Իսկ Բաքուն համաձա՞յն է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Նախիջեւանը, որը Երեւանի նահանգի մաս է կազմել

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովը հայտարարեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքման համար պահանջում են, որպեսզի Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոփոխվի, Հայաստանը միանա Մինսկի խմբի լուծարման իրենց պահանջին, եւ Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային դատարանից։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն ասել են, որ այդ հարցերին կարող են անդրադառնալ պայմանագրի կնքումից հետո։ Այս պահանջները ի՞նչ են փաստում։

-Սա փաստում է այն հայտնի ճշմարտությունը, որի մասին բազմիցս խոսել ենք, որ Ադրբեջանի պահանջները հնարավոր չի լինելու բավարարել, նրանք աշխատելու են հնարավորինս շատ կորզել։ Եվ այդ պահանջներն անվերջ են լինելու, վստահ եմ՝ այս պահանջները հերթականն են, բայց վերջինը չեն։ Արդեն իսկ ոչ պաշտոնական մակարդակով հնչեցվել են մի շարք պահանջներ, որոնց Հայաստանը չի արձագանքել, դրանք չի մերժել, հետեւաբար, կդառնան պաշտոնական։ Ես վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա իր քաղաքականության անհեռանկար լինելը եւ ինչ-որ բան կփոխի։ Նրա ցանկությունը հետեւյալն է՝ խաբել ժողովրդին, թե իբր ինքը խաղաղություն է բերում, մյուսները պատերազմ են բերում, եւ այս զիջումը խաղաղության ճանապարհ է։ Բայց դա այդպես չէ, հետեւաբար, սա անհեռանկար քաղաքականություն է։

Ամիրբեկովն ասում է նաեւ, որ իրենք առաջարկում են, որպեսզի Հայաստանը Սահմանադրության նախաբանի հարցով անցկացնի հանրաքվե։ Ըստ նրա՝ հանրաքվեի պետք է դնել հետեւյալ հարցը՝ «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել»։ Ըստ նրա՝ հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սա մանիպուլյացիա՞ է, ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ներկայացնում են, որ իբր Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը խաղաղություն է բերում, իսկ մյուսներինը՝ պատերազմ։ Իհարկե, եթե հարցն այդպես դնեն՝ ուզում եք պատերազմ, թե՞ խաղաղություն, մարդիկ կասեն՝ խաղաղություն։ Բայց կեղծիքն այն է, որ դա չի բերելու խաղաղություն։ Ի՞նչն է խանգարելու, որ նրանք պատերազմ սանձազերծեն։ Երկրորդ, այդ պահանջը կատարելու դեպքում Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, դադարում է գոյություն ունենալ։ Եթե դու կատարում ես քո թշնամու բոլոր անընդունելի պահանջները, դու երկիր չես։ Թող Ադրբեջանն էլ սահմանադրական հանրաքվե անցկացնի, մենք էլ հարց բարձրացնենք՝ իսկ իրենք համաձա՞յն են, որ պետք է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնեն, օրինակ, Նախիջեւանը, որը Երեւանի նահանգի մաս է կազմել։ Նախիջեւանն անվիճելիորեն եղել է Հայաստանի տարածք եւ մշտապես այդպես էլ ճանաչվել է, դե թող իրենք էլ Նախիջեւանը մեզ վերադարձնեն։ Իշխանության կողմից այս ամենին պետք է պատասխան տրվի։

Ավելին, Հայաստանն այս հարցերում պետք է աշխատի ներգրավել նաեւ Մինսկի խմբի նախագահությանը։ Ի՞նչ է նշանակում Մինսկի խմբի լուծարում, Մինսկի խումբը չի ստեղծվել ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների պահանջով։ Մինսկի խումբը ստեղծել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը։ Այսինքն՝ կառույցը կարող է լուծարվել միայն կառույցի առջեւ դրված խնդիրները լուծելուց հետո, եւ պետք է լուծարվի այն երկրների կողմից, որոնք այն ստեղծել են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  լուծված չէ, հետեւաբար, կառույցն իր խնդիրը չի կատարել։ Երկրորդ, Հայաստանն ու Ադրբեջանը չեն Մինսկի խումբը ստեղծողը, եւ իրենց տեսակետը չի կարող լինել վերջնական։

Ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններից տեղեկացանք նաեւ, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը հանվել է ապագա պայմանագրի տեքստից։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ հարցին նախատեսվում է անդրադարձ կատարել պայմանագրի ստորագրումից հետո։ Սա ծուղա՞կ է։

-Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը՝ «մենք կապաշրջափակենք Հայաստանը, խաղաղության խաչմերուկ կստեղծենք», կատարելապես ձախողվել է։ Իր բոլոր զիջումներն արվում էին իբր Հայաստանն ապաշրջափակելու, սահմանները բացելու համար, եւ հիմա տեսնում ենք, որ դա ձախողվել է։ Ադրբեջանը կարողացավ ոչնչից խնդիր բարձրացնել, այսինքն՝ միջանցքի հարցը դնել, հետո դրան համարժեք հարց ներկայացվեց եւ ասվեց՝ մենք էլ ենք հրաժարվում, դուք էլ եք հրաժարվում։ Ադրբեջանը միջազգային դատարաններում մեր դեմ հայցեր է ներկայացրել, այդ հայցերը թողնում է որպես պահուստային տարբերակ, որպեսզի ասի՝ մենք էլ հայցերը հետ կկանչենք, դուք էլ հետ կանչեց։ Բայց հիմա անգամ դա էլ չի ասում, այսինքն՝ չեղած տեղից մի բան է ստեղծում, հետո ասում է՝ եկեք երկուստեք հրաժարվենք։ Նման որոշումը՝ ապաշրջափակման հարցը սառեցնել ու թողնել ապագային, նշանակում է, որ Նիկոլի սուտ խաչմերուկ ծրագիրը կատարյալ ձախողվել է։

Ռոզա Հովհաննիսյան

 

Ռուսական «Ղարաբաղ». ոչ ոք չի խուսափի հատուցումից

Լուսանկարը «Фонтанка»

Տասնյակ հազարավոր փախստականներ Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններից հավաքվում են շրջկենտրոն՝ փախչելով մարտերից։ Ամեն օր նրանց թիվը շատանում է, և քչերը գիտեն, թե ինչ է լինելու նրանց հետ հետո: Համացանցում արդեն իսկ կան իրական պատմություններ այն մասին, թե ինչպես է հաստատված կյանքը ավարտվում մեկ գիշերում, և դուք հայտնվում եք ուրիշի տանը՝ ձեռքին շտապ հավաքած իրերի մի տոպրակով:

Կուրսկի շրջանի ղեկավարը Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է շրջանի 28 բնակավայր։ Պաշտոնապես կա 120 հազար փախստական, նրանց թիվը մոտ օրերս  կարող է հասնել 180 հազարի։ Կուրսկի միլիոնանոց շրջանի համար դա նշանակում է, որ գրեթե ամեն հինգերորդը հայտնվել է տնից հեռու։ Իսկ 400 հազար բնակչություն ունեցող Կուրսկը գրեթե կրկնապատկել է իր բնակչությունը։

Ընդամենը մի քանի ամիս առաջ 2020 թվականին հանցավոր դավադրության արդյունքում Արցախ մտցված  ռուսական զորքերը խայտառակ կերպով լքեցին Արցախը՝ իրենց հետ տանելով 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախում զոհված 6 ռուս խաղաղապահների հիշատակին կանգնեցված հուշաքարը։

2020-2024 թվականներին Ռուսաստանը հանձնեց Արցախը՝ չկատարելով հիմնական խնդիրը՝ Արցախում թողնել մի քանի հազար հայերի, որոնք կդառնային «ադրբեջանի քաղաքացիներ» և կլեգիտիմացնեն Պուտինի և Ալիևի ռազմական հանցագործությունները։ Այս առաջադրանքը չի կատարվել, բայց Արցախի ամբողջական հայաթափումն էլ բավական էր Մոսկվային։ Ավելին, արցախյան զենքի մեծ մասը ռուսները տեղափոխեցին ուկրաինական ճակատ։

Այժմ Ռուսաստանը քաղում է իր անմարդկային քաղաքականության պտուղները՝ վրանային ճամբարներ են ստեղծվել Կուրսկում, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր լքել են իրենց տները Ուկրաինայում Պուտինի սկսած պատերազմի պատճառով։ Իսկ այս մարդկանց տներում արդեն գործում են տեղական թալանչիներ։

Հիշվում է, երբ 2020 թվականի նոյեմբերին արցախցիները տուն վերադարձան, նրանք հանգիստ բանալիներով բացեցին դռները և գտան իրերը նույն կարգով, ինչ թողել էին, եթե տունը արկերից չէր վնասվել։ Հիշվում է, որ Ստեփանակերտի միայն մեկ խանութ են այրել՝ նախքան պատերազմը նախագահ Արայիկ Հարությունյանն այնտեղ ոսկյա իրեր էր վաճառում։ Այս խանութը այդպես էլ չվերականգնեցին եւ այն շարունակում է հիշեցնել արցախցիների բարոյական մակարդակի և հատուցման մասին։

Ռուսաստանում նման մակարդակի հետք էլ չկա՝ լքված տները կթալանվեն տեղական թալանչինեչը, խատաները լքած մարդիկ, ովքեր սովոր չեն զուգարաններին, կգնան վրանային քաղաքների զուգարաններ, իսկ Ղարաբաղում զոհված խաղաղապահների պատվին հուշաքարը դեռ երկար ժամանակ քարշ կտան տեղից տեղ։ Տեսնես ո՞ւր է Պերմյակովը։

Laura’s Artsakh ապրանքանիշը հոբբիից վերածվում է լուրջ բիզնեսի (տեսանյութ)

Laura’s Artsakh-ը հայտնի էր Արցախում, հատկապես երեխաներ ունեցող ընտանիքներում։ Ծովինար Գրիգորյանը ստեղծում էր անհավանական անկողնային պարագաները ծննդատնից դուրս գրվելու համար, նաեւ օրորոցների, մանկասայլակների, սենյակների համար։

Ըստ Ծովինարի՝ Laura’s Artsakh-ը ստեղծվել է որպես հոբբի, աշխատանքից դուրս սիրելի զբաղմունք և երեխաներին ու նրանց ծնողներին ուրախացնելու հաճելի հնարավորություն։

Արցախի բնիկ բնակչության տեղահանությունից հետո, հայտնվելով Հայաստանում, Ծովինարն այդպես էլ չկարողացավ աշխատանքի անցնել, թեև իր ոլորտի լավագույն մասնագետներից է։

Հետո ստիպված եղան Laura’s Artsakh-ը դարձնել ընտանիքի հիմնական եկամուտը։

Դեռևս զգալի եկամուտ չկա, բայց կան նախադրյալներ, քանի որ տարբեր հարթակներում ներկայացված Laura’s Artsakh-ի արտադրանքը հետաքրքրություն է առաջացնում։ Ապրանքանիշի գլխավոր մեխն այն է, որ Ծովինարն իր աշխատանքներում օգտագործում է արցախյան ավանդական գույնն ու բարբառը։

Սիսիանում տեղի ունեցած հայ-իրանական «Նավասարդ» երրորդ փառատոնում Արցախի պատվիրակությանը տրամադրված չորս տաղավարներից մեկը զբաղեցրել են Laura’s Artsakh-ի բարձերն ու պայուսակները։ Մրցույթի արդյունքներով արցախցիները մտել են միջոցառման լավագույն եռյակը։

Ալվարդ Գրիգորյան

 

Մարտակերտի տարօրինակ քարերը

2016 թվականի վերջերին Մարտակերտ քաղաքի մուտքի մոտ գտնվող “տարօրինակ” քարերը գրավեցին մարտակերտցի լուսահոգի Նարեկի ուշադրությունը, ով դրա մասին հայտնեց պատկան մարմիններին։

Իրապես այս տարօրինակ քարերը մարդկանց մոտ տարբեր վարկածների տեղիք տվեցին մինչև անգամ այլմոլորակայինների միջամտության։ Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ԱՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը համապատասխան մասնագետներ հրավիրեց տարածքի ուսումնասիրության համար, ովքեր միանշանակ հաստատեցին, որ քարերն այդ որևէ կապ չունեն այլմոլորակայինների հետ։

Տարածքում իրականացված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանք միկրոբիալիթներ են՝ (Վերին կավճի հասակի),  ձևավորվել են ծանծաղ և բաց ծովային միջավայրում:

Միկրոբիալ կրաքարերը (միկրոբիալիթներ) նստվածքային առաջացումներ են, որոնք ձևավորվում են երկարատև երկրաբանական ժամանակաշրջանում և այդ գործընթացները այժմ էլ շարունակվում են: Նրանք ձևավորվում են տարբեր նստվածքակուտակման իրավիճակներում, հարստացնելով մթնոլորտը թթվածնով, ինչպես նաև կարող են ստեղծել և պահպանել ածխաջրածինները: Այնուամենայնիվ, դրանք դժվար է ուսումնասիրել, քանի որ առաջացել են մանրէների գործունեության և ազդեցության ներքո, և միշտ չէ, որ պարունակում են ճշգրիտ տվյալներ իրենց ձևավորման վերաբերյալ:

Գնդաձև զանգվածը ծածկող արտաքին շերտը մանրահատիկ պելլետային կրաքարեր են պելոիդալ-կլորացված միկրիտով: Որոշ հատվածներում մատրիքսը ներկայացված է խտացման արդյունքում սեղմված, զիգզակաձև քվարցից: Ջրիմուռները կազմում են մոտ 20% և ներշերտավորված են մեզոկլոտներով (օրգանական նյութով հարուստ կլորացված հատիկներ):

Ուսումնասիրված միկրոբիալիթների առաջացման գործընթացները պայմանավորված են դետրիտային նյութի մուտքով, կենսաբանական ազդեցությամբ (կամ կենսաքիմիական) և անօրգանական (ֆիզիկաքիմիական) նյութի կուտակմամբ: Առկա են նաև տարատեսակ ֆաունա, որոնք ցածր նստվածքակուտակման ռեժիմում աճել են նստվածքների վերին հատվածում, սակայն չունեն արտահայտված ճյուղավորված ձևեր: Քվարցային մատրիքսի առկայությունը մատնանշում է գրանիտային զանգվածի հողմնահարում, սակայն տերրիգեն նյութի մուտքը կարող է պայմանավորված լինել նաև այդ ժամանակահատվածում նախալեռնային ավազանի առաջացման տեկտոնական ակտիվությամբ, ինչը կոլիզիոն պրոցեսի և առաջ ընթացող օռոգեն սեպի էվոլյուցիայի արդյունք կարող է լինել: Ջրի շրջանառությունը և արևի լույսի մեծացումը՝ ի շնորհիվ ջրի մակարդակի իջեցման, հնարավոր պայմաններից մեկն է շերտավորված ձևերից թրոմբոլիթ միկրոբիալիթների անցմանը, ինչը հանգեցրել է վերջիններիս կանոնավոր աճմանը: Միկրոբիալ նյութը և  կարմիր ջրիմուռները (Lithothamnion sp.) զարգացել են համատեղ նույն միջավայրում:

Նստվածքակուտակման ընթացքում ջրում աղի հագեցվածությունը հնարավոր է նորմայի սահմաններում է եղել, քանի որ այլ օրգանիզմներ նույնպես առկա են:

Կավճի հասակի միկրոբիալիթային կտրվածքների ուսումնասիրման քիչ օրինակներ կան: Այս նոր տվյալները կնպաստեն հյուսիսային Թետիսի ավազանում թրոմբոլիթների տեղաբաշխման, շրջակա միջավայրի և կազմի մասին գիտելիքների ավելացմանը: Միկրոբիալիթները դասակարգվում են որպես բակտերիալ ծագման թրոմբոլիթներ: Նրանք կարող են առաջանալ տարբեր բաթիմետրիկ, ջրի, էներգիայի, աղայնության և թթվածնի /սննման նյութի/ կոնցենտրացիանների պայմաններում: Միկրոբիալիթները կարող են հանդիսանալ շրջակա միջավայրի և էկոլոգիական փոփոխությունների ինդիկատորներ՝ պայմանավորված սնման նյութի տատանման և ջրի մակարդակի փոփոխությամբ: Բացի դա միկրոբիալիթները կարող են հանդիսանալ կարևոր ռեզերվուար (ամբարիչ) ապարներ ածխաջրածինների համար:

Ահա այսպիսի բարդ մի եզրակացություն, որը թերևս սպառիչ պատասխան է մասնագետների, բայց ոչ հասարակ մահկանացուներիս համար, նույնքան բարդ, որքան երևի այլմոլորակայինների լինել –չլինելը։  Փաստ է սակայն, որ մեր կորուսյալ երկիրը նաև գիտական մեծ պոտենցիալ ուներ։

Ժամանակավոր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Արմինե Հայրապետյան

Մանկության, կորսված Հադրութի մասին. Պատմում է Լիաննա Պետրոսյանը

Լրագրող, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը ծննդով Հադրութից է.

“Նախնիներս Պարսկաստանից են տեղափոխվել Հադրութի շրջան, հայրական կողմս` Կարմրակուճ գյուղից է, մայրականս՝ Հին Թաղեր: Մեր ազգը կոչվում էր Փառուց: Երկու Փառուք կային Կարմրակուճում, ազգականներ էին, մայրական կողմս էլ Ուսեփաց էին կոչվում”:

Տատիկները հետաքրքիր զուգադիպությամբ գրադարանավարուհիներ էին՝ Հին Թաղերում և Կարմրակուճում:  Հայրը ուսուցիչ էր, այնուհետև` դպրոցի տնօրեն, մայրը՝ բուժքույր:

Լեռնային, անտառներով հարուստ Հադրութն իդեալական վայր էր ապրելու համար: Մանկությունն ամենաշատն ասոցացվում է ընտանեկան սովորույթներն ամուր պահելու, թարմ թխած թուռնավ հացի հոտի հետ: “Աշխատանքի բաժանում կար. պապիկս ճյեխը (ցախը) բերում էր, թուրունը վառում, տատիկս առավոտ շուտ խմորն էր հունցում, միասին խմորի գնդիկները տանում էինք թոնիր, ու տաք-տաք հացը հետ բերում տուն: Նաև թութ թափելը, դոշաբ եփելը, թթու (աղտիրած) դնելը ամբողջական ծիսակատարություններ էին: Յուրահատուկ սիրով էինք այդ ամենն անում: Մայրս ազգային ուտեստներ էր պատրաստում` խաշիլ, շփոթ, ավելուկով ապուր…”

Փոքր տարիքից բնության հետ շփվելը և շատ գրքեր ընթերցելը մեծ ազդեցություն ունեցան ընտանիքի երեխաների աշխարհայացքի ձևավորման վրա: “Այն ժամանակահատվածը, որ իմ տարեկիցները պիտի մանկություն վայելեին, ցավոք, համընկել է շարժման և Արցախյան առաջին պատերազմի ռազմական գործողությունների հետ: Ես ընդամենը երկու ու կես տարեկան էի, բայց ամեն ինչ հիշում եմ: Ապրում էինք Հադրութի Երե բազար կոչվող թաղամասում: Արթուր Մկրտչյանի տունը մի փոքր ներքև էր: Նա այդ ժամանակ Հադրութի թանգարանի տնօրենն էր: Եվ մեր տանը հաճախ էի լսում նրա անունը: Շարժմանը հաջորդեցին ռազմական գործողությունները: Առաջին պատերազմն իր մեծ հետքն է թողել իմ ողջ գիտակցական կյանքի վրա”,- վերհիշում է Լիաննա Պետրոսյանը` նշելով, որ անգամ չափահաս տարիքում կայծակի ձայնն ասոցացվում էր ալազանի ձայնի հետ:

Խորհրդային տարիներին ռուսական ազդեցությունը շատ մեծ էր Հադրութում: Հայկական հեռուստատեսություն չկար: 4 տարեկանից ռուսերեն տառերը, գրել-կարդալ գիտեր, բայց հայրը կատեգորիկ դեմ էր, որ ռուսական թեքումով դասարան գնար։ “Բնականաբար ինձ տարել են գյուղի դպրոցը, որպեսզի հայերեն տառերը սովորեմ: 1993 թվականն էր… Այդ ձմեռվա դեպքերն են վառ տպավորվել, երբ առաջին անգամ գյուղի ակումբի բեմում Կարմիր գլխարկի դերակատարն էի, ու դրան զուգահեռ պատերազմի սարսափելի օրերն էին: Անհնար էր պատկերացնել, որ կարելի է այդ օրերին միջոցառում կազմակերպել”:

Ադրբեջանցիների հետ համակեցություն Հադրութում չկար: Նրանք միայն վարձու հովիվներ էին, այն էլ՝ սակավաթիվ: Բայց դրան զուգահեռ շրջանում գրանցվել էին փոքր երեխաներին գողանալու և գլխագին պահանջելու դեպքեր:

1994 թ. հունվարի 5-ը ծանր օր էր Արցախի հարավային թևի համար: Այդ օրը Լիաննան կորցրեց հրետանավոր հայրիկին. “Ես շատ ուշ եմ իմացել, թե ինչպես է հայրս դիմում գրել և հրաժարվել Հադրութի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից:  2019 թ.՝ արխիվներն ուսումնասիրելիս, զարմանալիորեն պարզել եմ,  որ առողջական խնդիրներն է որպես պատճառ ներկայացրել՝ պաշտոնից հրաժարվելու համար: Այնինչ` դրանից հետո մասնակցել է ռազմական գործողություններին: Դա ինձ համար հայրենիքը սիրելու ուղենիշ էր, ու չէի կարող մտածել անգամ, որ հնարավոր է այդ հողը թողնել, դուրս գալ: Ցավոք սրտի, դրանից մի տարի հետո մեզ զրկեցին հայրենիքից”:

Հորական Արինա տատիկը շատ աստվածավախ էր, բայց չէր ընդունում եկեղեցին, եկեղեցական շորերը… “Դրան զուգահեռ մայրական կողմի Էմմա տատիկս այլ վերաբերմունք ուներ սրբերի, սրբավայրերի նկատմամբ: Դիզափայտի Կատարո վանքը Հին Թաղերի ենթաշրջանի գյուղերի բնակիչների համար ուխտատեղի էր: Մայրս պատմում է, որ իրենք բոլոր տոներին, ինչպես նաև ժամանց կազմակերպելու համար գնում էին Կատարո վանք: Գուցե այն ժամանակ ընկալումն ուրիշ էր, գուցե գնում էին նաև ժամանցի համար: Իսկ զուգահեռ իրականության մեջ Հադրութի ձորակի Կարմրակուճ գյուղում եկեղեցին օգտագործվում էր որպես պահեստ: Եվ 1990-ականներին, երբ արդեն հացի խնդիր կար, եկեղեցին վերածվել էր ջաղացի: Ամբողջ գյուղն այդ ընթացքում կարողանում էր հացի խնդիրը լուծել”:

Շարժումը սկսվել էր Հադրութից: «Նախ պետք է ասել, որ Հադրութի շրջանն Արթուր Մկրտչյանի ծննդավայրն է: Դա այն մարդկանց ծննդավայրն է, որ շարժում են նախաձեռնել: Ու թեպետ հիմնական կարգախոսը միացումն էր, բայց արդյունքը եղավ անկախությունը: Մենք ունեինք այդ անկախությունը ավելի քան 30 տարի, և Հադրութի շրջանից հարյուրավոր երիտասարդներ զոհել են իրենց կյանքը անկախության համար”, -նշում է Լիաննա Պետրոսյանը:

Աշխատանքի բերումով 6 տարի Հադրութի Ար. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի տնօրենն էր, և բոլոր զոհվածների նկարները միշտ իր աչքի առջև էին. “Ամեն օր իմ պարտքն եմ համարել մտնել Փառքի սրահ, նայել այն մարդկանց աչքերին, ովքեր պարգևել էին հաղթանակ ու խաղաղություն, և հպարտություն զգալ, որ այդ հաղթանակի կրողն եմ:

Թանգարանի բոլոր ցուցասրահները, որ հադրութցու՝ Դիզակ աշխարհում ապրելու հազարամյակների վկան էին, միշտ իմ աչքի առաջ էին: Ես անգիր գիտեի բոլոր ցուցանմուշների տեղերը: Ցուցանմուշներից մեկը՝ հարսանեկան շոր էր, որի ուսումնասիրությունն արել էի «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում: 1896 թ. հարսանեկան շոր էր` ձեռքի աշխատանք, ամբողջությամբ մետաքսից: Հադրութի մետաքսը 1888 թ. Ֆիլադելֆիայում երկրորդ տեղն է գրավել, մրցանակը պահվում է թանգարանում»:

2020 թ. պատերազմն սկսվելուն պես թվացել է, թե դա 2016 տարեկանի մոդել է, որը շուտով պիտի ավարտվի: 2020 թ. թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: «Այն գիտակցումը, որ պիտի իջնես նկուղ, մեզ հետ է տարել 90-ականները, հասկացել ես, որ քո տանը դու ապահով չես: Ու այս անգամ լրիվ այլ իրականություն էր` մարդու ֆիզիկական գոյությունն էր վտանգված: Մանկահասակ երեխաների լաց, ճիչ, աղմուկ, խառնաշփոթ, սահմանում զինծառայող ունեցող ընտանիք, ու հետո այն գիտակցումը, որ այդ նկուղը քեզ չի կարող պաշտպանել: Նկուղում էինք, որ շենքի պատուհանները կոտրվեցին: Հետո մեկ այլ փողոց թիրախավորվեց: Տատիկիս մորաքրոջ աղջկա թևը առաջին պատերազմում գրադի հարվածից կտրվել էր: Նույն տեղում այս անգամ էլ սմերչի հարվածից մահացավ: Նրա տղան էլ առաջին պատերազմի զոհ էր: Դաժան պատմություններ, բազմաթիվ վիրավորներ: Հիվանդանոցի վիճակը սարսափելի էր: Հասկացել էինք, որ իրականում սա է պատերազմը”, – վերհիշում է Լիաննան` նշելով, որ հենց դա է պատճառը, որ խաղաղ բնակչությունը չէր կարող մնալ:

Հադրութի բնակիչները ստիպված էին լքել իրենց բնօրրանն անընդհատ թռչող ԱԹՍ-ների ուղեկցությամբ: Մարդիկ հողաթափերով, գիշերանոցներով էին դուրս եկել, չէին հասցրել վերցնել անձնական իրերը: Իսկ մնացողները… Մնացողները ենթարկվել են խոշտանգումների: Հադրութ են մտել հատուկ ջոկատայիններ: Համացանցում տարածված են երկու անձանց դրոշի մեջ փաթաթելու և ինքնաձիգով սպանելու կադրեր: Նրանց մարմիններն այդպես էլ չեն հանձնվել հայկական կողմին:

2020 թ. հետո Լիաննա Պետրոսյանը ներգրավվել է Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կամավորական աշխատանքներին: “Որոշում եմ կայացրել ապրել Հայաստանում: Արցախ գնալն ինձ համար հոգեբանորեն դժվար էր. ամեն անցակետում ցույց տալ անձնագիր, սեփական հողի վրա չզգալ ինքնությունդ: Արցախ-Հայաստան ճանապարհն առաջին անգամ փակեցին 2022 թ․ դեկտեմբերի 3-ին: Հարազատ եղբայրս գործուղման էր Ստեփանակերտում: Այդ օրը բանակցությունների արդյունքում ճամփան  բացվել էր: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ 9 ամիսների ընթացքում ամեն կիսված ընտանիք տանջվում էր: Ցույցեր էինք անցկացնում,  ճանապարհներ փակում, բայց կյանքի ճանապարհը չբացվեց մեր ուզած ձևով: Կարևոր էր գիտակցել, որ դա հացի խնդիր չէր, դա մեր ինքնորոշման խնդիրն էր: Արցախը հայկական պահելու խնդիրն էր: Իսկ հակառակորդը, տեսնելով, որ բոլոր ջանքերը՝ արցախցուն ծնկի բերելու, արդյունք չտվեցին, գնաց ռազմական հանցագործությունների` միջազգային հանրության սին կոչերի ներքո, որոնք արժեք չունեին, քանի որ գործիքակազմեր չէին կիրառվում”:

“Չնայած Արցախում այսօր հայ չկա, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախից վերացնի հայկական հետքը, բայց հավատը վերադարձի դեռ կա: Կա վստահություն, որ մի օր Արցախը նորից հայկական է լինելու:

Ես չեմ կարող իմ հայրենիք գնալ որպես զբոսաշրջիկ, չնայած նրան, որ անգամ հարազատներիս գերեզմաններն այցելելու հնարավորություն հիմա չունեմ: Ես ու մենք բոլորս պիտի վերադառնանք հայկական Արցախ”։

Տաթև Ազիզյան

 

Արսեն Ավակովը պատասխանել է խոսակցություններին, թե իրեն պատրաստում են Զելենսկիին փոխարինելու համար

Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը պատասխանել է ռուսական հետախուզության այն հաղորդագրությանը, թե ԱՄՆ-ն իբր դիտարկում է իր թեկնածությունը Զելենսկու փոխարեն։

«Այժմ պարզ է, թե ինչով էր զբաղվում ռուսական «քաջարի» հետախուզությունը, երբ բաց թողեց Կուրսկի շրջանում ԶՊՀ-ի հարձակումը։ «Ինֆո-ռումբ» էին պատրաստում.
Թափեց, ուրախ եմ։
Դրա մեջ ամեն ինչ գեղեցիկ է` յուրաքանչյուր բառ: «Ամերիկացիները որոշել են փոխել», «վստահել են ՀԿ-ներին», «խորհրդակցել են Տիմոշենկոյի և Պորոշենկոյի հետ», «գտել են ավելի կառավարելի»… Ամեն ինչ փստ է։
Ուկրաինական հասարակության մեջ հրդեհ չառաջացավ, բայց մեր զորքերն արդեն Կուրսկի մոտ գտնվող դաշտերում են։
Դուք կարող եք քնել և շարունակել երևակայել)
Ռուսական հեռուստատեսությունը և առցանց հանրությունը թրջվում է հիմար լցոնումներով. նրանք զվարճանում են: Հուսով եմ՝ նրանք կվառվեն գերտաքացումից»,- գրել է Ավակովը։

Օգոստոսի 29-ին՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբի հետ ճամփորդություն դեպի բրազիլական բոսա-նովայի և սամբայի աշխարհ

Թուրքիան և Իսրայելը ճանաչել են իրենց մասնակցությունը Արցախյան պատերազմին

Բաքվի ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը, մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Իսրայելն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում, հայտարարել է, որ երկրի տարածքում օտարերկրյա պետությունների ռազմական կոնտինգենտ չկա։

Կիրակի օրը Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ իսրայելական բանակը, ելնելով Իրանի սպառնալիքից, արգելել է իր զինվորականներին գտնվել Ադրբեջանում և Վրաստանում՝ հրահանգելով նրանց անհապաղ վերադառնալ Իսրայել։

Բաքվի վրդովմունքը հասկանալի է. Էրդողանի հայտարարությունից հետո, թե «Թուրքիան մտել է Ղարաբաղ», պարզվեց, որ Ադրբեջանում կան նաև իսրայելցի զինվորականներ։ Քամինգ աութը սկսվեց. պատերազմը հաղթեցին ոչ թե Ալիևն ու ադրբեջանցի “խիզախ” զինվորները, այլ մի ամբողջ միջազգային կոալիցիա՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, դավաճանությամբ Հայաստանի ղեկավարության, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։

Բայց նույնիսկ նման կոալիցիան չկարողացավ կոտրել Արցախի ժողովրդին՝ Արցախի տարածքների ու զենքերի մեծ մասը հանձնվել է հանցավոր դավադրության արդյունքում։

Ահա թե ինչ էին գրում հայկական լրատվամիջոցները 2020 թվականի նոյեմբերին.

“Արցախի Քաշաթաղի շրջանում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում: Քարվաճառցիները 48 ժամ ժամանակ ունեն իրենց տները լքելու համար, քանի որ այդ տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն մինչեւ նոյեմբերի 15-ը:

Շատ արցախցիներ գնում են Դադիվանքին հրաժեշտ տալու: Նրանց մի մասը հեկեկալով լաց է լինում:

Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի պատերից հերոսների նկարները պոկելուց հետո, դրսի կողմից պատերին գրառումներ են արել.

«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Անիծվեք դուք թուրք շներ ու հայ դավաճաններ. Չեք մարսելու»: «Ոչ վայելեք»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Ըստ հայտարարության տեքստի, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին Քելբաջարի շրջանն է հանձնվում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանն է հանձնվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը”:

2021 թվականին հրապարակվել են Ղարաբաղում իսրայելական արտադրության Spike-NLOS հակատանկային հրթիռային համակարգի (ATGM) մարտական ​​կիրառման կադրերը։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է «Ռազմական դիտորդ» Telegram ալիքում։

Պաշտոնական տվյալներով՝ տարածաշրջանում 44-օրյա ռազմական հակամարտության ընթացքում Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է 2700 Spike NLOS հրթիռ և 100 արձակման կայանք։

Այժմ Իսրայելն ինքը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Արցախը պատմական կարևոր բանալի է, և նրանք, ովքեր փորձել են կոտրել այն, ծանր փոխհատուցում կստանան։

Բենզինի պայթյունից տուժածներն ապաքինվում են. նրանք շնորհակալ են Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին

2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված և տարբեր ծանրության վնասվածքներ ստացած մեր հայրենակիցները դեռևս վերականգնողական կուրս են անցնում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետները շուրջ 10 ամիս է, ինչ կատարում են իրենց մասնագիտական ​​առաքելությունը՝ օգնություն ցուցաբերելով պայթյունից տուժածներին։ Վերականգնողական կենտրոնի մասնագետների և այրվածքների կենտրոնում բուժում անցնող մեր հայրենակիցների միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել։ Օրերս Այրվածքաբանության ազգային կենտրոնի հիվանդները միջոցառում էին կազմակերպել, որին հրավիրել են Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանին և ֆիզիոթերապևտներին։

Ուրախալի է, որ երկար վերականգնողական շրջանից հետո տղաները դրական դինամիկա են ցուցաբերում, և նրանք կրկին կարող են ինքնահաստատվել որպես հասարակության լիարժեք անդամ։ Հաճելի էր բժշկական կենտրոնի պատերից դուրս տեսնել մեր տղաներին և համոզվել, թե ինչպես են նրանք փոքր քայլերով առաջ շարժվում։ Եվ սա, իհարկե, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների թիմի մեծ վաստակն է, որն արել է հնարավորը և, թվում է, նույնիսկ անհնարինը:

Տղաների նախաձեռնությունը հաջողվեց. նրանք կարողացան հաճելի երեկո անցկացնել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի թիմի հետ հաճելի, ընկերական, արցախյան մթնոլորտում։ Հուսով ենք, որ մոտ ապագայում մեր հայրենակիցները կկարողանան հետագա վերականգնողական փուլ անցնել Ք.Քոքս անվան նորակառույց ժամանակակից վերականգնողական կենտրոնում։

Արսեն Աղաջանյան

Հայկական քարոզչությունն աջակցում է Ալիևին. ինչու պայմանագրից հանեցին հաղորդակցության մասին կետը

Հայկական լրատվամիջոցներն ու իշխանամետ քաղաքագետները սկսեցին հերթական տեղեկատվական մանիպուլյացիան՝ փորձելով համոզել հասարակությանը, իբր Նիկոլ Փաշինյանը «համոզել» է արևմտյան միջնորդներին՝ «համոզել» Ալիևին հանել հաղորդակցության հարցը ապագա համաձայնագրի տեքստից։ Նրանք գրում են, թե իբր Փաշինյանը համարել է, որ այս կետը կարող է լինել իր կարիերայի դագաղի վերջին մեխը։

Իր հերթին, լուրջ դեմքերով իշխանամետ քաղաքագետները համոզում են, որ հաղորդակցությունների մասին կետի բացառումը զիջում չէ Հայաստանի համար։

Այս մանիպուլյացիայի մեկնարկային կետը այն կեղծ համոզմունքն է, որ «խաղաղության պայմանագրի» տեքստը, որը երբեք չի կնքվի, պետք է պարունակի հաղորդակցությունների բացման ռուս-ադրբեջանական տարբերակը, այն է՝ «Զանգեզուրի միջանցքը ռուսական ԱԴԾ-ի վերահսկողության տակ»։ Եվ քչերն են հիշում, որ նույն արևմտյան միջնորդները, Իրանը և նույնիսկ հայկական կողմը պնդում էին հաղորդակցությունների բացումը բացառապես այն երկրների ինքնիշխանության և իրավասության պայմաններով, որոնց տարածքով անցնում են այդ հաղորդակցությունները։ Դա հաստատվել է Պրահայում և այլ մայրաքաղաքներում։ Իրանի դեսպանը նույնիսկ հայտարարեց, որ այլեւս նոյեմբերի 9-ին որեւէ հայտարարություն չկա, իսկ եթե կա, ապա որտե՞ղ է Արցախը, որտեղ՝ Բերձորի միջանցքը։ Բայց հայկական կողմը դրան ուշադրություն չդարձրեց։

Այնինչ տեքստում պետք է լիներ Հայաստանի ինքնիշխանության մասին կետ, և Բաքուն և Երևանը «փոխադարձ համաձայնությամբ» բացառեցին այդ կետը։ Արեւմտյան երկրները, այդ թվում՝ Օ՛Բրայենը եւ այլք, ոչ թե Ալիեւին, այլ Փաշինյանին համոզեցին հրաժարվել հայկական սկզբունքներից։ Եվ ամեն ինչ ճիշտ հակառակն էր. իրականում հենց Ալիևի հեղինակությունն է ավտորիտար գործընկերների շրջանում, որ վտանգի տակ կհայտնվեր, եթե նա իր ստորագրությամբ ճանաչեր Հայաստանի ինքնիշխանությունը։ Ալիևի «հեղինակությունը» և քաղաքական կյանքը կախված են Հայաստանին վերջ տալու նրա կարողությունից՝ նախ միջանցքներով այն մասնատելով, իսկ հետո ամբողջությամբ վերացնելով պետականությունը։

Քաղաքագետները և լրատվամիջոցները, որոնք արդարացնում են Հայաստանի՝ սեփական ինքնիշխանությունից հրաժարվելը, աջակցում են Ալիևի «հեղինակությանը» և նպաստում նրա ծրագրերի իրականացմանը։ Տրանսպորտի խնդիրը 4 տարի է օգտագործվում է հայկական ինքնիշխանության զիջումը կոծկելու համար՝ սկզբում Արցախում, հետո Տավուշում, շուտով Տիգրանաշենում և այլուր։ «Մենք չենք պահանջելու Բերձորի միջանցքի ապաշրջափակումը, որպեսզի Զանգեզուրի միջանցքը ուժով չբացեն, մենք պետք է զիջենք Տավուշի հողերը, որպեսզի հայ-վրացական մայրուղին զոռով չվերցնեն»։ Հիմա էլ ասում են, որ եթե մենք պնդեինք հաղորդակցությունների ինքնիշխանության վրա, դրանով ճանապարհ կբացեինք «Զանգեզուրի միջանցքը» բռնի գրավելու համար։

Հայաստանի քաղաքական վերնախավը շարունակում է խաբել սեփական ժողովրդին, և նրանք հաճույքով խաբվում են։

Նաիրա Հայրումյան

ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հայտարարեց պատանդի սպանության մասին

DW

Իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման զինված թեւն առաջին անգամ հայտարարել է, որ «միջադեպերի ժամանակ» իր զինյալները սպանել են պատանդ տղամարդուն և ծանր վիրավորել երկու կնոջ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այս մասին հավաստի տեղեկատվություն չունի:

Որոշ դիտորդներ ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը համարում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների փոխանակման գործարքում հնարավորինս շատ զիջումներ կորզելու եւ Իսրայելի վրա ճնշում գործադրելու փորձ:

BBC. Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններում հազարավոր բնակիչներ ու ժամկետային զինծառայողներ կապի դուրս չեն գալիս

BBC

Կուրսկի շրջանի բնակիչները կորցրել են կապը սահմանամերձ բնակավայրերում ապրող հարազատների ու ընկերների հետ։ Անհայտ կորածների մեծ մասը տարեցներ են։ Սահմանին ծառայած ժամկետային զինծառայողների ընտանիքները նույնպես այժմ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին։ Տարածաշրջանային իշխանությունները ասում են, որ 28 բնակավայրերում երկու հազար մարդու հետ շփում չկա. սա չի ներառում ժամկետային զինծառայողներին, ովքեր Ուկրաինայի հետ սահմանին են եղել ուկրաինական հարձակման ժամանակ: Հարազատներն ու կամավորները փնտրում են անհետ կորածներին, սակայն շատ քիչ տեղեկություններ կան։

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 28 բնակավայրերում ապրում է մոտ 2 հազար մարդ, «որոնց ճակատագրի մասին մենք չգիտենք»։

Տեղի բնակիչներին զուգահեռ Ռուսաստանի տարբեր շրջաններից ծնողներ սկսեցին փնտրել իրենց երեխաներին՝ շրջանի սահմանամերձ շրջաններում ծառայած ժամկետային զինծառայողներին։ ՌԴ ՊՆ-ն չի նշել անհետ կորածների ստույգ թիվը, սակայն դատելով սոցիալական ցանցերում որոնումների մասին հաղորդագրություններից՝ խոսքը տասնյակ զինվորականների մասին է։ Պատերազմող կողմերից ոչ մեկը չի հայտնել Ուկրաինայում գերեվարված մարդկանց թվի մասին:

«Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է մոտ 1000 քմ. կմ ռուսական տարածք»,- ասել է ուկրաինական զորքերի հրամանատար Սիրսկին։