Նժդեհի դիմանկարը և մտորումները ազգային գաղափարախոսության շուրջ

«Շատ տարիներ առաջ, երբ եկա այս արհեստանոցում աշխատելու, այստեղ՝ իմ հետևի պատին կախված էր Գարեգին Նժդեհի դիմանկարը։ Ես չեմ հանել այն, բայց շատ էլ չեմ մտածել դրա մասին: Սակայն երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո՝ պատերազմներ, արցախցիների տեղահանություն, Տավուշում ու Սյունիքում լարված իրավիճակ, այն ամենը, ինչ կատարվում է հայ ազգի հետ, չէի կարող չմտածել՝ գուցե Նժդեհի գաղափարախոսությունը համախմբի՞ մեր ժողովրդին, ցույց տա ազգի հզորացման ճանապարհը”, կարծիք հայտնեց Սիսիան քաղաքի կոշկակար Ս.Խ-ն։

Նա ափսոսանքով նշեց, որ երիտասարդները հեռանում են աշխատանք փնտրելու համար, բայց միաժամանակ նշեց, որ «նրանք չեն մոռանում իրենց արմատները, չեն մոռանում իրենց նախնիների գերեզմանները»։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ շատ բան կախված է ժողովրդի կամքից։ Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում։ Մեր Սիսիանը, ինչ էլ որ լինի, ածխարհի ամենալավ քաղաքն է, ու ես չեմ պատրաստվում լքել այն։ Ես այստեղ եմ ծնվել, այստեղ են իմ նախնիների գերեզմանները»։

Խոսելով մասնագիտության մասին՝ վարպետը նշեց, որ դա անհետացող մասնագիտություն է, քանի որ վաճառքում հայտնվում են բազմաթիվ կոշիկներ, թեև անորակ, բայց վառ, որոնք գրավում են մարդկանց։ «Ես ոչ միայն վերանորոգման վարպետ եմ, այլև կարող եմ կարել պատվերով։ Դրա համար էլ մի քիչ եկամուտ ունեմ։ Բայց այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գնել մեկ սեզոնի կոշիկներ, քան պատվիրել լավ, ամուր կոշիկներ: Եվ կյանքին էլ նույն կերպ են մոտենում»։

Ալվարդ Գրիգորյան

Սոբյանինը հայտնել է Մոսկվայի վրա 10 ԱԹՍ խոցելու մասին

Օգոստոսի լույս 21-ի գիշերը Մոսկվայի մերձակայքում ընդհանուր առմամբ 10 ԱԹՍ է խոցվել, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ սա որակելով Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ԱԹՍ հարձակման «ամենախոշոր փորձերից մեկը»։

«Մոսկվայի ստեղծված շերտավոր պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել թշնամու ԱԹՍ բոլոր հարձակումները։ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերն այս գիշեր 10 միավոր են խոցել։ Սա ԱԹՍ-ներով Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձերից մեկն էր։ Շարունակում ենք վերահսկել իրավիճակը», – Տելեգրամում գրել է քաղաքապետը։

Սոբյանինի խոսքով՝ տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չկան։ Մինչ այդ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր Պոդոլսկում խոցված անօդաչու թռչող սարքերի մասին, որ, նրա խոսքով, նույնպես շարժվում էին դեպի Մոսկվա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 21-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 45 ԱԹՍ է խոցվել․ 23 անօդաչու թռչող սարք Բրյանսկի, 11-ը՝ Մոսկվայի, 6-ը՝ Բելգորոդի մարզերում, 3-ը՝ Կալուգայի, ևս 2-ը՝ Կուրսկի մարզերում։

Ֆրանսիայում հայկական սփյուռքն ամենախոշորն է Եվրոպայում. դեսպան

Հանդիպում անցկացրեցի ՀՀ կառավարության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտյինին։

«Ֆրանսիայի հայկական սփյուռքը մեծությամբ երրորդն է աշխարհում և ամենախոշորը Եվրոպայում»,- գրել է նա։

Ադրբեջանի՝ BRICS մտնելու կապակցությամբ Ուկրաինայում կոչ են արել բոյկոտել SOCAR-ը

ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի դիմումի ֆոնին հայտնի են դարձել Ուկրաինայում նրա SOCAR ընկերության գործունեության մանրամասները։ Հնարավոր է, որ դրա միջոցով երկիր մտել են ռուսական նավթամթերքներ։ Այս մասին Facebook-ում հայտնել է ուկրաինական խոշոր վառելիք ներկրող, Prime ընկերությունների խմբի հիմնադիր Դմիտրի Լեուշկինը։

Գործարարը կոչ է արել Ուկրաինայի պետական ​​և մասնավոր ընկերություններին հրաժարվել SOCAR-ի հետ համագործակցությունից։ «Շատ տհաճ է, որ նրանք (ադրբեջանցիները – խմբ.) դա արել են մեզ հետ։ Բայց մենք պետք է արձագանքենք ԲՐԻԿՍ նրանց մուտքին։ Նրանց համար մեր շուկան շատ գայթակղիչ է, և նրանք այստեղ բավականաչափ ակտիվներ ունեն։ Ես խնդրում եմ հարգենք ինքներս մեզ: Եթե ​​այսպես թողնենք, ապա վաղը նոր դրսեւորումներ կլինեն»,- ասաց ձեռնարկատերը։

Նա կարծում է, որ ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի մուտքին Ուկրաինայի արձագանքը պետք է լինի պետության և բիզնեսի մակարդակով։ Այսպիսով, ուկրաինական ընկերությունները պետք է հրաժարվեն վառելիք ներկրելուց SOCAR-ին պատկանող թուրքական Star գործարանից։ Այնտեղ, նշել է Լեուշկինը, դիզելը «եփվում է», ի թիվս այլ բաների, ռուսական նավթից։ Չնայած դրան, ներկրողները շարունակում են այն գնել՝ համալրելով ռուսական գանձարանը։

Գործարարը նաև կոչ է արել ադրբեջանական ընկերությունը պետական ​​մակարդակով ճանաչվել որպես ռիսկային, և իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննել դրա գործունեությունը։ «Ընկերներ, եկեք հարգենք ինքներս մեզ, և եթե մեզ ծախել են, ապա մենք չենք կարող դա թողնել առանց արձագանքի», – ասաց Լեուշկինը:

Диалог.UA 

Ովքեր մասնակցել են Արցախի հանձնմանը, ծրագրել են Իսրայելի շուրջ խաղերը, պետք է կենսաթոշակի գնան

«Միջանցքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերահսկել ճանապարհը դեպի Միջին Ասիա եւ Կենտրոնական Ասիայից Թուրքիա տանող կոմունիկացիաներն անուղղակի ենթարկեցնել Ռուսաստանին։ Դա կբարձացնի Ռուսաստանի դերը տարածաշրջանում եւ հնարավորություն կտա այլ ենթակառուցվածքներ դնել Ռուսաստան-Թուրքիա վերահսկողության տակ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին ու հայտարարություններին։

Կարաբեկյանը հավելեց․ «Այստեղ մի ծրագիր էլ կա, նպատակը ոչ միայն տարածաշրջանային կապուղիների հսկողությունն է, այլ կարծես թե պատմությունը կրկնելու փորձ է արվում։ Երբ ԽՍՀՄ-ը ստեղծվում էր, ռուս-թուրքական տանդեմի ջանքերով միջազգային միջնորդությունը փոխարինվեց այդ երկու պետության դերակատարմամբ։ Եվ միջազգային կառույցներն ու Արեւմուտքը աստիճանաբար դուրս մղվեցին տարածաշրջանից։ Հետագայում երկրները մտան ԽՍՀՄ կազմի մեջ։ Եթե պատմությունը հիշենք, 1921 թվականից հետո Ռուսաստանն իր կապերն ամրացրեց Թուրքիայի ու Իրանի հետ, կարծես թե պատնեշ ստեղծեց Արեւմուտքի առաջ, Թուրքիային շատ ուժեղ զինում էր եւ փորձում օգտագործել Արեւմուտքի դեմ։ Նաեւ Իրանի հետ հարաբերությունները խորացրեց նախկին ռուսական կայսրության սահմաններով մեկ։ Հիմա այդ նույն խաղի կրկնությունն է»։

Ըստ նրա՝ նաեւ վարկած կա, որ Պուտինը փորձում է այսպիսով ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից, որոնք Կուրսկի դեպքերից հետո բարդացան։ Ռուսաստանն ունի զենք-զինամթերքի կարիք, նաեւ մեծ ֆինանսական խնդիրներ, քանի որ արեւմտյան պատժամիջոցների տակ է։ Բացի դրանից, Եվրոպան Ադրբեջանից պահանջում է, որ իր գազատարը տանի Ուկրաինայի տարածքով, ինչը վտանգի տակ է դնում ՌԴ-ից գազամատակարարման ապահովումը դեպի Ադրբեջան։

«2020 թվականի Արցախի պատերազմը երբ սկսվեց, բոլորը դա կապեցին սիմվոլիկայի հետ, որ պատերազմն սկսեցին Կարսի հանձնման օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Արցախի հայերի դեմ հարձակվեցին սեպտեմբերի 19-ին, արդեն սեպտեմբերի 21-22-ին տարհանումն սկսվեց։ Դրանից երկու-երեք շաբաթ հետո Իսրայելը «Համասի» դեմ ռազմական գործողություններ սկսեց։ Ես այս գործընթացներում կկարեւորեի նաեւ Իսրայելի գործոնը։ Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ Հարավային Կովկասում լարվածության բռնկումը կարծես թե առնչվում է Իսրայելի հետ։ «Համասը» բանակցություններ է սկսում, եւ Վլադիմիր Պուտինը բարձրացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հիշենք, որ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներն սկսվեցին այն ժամանակ, երբ երրորդ երկրները՝ Գերմանիան, Թուրքիան եւ Ռուսաստանը փորձեցին  իրենց ազդեցությունը ամրապնդել Մերձավոր Արեւելքում, որի հանդեպ նկրտումներ ուներ Անգլիան։ Եվ գիտենք, թե ինչով ավարտվեց դա։ Նույն սցենարն է գործարկվում, չգիտեմ՝ ինչ կլինի, բայց Ռուսաստանի համար Վլադիմիր անունով առաջնորդների վերջը լավ չի լինում։ Լենինն էլ հայերի հողերի տվեց, իր վերջը շատ ցավալի է եղել»,- ասաց Դավիթ Կարաբեկյանը։

Հարցին, թե Ռուսաստանի դրդմամբ Ադրբեջանը կարո՞ղ է հարձակվել Հայաստանի վրա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մի քանի սցենար կա։ Հնարավոր սցենարներից մեկը հետեւյալն է․ որպեսզի թույլ չտա, որ Արեւմուտքը մուտք գործի տարածաշրջան, Իրանն իր ազդեցությունը ծավալի, ինքը կարող է այստեղ կոնֆլիկտ սկսել՝ նույնիսկ Արեւմուտքի հետ գաղտնի համաձայնության գալով։ Թուրքիան փաստորեն Մեծ Բրիտանիայի ծրագիրը կատարողն է, եւ Ռուսաստանը կարող է վերահսկվող կոնֆլիկտ ստեղծել, որպեսզի բուֆեր ստեղծի։ Այնպայման չէ, որ պատերազմ լինի, սահմանային լարվածությունից մինչեւ տարբեր ինտենսիվության բախումներ կարող են լինել, եւ մենք պետք է բավական զգույշ ու պատրաստ լինենք։ Ռուսաստանը փորձում է այդ սցենարն օգտագործելով՝ ցույց տալ, որ ինքը դեռ ուժ ունի, ազդեցություն ունի եւ փորձում է աստիճանաբար Հայաստանում իր ազդեցությունն ավելացնել։ Հրապարակային կարող է ցույց տալ, որ տեսեք՝ Հայաստանն ինձանից փորձում է անջատվել, պատժվում է, Ուկրաինան ինձանից հեռանում է, Արեւմուտքն իրեն չի օգնում, պատժում է։ Ռուսաստանը սիրում է ցույց տալ, որ միջազգային դաշտում դեռ դերակատարում ունի։ Եվ կարելի է ասել, որ Փաշինյանն իր դերը շատ նուրբ խաղում է՝ կեղծ արեւմտամետ գործիչ է, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինքն արտաքուստ Ռուսաստանի հետ հակառակվում է, արդեն վեց տարի է «ՀԱՊԿ-ից դուրս է գալիս», դժգոհում է, բայց իրականում ընդամենը երկու-երեք համատեղ գործողություն է իրականացրել ԱՄՆ հետ՝ փոքր զորավարժություններ, որոնցից մեկը ոստիկանական, մյուսը՝ փրկարարական»։

Դավիթ Կարաբեկյանը նաեւ նշեց, որ Պուտինը խոսում է նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, այդ հայտարարությունը ֆիքսում է Ռուսաստանի վճռական դերը, այնտեղ Մինսկի խմբի մասին խոսք չկա։ «Այնտեղ ուղղակի այն իրավիճակի կրկնություն էր, որ Ռուսաստան-Թուրքիա դաշինք է ձեւավորվում, եւ Հայաստանը պատժվում է, որովհետեւ «Արեւմուտք է գնացել»։ Փաստորեն Վլադիմիր Պուտինը շեշտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինքը փաստորեն գաղտնի սակարկում է անում, ասում է՝ դուք համաձայնեք, որ կոմունիկացիաները մենք վերահսկենք, մտեք մեր քաղաքական գծի մեջ, մենք ձեզ կօգնենք, օրինակ, դելիմիտացիան խաղաղ կանցկացնենք։ Չէ՞ որ Ալիեւը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ասել է՝ սա զիջած տարածքների 12 տոկոսն է։ Այսինքն՝ այն մնացած 88 տոկոսը որ գումարում ենք, ստացվում է Բաթումի պայմանագրով ամրագրված Հայաստանի տարածքը՝ 10 500 քառակուսի կմ։ Այսինքն՝ նույն կայսերապաշտական քաղաքականությունն է, նույն մեթոդներն ու շանտաժներն են, ինչպես միշտ եղել է»,- հավելեց նա։

Ըստ Կարաբեկյանի՝ «Արեւմուտքը սպասողական խաղ է տանում, որպեսզի ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունենալիք ընտրություններից հետո վեկտորի փոփոխություն լինի։ Ովքեր մասնակցել են Արցախի հանձնմանը, ծրագրել են Իսրայելի շուրջ խաղերը, պետք է քաղաքական կենսաթոշակի գնան։ Երբ արդեն ԱՄՆ-ում նոր նախագահ ընտրվի, կարող է նոր քաղաքականություն մշակվել։ Այս գործընթացները բոլորը փոխկապակցված են։ Բայց չի կարելի ասել, որ Ռուսաստանը բախտախնդիր խաղ է տանում, որովհետեւ նման բաներ միջազգային ասպարեզում եղել են առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մարդիկ մարսեցին եւ Սեւրի պայմանագիրը, եւ մոռացան Արեւմտյան Հայաստանի մասին Վիլսոնի իրավարար վճիռը։ Ամբողջը մարսեցին, եւ այդ երկու-երեք տարին իրենց պետք էր, որպեսզի թղթի վրա նոր աշխարհակարգ ամրագրեին»։

Ռոզա Հովհաննիսյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության երկու հիմնական կետը․ ի՞նչն է խանգարում Հայաստանի ԱԳՆ-ին

Արցախի ամբողջական օկուպացիայից, բնիկ բնակչության տեղահանումից և նույնիսկ ռուսական զորքերի դուրսբերումից մեկ տարի անց հայկական կողմը չի հայտարարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության սպառման մասին։

Հայաստանի ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ ատամ է ցույց տալիս ի պատասխան Մոսկվայի և Բաքվի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության մեջ չխախտված կետեր գրեթե չկան, բայց չի հրաժարվում բուն հայտարարությունից։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ այսօր՝ ի պատասխան Լավրովի այս հայտարարության տակ Փաշինյանի ստորագրության մասին հիշեցման։

Ինչո՞վ է պայմանավորված նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ նման նուրբ վերաբերմունքը եւ ինչո՞ւ է այն այդքան թանկ պաշտոնական Երեւանի համար։ Ի՞նչ կարող է փոխվել, եթե Երևանը հրաժարվի այս հայտարարությունից։

Այս մասին կարելի է դատել՝ վերլուծելով, թե նոյեմբերի 9-ի հայտարարության որ 2 կետերն են կատարվել։

2․Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։
6․Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը վերադարձնում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։

Միայն այս երկու կետերը ոչ միայն չեն խախտվել, այլեւ նախանձելի ճշգրտությամբ են իրականացվել։

Հենց այս կետերի պատճառով է, որ երեք կողմերից ոչ մեկը նոյեմբերի 9-ի հայտարարությունից չի հրաժարվում, քանի որ եթե հայտարարությունը խախտված է հայտարարվում, ապա դա ինքնաբերաբար պետք է հանգեցնի բոլոր կետերի վերանայմանը։

Հայկական կողմը չի ցանկանում վերանայել այս երկու կետերը, միաժամանակ չի կարող կատարել «միջանցքի» մասին հայտարարության 9-րդ կետը։

Հայաստանի ԱԳՆ-ի փոխարեն նոյեմբերի 9-ի հայտարարության չգոյության մասին է հայտարարում ՀՀ-ում Իրանի դեսպանը, ով ասում է, որ եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կա, ապա որտե՞ղ են Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ պաշտոնական Երեւանի հիվանդագին կիրքը միջնորդների մոտ էլ է տարակուսանք առաջացնում։

ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չհրաժարվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից

ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է հարցին։

Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:

Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը:

Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք:

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։ Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար։

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԳՆ-ը, պնդելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր կետերը խախտված են, այնուամենայնիվ, չի հրաժարվում այդ հայտարարությունից։    

“Մենք կարծում էինք, որ երեք օր «կյանքի ճանապարհին» գոյատևելը մեր վերջին փորձությունն է”

Իննա Դանիելյանը ավագ դասարանի ուսումնական տարին սկսել է Արցախում հայրենի դպրոցում, սակայն ակամա ավարտել է Հայաստանում։ Ավարտելուց հետո, բացի «միջնակարգ դպրոցի շրջանավարտ» կարգավիճակից, աղջիկը ձեռք է բերել նաև «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի» կարգավիճակ։ Այժմ աղջիկը երազում է շարունակել սովորել, կրթություն ստանալ, սակայն ընտանիքի առջև ծառացած սոցիալական և կենցաղային դժվարությունները դժվարացնում են նրա երազանքը։

«2023 թվականի սեպտեմբերի 1-ին, չնայած շրջափակմանը, մենք ուրախ էինք դպրոցով, չէ՞ որ ավարտական ​​դասարանը տարբեր միջոցառումներ է ենթադրում, նույնիսկ ուսումնական տարվա վերջում մեր ավարտական ​​զգեստներն էինք պատկերացնում։ Բայց 20 օր հետո մեր կյանքը վտանգի տակ է հայտնվել, մեր հարազատները մահացան, անհետացան, գերի ընկան»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ը Իննան հիշում է սարսուռով և հրաշք է անվանում, որ գյուղացիներին հաջողվել է փրկվել. տարածքը հարձակման ու գնդակոծության է ենթարկվել պատերազմի առաջին ժամերին։ Մարդիկ գնդակոծության տակ են լքել գյուղը։ Մի քանի օր անց նրանց ասացին, որ տուն վերադարձ չի լինելու, Արցախը գրավվել է, իսկ բնակչությունը կտեղահանվի Հայաստան։

«Երեք օր դժվարին պայմաններում, առանց սննդի և հագուստի, շարժվեցինք դեպի Հայաստան։ Երեք դժվարին օրերում հասանք Գորիս։ Երեխաների լաց, մայրերի շփոթություն ու անհանգստություն, նույնիսկ մահ: Մինչ օրս, չնայած մոռանալու փորձերին, լացող երեխաների ձայներն ու գիշերվա ցուրտը հետապնդում են ինձ»։

Հայաստանում աղջկա ընտանիքը փորձել է հաստատվել այնտեղ, որտեղ կարող էր աշխատանք գտնել և շարունակել կրթությունը։ Բայց բարձր վարձավճարները ստիպեցին ընտանիքին տեղափոխվել Սյունիք։ Ընտանիքին օգնելու համար Իննան սկսել է զբաղվել խոհարարությամբ և վաճառքի համար հիմնականում պատրաստում է ղարաբաղյան ավանդական ուտեստներ։

«Մենք կարծում էինք, որ երեք օր «կյանքի ճանապարհին» գոյատևելը մեր վերջին փորձությունն է։ Բայց պարզվեց, որ Հայաստանում մեզ ոչ պակաս բարդ ֆիզիկական և հոգեբանական դժվարություններ են սպասում։ Մենք այնքան ջերմություն և օգնություն ստացանք Հայաստանի բնակչության կողմից, բայց կառավարության վերաբերմունքը «եղբայրների և քույրերի նկատմամբ» տարակուսելի է”։

Իննան ցավում է, որ Հայաստանում հնարավորություններ չեն ստեղծել արցախցիների կոմպակտ ապրելու համար. Եթե ​​նման հնարավորություն լիներ, հարեւանները, հարազատները, ընկերները կաջակցեին միմյանց, կօգնեին իրար հաղթահարել դժվարությունները, կորուստները: Աղջիկը նաեւ շատ է կարոտում ընկերներին ու համադասարանցիներին՝ վստահեցնելով, որ ինտերնետով շփվելը չի ​​նվազեցնում կարոտը։

«Մենք հաճախ ենք խոսում Արցախ վերադառնալու մասին։ Ոմանք կարծում են, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունը փոխվի եռակողմ համաձայնագիրը ստորագրած բոլոր երեք երկրներում։ Իսկ ես մեր վերադարձը Արցախ պատկերացնում եմ հայկական դրոշով՝ շարասյունով։ Միայն այդ ճանապարհով, և ոչ այլ կերպ»:

Ալվարդ Գրիգորյան

ԱՄՆ դեսպանի հիմնադրամը 74 հազար դոլար կտրամադրի Մատենադարանին՝ Արցախի արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։

Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է ցուցաբերվող աջակցությունը, որը հնարավորություն է ընձեռում պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգության եզակի կառույցներից մեկը՝  Երերույքի տաճարը, որն ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում:

«Վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելով Հայաստանի հազարամյակների մշակույթը, պատմությունը, ճարտարապետությունը և արվեստը՝ հնարավորություն կունենանք  այստեղ կազմակերպելու կրթական ծրագրեր, որոնք, անկասկած, նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և մեր մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Կարևորում եմ նաև Լեռնային Ղարաբաղի ձեռագրերի պահպանության աջակցության ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Վստահ եմ, որ սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանատանը:

Դեսպան Քվինը նկատել է, որ մշակութային պահպանության ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը խոսում է երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։

«Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը», – ասել է նա։

Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին փոխանցելու համար։

Երերույքում դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝ Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության նպատակով։

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։

Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարեկարգում  (նախապատրաստում՝ որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր)։

Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում,  Մեղրու Սբ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի  պահպանությունը Վայոց ձորի մարզում։

Հարկ է նշել, որ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության ուշադրությունը նկատելիորեն ավելացել է. 2024 թ․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համար տրամադրվել է մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ ՀՀ դրամ, որը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվա հատկացման համեմատ և մոտ 5-6 անգամ ավելի՝ դրան նախորդող տարիների համեմատ։ Այս պահին նախարարության պատվերով վերականգնման և նորոգման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի Փարպիի Ծիրանավոր եկեղեցում, Ագարակ պատմահնագիտական արգելոցում, Արմավիրի մարզի Այգեշատի Թարգմանչաց եկեղեցում, Լոռու մարզի Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցում, Լոռի բերդում (պարիսպներ, բաղնիքներ, պարսպապատ), Հաղպատի վանքում և այլն։ Շուտով կմեկնարկեն նաև Տավուշի մարզի Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները։

Արցախյան Շուշին՝ «Հիշողության ուժ» ցուցահանդեսում

Օգոստոսի 19-ին Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Արցախի նկարիչների միության անդամ Սամվել Թավադյանի «Հիշողության ուժը» ցուցահանդեսի բացումը։

Մինչև 2020 թվականը Թավադյանն ապրել, ստեղծագործել է Շուշի քաղաքում։ Նրա բոլոր աշխատանքները, արհեստանոցը և տունը մնացին օկուպացված քաղաքում։ Շուշիում մնացած նյութական և ոչ նյութական ակտիվների շտեմարանում Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ներառել է նաև Սամվել Թավադյանի արվեստանոցն ու ստեղծագործությունների ժողովածուն։

Ստեփանակերտում ամեն ինչ նորից սկսեց՝ զրոյից։ Սակայն 2023 թվականի աշնանը Արցախի բնիկ բնակչության տեղահանության արդյունքում նկարիչը կրկին կորցրեց ամեն ինչ։ Հայաստանում նա երկար ժամանակ չէր կարողանում ստեղծագործել։

Դեկտեմբերին նկարչի հետ զրույցից հետո ինձ թվում էր, որ այս վիճակը տարիներ կտևի։ Բայց ցուցահանդեսի մասին լուրերը ցույց տվեցին, որ նկարիչը մարդկանց պատմելու շատ բան ուներ։

Դատելով ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունից՝ տեղի է ունեցել երկրորդ «վերադարձը»։ Իսկ շուտով Շուշիի ու Արցախի մասին նրա աշխատանքները կներկայացվեն այլ ցուցահանդեսներում։

Ցուցահանդեսի այցելուներից մեկը՝ շուշեցի Արմինե Սարգսյանը, խոստովանեց, որ «հասկանում և ընդունում է Թավադյանի աշխատանքները, ուստի մեծ ոգևորությամբ է այցելել ցուցահանդես և չի հիասթափվել»։

Սամվել Թավադյանը ծնվել է Արցախում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Արցախում, Հայաստանում, Լիբանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մոսկվայում, Վրաստանում և այլ երկրներում։

Նարեկացի միությունում ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 6-ը։ Մուտքն ազատ է։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարը՝ Արմինե Սարգսյանի

Արցախում հիմա պատերազմում են հայ ինքնության դեմ․ Շուշիի գերեզմանատները

1921 թվականից, երբ Արցախն ապօրինաբար բռնակցվեց նորաստեղծ արհեստական Ադրբեջան ինքնանվամբ պետությանը, վերջինս սկսեց պայքարն ընդեմ հայ ինքնության։ Այն, որ Արցախում հայկական հետքը վերացնելով տարածքը մահմեդականացնելու ակտիվ գործընթաց է սկսված, նորություն չէ։ Այդ ամենը կատարվում էր նաև խորհրդային տարիներին, ուղղակի քիչ ավելի դանդաղ ու երբեմն էլ զգուշորեն։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը, դեռ այն ժամանակվանից կա՛մ ոչնչացվում էր, կա՛մ մահմեդականացվում, կա՛մ աղվանականացվում։ Հայկական Շուշին այդ քաղաքականության փոքրիկ մոդելն է, որտեղ եկեղեցիները, հայկական գերեզմանոցները, զանազան պատրվակներով ավերվում էին, հայկական ճարտարապետությամբ տները փոքր ինչ վերափոխելով մահմեդականացվում էին։ Ու ամենևին պատահական չէին և չեն թիրախավորված հայկական գերեզմանոցները։

Պատմակեղծարար Ֆարիդա Մամեդովան «Աղվանքի քաղաքական պատմությունն ու պատմական աշխարհագրությունը (մ. թ. ա. III – մ. թ. VIII դդ.)» աշխատության մեջ, առաջնորդվելով փաստերի կեղծման ու աղավաղման հակագիտական մեթոդով, գրում է, թե իբր «Հայերի բնակավայրերն Ադրբեջանի տարածքում հայտնվել են ավելի ուշ շրջանում՜ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին։ Մինչդեռ  հայկական  17-րդ դարով թվագրվող տապանաքարերը, չհաշված նախաքրիստոնեական ու վաղ քրիստոնեական, ինչպես նաև հայկական  զարգացած միջնադարյան գերեզմանները հակառակն են պնդում, ուստի դրանցից պետք էր ազատվել։

Դեռևս 1950-ական թվականներին իրենց հակամարդկային վանդալիզմի համար պարարտ հող նախապատրաստելու միտումով, Բաքվի թերթերում տպագրվում էին այսպես ասած “աշխատավորների”  նամակներ, որոնք կոչ էին անում ոչնչացնել հայկական գերեզմանոցները։ 1966 թվականին Բաքվում “Ստրոիտել” թերթում հրատարակվեց ոմն “ճարտարապետ” Ք․ Սայիդովի “մեռածները կերան ապրողներին” հոդվածը, որտեղ հեղինակն առաջարկում է քանդել Շուշիի 8 գերեզմանատներից 7-ը ու թողնել միայն մեկը՝ ադրբեջանականը։

Մի քանի տարի անց այդ գաղափարն իր արտացոլումը գտավ 1974 թվականին կազմված Շուշիի գլխավոր հատակագծում։ Նախատեսվում էր հայկական գերեզմանոցների տեղը կառուցել բարձրահարկ շենքեր և զբոսայգի։ Այսպես Ղազանչեցոց եկեղեցու հարավ–արևելյան հատվածում գտնվող ամենահին հայկական գերեզմանոցը հիմնովին ավերվեց ու հայերի շիրիմների վրա տներ կառուցվեցին, իսկ հայատառ արձանագրությամբ շիրմաքարերը օգտագործեցին որպես շինանյութ։

Այդ կապակցությամբ շուշիաբնակ Անանյանը դեռ 1982 թվականի ապրիլին նամակ էր հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, որի մեջ ի մասնավորե ասված է․ “Գերեզմանոցի շուրջն ամեն կողմից անհատական մարդիկ բնակելի շենքեր են կառուցում, տապանաքարերից շատերը մնացել են տների բակերում, քանդում-կոտրատում-փչացնում են․․․։ 1992 թվականին Շուշին ազատագրելուց հետո, գերեզմանատան տարածքում կառուցված տների նկուղներում, բակերում, ցանկապատերի տակ ու տան պատերին հայտնաբերվել են տապանաքարեր ու մնացորդներ։

Շուշի քաղաքի Զաստավա կոչվող տեղամասի գերեզմանատան միջով դեպի անտառ տանող նոր ճանապարհ էր բացվել, որի կարիքը քաղաքը ընդհանրապես չուներ։ Նպատակը՝ գերեզմանոցի “արդարացված” վերացումն էր։

Քաղաքի հյուսիսային կողմի գերեզմանատան տարածքում 1960-80 թվականներին ադրբեջանցիները կառուցել են երկու ճաշարան, մեկը՝ խառը ապրանքների, մեկը՝ շինանյութերի խանութ իր պահեստով, երկու ավտոնորոգման և մեկ ավտոդողերի նորոգման պահեստներ, որպես շինաքար օգտագործելով շիրմաքարերը։

Բահաթրյանների, Չիթչյանների, Բունիաթյանների տոհմական գերեզմանատները թաղվել էին հողի մեջ, երբ  Ադրբեջանի կողմից հացի գործարանի, արևելյան երաժշտական գործիքների ֆաբրիկայի և շրջսպառընկերության համար ջրատար են անցկացրել։

Գերեզմանոցների մի մասը ֆիզիկապես ոչնչացվում էր, մի մասն էլ միտումնավոր պատվում ակացիաներով, փշոտ թփերով եւ մացառներով՝ վերածվելով շամբուտների, որը կլանում էր այն։

Նույն ձեռագրին մենք հանդիպում ենք այսօր, Արցախի տարբեր բնակավայրերում։

Արմինե Հայրապետյան

Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից. Ինչի՞ մասին է աղմկում Մոսկվան

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը, չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներդրումների և «պայծառ ապագայի» խոստումներին, չի հրաժարվի ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից, որն իրեն զգալի օգուտներ է բերում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Նրա խոսքով, ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի հետ դաշինքը հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա, և Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է այդ դաշինքով։ Նման դրական դինամիկայով քչերը կարող են պարծենալ, ընդգծեց նա։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին մերձենալու Երեւանի ուղեգիծը՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանը «կուլ է տվել» Արեւմուտքի խայծը։
«Այստեղ մեր գործընկերները հավանաբար կուլ են տվել Արեւմուտքի խայծը, որը նրանց ներդրումներ, տեխնոլոգիաներ եւ լուսավոր ապագա է խոստանում։ Այս մոտեցումն արդեն քանիցս կիրառվել է հետխորհրդային տարածքում։ Իսկ թե ինչ է ստացվել՝ բոլորս հիանալի գիտենք եւ տեսնում ենք»,- ասել է նա։
Իզուր չէ, որ նման հայտարարությունը վստահվել է հայկական ազգանունով անձին. Ռուսաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ Հայաստանը գոյություն ունի միայն այն պատճառով, որ ռուսական կայսերական տարածքի մաս է կազմում, իսկ հայերը ռուսական իմպերիալիզմի հիմնական խոսափողներն են։ 
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել հայոց պատմության դասագրքի վերաբերյալ, որում Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավումն Իրանից կոչվում էր «անեքսիա»։ Դասագրքից բառը հանվել է, սակայն Մոսկվան հասցրել է հիշեցնել, որ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանը նվաճել է Իրանից, իսկ Գյուլիստանի պայմանագիրն իրականում անժամկետ է։ Սա հիշեցում է ոչ թե Հայաստանին, այլ Իրանին։ Չէ՞ որ Երեւանը փաստացի չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։