Իրականությունն այն է, որ թշնամին արդեն Կիրանցում ու հարակից գյուղերում տեղավորվել է

«Իշխանությունները ֆեստիվառներ են անում, հսկայական գումարներ են ծախսում, նպատակը մեկն է, փորձում են ժողովրդին այս իրավիճակում ասել, որ որեւէ պրոբլեմ չկա։ Բայց իրականությունն այն է, որ թշնամին արդեն Կիրանցում ու հարակից գյուղերում տեղավորվել է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դուք տեսաք այն նկարը, որտեղ հետիոտնային գիծը գծված է, հետիոտնային գծից այնկողմ՝ ճանապարհի եզրին արդեն կանգնելու են ադրբեջանցիները։ Այդ հետիոտնային գիծն ինչպե՞ս են գծել, որ դրանից այնկողմ Ադրբեջան է, դա չի տեղավորվում իմ ուղեղում, կամ սեպտեմբերի մեկին երեխաները ո՞նց են գնալու դպրոց։ Կամ կարող են մեկ քայլ անել, եւ Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին։ Դրա հետ մեկտեղ ադրբեջանցիները գյուղացիների ցորենը հնձել են։ Ադրբեջանական տեխնիկան մտել է, հայ գյուղացու ցորենը հնձել է ու տարել է ձմեռվա պաշարը»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Ավելի վաղ Գառնիկ Դանիելյանն ասել էր, որ հայ եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ միջադեպ է տեղի ունեցել, սակայն ԱԱԾ-ն հերքել էր այդ տեղեկությունը։ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «ԱԱԾ-ն թող գնա կիրանցիներին այդ պատասխանը տա, թե ոնց են արել, որ ադրբեջանցիները մտել են ցորենը հնձել են, ոնց է եղել այդ միջադեպը։ Ինձ գյուղացիներն են ասել, եւ մեկ գյուղացի չի ասել, բազմաթիվ գյուղացիներ են ասել։ Այսինքն՝ դա գաղտնիք չէ, ինչի՞ համար են կոծկում, ամեն ինչ պարզ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ հաճոյանան, որ նման խնդիր չի եղել։ Ամեն անգամ սուտ խոսելով, այս ժողովրդին մոլորեցնելով՝ ինչի՞ են ուզում հասնել»։

«Ո՞նց կարող է այս ժողովուրդը պարտված ղեկավարին ընտրել, ո՞նց կարող է այս հասարակությունը գնահատական չտալ մի իշխանության, որը ծայրից ծայր ստել է եւ գնացել է ընտրությունների Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայով, այսօր Տավուշ է հանձնում։ Հենց դրա համար են այս ֆեստիվառներն անում, որ՝ ժողովուրդ ջան, մոռացեք այն խոստումները, որոնք տվել ենք, մոռացեք Արցախի մասին, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, մոռացեք արդեն Տավուշի գյուղերի մասին, Գորիս-Կապան ճանապարհի մասին, մոռացեք, որ թշնամին նստած է Ջերմուկի գլխին»,- հավելեց պատգամավորը։

 

«Նոր հարթակներ արցախցիների համար»․ տեղեկատվական հանդիպումներ

Այսօր Երևանում ‘’Restart Foundation” ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է տեղեկատվական հանդիպումների շարք «Նոր հարթակներ արցախցիների համար» խորագրով:

Ծրագրի գլխավոր նպատակը արցախցի երիտասարդներին Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության մասին տեղեկատվության տրամադրումն էր:

Ծրագրի երկրորդ մասում արցախցի ուսանողներին ծանոթացրել են նաև «Էրազմուս+» ծրագրին: Ըստ ծրագրի համակարգողների, հանդիպումների շարք ստեղծելու գաղափարը ծագել է արցախցիների կարիքների գնահատումից հետո, երբ մասնակիցների մեծամասնություննը նշել են, որ գրեթե տեղեկություն չունեն ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների մասին:

Նշենք նաև, որ ծրագրի հաջորդ փուլերը նախատեսված է իրականացնել օգոստոսի 17 և 23:

Քրիստինա Ալավերդյան

Մարտունու շրջանը կռվել է մինչև վերջ, ասում է Բորիս Մուսայելյանը

Մարտունին Արցախի ամենամեծ շրջաններից է։ Նրա բնակիչներն առանձնահատուկ դեր են ունեցել արցախյան ազատագրական պայքարում։ Ցուցաբերելով արիություն ու հերոսություն՝ նրանցից յուրաքանչյուրը կռվեց մինչև վերջ։

Մարտունեցիներն իրենց անգնահատելի ավանդն են ունեցել Արցախյան չորս պատերազմների ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդի ուժերը հարյուր, հազարավոր անգամ գերազանցում էին Արցախի պաշտպանության բանակի ուժերին, թշնամու զինվորը այդպես էլ ոտք չդրեց այս սուրբ հողի վրա։

Պետք է հարգանքի տուրք մատուցել Արցախի և Հայաստանի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանին, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գլխավորել է Մարտունու պաշտպանական շրջանը և ժողովրդի հետ ուս ուսի տված պայքարել Արցախի ազատագրման համար։ Մոնթեն անձնական օրինակով անվախություն և երկար սպասված հաղթանակի հույս է սերմանել պաշտպանների մեջ։ Իզուր չէ, որ Մարտունին հետագայում ստացավ երկրորդ անունը՝ «Մոնթեաբերդ»։

Ցավոք սրտի, Մարտունու շրջանը պաշտպանելու համար հազարավոր մարտիկներ են զոհվել, այդ թվում՝ Արսեն Մայիլյանը, Գեւորգ Միրզոյանը, Արթուր Աղաջանյանը, այս ցուցակն այնքան երկար է, որ ցանկը կարող է անվերջ լինել։

Մեր օրերում լեգենդար Մարտունու պաշտպանության պատիվը արժանապատվորեն պաշտպանեցին հերոսների իրավահաջորդները։

Բորիս Մուսայելյանը ծնունդով Ճարտար գյուղից է։ 2023 թվականի և՛ 44-օրյա, և՛ մեկօրյա պատերազմների ակտիվ մասնակից։ Մասնակցել է Ամարասի վանքի պաշտպանության մարտերին, որի ժամանակ ծանր վիրավորվել է։

«Սեպտեմբերի 19-ին կատաղի մարտեր են սկսվել Ամարասի վանքի մոտ գտնվող Մաճկալաշեն գյուղում։ Մեր տղաները ամբողջ օրը կռվել են մինչև վերջին գնդակը՝ թույլ չտալով թշնամուն մոտենալ վանքին։ Ուժերը, մեղմ ասած, անհավասար էին։ Մենք սպասում էինք, որ օգնությունը կգա ամեն րոպե, բայց այն այդպես էլ չեկավ: Եվ, ի վերջո, երկար, սարսափելի մարտերից հետո հակառակորդին հաջողվեց գրավել մեր դիրքերը։ Մեր հարյուրավոր տղաներ զոհվեցին, շատերը վիրավորվեցին, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները թաքնվում էին նկուղներում։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհակառակը, հպարտ եմ, որ չնայած ամեն ինչին, մենք կարողացանք պաշտպանել մեր նախնիների պատիվը, և վստահաբար կարող եմ ասել, որ հաղթանակը մերը կլիներ, եթե մեզ չդավաճանեին։ Արցախը, վաղ թե ուշ, հայկական է լինելու»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Բորիսը։

Արսեն Աղաջանյան

Արցախցիների համար սոցիլական կացարանների հարցից դեռ լուր չկա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի մանրամասնում՝ արդյոք բռնի տեղահանված արցախցիների համար սոցիալական բնակապահովման ծրագիր իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ ակնկալում են, որ կառավարությունը սոցիալական բնակապահովման ծրագիր կիրականացնի իրենց համար, քանի որ տարբեր պատճառներով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակապահովման հաստատված ծրագրից։ Սոցիալական խոցելի խմբերին պատկանող բռնի տեղահանված տարբեր ընտանիքներ տեղակայված են Հայաստանի մարզերի համայնքային շենքերում։

Սոցիալական բնակապահովման ծրագրի մասին այս տարվա մարտին հիշատակվել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական հաղորդագրությունում։ Բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի քննարկման շրջանակներում անդրադարձ էր կատարվել նաեւ սոցիալական բնակարաններ կառուցելու հարցին։ Ըստ ՏԿԵ նախարարության՝ «քննարկվում է նաեւ սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, որը, սակայն, տրամադրվելու է հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել»։

Դրանից հետո բնակապահովման ծրագիրը կառավարությունը հաստատել է, առաջին փուլի շահառուներն արդեն դիմումներ են ներկայացնում, սակայն սոցիալական բնակապահովման ծրագրի մասին մանրամասներ չկան։

Step1.am-ը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ պարզելու, թե ի՞նչ աշխատանք է տարվում սոցիալական բնակապահովման ծրագրի ուղղությամբ։

«Ձեր նշած հարցի ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են։ Հայրենակիցներին մանրամասների մասին կիրազեկենք հստակեցումներից հետո»,- պատասխանեցին նախարարությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ռոզա Հովհաննիսյան

Կուրսկից փախստականները կվերաբնակեցվեն Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում

DW

Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջանների բնակիչները, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, կուղարկվեն Զապորոժիեի շրջանի օկուպացված տարածքներ։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ Որոշումն ընդունվել է Ռուսաստանի կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի «նահանգապետ» Եվգենի Բալիցկու հետ նրա զրույցից հետո։

Ռուսներին տեղավորելու համար Բալիցկին առաջարկել է օգտագործել «առողջարաններ և պանսիոնատներ Ազովի ծովի ափին, որոնք գտնվում են Բերդյանսկից մինչև Կիրիլլովկա», – ասաց Սմիրնովը: Նրա խոսքով, «մոտ ապագայում» կկազմակերպվեն Զապորոժիեի շրջան «մարդկանց տարհանելու» առաջին թռիչքները։ Սմիրնովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է ապահովվելու ռուսների անվտանգությունը մի տարածաշրջանում, որն ապրում է «ռազմական դրության պայմաններում»։

Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, Նյու Օռլեանում լրագրողների հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Բայդենն ասել է, որ բեկումը «իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», և ԱՄՆ-ն «ուղիղ և շարունակական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես պատրաստվում եմ ասել այս մասին, քանի դեռ իրադարձությունները զարգանում են», – ասել է Ամերիկայի նախագահը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես խոսել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Նա X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է ռազմաճակատի վերջին իրադարձությունները և Կուրսկի մոտ հակահարձակումը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հաստատել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ուկրաինացի ժողովրդի պայքարին։ «Պուտինը չկարողացավ կոտրել ուկրաինական դիմադրությունն իր անհիմն ներխուժման դեմ և այժմ ստիպված է նահանջել ռուսական տարածքի ներսում»,- ասել է նա։

Ավերվել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում։ Դրանք ցույց են տալիս, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերել էին մինչև 2022 թվականի հոկտեմբեր։

«Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»։

Իրանը նուրբ ստիպեց Իսրայելին զորքերը դուրս բերել օկուպացված Արցախից

Մի քանի օր առաջ իրանական գործակալությունները տեղեկատվություն էին տարածել Թեհրանի կողմից պատասխան հարվածի հավանականության մասին, բայց ոչ ուղղակի Իսրայելի, այլ նրա ռազմակայաններին, մասնավորապես՝ Իրաքյան Քրդստանում և Ադրբեջանում (ներառյալ օկուպացված Արցախի տարածքները):

Դրանից անմիջապես հետո Իսրայելի ղեկավարությունը հրաման է արձակել Ադրբեջանից և Վրաստանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին, որոնք «հերթապահ չեն»:

Բաքուն անմիջապես մերժեց իր տարածքում իսրայելական զորքերի առկայությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ «Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է իր տարածքում օտարերկրյա պետությունների ռազմական ուժերի բացակայության մասին։ Բայց հաշվի առնելով իսրայելական բանակի՝ Ադրբեջանից զինվորականներին դուրս բերելու հրամանի մասին տեղեկատվությունը, Բաքվի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Եթե ​​որեւէ երկիր աջակցի Իսրայելին նրա դեմ գործողությունների ժամանակ, Իրանը կհամարի այն մեղսակից երկիր»։

Բացի այդ, Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հայտնում է Mashregh News-ը։ Նշվում է, որ զորավարժություններն իրականացվում են Աստարա նավահանգստի մոտ։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից:

Իրանական կողմից «արտահոսքն» ուղղված է ոչ միայն Իսրայելի, այլեւ Բաքվի դեմ, որը չի թաքցնում Հայաստանի նկատմամբ իր էքսպանսիոնիստական ​​մտադրությունները։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ հայ-իրանական սահմանն իր համար «կարմիր գիծ» է։ Իսկ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլեւս գոյություն չունի, իսկ եթե այն չկա, ապա չի կարող լինել արտատարածքային միջանցք։

Պետք է ենթադրել, որ Ալիևն անձամբ է խնդրել Նեթանյահուին զորքերը դուրս բերելու հրաման տալ, քանի որ հակառակ դեպքում «Ադրբեջանը» կարող է դառնալ մեծ պատերազմի ասպարեզ։ Բացի այդ, Թուրքիայի քաղաքականության ֆոնին, որը ձևացնում է, թե զայրացած է Իսրայելի վրա, իսրայելական զորքերի ներկայությունը «Ադրբեջանի» տարածքում վաղուց հարցադրումներ է առաջացնում իսլամական աշխարհի կողմից Թուրքիայի նկատմամբ։

Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան խորհրդակցություններ են սկսել ռազմական գերատեսչությունների մակարդակով։

“Անպարտ” Ռուսաստանի միֆն այլևս պետք չէ ԱՄՆ-ին

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են Կուրսկի շրջանի տարածքում։ Ուկրաինայի փաբլիկները հիշեցնում են, որ Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի շրջանները ի սկզբանե եղել են Ուկրաինայի մաս, և այդ շրջաններում բնակչության մեծ մասը խոսում է ուկրաինական մովայով։ Բայց Ուկրաինան չի շտապում հանրաքվեներ հայտարարել գրավյալ տարածքներում։

Ուկրաինան ցուցադրաբար, նույնիսկ մի  քիչ թատերական տրաքացնում է այն առասպելները, որոնք Արևմուտքը կերտեց ԽՍՀՄ փլուզումից հետո, և որոնց զոհ դարձան ամբողջ ժողովուրդներ և երկրներ։ Արևմուտքը Ռուսաստանից դարձրել էր անպարտելի հրեշի մուլյաժ, որին չի կարելի զայրացնել, այլապես նոր համաշխարհային պատերազմ կլինի։ Այս առասպելի քողարկման ներքո կարգավորվում էր իրավիճակը Ռուսաստանի, այսպես կոչված, «ազդեցության գոտում»։

Այս առասպելը սկսեց ուժ հավաքել այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը անսպասելիորեն հեշտությամբ փլուզվեց փոքր ազգային հակամարտություններից, առաջին հերթին՝ ղարաբաղյան շարժումից հետո: Արևմտյան մամուլը և քաղաքական գործիչները, որոնք ծափահարում էին այս շարժումը, հանկարծակի վախեցան Բելովեժսկի համաձայնագրից հետո. միջուկային զենք ունեցող, երկրի մեկ վեցերորդը զբաղեցնող երկիրը հանկարծ մնաց ամբողջովին անտեր: Եվ սկսվեց Ռուսաստանի հզորացման աջակցությունը՝ նրա անպարտելիության մասին առասպելի ստեղծմամբ։

2008 թվականին Վրաստանը դարձավ այս առասպելի զոհը, 2020-2023 թթ.՝ Հայաստանը։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բավականին լոյալ էին Արցախում ռուսական զորքերի տեղակայմանը, Հայաստանում ռուսական ազդեցության ուժեղացմանը և ռուս-թուրքական հանցավոր գործարքին։ Միացյալ Նահանգները այդպես էլ չհամարձակվեց հայտարարել Կարսի պայմանագրի ժամկետը լրանալու մասին՝ կրկին թաքնվելով ամենազոր Ռուսաստանի մասին առասպելի հետևում։

Անցած շաբաթն ամեն ինչ փոխեց, և դա վկայում է այն մասին, որ միֆն այլևս պետք չէ ԱՄՆ-ին և ամբողջ Արևմուտքին։ Ցամաքի վեցերորդ մասի նկատմամբ Ռուսաստանի իրավասությունն այլևս առաջնահերթություն չէ Միացյալ Նահանգների համար: Ճիշտ այնպես, ինչպես 1991 թվականի տխրահռչակ սահմանները, որոնք Ռուսաստանը ձեւում է, ինչպես ցանկանում է։ Բայց ի՞նչ կմնա Ռուսաստանից առանց 1991 թվականի սահմանների և անպարտելիության առասպելի։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 14–ի ցերեկը կլինի 32-34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։

Իսրայելը դեռ պետք է պատասխան տա, թե ինչու են իր զորքերը եղել Արցախի տարածքում

Օրեր առաջ The Telegraph-ը հայտնել էր, որ Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշիկյանն առաջարկել է հարձակվել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաների վրա։ Խոսակցությունը, ըստ երեւույթին, ադրբեջանի եւ Իրաքյան Քրդստանի մասին է եղել։

Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 11-ին հրահանգ է տվել բոլոր զինվորներին և պահեստայիններին, ովքեր Վրաստանում կամ ադրբեջանում հերթապահություն չեն իրականացնում, անհապաղ վերադառնալ Իսրայել, հայտնում է Kan radio-ն։

Հրահանգը տրվել է մտավախությունների ֆոնին, որ Իրանը կարող է հարվածներ հասցնել այդ երկրների թիրախներին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության:

Այսպիսով, Իսրայելը պաշտոնապես ճանաչեց, որ Վրաստանի և ադրբեջանի տարածքներում կան իր զորքերը, որոնք այնտեղ «հերթապահություն չեն իրականացնում»։

Դեռևս 2020 թվականին Հադրութի շրջանի և Արցախի հարավային շրջանների համար մղվող մարտերի մասնակիցները պնդում էին, որ հակառակորդի զորքերի թվում կան այլ երկրների ներկայացուցիչներ։ Մասնավորապես, եղել են Պակիստանի, Թուրքիայի, Սիրիայի բանակի տարբերանշաններով վարձկաններ և «անհայտ տարբերանշաններով մի քանի այլ անձինք»։

Հադրութի շրջանից բնակչության արտահանումից հետո համացանցի ադրբեջանական հատվածում մեկ-մեկ հայտնվում էին Հադրութի գնդի և դիվիզիայի շտաբի տեսանյութեր, որոնցում երևում էին թուրքական և իսրայելական բանակների տարբերանշաններով զինվորականներ։ Նույն տեղեկությունը հայտնում էին Արցախի ԱԻՆ աշխատակիցները, որոնք մի քանի ամիս ռուս «խաղաղապահների» հետ մեկնել են օկուպացված շրջաններ՝ փնտրելու զոհված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները։

Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Իսրայելը Ֆուզուլիում ռազմական օդանավակայան է կառուցել՝ Իրանում հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով։ Այս ամբողջ տեղեկատվությունը դիտվել է որպես շահարկում, քանի որ հայկական կողմը դա ապացուցելու հնարավորություն չուներ։

Այժմ Իսրայելն ինքը խոստովանել է, որ իր զինվորականները գտնվել են երկու հարևան երկրներում և «հերթապահություն չեն կատարել»։

Այսինքն՝ արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Իսրայելը Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ միասին ներգրավված է Հայոց ցեղասպանության և Արցախի էթնիկ զտումների մեջ։

Պատերազմը Գազայում և պաղեստինցի արաբների ջարդերը պատահական չեն. Պաղեստինի էթնիկ զտումների «ծրագիրը» փորձարկվել է Արցախում, և Իսրայելը, ինչպես և Ադրբեջանը, «թաքնվել է» իրենց պետությունների տարածքային ամբողջականությունը վերականգնելու ծակ շղարշի հետևում՝ վտարելով բնիկ բնակչությանն այդ տարածքներից կամ մեղադրելով այն ահաբեկչության և անջատողականության մեջ։

Բայց, ըստ երևույթին, աշխարհում ինչ-որ բան իսկապես փոխվում է՝ 2024 թվականի հունիսի վերջին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 147-ը ճանաչեցին 1988 թվականի նոյեմբերի 15-ին հռչակված Պաղեստինի անկախությունը։

Միջազգային ասպարեզում ավելի ու ավելի է խոսվում արցախահայության՝ մշտական ​​բնակության վայրեր վերադառնալու իրավունքի մասին։ Ու թեև Արևմուտքը դեռ խոսում է ինչ-որ մարդասիրական իրավունքների մասին, ակնհայտ է, որ ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված Արցախի բնակիչների վերադարձը նշանակում է այս հողի նկատմամբ նրա իրավունքների ճանաչում։

Ինչքան էլ աշխարհը փորձի աչք փակել Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ չնայած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փոխարինմանը, տարածքային ամբողջականության մասին ադրբեջանի ռազմատենչ պահանջներին և Իսրայելի նման հանցակիցների ներգրավմանը իրենց հանցավոր ծրագրերում, բոլոր բռնապետերը պետք է պատասխան տան մարդկության դեմ հանցագործությունների համար։

Իսկ Իսրայելը դեռ պետք է պատասխան տա, թե ինչու են իր զորքերը Արցախի (որը համարում են ադրբեջան) տարածքում գտնվում։ Ի՞նչ էին անում այն տարածքում, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ և տասնյակ հազարավոր զինվորականներ էին զոհվել։ Ընդ որում, երրորդ պետության տարածքում, որտեղ իրենք անելիք չունեն։

Откуда в Нагорном Карабахе израильское оружие — ВВС

Մարգարիտա Քարամյան

Այն, ինչ կատարվում է այս օրերին Ռուսաստանում, շատ նման է նրան, ինչ կատարվեց գրեթե մեկ տարի առաջ Արցախում:

Այն, ինչ կատարվում է այս օրերին Ռուսաստանում, ևս մեկ անգամ ապացուցում է մեր կողմից բազմիցս հնչեցրած այն փաստը, որ աշխարհաքաղաքական ասպարեզում Հայաստանին մնացել է երկու ընտրություն՝ Թուրքիա կամ Արևմուտք։

Իշխանափոխությունից և այս Փաշինյանի հեռացնելուց հետո, ով հստակ ընտրել է թուրքացման ճանապարհը, ոչ մի նորմալ էակ կամ քաղաքական գործիչ չի կարող խաղադրույք կատարել Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի վրա: Դա կնշանակի ինքնասպանություն։ Քանի որ Ռուսաստանի հետ դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի վասալությունն է: Ռուսաստանը լքում է ոչ միայն մեր տարածաշրջանը, հանձնելով այն Թուրքիային, այլ նաև Ռուսաստանը լքում է իր սեփական տարածքները: Հետեւաբար, երբ ընտրում եք Ռուսաստանը, ընտրում եք Թուրքիան։ Լինելով ռուսամետ, դուք` թուրքամետ եք:

Այլևս ԽՍՀՄ չի լինելու, դուք այն ժամանակվա պես ամեն տարի չեք գնալու Եվպատորիայի սանատորիաներ: Հայաստանը չի լինելու ՌԴ մաս, քանզի ՌԴ-ն կարող է մասնատվել: Մնալով ռուսական գաղութ, Հայաստանը փոխանցվելու է Թուրքիային:

Այն, ինչ կատարվում է այս օրերին Ռուսաստանում, շատ նման է նրան, ինչ կատարվեց գրեթե մեկ տարի առաջ Արցախում: Ռուսական բանակը նույնիսկ չկարողացավ պաշտպանել իր քաղաքացիներին, իսկ դուք հույս ունեիք, որ նրանք կպաշտպանեն Հայաստանի քաղաքացիներին մարզ Արցախում։ Ես չեմ ցավում Կուրսկի շրջանից տարհանվածների համար, քանի որ ամեն օր իմ աչքերի առջև են Գորիսի փողոցներում Արցախից տարհանված ժողովրդի կադրերը: Այն ժողովրդի, որոնց հանձնեցին հենց այդ նույն ռուսները:

Ուստի ևս մեկ անգամ կրկնեմ. Հայաստանին մնացել է երկու ընտրություն՝ դաշինք Թուրքիայի կամ Արևմուտքի հետ։

Սա պետք է գիտակցի «Սրբազան պայքար» շարժումը և ավելի հստակեցնի իր աշխարհաքաղաքական տեսլականը: Քանզի այլընտրանք չկա: Այլընտրանքը` թուրքացումն է:

Բևեռն իր ընտրությունը կատարել է: Այդ ընտրությունը Արեւմուտքի հետ ամուր դաշինք է։: Բևեռը միշտ մնալու է առաջնագծում:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ