Ռուս սպաներին պատրաստում էին ոչ Ուկրաինայի հետ պատերազմի. հեղաշրջման նշաններ

Կուրսկի շրջանում տիրող իրավիճակը տարբեր վերլուծությունների առարկա է դարձել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան միտումնավոր ներքաշում է ուկրաինական զորքերին իր տարածքի խորքը՝ տարհանելով բնակչությանը՝ իր տարածքների վրա զանգվածային հարվածներ հասցնելու նպատակով։ Բայց ամենատարածված կարծիքն այն է, որ Կուրսկի օպերացիան Կրեմլի աշտարակների միջև ներքին մարտերի արդյունք էր:

Ահա թե ինչ է ասում Սերգեյ Ժիրնովը. «Իրականում, Կրեմլում մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ գեներալները, որոնք խիստ վիրավորված էին ԱԴԾ-ից, որը ՊՆ գեներալներին Լեֆորտովում է նստացնում, Բորտնիկովին ասացին. կալանավորո՞ւմ էս մե, դե ուրեմն ինքդ էլ գլուխ հանի, որովհետև քո սահմանապահներն են բաց են թողել, և մենք ձեզ չենք օգնի»։ Նա կարծում է, որ մինի հեղաշրջում է տեղի ունեցել։

Ռուսաստանում սահմանապահ զորքերը գտնվում են ԱԴԾ-ի ենթակայության տակ, և հնարավոր է, որ բանակի գեներալներն իսկապես վիրավորված են հատուկ ծառայություններից և անձամբ Պուտինից, ով ուկրաինական ձախողված պատերազմի ողջ պատասխանատվությունը դնում է բանակի վրա։ Անցյալ տարի այս «վրդովմունքի» գագաթնակետը Պրիգոժինի երթն էր դեպի Մոսկվա, որը բանակում զուսպ ողջույններով են ընդունել։ Պրիգոժինի ուղղաթիռի «վթարից» հետո բանակի գեներալները լռեցին, բայց դա չի նշանակում, որ դադարեցրել են սաբոտաժը։ Ի վերջո, ռուսական սպայական կազմի մեջ կան բազմաթիվ էթնիկ ուկրաինացիներ և նրանք, ովքեր, սովորելով Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում, պատրաստվում էին պատերազմի ոչ Ուկրաինայի հետ։

Երկրաշարժի հետևանքով Երանոսում տներ են վնասվել

Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կան վնասված ու փլուզված շինություններ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը, որի տունը նույնպես երկրաշարժից վնասվել է։

«Շատ ուժեղ էր երկրաշարժը, նույնիսկ ոչ հին տներ կան, որ նոր էին սարքել, վնաս են կրել։ Հիմա հանձնաժողովը վնասի չափն է հաշվում, այցելում տներ»,- ասաց բնակիչը։

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում գործում է երկրաշարժի հետեւանքները գնահատող հանձնաժողով։ Այս մասին հայտնում է գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 02:02-ին, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցը Մարտունի քաղաքից (Գեղարքունիքի մարզ) քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք՝ Երանոս գյուղի մոտակայքում, գրանցել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ։

«Հանձնաժողովը գնահատում է իրավիճակը, կան վնասներ և ավերածություններ։ Հիմնականում ավերվել են տներին կցված հին շինությունները»,- նշեց Բավեյանը։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայկական լրատվամիջոցներին հայտնել էր, որ վնասվել է 50 տուն։

Կուրսկում շատ գերի ընկած ռուսներ կան, այդ թվում՝ կադիրովականները

Կուրսկի շրջանի տարածքում մարտերի մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 ռուս զինվորականներ արդեն հանձնվել են Ուկրաինայի զինված ուժերին։ Կիևում ոչ ոք չէր սպասում, որ օկուպանտները պատշաճ դիմադրություն չեն ցուցաբերի, այլ կփորձեն հնարավորինս արագ բարձրացնել սպիտակ դրոշը։ Նախօրեին ուկրաինացի ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոն սոցիալական ցանցի իր էջում բարձրաձայնել էր մի խնդրի մասին, որը նա անվանել էր «ռազմագերիներ»։ Նրա խոսքով՝ հիմնականում ռուս ժամկետային զինծառայողներն են գերության մեջ հանձնվում առանց կռվի։ Ուկրաինացի պաշտպանները պետք է բոլորին գրանցեն փաստաթղթերում, տեսագրեն և միայն դրանից հետո հասցնեն Ուկրաինայի տարածք՝ ռազմագերիների ճամբարներ։ Ոչ ոք չէր սպասում, որ դրանք այդքան շատ կլինեն, ինչի պատճառով էլ լոգիստիկան աշխատում է իր հնարավորությունների սահմաններում։

Նաև մեկ օր առաջ առաջին անգամ ցուցադրվեցին կադրեր Կուրսկի շրջանից՝ Ախմատ խմբի ռազմագերիների հետ։ Ինչպես պարզվեց, Կադիրովը հրաման է տվել չհանձնվել։ Նրանք փորձել են թաքնվել Կուրսկի շրջանի անտառներում, սակայն բռնվել են ուկրաինացի պաշտպանների կողմից։ «Կադիրովականները», ինչպես ժամկետային զինծառայողները, չէին շտապում մեռնել հանուն Պուտինի, ուստի գերադասում էին գերությունը։ Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտպանները պնդում են, որ «ախմատովականներն» իսկապես գործնականում չեն դիմադրել և անմիջապես հանձնվել են։

Диалог.UA

Վրաստանը 250 մլն արժողությամբ նոր մայրուղի կկառուցի Հայաստանի հետ սահմանին

Վրաստանի կառավարությունը Մառնեուլի շրջանում սեփականատերերից հող կօտարի Ռուսթավի-Սադախլո նոր մայրուղու կառուցման համար Հայաստանի հետ սահմանին, տեղեկացրել է «Новости-Грузия» պորտալը։

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արեւելք-Արեւմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վերաբերյալ վարկային համաձայնագրի շրջանակում։

Նոր մայրուղին, որը կանցնի գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, կլինի քառաշերտ, իսկ երկարությունը կկազմի մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջները եւ անցումները։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։

Հրամանի տեքստից կարելի է եզրակացնել, որ հողի մի քանի սեփականատերեր հրաժարվել են վաճառել այն կամ չեն համաձայնել առաջարկված գնին, եւ հիմա տեղամասերի օտարումը տեղի կունենա հարկադիր կարգով։

Բոժկո․ Առաջին հարվածներից տեսանք, որ ռուսական զորքը չկարողացավ դիմադրել, եւ ուղղակի փախել է

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

-Պարո՛ն Բոժկո, ի՞նչ է կատարվում Կուրսկի շրջանում, կարելի՞ է սա համարել պատերազմի նոր փուլ:

-Իմ կարծիքով՝ այսօրվա զարգացումնեը կարելի է բացատրել նրանով, որ Ուկրաինան ուզում է ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Քանի որ երկար ժամանակ թեժ պատերազմական գործողություններ են ընթանում Ուկրաինայի հարավում, որտեղ Ռուսաստանը մեծ ճնշում է գործադրում ուկրաինական զորքերի վրա եւ առաջխաղացում ունի, հետեւաբար, Ուկրաինան որոշել է հակահարված հասցնել ռուսական զորքերին, բայց ոչ Դոնբասում, որտեղ թշնամին մեծ առավելություն ունի եւ զինվորների քանակության, եւ սպառազինության հարցում, այլ այնտեղ, որտեղ ռուսներն ամենաքիչն էին սպասում՝ Կուրսկի շրջանում։ Այսինքն՝ ուկրաինական զինված ուժերը գործողությունները տեղափոխում է ռուսական տարածք։ Եվ, ինչպես տեսնում ենք, դա հաջողվել է, քանի որ Ռուսաստանն ամենևին էլ չէր սպասում այնտեղ նման հարվածի։

Վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք ուկրաինական զորքերի բավական լուրջ առաջխաղացում։ Նրանք գրավել են ավելի շատ տարածք, քան Ռուսաստանը Դոնբասում՝ վերջին ամիսների ընթացքում։ Այս օպերացիան այնպիսի բնույթ ունի, որ միանգամից դժվար է ասել, թե ինչ արդյունքների կհասնի։ Սպասենք, մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, կտեսնենք, թե ուր կհասնեն ուկրաինական զորքերը, որից հետո կկարողանանք ավելի հստակ վերլուծել, թե ո՞րն է ուկրաինական զորքերի իսկական նպատակը։ Բայց եթե հաշվենք, որ նպատակներից մեկը եղել է Ռուսաստանին ստիպել թուլացնել իր գործողություններն Ուկրաինայի հարավում, ապա դա կատարված է։

-Ուկրաինայի հարձակողական մարտավարությունն արդյոք պայմանավորվա՞ծ է նրանով, որ F-16-ների, պաշտպանության այլ միջոցների ու սպառազինությունների մուտք տեղի ունեցավ։

-Ինչպես մենք տեսնում ենք, ուկրաինական զորքը, որը գործում է Կուրսկի մարզում, բավական լավ է զինված՝ եվրոպական ժամանակակից սպառազինությամբ։ Ես չեմ կարծում, որ անմիջական կապ կա F-16-ների հետ, բայց այդ օգնությունը հիմք է ստեղծում, որպեսզի մենք կարողանանք օգտագործել այդ սպառազինությունը, որը ստանում ենք Արեւմտյան Եվրոպայից եւ ԱՄՆ-ից։ Ինչպես տեսնում ենք, այնտեղ գերմանական տանկեր են կիրառվում, ժամանակակից զենք են օգտագործում։ Բայց եթե նայում ենք կադրերը, թե ինչպես էր տեղափոխվում ուկրաինական զորքը, ապա տեսնում ենք, որ ուկրաինական զորքերն օգտագործում են նաեւ ԽՍՀՄ սպառազինությունը։ Այնպես որ, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, ուկրաինական զորքը որոշել է հարված հասցնել այնտեղ, որտեղ ռուսներն ավելի քիչ էին սպասում։ Դա ռազմական վարպետության բավական բարձր մակարդակ կարելի է համարել, որովհետեւ իրոք տեսնում ենք, որ այս օպերացիան բավական պատրաստված էր։ Մենք տեսնում ենք, որ իրոք ռուսական զորքերը, որի քանակն այնտեղ հասնում էր 10-15 հազարի, չեն կարողացել դիմադրել։ Ուկրաինական զորքերի առաջին հարվածներից տեսանք, որ ռուսական զորքը չկարողացավ դիմադրել, եւ ուղղակի փախել է, ոչ թե նահանջել։ Ուկրաինական զորքը մի քանի հարյուր գերի է վերցրել։ Բացի դրանից, ռուսական թիկունքը քայքայված է ուկրաինական զորքի հարվածներից։ Այսինքն՝ այս գործողությունների նպատակն այն է, որպեսզի կարողանանք վնաս հասցնել ռուսական զորքերին այնտեղ, որտեղ նրանք չէին սպասում, եւ դա մեզ հաջողվել է։

-Կարո՞ղ է արդյոք ներկայիս գործողությունը նոր «դե ֆակտո» սահմանների որոշման ինչ-որ գործարքի մաս լինել։

-Դեռ վաղ է այդ մասին խոսել, տեսնենք։ Դեռ չգիտենք, թե ինչպես կզարգանան գործողությունները, դեռ պարզ չէ, թե որտեղ է լինելու գլխավոր հարվածը։ Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի։ Իմ կարծիքով՝ նպատակներից մեկն այն է, որպեսզի ուկրաինական զորքը գրավի ճանապարհը, որը կապում է Բելգորոդը Մոսկվայի հետ։ Եվ, իհարկե, պետք է քայքայենք ռուսական թիկունքը։

-Հնարավո՞ր է Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ի տխրահռչակ «փոխանակման» գործընթաց տեղի ունենա։

-Սկզբում նախ պետք է ուկրաինական զորքերը հասնեն Կուրսկի Ատոմակայանին։ Հիմա այդ ուղությամբ են շարժվում։ Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Երբ արդեն գործողություններն ավարտվեն, եւ մենք տեսնենք արդյունքները, կկարողանանք բավական կոնկրետ խոսել այս օպերացիայի նպատակի մասին։ Դեռ օպերացիան զարգացնում է, եւ այնպիսի բնույթ ունի, որ չի ուղղվում կոնկրետ տարածքի դեմ, այլ ուղղվում է այնտեղ, որտեղ ռուսների դիմադրությունը թույլ է։ Բավական մեծ տարածքի մասին է խոսքը, մոտ 70Օ քառակուսի կմ, եւ, իհարկե, դա թուլացնում է ռուսական զորքերի հնարավորություններն ու դիրքերը։ Հիմա, ինչպես տեսնում ենք, ռուսներն իրենց զորքերը տեղափոխում են հարավային Ուկրաինայից դեպի Կուրսկի մարզ։ Եվ հույս ունենք, որ այն ճնշումը, որը գործադրում է Ռուսաստանը հարավային Ուկրաինայում, հատկապես Դոնբասում, կթուլանա։

-Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայում, հայկական լեռնաշխարհում եւ Մերձավոր Արևելքում կարո՞ղ է կիրառվել տարածքային վեճերի լուծման ունիվերսալ սխեմա:

-Բոլոր վեճերը պետք է լուծվեն ըստ միջազգային իրավունքի, նստեն բանակցությունների։ Ոչ թե ուժը պետք է որոշի, այլ՝ միջազգային իրավունքը, պայմանագրերը։ Իսկ մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ, տվյալ դեպքում Ռուսաստանը եւ ՌԴ նման ավտորիտար երկրներն իրենց առաջ նպատակ են դնում հարցերը լուծել ուժի միջոցով, թելադրել իրենց կամքը, օգտվելով իրենց ուժից՝ քանդել միջազգային համակարգը։

-Ինչո՞ւ Արցախի հարցը չի ընդգրկվում գլոբալ խնդիրների ցանկում, որոնք այժմ թեժ փուլում են։ Ուժով տեղի է ունեցել օկուպացիա, արդյոք Արցախի հարցը լուծվա՞ծ է համարվում։

-Իմ կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ։ Ինչպե՞ս կարող է Արցախի հարցը լուծված լինել, երբ իրենց հարազատ տներից տեղահանվել է 130 հազար մարդ։ Դա հայկական էթնիկ խումբն է, որը հազարավոր տարիներ ապրում էր այդ տարածքներում, ստեղծել էր իր առանձին մշակույթը, լեզուն, բանահյուսությունը, ճարտարապետությունը եւ հետո տեղահանվել իր բնակավայրից։ Չի կարելի համաձայնել հարցերի նման լուծման հետ, այդպես չի լինում։ Դա նույն շարքից է, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, թե ինչպես են փորձում լուծել իրենց հարցերը որոշ երկրներ։

Ես կարծում եմ, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տները։ Այլ հարց է, թե ինչպե՞ս պետք է դա անել։ Այդ հարցի լուծումը կախված է եւ Հայաստանից, եւ Ադրբեջանից, եւ միջազգային կազմակերպություններից, որոնք զբաղվում էին այդ հարցով երկար տարիներ եւ պետք է շարունակեն զբաղվել։ Դա ոչ միայն հայերի ցավն է, այլ աշխարհի բոլոր նորմալ մարդկանց, որոնք ցավակցում են արցախցիներին ու պատկերացնում, թե ինչ տանջալից դրության մեջ են արցախցիները հիմա։

Թե ինչո՞ւ Արցախի հարցը չի ընդգրկվում գլոբալ խնդիրների շարքում, հարցին ի պատասխան կասեմ հետեւյալը․ իմ կարծիքով՝ հայկական կողմը երկար տարիների ընթացքում մի քանի հնարավորություն ուներ՝ նոր մոտեցումներով լուծել հարցը, բայց, ցավոք, չի օգտագործել այդ հնարավորությունները։ Ես նկատի ունեմ եւ Հայաստանի դիվանագիտության, եւ արցախցիների կառավարության մարմինների սխալները, որոնք թույլ են տրվել։ Իսկ հիմա հարկավոր է, որ այդ հարցը վերադառնա բանակցությունների սեղան։ Ես չգիտեմ՝ ինչպես են ընթանում բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ մենք բոլոր նրբությունների մասին չգիտենք։ Բայց Արցախի հարցը պետք է քննարկվի զուգահեռ, որովհետեւ երբ իր բնօրրանից տեղահանվում է 130 հազարանոց ժողովուրդը, դա եւ մարդու իրավունքների, եւ միջազգային նորմերի ակնհայտ խախտում է։

Ռոզա Հովհաննիսյան

Սեպտեմբերի 19-ին հասկացել ենք, որ անհնարին է մնալ Արցախում. Աիդա Գյանջումյան

Հարցազրույց ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարարի խորհրդական, երկարամյա մանկավարժ Աիդա Գյանջումյանի հետ

-2023-ի սեպտեմբերին կրեցինք հազարամյա Արցախի ամենածանր կորուստը, Արցախը հայաթափվեց: Ինչպե՞ս հաղթահարեցիք:

-Մեր կյանքի ամենացավալի ու ծանր օրերն էին։ Իհարկե, դժվար էր ընդունել իրականությունը, որ ստիպված պետք է լքենք մեր բնօրրանը։ Բազմիցս է քննարկվել․ ինչո՞ւ է լքել արցախցին իր տունը, ինչպե՞ս դա եղավ իրականում։ Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն սեփական մաշկի վրա այդ ցավը զգացած և 9 ամիս շրջափակում հաղթահարած մարդը։ Այստեղ հաճախ են հարցնում, որ եթե շարունակվեր բլոկադան, կապրեի՞ք արդյոք Արցախում։ Արցախահայության անունից ես համոզված պատասխանում էի, որ մենք կշարունակեինք հաղթահարել դժվարություններն ու կապրեինք Արցախում։ Արդեն նախապատրաստվում էինք ձմեռելուն, մառաններն էինք ցանկանում լցնել՝ իհարկե մեր բանջարանոցների բերքից։ Իմ մտքով երբևէ չէր անցնում, որ կարող է մի օր լքեմ Արցախը։ Բոլորս սպասում էինք շրջափակման ավարտին, ավաղ, այն վատթարագույն ավարտն ունեցավ, և արցախահայությունը դարձավ փախստական։

Բռնատեղահանվելուց հետո հաճախակի ենք լսում, որ թողել, դուրս ենք եկել Արցախից, բայց ինչպես կարող է մարդ ինքնակամ թողնել իր օջախը, տարիների վաստակը ու գնալ ապրել վարձով, նոր աշխատանք փնտրել։ Համոզված եմ, որ ինձ նման է մտածում արցախահայության զգալի մասը։ Մենք ստիպված ենք դուրս եկել՝ անելանելի վիճակից ելնելով։ Սեպտեմբերի 19-ին հասկացել ենք, որ անհնարին ու վտանգավոր է մնալ Արցախում։ Ինչպես երեխան կվազի դեպի մոր գիրկը, այնպես էլ մենք վազեցինք ու հիմա Մայր Հայաստանում ենք, բայց մեր ծննդավայրը Արցախն է, ու դա երբեք չի մոռացվի։

-Արցախցիներիս կյանքը բաժանվում է երկու մասի․ մինչև ու հետո։ Ինչպե՞ս է դասավորվել ձեր հետոն։

-Բոլորդ հիշում եք, որ մինչև բլոկադան ես Արցախից մի խումբ երեխաներ էի բերել Երևան՝ Եվրատեսիլին մասնակցելու համար, ու շրջափակման պատճառով չկարողացանք վերադառնալ։ Տունդարձին մնացինք Գորիսում։ Այդտեղ ես հանդիպեցի երկու հրաշալի մարդու՝ Դիանա Գրիգորյանին և Նունա Ալեքյանին։ Իմ կյանքի երկրորդ շրջադարձում այդ մարդիկ մեծ նշանակություն ունեցան։

Սեպտեմբերի վերջին, երբ անցանք դժոխքի ճանապարհը ու հասանք Հայաստան, ինձ անմիջապես դիմավորեց իմ ընկերուհի Նունեն: Ես նրա մասին կարճ կասեմ. նա ամեն ինչ է ինձ համար կյանքիս այս ժամանակահատվածում։ Նա այն սյունն է, որին ես հենվում ու կարողանում եմ առաջ նայել և ինքնակրթվել:

Մարդկային ամենաբարձր արժեքներով օժտված, սրտացավ ու բարեգութ տիկին Դիանայից ստացա հաջորդ հեռախոսազանգը։ Իմանալով, որ անգործ եմ՝ հրավիրեց ինձ աշխատելու իր հիմնադրած “Ղողանջ” ՀԿ-ում, որը ֆինանսավորվում  է “Սյուն” հիմնադրամի կողմից։ Աշխատանքի համար դիմել էի նաև արմատներով արցախցի Միրա Անտոնյանին, որի հետ ծանոթացել եմ Ծաղկաձորում կազմակերպված միջգերատեսչական վերապատրաստումների ժամանակ։ Նա անմիջապես ինձ ընդառաջեց ու հրավիրեց իր մոտ աշխատելու՝ որպես քոուչ (մարզիչ) արցախցի երիտասարդների հետ։ Դա ինձ համար փրկություն էր, քանի որ հնարավորություն ստացա աշխատել արցախցի երեխաների հետ, օգնել նրանց, ինչպես նաև ինքս թեթևություն ստանալ։ Այդ երկու հրավերները փրկություն էին ինձ համար։ Դիանա Գրիգորյանի ղեկավարած կազմակերպությունում ստեղծվեց մի ծրագիր՝ “Սյուն” հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Մարկոսյանի հետ համատեղ, որը կրեց “Մենք Արցախի մշակույթը կրողներն ենք” անվանումը։

Հունվարի 1-ից ես նշանակվեցի ծրագրի ղեկավար, և ինձ հնարավորություն տրվեց ծրագրում աշխատելու համար հրավիրել արցախցի ուսուցիչների։ Ես շատ ոգևորվեցի ու Դիանայի համաձայնությամբ, հրավիրեցի պատմաբանի, երաժշտության մասնագետների, պարուսույցի, ձեռագործության խմբակավարի, և արդյունքում ձևավորվեց թիմ, որը սկսեց իր աշխատանքները շուրջ 57 արցախցի երեխաների հետ։ Հունվարից մինչև հուլիսի 12-ը գործեց ծրագիրը։ Հուլիսի 12-ին Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում կայացավ մեր հաշվետու համերգը, որտեղ մենք ներկայացրինք մեր կատարած աշխատանքները։ Ծրագրի գործունեության ընթացքում դա 4-րդ համերգն էր, որ ներկայացվում էր ծնողներին ու հյուրերին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուզաննա Մարկոսյանին, Դիանա Գրիգորյանին և Միրա Անտոնյանին։

Այդ մարդիկ մեծ հենարան են արցախահայության համար։ “Ղողանջ” կենտրոնում մենք հնարավորություն ունեինք խոսել Արցախի բարբառով։ Ես հոգեբանություն էի պարապում արցախցիների հետ, իսկ հայաստանցի երեխաների հետ աշխատում էր ուրիշ մասնագետ։ Պարապմունքների ժամանակ երեխաները շատ ոգեշնչված էին և միշտ ցանկանում էին բարբառով խոսել։ Երեխաների հետ ցանկացած զրույց ավարտվում էր նույն նախադասությամբ․ մենք կվերադառնանք Արցախ։

Տեղահանվելուց հետո ինձ համար մեծ անակնկալ էր, երբ մեր տուն այցելեցին Գորիսի իմ 16 երեխաները՝ Լիլիթ Ավանեսյանի գլխավորությամբ։ Մինչև այսօր մենք հաստատուն կապ ենք պահպանում իրար հետ։

-Ինչպե՞ս եք ընդունում ՀՀ կառավարության բնակարանային աջակցության ծրագրի մասին որոշումները։

-Նախ նշեմ, որ շատ դժվար է արցախցիներիս համար ապրել բարձր վարձավճարներով վարձած բնակարաններում։ Մարդիկ մի կերպ կարողանում են ապահովել սննդի ու հագուստի հարցերը։ Կառավարության կողմից տրվող 50 հազարական դրամ գումարները մի փոքր թեթևացնում են մարդկանց հոգսերը, սակայն մենք լավ գիտենք, որ դա ժամանակավոր է։ Այդ ծրագրի ավարտից հետո բոլորս հայտնվելու ենք ծանր կացության մեջ։ ՀՀ կառավարության կողմից բնակարանային աջակցության ծրագիրն անընդունելի է, ու այդ գումարը, որ նախատեսվում է մեզ համար, շատ չնչին է բնակարան ձեռք բերելու համար։ Նշված գումարը կարող է հերիքել ընդամենը հողամաս գնելու համար։ Եթե ՀՀ կառավարությունը չվերանայի իր որոշումը, ապա շատ դժվար ու անելանելի վիճակի մեջ կհայտնվեն արցախցիները։ Արցախը լրիվությամբ սահման էր՝ իր բոլոր բնակավայրերով հանդերձ։ Մենք չենք խուսափում սահմանում ապրելուց, բայց թողեք արցախցին որոշի՝ որտեղ բնակություն հաստատի․ չէ՞ որ նա ծանր կացության միջով է անցել։ Այդ քաղաքականությունը սխալ եմ համարում, որ ցանկանում են շահագրգռել 5 մլն դրամով։

– Այսօր բոլորս փորձում ենք ինտեգրվել։

-Այո՛, իրավացի եք։ Մենք չենք հուսահատվում, որովհետև դժվարությունները մեզ ավելի են ուժեղացրել, ու այստեղ մենք պարտավոր ենք վերագտնել մեզ։ Ինչքան էլ դժվար լինի, մենք պետք է մնանք Հայաստանում։ Իմ ընտանիքը ուրիշ ոչ մի տեղ չի կարող ապրել, ամեն տեղ մեզ համար օտար կլինի։ Արցախից մտավորականների հզոր ներուժ է եկել Հայաստան։ Եթե մենք միասին ներդնենք մեր բոլոր ուժերը, ապա կհզորացնենք ու կպահենք Հայաստանը՝ մտքում միշտ ունենալով Արցախ վերադառնալու հավատը, բայց միայն հայկական դրոշի ու օրենքների ներքո։

Շարունակում եմ նվիրված մնալ երեխաների դաստիարակության գործին, որը համարում եմ իմ միակ առաքելությունը։ Առանց երեխաների ես կյանք չունեմ։ Հաճախակի զանգեր եմ ստանում իմ նախկին սաներից, գործընկերներից, և դա ինձ թևեր է տալիս՝ անելու ավելին։ Նպատակս է կրթել ու դաստիարակել հայեցի սերունդ՝ չտարանջատելով ոչ ոքի։ Մեր սերունդը չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, նրանց անհոգ մանկություն տալ, փոխարենը ծանր բեռ թողեցինք նրանց ուսերին, ու ես իմ առջև նպատակ եմ դրել այնպես դաստիարակել հայ մանկանը, որ նա առողջ, հայրենասեր և ուժեղ մեծանա։

-Ձեր մաղթանքը մեր հայրենակիցներին։

-Ես ուզում եմ, որ արցախցիները բարությամբ լցվեն։ Անկախ ամեն ինչից երբեք չչարանան։ Թեկուզ մի բարի խոսքով օգնենք իրար, թիկունք լինենք, հիշենք, որ մենք մի մեծ ու համերաշխ ընտանիք ենք։ Սիրում եմ բոլորին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ինչու Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական տվեց 10 օր պաշտոնավարելուց հետո

Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես բավարարված չեմ (խմբ.՝ նախարարների նոր կաբինետի ձևավորման խորհրդատվական խորհրդի ղեկավարի) աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», – գրել է նա:

Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը:

Զարիֆը՝ իսլամական հանրապետության ռեֆորմիստների ​​թևի ներկայացուցիչը, համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր կողմնակիցներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։ Դիվանագետն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մշակմանն ու կնքմանը։

Ընտրություններում Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆը հայտարարել էր, որ նոր նախագահը պատրաստակամ է վերականգնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։

Ի՞նչը ստիպեց մեծ փորձ ունեցող Զարիֆին հեռանալ իր պաշտոնից։ Հիշվում է, որ իր պաշտոնավարման ավարտին՝ 2021 թվականի ապրիլին, նա հարցազրույց տվեց, որը չհրապարակվեց, սակայն դրա արտահոսքերը մեծ միջազգային սկանդալ առաջացրին։ Զարիֆը մեղադրել է Ռուսաստանին Արևմուտքի հետ Իրանի միջուկային գործարքը խաթարելու մեջ և նաև ասել, որ 2020 թվականին սպանված գեներալ Սոլեյմանին գործել է Մոսկվայի հետ համատեղ, և արտաքին քաղաքականությունը որոշել է ոչ թե ԱԳՆ-ն, այլ Այաթոլլահ Խամենիան։

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ պետք է ենթադրել, որ նոր նախագահի ընտրությունից հետո Զարիֆին տրվել են որոշակի երաշխիքներ, սակայն պաշտոնավարման 10 օրվա ընթացքում նա համոզվել է, որ ոչինչ չի փոխվել. Իրանը դեռ փորձում է Ռուսաստանի հետ համատեղ դիմադրել կոլեկտիվ Արևմուտքին, մեկուսանալով և իր վրա ընդունելով բոլոր հարվածները, եւ կարող է Ռուսաստանի հետ միասին հայտնվել փշրանքների մեջ։

Իսրայելն իր զինվորականներից պահանջել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից

Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Kan պետական ​​հեռուստառադիոընկերության՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։

Kan-ը  նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին շատ մոտ, նրանց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։

Հետաքրքիր է, որ Հայաստանից Իսրաելը իր զինվորականներին չի կարգադրել դուրս գալ երկրից․ կամ վտանգ չի զգում, կամ Հայաստանում իսրայելական զինվոր չկա։

Օլիմպիադան ավարտվեց․ Հայաստանը 4 մեդալ նվաճեց

Հայաստանի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:

Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ թիմը, որն ունի 40 ոսկե, 44 արծաթե, 42 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում 40 ոսկե, 27 արծաթե, 24 բրոնզե մեդալով Չինաստանն է, իսկ եռյակի վերջում 20 ոսկե, 12 արծաթե,  13 բրոնզե մեդալով Ճապոնիան է:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են:

Փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն էր:

Հայաստանի երեք ամենաբարձր վարձատրվող ոլորտները

Հայաստանի ամենաբարձր վարձատրվող ճյուղերի եռյակը արտացոլում է մեր տնտեսության կառուցվածքը. երկու դեպքում էլ վերջին տարիներին ցուցանիշները մնացել են անփոփոխ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական ​​միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում ամենաբարձր վարձատրվող ճյուղերն են եղել ՏՏ, հանքարդյունաբերությունը, ֆինանսները և բանկերը։

«Թեև խոսվում է, որ պետական ​​համակարգը կրճատվում կամ օպտիմալացվում է, սակայն ստեղծվել են նոր բաժիններ, որոնց շնորհիվ աշխատողների թիվը շարունակում է աճել։ Այժմ մասնավոր հատվածի յուրաքանչյուր 2-2,5 աշխատողին բաժին է ընկնում պետական ​​հատվածի 1 աշխատող։ Սա խոսում է վատ կառավարման մասին. ամբողջ աշխարհը ձգտում է ապահովել, որ պետական ​​կառույցներում աշխատողների թիվը շատ ավելի քիչ լինի, քան մասնավոր հատվածում»,- ընդգծեց մասնագետը։

Պաշտոնական տվյալներով՝ շինարարության ոլորտը ամենաբարձր վարձատրվողների ցանկում զբաղեցնում է 11-րդ տեղը՝ 2023 թվականի համեմատ գրանցելով ընդամենը 3,1 տոկոս աճ։ Սա այն դեպքում, երբ երկրում շարունակվում է շինարարական բումը։

Մակարյանը կարծում է, որ տնտեսության զարգացման առաջին խոչընդոտը մասնագետների պակասն է լինելու, ինչն արդեն ակնհայտ է շինարարության, արդյունաբերության և արտադրության որոշ ոլորտներում։

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են Զապորոժյեի ատոմակայանում բռնկված հրդեհի մեջ

BBC

Կիևը և Մոսկվան միմյանց մեղադրում են այն բանից հետո, երբ կիրակի երեկոյան խոշոր հրդեհ բռնկվեց Եվրոպայի ամենամեծ` Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված տարածքում: Երկու կողմերն էլ խոստովանում են, որ հրդեհը չի ազդել ռադիացիոն անվտանգության վրա, բայց միևնույն ժամանակ, ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, զգուշացնում են նման միջադեպերի հնարավոր վտանգի մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ 2022 թվականից Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժյեի ատոմակայանում հրդեհը, իբր, բռնկվել է ռուս զինվորականների կողմից։ Իսկ Զապորոժյեի՝ Կրեմլի կողմից նշանակված նահանգապետ Եվգենի Բալիցկին ասել է, որ հրդեհի պատճառը ուկրաինական կողմից գնդակոծությունն է։ Հրդեհը տեղի է ունեցել մեկ շաբաթից էլ քիչ այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում ռուսական տարածք ներխուժեցին, նշում է Reuters-ը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), որի դիտորդները ներկա են վեց ռեակտորներով կայանի հսկայական տարածքում, ասել են, որ իրենք տեսել են թանձր, թանձր ծուխը, որը «բխում է ատոմակայանի հյուսիս-արևմտյան մասից»՝ «երեկոյան ընթացքում մի քանի պայթյուններ» լսելուց հետո”։

«[Դիտորդների] թիմը տեղեկացվել է, որ այսօր, իբր, անօդաչու թռչող սարքի հարձակում է եղել կայանի հովացման աշտարակներից մեկի վրա։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հաստատել է, որ դա չի ազդի միջուկային անվտանգության վրա»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Ժենգյալով հացը եւս տարբեր է լինում․ ինչ են պատմում մարտակերտցիները

Ժենգյալով հացը հայկական խոհանոցի անբաժանելի մասն է և Արցախի այցեքարտը: Այն համարվում է օգտակար, թեթև ուտեստներից մեկը, որը առավել գնահատելի է նամանավանդ պասի ժամանակ:

Ժենգյալով հացի պատրաստման ժամանակ օգտագործվում է 2 տասնյակից ավել կանաչի: Այն թխվում է սաջի վրա, որոշ դեպքերում նաև վառարանի, իսկ վերջին ժամանակահատվածում նաև թավաների մեջ:

Առհասարակ ժենգյալով հացի պատրաստումը ընտանեկան ծիսակատարություն է․ մեկը կտրատում է կանաչիները, խմորը հունցում, մյուսը պատրաստում, իսկ ևս մեկը սաջի վրա թխում, ընթացքում լաթով մաքրելով սաջը վառված խմորից:

Ժենգյալով հացը արցախցի տատիկների դեմքը ունի՝ մի ձեռքով սեղմում են կանաչիները, մյուսով սկսում կտրել, այնպես էին կտրատում, որ բարակ խմորը հանկարծ չվնասվի: Իսկ մենք երեխաներս միշտ հարցնում էինք, թե ինչ կանաչիներ են օգտագործվում, անհամբեր սպասելով, որ հասնեն «պառավի պորտ»-ին, որպեսզի սկսենք ծիծաղել:

Ժենգյալով հացի մատուցումը շատ տարբեր է, կախված տարածաշրջանից, օրինակ Արցախում ժենգյալով հացի հետ խմում են կարմիր գինի, իսկ Սյունիքում այն վայելում են թանով: Հետաքրքիր է նաև, որ Սյունիքում ի տարբերություն Արցախի, ժենգյալի հետ ձեթ չեն լցնում, արդեն պատրաստումից հետո տաք ժենգյալով հացի մեջ կարագ են դնում:

Բայց նունիսկ Արցախում կան մատուցման տարբերություններ․ հետաքրքիր է, որ Մարտակերտի շրջանում ժենգյալով հացը ուտում են խոզի յուղուվ, բայց ոչ թե նախապես այն ավելացնելով հենց ժենգյալին, այլ այն ժամանակ, երբ արդեն ժենգյալով հացը պատրաստ է: Ինչպես պատմում են մարտակերտցիները, պետք է տաք ժենգյալով հացին ավելացնել մեկ թեյի գթալ խոզի յուղ:

Ենթադրաբար նախկին բոլոր շրջաններում ժենգյալով հացի պատրաստման ժամանակ ևս օգտագործվում էր խոզի կամ այլ կենդանական յուղ, բայց ժամանակի ընթացքում խոզի յուղից անցում է կատարվել դեպի տարբեր տեսակի ձեթեր:

Բացի ժենգյալով հացից կա ևս մեկ ուտեստ՝ «պենջյարավ հացը» /եղինջով հաց/: Ինչպես պատմում են ավագ սերունդները, «պենջյարավ հացը» հայտնվել էր Արցախի համար դժվար ժամանակահատվածում, երբ սնունդ չկար, իսկ քանի որ երինջը հնարավոր էր գտնել տարվա բոլոր եղանակներին, մարդիկ սկսել են երինջով հաց պատրաստել:

Քրիստինե Ալավերդյան