պուտինի Բաքու այցի հետ։

Ինչի՞ շուրջ Շոյգուին հաջողվեց կամ չկարողացավ պայմանավորվել Իրանում և Բաքվում, ինչը պատճառ դարձավ Պուտինի հապճեպ այցին Ալիևի մոտ, և ոչ ավել, ոչ պակաս, պետական ​​այցի, որը պետությունների ղեկավարները կատարում են հատուկ, հազվադեպ դեպքերում:

Ըստ ամենայնի, ռուսաստանին հաջողվել է համոզել Իրանին, որ ավելի լավ է, եթե Ռուսաստանը իր սահմանին լինի, քան ամերիկացիները։ Դրա մասին է վկայում իրանական կողմի բավականին կոշտ հայտարարությունը, թե «Իրանը դրական չի ընկալում ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում» (նկատի ունի Հայաստանին)։

Թերևս դա է պատճառը, որ ադրբեջանը որոշեց հանել «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից։ Նրանց ինչի՞ն են պետք «թույլիկների» հետ պայմանավորվելը, եթե կարող են բանակցել մեծ խաղացողների հետ։

Սակայն այս ամբողջ իրավիճակում մեզ ավելի շատ հետաքրքրում է հայկական կողմի դիրքորոշումը։

Ի՞նչ է թաքնված «բացառությամբ հրապարակային փաստաթղթերի, Հայաստանը որևէ այլ համաձայնագրի կողմ չէ» բառերի տակ։ Ինչո՞ւ հայկական կողմը հետ չի վերցնում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի համաձայնագրից։

Իսկապես, Հայաստանը կատարեց Համաձայնագրի իրեն վերաբերող բոլոր կետերը եւ պարտավորությունները, և դեռ ավելին. Արցախը հանձնեց նախ Թուրքիային և Ռուսաստանին, իսկ այժմ ամբողջությամբ՝ ադրբեջանին։

Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն այդքան կատաղի կառչած մի թղթի կտորից, որը սպառնում է իր ոչնչացմանբ։ Ի վերջո, Հայաստանը, հանձնելով Արցախը, ինքն իր ձեռքով ոչնչացրեց իր անվտանգության համակարգը և թույլ տվեց թշնամու զորքերին մտնել իր տարածք Սև Լճում, Ջերմուկում, Սոթքում։

Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է ակնարկում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը. ի՞նչ է թաքցնում Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից։

Եթե ​​Հայաստանի վարչապետը հետ չկանչի իր ստորագրությունը նոյեմբերի 9-ին հայտարարությունից, դա կնշանակի, որ Պուտինին և ալիևին ավելին է խոստացել, քան նշված է Հայտարարության մեջ։ Հակառակ դեպքում Լավրովը չէր խոսի սաբոտաժի մասին։

Մարգարիտա Քարամյան

Արցախի Ազգային ժողովի միասնական կոչը

2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ:
Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։
Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, որի ցանկից կարելի է առանձնացնել.
– Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանություն և մարդկության դեմ իրականացված հանցագործություն
– Ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք եւ ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրա
– Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը
– Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման, յուրացման և ինքնությունը կեղծելու գործուն քայլերով։
Վերոնշյալ հանցավոր գործողությունների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի անվան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման և ամբողջովին հայաթափելու միջոցով:
Կոչ ենք անում համայն հայությանը և տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
21.08. 2024թ
Երևան

Սարսափելի ավտովթար Իրանում, զոհվել է 28 ուխտավոր

Իրանում շիա ուխտավորներին Պակիստանից Իրաք տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ 23-ը, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Յազդ նահանգի Դեհշիր-Թաֆթ մայրուղու վրա։ 14 տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը ավտոբուսի արգելակային համակարգի անսարքությունն է եղել, լրատվամիջոցները մեջբերում են Յազդի ոստիկանապետ, գնդապետ Հաջի Դեհաբադիին։

Արբաինի երթը շիաների ծեսերից մեկն է, որոնք Իրաքի տարբեր շրջաններից ուխտագնացության են գնում դեպի Քերբալայում գտնվող Իմամ Հոսեյնի սրբավայրը: Այս տարի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին։

Ուկրաինան Կուրսկում ոչնչացրեց Կրեմլի միանգամից երեք առասպել՝ Foreign Policy

Գլխավոր առասպելներից մեկը Ուկրաինայի սպառնալիքն է։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերը սահմանը ճեղքելուն պես Ռուսաստանի Դաշնությունում ոչ մի նոր կամավորական կազմավորում չի նկատվել, ոչ էլ զինկոմիսարիատների մոտ հերթեր են գոյացել։ Ավելին, ԶԼՄ-ներում հասարակական դժգոհություն չեղավ, և ՌԴ ՊՆ-ն միայն սկսեց խոստանալ զգալի բոնուսներ, եթե տղամարդիկ պայմանագիր ստորագրեն, հայտնում է Foreign Policy ռեսուրսը։

Ոչ մի քարոզչական ալիք չկարողացավ «միավորել ռուսներին» սահմանային բեկման ֆոնին։ Նույնիսկ Կրեմլը նոր մոբիլիզացիա դեռ չի հայտարարում։ Իսկ Պեսկովը նույնիսկ արձակուրդը չեղյալ չի հայտարարել Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ընդհակառակը, այժմ ռուս հանրությունը՝ ի դեմս մայրերի, կոչ է անում Պուտինին շտապ հետ կանչել Կուրսկի շրջանից ժամկետային զինծառայողներին և չնետել Ուկրաինայի զինված ուժերի դեմ պատերազմի։

Երկրորդ առասպելն այն է, որ Պուտինը ուժեղ առաջնորդ է, ով չի թույլ չի տա նեղացնել իր երկիրը։ Սակայն Կրեմլի ղեկավարը չի կարողացել պաշտպանել սահմանամերձ շրջանների բնակիչներին։

Երրորդ առասպելն այն է, որ Կուրսկի շրջանում բեկումը պետք է բերեր պատերազմի սրման։ Բայց փաստորեն Մոսկվան այս հարցում լռեց ու նույնիսկ հրաժարվեց դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։

Այժմ Պուտինի բոլոր սպառնալիքները պարզապես սպառնալիքներ են. Կիևը հատել է ևս մեկ «կարմիր գիծ», իսկ Պուտինը շարունակում է լռել։