Վաշինգտոնը խրախուսում է Բաքվին և Մոսկվային քանդել Մինսկի խումբը

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:

Պետքարտուղարությունն իր պատասխանում ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Պետքարտուղարության պատասխանը հուշում է, որ ԱՄՆ-ը չի բացառում Մինսկի խմբի մանդատի չեղարկումը, ինչը համառորեն պնդում են Բաքուն և Մոսկվան։ Եվ քանի որ հայկական կողմը համաձայն չէ (ինչպես պնդում է Ալիևը), ԱՄՆ-ն իր հայտարարությամբ խրախուսում է Բաքվին և Մոսկվային ուժով ստիպել Երևանին համաձայնության գալ։

Բաքվի և Մոսկվայի կողմից Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների պատասխանատվությունը կրելու է նաև Միացյալ Նահանգները։

Ռուսաստանի դաշնակիցներից ոչ մեկը չի դժգոհել Ուկրաինայի՝ Կուրսկ ներխուժումից

Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետ կապված որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնց Կրեմլը համարում է «բարեկամական», բացառությամբ Սիրիայի Բաշար ալ-Ասադի ռեժիմի։ Նույնիսկ Բելառուսի չճանաչված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է մանևրել՝ սահմանափակվելով միայն այն հայտարարություններով, թե ինքը «խաղաղության կողմնակից է», գրում է The Moscow Times-ը։

Բելառուսի բռնապետը նշել է, որ միջուկային զենք չի օգտագործի, քանի դեռ միութենական պետության սահմանը չի հատվել։ Թեկուզ սահմանն արդեն հատվել է, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը, ներառյալ Կուրսկի մարզը, այս միության մաս են կազմում։

ՀԱՊԿ ռուսամետ ռազմական դաշինքի անդամ մյուս երկրներն ընդհանրապես չեն մեկնաբանում Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները. Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը որևէ հայտարարություն չեն արել այս հարցի վերաբերյալ։

Չինաստանը, որի հետ Կրեմլի պաշտոնյաները անընդհատ խոսում են «ռազմավարական գործընկերության» մասին, Կուրսկի մերձակայքում տեղի ունեցած մարտերին արձագանքեց միայն օգոստոսի 12-ին, այսինքն՝ ուկրաինական հարձակման մեկնարկից մեկ շաբաթ անց, և սահմանափակվեց «ներկայիս մոնիթորինգի» մասին հայտարարությամբ։ Պատասխանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին՝ Չինաստանի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է արել «պահպանել իրավիճակի սառեցման սկզբունքները»։

ՄԱԿ-ում էլ զարմացել էին, որ արցախցիները կենցաղային հարցերից զատ քաղաքական ու իրավական պահանջներ են դնում

Step1.amհարցերին պատասխանել է «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը։

-Դուք վերջերս արցախցիներին կոչ արեցիք սոցիալական ու կենցաղային հարցերից զատ բարձրաձայնել նաեւ իրենց ունեցվածքի, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Արցախ հավաքական վերադարձի հարցերը։ Ի՞նչ եք նկատում, արցախցիներն ակտի՞վ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում, արձագանքե՞լ են ձեր կոչին։

-Սոցիալական ցանցում կոչս ակտիվ տարածվել է, մարդիկ մեկնաբանել են, սակայն երբ գործնական քայլերի ժամանակն է գալիս, ցավոք, շատ քիչ մարդ հավաքվեց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Թվում է, թե շատ դեպքերում մարդկանց թվաքանակը գործոն չէ, բայց կոնկրետ այս պարագայում շատ լուրջ գործոն էր, որովհետեւ երբ մենք մոտեցանք անվտանգության աշխատակիցներին եւ ասացինք, որ պահանջում ենք հանդիպում եւ գրություն ունենք փոխանցելու ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ես տեսա, թե ինչպես էր իրենց անվտանգության աշխատակիցը հաշվում ցուցարարներին եւ վերադասին զեկուցում։

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայից երկու-երեք օր հետո իրենք հանդիպում կազմակերպեցին մեզ հետ։ Ներկայացրել ենք մեր պահանջները, այն է, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճիռը պետք է ի կատար ածվի, մշակութային ժառանգության հարցն ենք բարձրաձայնել, գույքային իրավունքները, գերիների վերադարձի մասին ենք խոսել։ Ես նկատեցի, որ իրենք էլ զարմացել էին, որ մի խումբ արցախցիների կենցաղային հարցերից զատ հետաքրքրում են նաեւ այդ հարցերը, քաղաքական ու իրավական պահանջներ ենք դնում։ Մենք ինչքան դիմել ենք իրենց, ասել են՝ հումանիտար աջակցություն կցուցաբերենք, բայց մենք փորձում ենք հարցը տեղափոխել այս դաշտ, որ արցախցիների կարիքները հետեւանք են այն քաղաքականության, որ էթնիկ զտում է իրականացրել Ադրբեջանը, իսկ աշխարհը լուռ է։ Այսինքն՝ մենք հետեւանքների դեմ չենք պայքարում, ուզում ենք մեր հիմնարար իրավունքներն իրացնել։ Ավելին չենք ուզում, Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ ամեն ինչ գրված է։

Այսօր տեսնում ենք, թե Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ինչ է անում Արցախում, փորձում են հայկական հետքն ամբողջությամբ վերացնել։ Ես միշտ շեշտում եմ, որ մեր լռության հետեւանքով է այս ամենը կատարվում։ Եվ արցախցիների այս լուռ, հանդուրժող վարքագիծը շատ անհասկանալի ու հիասթափեցնող է։ Եթե իմանանք, որ մեր մեջքին այնպիսի իշխանություն կա (նկատի ունեմ, թե Արցախի, թե Հայաստանի իշխանություններին), որը մեր շահերով զբաղվում է, մենք կարող ենք մեզ թույլ տալ ամենօրյա կենցաղային հարցերով զբաղվել։ Բայց երբ տեսնում ենք, որ չունենք իշխանություն մեր մեջքին, որը մեր իրավունքներն առաջ է տանում, ինչպե՞ս կարելի է այսպես հանգիստ լինել։ Արցախի հարցը տանում են փակման, մենք դրա ականատեսն ենք, բայց չենք փորձում որեւէ կերպ խոչընդոտել այս պրոցեսին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այլեւս Արցախ վերադարձի հարցը չեն էլ բարձրացնում։

-Իսկ ի՞նչ պատասխանատվություն ու անելիք ունեն այս հարցերում Արցախի իշխանության ներկայացուցիչները։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են,որ փակել են Արցախի հարցը իրենց համար, իսկ Արցախի իշխանություննե՞րը։

– Երբ խոսում ենք Արցախի նախագահի մասին, ինձ անընդհատ ասում են, որ իրեն հետապնդում են, քաղաքական հալածանքների են ենթարկում։ Բայց նաեւ իր վարքագիծը պետք է դիտարկենք սեփական ժողովրդի նկատմամբ։ Ինքը համաձայնել է այդ դժվարին հատվածում ստանձնել Արցախի նախագահի դերը, եթե համաձայնել է, ուրեմն ենթադրվում է, որ նաեւ պատասխանատու է։ Բայց ո՛չ կարողացան նորմալ կազմակերպել ժողովրդի տեղահանությունը, ո՛չ էլ բանակցային գործընթացում հաջողություն ունեցան, մինչեւ վերջին շունչը հավատացել են ռուս խաղաղապահների խոստումներին։ Նույնն էլ այստեղ է, արցախցին չի կարողանում իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ Արցախի իշխանություններից։ Եվ սոցիալական, եւ ֆինանսական, եւ մյուս հարցերով մարդկանց պատասխան չի տրվում։ Իսկ արցախցիների խնդիրները շատ են՝ թոշակներ, նպաստներ, աշխատավարձերի մի մաս կա, որը մարդիկ չեն ստացել, երեխաների նպաստներ․․․ Քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով ինձ ահազանգում են՝ ի՞նչ եղան մեր գումարները, ավանդները, որտե՞ղ դիմենք։ Կուտակային կենսաթոշակների մասին են շատ հարցեր լինում, նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա կենսաթոշակները չգիտենք, թե ուր անհետացան։ Էլ չեմ խոսում զուտ հումանիտար բնույթի հարցերի մասին, Արցախում հուղարկավորված զինծառայողների հարազատներն են բավական ծանր վիճակում, չգիտեն՝ ում դիմել, ինչպես ձեւակերպել իրենց պահանջները։ Այս հարցերը եւս մենք ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի հետ քննարկել ենք։

Քանի որ արցախցիների կողմից դիմադրություն չկա, այո՛, մեր հարցերը քաղաքականից ու իրավականից իջեցվել են հումանիտար մակարդակի։ Եվ սա արդեն իրողություն է, որը կարծես բոլոր կողմերին էլ ձեռնտու է՝ Արցախի հարցը փակել։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ Արցախ բառը չեն արտաբերում։ Եվ այս իրավիճակում ցավալի է, որ արցախցիները եւս լռում են։ Շուրջ 30 տարի մենք զոհեր ենք ունեցել մեր բնօրրանի համար, բայց մարդիկ հիմա տարված են սոցիալական ծրագրերով։ Մենք առաջիկայում էլ նախատեսում ենք որոշ միջոցառումներ․ ԵՄ ներկայացուցչի հետ պետք է հանդիպենք, Բաքվում կայանալիք COP 29-ի մասին պետք է մեր կոշտ դիրքորոշումը հայտնենք։ Ի՞նչ է նշանակում Բաքվի ռեժիմի նման ավտորիտար ռեժիմ ունեցող երկրում անցկացնել նման միջոցառում, սա ծաղր է։ Մենք մեր ուղերձը պետք է հղենք եւ ՄԱԿ-ին, եւ հիմնական դերակատար երկրներին։

Ռոզա Հովհաննիսյան

 

 

«Հադրութի և Շուշիի օկուպացիան միշտ էլ եղել է թշնամու հրամայականը»

Հադրութի պաշտպանությունն այն ժամանակ ավելին էր նշանակում, քան ներկայացված է Արցախի նորագույն պատմության մեջ,- նշել է Step1.am-ի հետ զրույցում Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։ – Թշնամու ձեռքին էր ամբողջ Մարտակերտը, Շահումյանը հանձնված էր, եթե մենք էլ կորցնեինք Հադրութը, Արցախը կորցնելու հավանականությունը զգալիորեն կմեծանար։

«Հադրութի և Շուշիի օկուպացիան ադրբեջանական կողմի հրամայականն էր բոլոր պատերազմների ժամանակ։ Ցավոք, հայ վայ-հայրենասերները ամեն կերպ նսեմացրել են Հադրութի և Շուշիի գործոնը։ Բայց Ադրբեջանի ղեկավարությունը հո լավ է հասկանում, թե ինչ է սիմվոլիկան և ինչպես կարող է այն ազդել մարդկանց վրա։ Շուշին Կովկասի պատմամշակութային կենտրոնն է, իսկ Ղարաբաղյան ազատագրական շարժումը սկսվել է Հադրութ քաղաքից։ Ադրբեջանը լավ էր հասկանում, որ գրավելով այդ քաղաքները՝ կթուլացնի հայ ազգի կամքը»,- ասաց Գագիկ Ավանեսյանը։

Մոսկալևը՝ Կուրսկի ուկրաինացի պարետ, Մատվիենկոն՝ ՌԴ Սենատի նախագահ

Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացումից և Ռուսաստանի ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա վերահսկողություն հաստատելուց հետո Կիևը սկսեց կառավարող մարմիններ ձևավորել այդ տարածքներում։

Գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևը դարձավ առաջին հրամանատարը, ով անձնավորելու է Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի տարածքում։ «Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչու է Մոսկալևը նշանակվել Կուրսկի շրջանի հրամանատար, բայց նույնիսկ Գլխավոր շտաբում կատակում են, որ պատճառը կարող էր նրա ազգանունը լիներ», – կատակում է Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած BBC-ի զրուցակիցը:

Ռուս-ուկրաինական պատերազմը չհանգեցրեց բնակչության տարանջատմանը, ինչպես դա եղավ հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում։ Մեր հակամարտությունում դժվար թե հնարավոր լինի պատկերացնել, որ Բաքուն Արցախում պարետ կնշանակի հայկական ազգանունով ադրբեջանական գեներալի։

Դժվար է հասկանալ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունների խորհրդի խոսնակը ուկրաինական ազգանունով կին է՝ Վալենտինա Մատվիենկո։ Իսկ ռուսական բանակում ծառայում են բազմաթիվ ուկրաինական ծագումով սպաներ։

Ռուսական դպրոցներում երբեմն պատահում է, որ ուսուցիչների և աշակերտների կեսը ուկրաինացիներ են, եւ այս դպրոցներում «Հայրենասիրության դասի» ժամին մաթեմատիկայի դասեր են պատրաստում։

Ի դեպ, ռուսական բանակում զգալի թվով ուկրաինացիների առկայությունով են երբեմն բացատրում Ուկրաինայում այս բանակի դանդաղկոտությունը։

Զգալի դեր է խաղում նաև այն, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում ապրում են հարյուրավոր ազգություններ, և շատերը պայքարում են միմյանց դեմ։ Ասենք Ռուսաստանի հայերը ստեղծել են Արբատ գումարտակը և Ուկրաինայում կռվում են հայկական գնդի դեմ։ Մարգարիտա Սիմոնյանը համարվում է ռուս մեծագույն ազգայնականը, իսկ Սերգեյ Նիգոյանը՝ ուկրաինական մայդանի խորհրդանիշներից։ Եվ պատահական չէ, որ ռուսական հետախուզությունը «պարզել է», թե ԱՄՆ-ն իբր պատրաստում է Արսեն Ավակովին՝ փոխարինելու Զելենսկին։

 

Forrights. Վերջին օրը Ստեփանակերտում․ «182 դիակ ենք տեղափոխել ԱԻՆ-ի չորս աշխատակիցների հետ»

Forrights

Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության վարչության ծառայող Արման Պետրոսյանը Forrights.am-ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակումից։ Նա մարտական գործողությունների, ինչպես նաև 44-օրյա և չորս օրյա պատերազմների մասնակից է։

«Սեպտեմբերի 19-ին զանգահարեցին ու ասացին, որ իրավիճակը լարվել է և պետք է շտապ լինենք ծառայության վայրում։ Զենք-զինամթերք վերցրեցինք ու գնացինք անտառներ՝ զորամասից հեռու, որ հարվածի տակ չընկնենք։ Վեց-յոթ ժամ պատերազմելուց հետո իմացանք, որ թշնամին մտել է Կաշենի հանք, Մարտակերտի մեծ մասը վերցված է, մոտենում են Ստեփանակերտին։ Մենք հանձնարարություն ստացանք, որ պետք է գնանք Կրկժան և թույլ չտանք, որ թշնամին մոտենա Ստեփանակերտին։ Այդ ուղղությամբ կասեցրել ենք հակառակորդի առաջխաղացումը։ Մեզանից երկու վիրավոր է եղել, իրենցից՝ մեկ զոհ։ Փոխհրաձգությունը դադարեց, երբ ասացին, որ պատերազմը կանգնեցվում է։ Իմացանք կապիտուլյացիայի մասին »,-ասաց նա։

Արման Պետրոսյանն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին։ Մարտական գործողություններից հետո մարդասիրական աշխատանքների է մասնակցել։

«Դիահերձարանը լի էր դիակներով, պետք էր տեղափոխել Հայաստան։ Մի քանի քաղաքացիական և Կարմիր Խաչի մեկ բեռնատար կար։ Կարմիր Խաչի աշխատակիցներն ափսոսում էին բեռնախցիկը, որ դիակները դնեն։ Մի տհաճ դեպք եղավ։ Կարմիր Խաչի աշխատակիցները եկան, մի դիակ վերցրեցին, նկարվեցին, դիակը դրեցին գետնին ու գնացին։ Բոլոր դիակները բեռնատարների մեջ ենք տեղափոխել յոթ հոգով՝ Արցախի փրկարար ծառայության չորս աշխատակից և քաղաքացիական երեք անձ, մեկը ես էի։ 182 մարմին ենք տեղավորել բեռնատարներում։ Վերջում, որ էլ մեքենա չկար նոր թողեցին, որ Կարմիր Խաչի մեքենան օգտագործենք»,-պատմեց Արման Պետրոսյանը։

Արմանը և Ստեփանակերտում մնացած մի քանի քաղաքացիներ դուրս են եկել այն ժամանակ, երբ ադրբեջանական ոստիկանությունը մտել է քաղաք։ «Շփում եղել է նրանց հետ, բարևեցին, հարցրին մնալո՞ւ եք ու վերջ»։

Սեպտեմբերի 19-ին Հայաստանը չմասնակցեց մարտական գործողություններին։ Արման Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սպասում էին ռազմական աջակցության։ «Միակ դեպքն էր, որ Հայաստանը ճիշտ քայլ կատարեց, որ չխառնվեց ռազմական գործողություններին, բայց դա չի արդարացնում Արցախի հանձնելը»։

Այդ հարձակումից հետո Ադրբեջանը գերեվարել և արդեն մեկ տարի Բաքվում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Առ այսօր անհայտ է մնում, թե ինչպես է տեղի ունեցել նրանց գերեվարումը, Արման Պետրոսյանը Forrights.am-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել։ «Ես շատ տեղեկություններ չգիտեմ, բայց այդ ժամերին անդրբեջանցիների մոտ րոպե առ րոպե որոշումներ էին փոխվում։ Նրանք պարզ ասել են՝ կամ պետք է ղեկավարները հանձնվեն, կամ գերեվարելու են այն մարդկանց, որոնք այդ պահին մնացել էին Արցախում։ Խոսքը 300 հոգու մասին էր՝ ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցները և քաղաքացիներ։ Նախագահները զոհողության են գնացել, որ այդ ժողովրդին չտանեն։ Նախկին նախագահներին տարել են Արցախի ուժային կառույցի ղեկավարներից մեկի տնից։ Կանչել են այնտեղ   ու տարել։ Իմ տեղեկություններով՝ նախկին նախագահները և մյուս պաշտոնյաները տեղյակ են եղել, թե ինչու են իրենց այնտեղ կանչում»։

Արման Պետրոսյանը նշում է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն այդ օրերին ոչինչ չի արել, որ փրկի Արցախի խաղաղ բնակչությանը։ «Իրենք իրենց կաշին փրկելով էին զբաղված՝ հատկապես, որ չորս-հինգ հոգի էլ իրենցից միամտաբար զոհվել են։ Մենք որտեղ մարտական հերթապահություն էինք իրականացնում, եկան ԲՏՌ-ով մեր ու թշնամու մեջտեղը կանգնեցին, հետո ժամը մեկ ասում էին՝ 100 մետր նահանջում ենք, քանի որ ձեզ համար պատասխանատու չենք։ Անողնաշար վիճակ է եղել, մենք իրենց հույսին չէինք մնացել»։

Սեպտեմբերի 19-ի առնչությամբ հեռակա բանավեճ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Շահրամանյանի միջև։ Հայաստանի վարչապետն Արցախի պաշտոնյաներին մեղադրեց պահեստներում գտնվող «յուղը վրան» զենքերն այդ օրերին չօգտագործելու համար։ Շահրամանյանի պատասխանը ենթատեքստով էր, որ ՊԲ-ն ենթարկվում էր ՊՆ-ին։ Արման Պետրոսյանն այս մեղադրանքների վերաբերյալ նշեց․ «Ես վերադաս հրամանատարություն չեմ տեսել, որ թույլատրեր ծանր զինտեխնիկա դուրս հանեին։ Թույլ չեն տվել։ Երևանը ձեռքերը լվացել, քաշվել էր մի կողմ։ Արցախի իշխանությունների դերն էլ եկեք չբարձրացնենք, այնտեղ ով եղել է որոշողը, նա էլ որոշումը կայացրել է։ Ռուսներն են որոշել»։

Նարեկ Կիրակոսյան  

Պուտինը պետական ​​այցով կայցելի Ադրբեջան՝ Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն հարաբերությունների զարգացման հարցեր, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները։
Այցից հետո նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն և ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։

Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Հայաստան կգա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի հայ համայնքի իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝  հիմա քննարկվում են նրա այցի մանրամասները:
«Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակ ունի՝  ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայում՝ Բլենհայմյան պալատում։ Հայաստանում նա եղել է 2018 թ․ նոյեմբերին։

Գուրգեն Արսենյանի երկրորդ “տուրքը” “Մոսկվայի կնյազին»

Գուրգեն Արսենյանի՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու օրը ռուս-հայկական սկանդալ բռնկվեց՝ կապված 2020 թվականի դեկտեմբերին Երևանի, Բաքվի և Մոսկվայի պաշտպանության նախարարությունների միջև հուշագրի ստորագրման հետ։ Համաձայն հուշագրի, որի առկայությունը օրերս հաստատեց ՀՀ ԱԳՆ-ը, հանձնվել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատված և ռուսական զորքերեն ապօրինի տեղակայվել Սյունիքում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ամռանը ռուսական զորքերի մի մասը դուրս է բերվել, սակայն հարցը, թե ով է ստորագրել հուշագիրը և ինչ իրավունքով, “ամոթի” պես դուրս է եկել։

Ըստ այն ժամանակ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի՝ հուշագիրը ստորագրվել է առանց ԱԳՆ գիտության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից (հենց նոր ավարտել է նրա՝  ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարման ժամկետը)։ Այվազյանը նրբանկատորեն լռել է Նիկոլ Փաշինյանի դերի մասին, սակայն հատկանշական է, որ հուշագրի հարցը ի հայտ եկավ հենց Արսենյանի նշանակումից առաջ։

«Ամոթը» թաքցնելու համար հորինվել է «անեքսիա» օպերացիան. Արսենյանի պաշտոնավարման առաջին օրը ՌԴ ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված, որտեղ ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանը գրավումը անվանվել էր «անեքսիա»։ Հայաստանն անմիջապես արձագանքեց և դասագրքից հանեց «անեքսիա» բառը։ Արսենյանի երկրորդ տուրքը մոսկովյան կնյազին հիրավի տպավորիչ ստացվեց։

Ի դեպ, իր առաջին տուրքը նա մատուցեց, երբ խորհրդարանում ստանձնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը «Ադրբեջանի» կազմում ճանաչելու մասին հիմնավորելու պատասխանատվությունը, հայտարարելով, որ Ղարաբաղը այլեւս ներառված չէ Հայաստանի շահերի ցանկում։

Իսկ ավելի վաղ՝ 2022 թվականի փետրվարի 10-ին, Արսենյանը հիշեցրել էր, որ ռուս խաղաղապահները ժամանել են տարածաշրջան և «կատարել են իրենց պարտավորությունները՝ համաձայն Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարության»։ Այսինքն՝ Ղարաբաղը ոչ թե Հայաստանի,այլ Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Ինչպես ասված է Գյուլիստանի պայմանագրում։

Այս ամենը Արսենյանի անձնական գործը չէ. եթե պարզվի, որ հուշագիր չի եղել, կամ այն ​​ստորագրվել է պաշտոնական Երևանի կամքին հակառակ, ապա Սյունիքում ռուսական զորքերը միանգամից օկուպացիոն կարգավիճակ կունենան։ Միգուցե «հուշագիրը» հորինվել է դրանից խուսափելու համար։ Բայց ո՞վ է դա պարզելու։ Դա ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ խորհրդարանական ընդդիմությանը։ Կարեւորը՝ տուրքը ժամանակին տալն է։

Արցախյան գյուղերի ավերված տների քարերն օգտագործվում են Ֆիզուլի-Շուշի ճանապարհի կառուցման համար

Հադրութցի ճարտարապետ և շինարար Գագիկ Ավանեսյանը, մեկնաբանելով Արցախի ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը ղարաբաղյան Մոխրենես գյուղի ավերման մասին, կարծիք է հայտնել, որ «ավերելով տներ, գերեզմաններ, եկեղեցիներ՝ ադրբեջանական կողմը օգտագործում է քարերը Ֆիզուլի-Շուշի ճանապարհի կառուցման համար»։

«Արցախի ինքնության միտումնավոր ոչնչացումից բացի, Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում է այն ամենը, ինչ գտնվում է կառուցվող Ֆուզուլի-Շուշի մայրուղու ճանապարհին։ Նման պրակտիկա կիրառվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռ խորհրդային տարիներին։ Հետագայում բազմաթիվ շենքերում հայտնաբերվել են հայկական տապանաքարեր և խաչքարեր։ Հիմա էլ արցախյան գյուղերն անդառնալիորեն ավերվում են, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ։

Քանի որ արցախյան բոլոր գյուղերն իրենց ատրիբուտներով կրում են պատմամշակութային արժեք, մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը դադարեցնի վանդալիզմը և պատասխան տա իր գործողությունների համար»։

Ալվարդ Գրիգորյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 16-18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։

Մեզ համարել ենք ոչ թե փախստական, այլ՝ հայրենադարձ. պատմում է Յուրի Ավանեսյանը

Յուրի Ավանեսյանը առաջին անգամ բռնատեղահանվել է 1988 թվականին, երբ Բաքու քաղաքից վերադարձել է հայրենի Արցախ։ 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, նրա ընտանիքը հաստատվել է հայոց հինավուրց բերդաքաղաքում, 2020 թվականի պատերազմից հետո կրկնակի տեղահանվել ու բնակություն հաստատել Ստեփանակերտում, իսկ 2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ավանեսյանների գերդաստանը երրորդ անգամ է բռնել գաղթի ճանապարհը։

Կրկին ստեղծելու իր չորրորդ փորձի ու առհասարակ արցախցիների ճակատագրի մասին է մեզ պատմում Յուրի Ավանեսյանը։

-1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, հայությունը միաժամանակ բազում խնդիրների առաջ կանգնեց։ Օրինակ, թեկուզ այն, որ Արցախը միշտ էլ ունեցել է ժողովրդագրական խնդիր, որովհետև դարեր ի վեր եղել է ռազմական գործողությունների թատերաբեմում․ միշտ ջարդեր, կոտորածներ, բռնատեղահանումներ։ Հետևապես, ժողովրդագրական այդ խնդիրը դժվար էր վերականգնվում։ Արցախյան շարժման առաջին փուլում անհրաժեշտ էր իրականացնել Բաքու քաղաքի, Ադրբեջանի այլ շրջանների բռնատեղահանված հայության ուղղորդումը դեպի Արցախ։ Ցավոք, այդ ուղղությամբ հստակ քայլեր չձեռնարկվեցին, ամեն ինչ մնաց ինքնահոսի։ Ով, ինչպես կարողանում էր, տեսնում էր իր գլխի ճարը։

Ինքս կազմակերպել եմ իմ հարազատների, ընկերների վերադարձը Արցախ։ Սակայն մարդիկ հետագայում այնպիսի արհեստական խոչընդոտների ու խնդիրների հանդիպեցին, որ մեծամասամբ թողեցին Արցախը և ցրվեցին աշխարհով մեկ։ Իմ ընտանիքը հնարավորություն ուներ Արցախից դուրս ավելի հեշտ տեղավորվելու ու կայանալու, սակայն մենք՝ եղբայրներով, նախընտրել ենք մնալ Արցախում։

Հաստատվելով մեր հայրենի հողում՝ ցանկանում էինք ամեն ինչ սկսել զրոյից։ Սակայն սկսվեց Արցախյան ազատամարտը, և պատերազմում զոհվեցին երկու եղբայրներս։ Մեկն ուներ 6 դուստր, մյուսը՝ երկու որդի, իսկ իր զոհվելուց հետո ծնվեց դուստրը։ Շատ դժվարին պայմաններում մեր ընտանիքը՝ ծնողներիս հետ միասին, ուժ գտավ և բոլոր արցախցիների հետ միասին դիմակայեց փորձություններին ու կայացավ։ Մենք նախընտրեցինք ապրել մեր հայրենիքում, և հպարտ եմ դրա համար։

Մենք միշտ մեզ համարել ենք ոչ թե փախստական, այլ՝ հայրենադարձ։ Հակված էինք այն գաղափարին, որ հայը պիտի ապրի և արարի հայրենիքում՝ ի բարօրություն հայրենիքի շենացման։ Ուրիշ երկրներում ինչքան էլ ստեղծենք, միևնույն է, այն երբեք մերը չի լինի։ Բացի դրանից, արտերկրում հայ մնալու, ազգային ինքնությունը պահպանելու գոյաբանական խնդիր կլինի միշտ։

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ այսպես դասավորվեց արցախցու ճակատագիրը։

-Կարող եմ նշել, որ այս հանգրվանին հասնելու գլխավոր պատճառներից է նաև սոցիալական անարդարությունը։ Այն ժամանակ էլ էինք նկատում ու բարձրաձայնում, տարիներ հետո էլ ոչինչ չփոխվեց։ Նույնիսկ զոհվածների և հաշմանդամների ընտանիքների հանդեպ էր խտրականություն իրականացվում։ Բոլոր ժամանակներում արցախյան ղեկավարությունն արդար չվերաբերվեց այդ ընտանիքներից շատերի հանդեպ՝ մշտապես ցուցաբերելով անհատական մոտեցում և կողմնակալ վերաբերմունք։

2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ տղայիս ու նրա ընկերների հետ առաջնագծում էինք։ Այնտեղ ադրենալինի պակաս չկար, տղաների ոգևորությանը չափ չկար։ Տարբեր լրատվականների տված իմ հարցազրույցներում միշտ ասել եմ՝ 18-20 տարեկան մեր տղաները խառնեցին գերտերությունների ծրագրերը։ Ճակատագիրը մեզ հնարավորություն էր տվել, որ 21-րդ դարը լինի հայ ժողովրդի ու հայ պետականության վերածննդի դարաշրջան, իսկ մենք մսխեցինք մեր հաղթանակները։

Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը ի վերուստ էր տրված։ Այն ժամանակ կար միասնականություն, հայրենասիրություն ու մի բռունցք դարձած ազգ։ Հիշում եմ Շուշիի ազատագրումը։ Դա մի արտասովոր թռիչք էր դեպի բարձունք՝ կատարյալ հաղթանակ ու մեծ խանդավառություն։ Եվ ի՞նչ ստացվեց․ մենք տեսանք 2020 թվականի դավադիր պատերազմը, որը ծրագրավորված էր և վերջնարդյունքով կանխատեսված։

Այդ ամոթալի պարտության մեջ մեղադրում եմ բոլորիս։ Ինքներս հանդուրժեցինք, որ նման ազգադավ ուժեր գան իշխանության։ Իսկ այդ իշխանության գալու համար պարարտ հող էին ստեղծել ՀՀ և ԱՀ նախորդ իշխանությունները՝ իրենց ապաշնորհ ներքին քաղաքականությամբ։ Վերջնարդյունքն այս պետք է լիներ, քանի որ ագահությունն ու անկշտությունը չափ ու սահման չունեին։

Հաղթանակներն ամրագրելու համար ավելի ուժեղ ու հզոր բանակ ունենալու փոխարեն միլիարդները ծախսվում էին այլ ոլորտներում, սեփական քմահաճույքների համար։ Այսօր նախկին իշխանությունները խոսում են, որ այս վերջին իշխանությունն ավելի վատթարագույն ձևով է իրեն դրսևորել, բայց դա չի նշանակում, որ իրենք մեղք չունեն։ Մենք բոլորս ենք մեղավոր, որ հանդուրժել ենք, ու նման մարդիկ գլուխ են բարձրացրել և մեզ ղեկավարել։

Եթե հիմքերը ճիշտ դրված լինեին, ապա այսպիսի ավարտ երբևէ չէր լինի։ Մեր ժողովուրդը շատ դժվարություններ է տեսել, փորձություններ հաղթահարել, միաժամանակ արտաքին ուժերը տարիներ շարունակ ներսից քայքայել են, փորձել գայթակղել սպառողական ապրելակերպով, արժեհամակարգով, որն, իհարկե, չէր կարող լավի հանգեցնել։ Երկիրը և հասարակությունը սկսվել էր ներսից քայքայվել, ու այդ գործընթացը, ցավոք, շարունակվում է։

Շատ հարցեր կան, որոնց մասին կարելի է խոսել, սակայն այսօր բոլորիս մի հարց է մտատանջում՝ ինչո՞ւ այդպիսի ավարտ եղավ և հնարավո՞ր էր արդյոք ուրիշ տարբերակ։ Չպետք է մոռանալ, որ ՀՀ այս իշխանությունը Արցախի իր արբանյակների միջոցով, առանց որևէ կրակոցի հապճեպ վերադարձրեց Ակնան, Քարվաճառը, Բերձորը, այնուհետև ռուս խաղաղապահների թեթև ձեռքով հակառակորդին տրվեցին ռազմավարական բարձունքները և շրջանները կապող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը։ Դիրքերը գտնվում էին իրարից բավականին հեռավորության վրա, նույնիսկ շատ դեպքերում՝ շրջափակված։ Հերթափոխը կատարվում էր ռուս խաղաղապահների միջոցով։ Թշնամին Արցախի դեմ էր հանել 50-60-հազարանոց բանակ։ Իհարկե, պայքարել ենք, սակայն չպետք է մոռանալ, որ մեզ բաժին հասած թշնամին թուրքն է, և նման դեպքում ավելի կթիրախավորվեր խաղաղ բնակչությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Արցախը մենակ էր մնացել․․․

Վերստին ապրելու և արարելու ձեր չորրորդ փորձն եք անում համոզված ենք՝ դժվարությունները բազում են․․․

-Իհարկե, ծանր է երեք անգամ տուն ու տեղ կորցնել։ Առավել ծանր է հայրենիք ու հարազատների շիրիմներ թողնել։

Հայաստանում շատերն են հարցնում՝ ինչո՞ւ չմնացիք ու ապրեցիք ադրբեջանցիների հետ։ Մարդիկ չեն հասկանում, որ խորհրդային տարիները չեն, երբ օրենք էր գործում ու զսպում մարդկանց։ Նրանք չեն պատկերացնում, որ բացառվում է թշնամու հետ համատեղ ապրելը։ Ենթադրենք, իմ գերդաստանը մնացել է Արցախում։ Տղաս զինապարտ է, ու ցանկացած պահի Ադրբեջանի զինկոմիսարիատը կարող է կանչել և ուղարկել Սյունիքի դեմ պատերազմելու, կամ թոռս պիտի ծառայի ադրբեջանական բանակում, որի ազգային հերոսն է Ռամիլ Սաֆարովը։ Դե, բնական է, որ ոչ մի մասսայական միջոցառման ժամանակ ազգային երգ չի հնչվի ու չեն մեծարվի մեր հերոսները։ Էլ չեմ ասում հետագա բռնաճնշումների մասին, որոնք միանշանակ անխուսափելի կլինեն։ Արցախցիները նույնիսկ ՀՀ-ում ինքնության պահպանման խնդիր ունեն, ո՞ւր մնաց՝ ավտորիտար Ադրբեջանի կազմում։ Ինչպե՞ս կարող ենք մասնակցել ու նշել Ադրբեջանի դրոշի տոնը, հանդուրժել երկաթե բռունցքի արձաններն ամենուր, կամ Արցախի օրհներգը փոխարինել ադրբեջանականով։ Ոչ, արցախցին չի կարող գլխահակ կանգնել թշնամու առաջ ու կատարել նրա պահանջները, նսեմանալ, իսկ համատեղ ապրելը հենց դա է ենթադրում։

Այսօրվա պայմաններում ես այստեղ տեսնում եմ արհեստական խոչընդոտներ։ Ռազմական ճանապարհով լուծել են Արցախի հարցը և ցանկանում են թողնել միայն արցախցի անունը։

Ամենուր միտումնավոր արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ են ստեղծվում, որի նպատակն է արցախցիների արտագաղթը Հայաստանից։ Հետաքրքիրն այն է, որ հասարակ ժողովուրդը գրկաբաց է ընդունել մեզ, բայց իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով արցախցին շարունակում է թիրախավորված մնալ։

ՀՀ կառավարության կողմից բնակարանային աջակցության ծրագրում գոնե առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի զոհված ազատամարտիկների, հաշմանդամների ու նաև հզոր պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքների հանդեպ։

Բավականին լուրջ խնդիրներ կան, որ շուտափույթ լուծում են պահանջում, սակայն այս իշխանությունների օրոք ես դա չեմ տեսնում, ներկա իշխանություններից դրական ակնկալիք չունեմ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ