Արցախցիների բնակապահովման ծրագրով հարյուրավոր դիմումատուներ մերժում են ստացել․ Գեղամ Մանուկյան

Անցնող մի քանի շաբաթներին շատ ակտիվ վերսկսվել են Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկումները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել են Արցախից բռնի տեղահանվածներին բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ․

«Նման ձեւաչափի նպատակը եղած խնդիրները վեր հանելն է, հաշվառելը, փորձել դրանց լուծումներ տալ, վերամշակել մինչ այժմ եղած ծրագրերը եւ վերացնել դրանցում առկա բացերը։ Հիմա արդեն գործնական քայլերի փուլն է:

Երեկ գործընկերոջս՝ Տիգրան Աբրահամյանի հետ համատեղ ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով ներկայացրել ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ։

Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։

Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝ պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը, եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը, քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը, ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ։

Այդ առումով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ հարցումներ, առաջարկներ, ՍԴ դիմումներ եւ այլ միջոցներ։ Առաջիկայում այդ քայլերի մասին առավել մանրամասն կլինեն հրապարակային հայտարարություններ եւ գործողություններ։

Կից տեղադրում եմ ՀՀ կառավարությանն ուղղված բնակտարածքների ապահովման ծրագրում առաջարկվող փոփոխություններով գրությունը»,- ասվում է պատգամավորի գրառման մեջ։

«Նոր հարթակներ արցախահայ երիտասարդների համար»

Restart Foundation for Science and Education-ը հայտատարում է․

«Ռեստարտ» հիմնադրամը օգոստոսի 1️⃣0️⃣-ին, 1️⃣7️⃣-ին և 2️⃣4️⃣-ին կազմակերպում է «Նոր հարթակներ արցախահայ երիտասարդների համար» խորագրով հանդիպումների շարք, որոնց ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալու արցախահայ երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններին։
Հանդիպումը բաց է բոլոր ցանկացողների համար. միայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Խնդրում ենք հայտադիմումը լրացնելիս նշել այն օրերը, որոնց կկարողանաք ներկայանալ:
Հանդիպումը տեղի կունենա Տերյան 72 հասցեում՝ «Ռեստարտ» հիմնադրամի գրասենյակում։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:

Գործարքների նախադրյալներ տեսանելի են՝ կանխարգելելու տարածաշրջանային պատերազմը

Step1.am-ի զրուցակիցն է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։

-Պարո՛ն Կանդահարյան, կա՞ Լիբանանում մեծ պատերազմի վտանգ, Լիբանանի պետականությունը կասկածի տա՞կ է առվում, ի՞նչ են ցույց տալիս վերջին օրերի զարգացումները։

-Այո՛, վտանգը կա իհարկե, մանավանդ, երբ Իսրայելն այդ երկու գործողություններն իրականացրեց՝ Բեյրութի հարավային արվարձաններում՝ սպանելով «Հեզբոլահի» ռազմական խորհրդի ամենահեղինակավոր դեմքին, իսկ ժամեր անց նաեւ Թեհրանում սպանվեց «Համասի» գլխավոր դեմքը։ Այս երկու գործողությունները կտրուկ սրեցին իրավիճակը, եւ կանխատեսումներ եղան, որ սա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։ Այսինքն՝ Լիբանանի դեպքում գործողությունները կարող են միջսահմանային ռազմական գոտու գծերից դուրս գալ ու ներգրավել լիբանանյան այլ շրջաններ եւս։ Չնայած Բեյրութի հարավային արվարձանում իրականացված հրթիռակոծումը արդեն որոշակի առումով աշխարհագրության փոփոխություն էր։ Դրա նախադեպերը կային, բայց այս անգամ խնդիրն այն էր, որ շատ հեղինակավոր դեմքեր էին սպանվել․ եւ «Հեզբոլահի» գլխավոր քարտուղարը, եւ պաշտոնական Թեհրանը հայտարարեցին, որ լինելու են ուժգին ու ցավոտ պատասխաններ։ Խնդիրն այն է, որ հասարակական առումով անհանգստությունն այստեղ խորացավ, երկու հանգամանք կար դրա համար։ Առաջինն այն էր, որ օտար ավիաընկերությունները հետաձգեցին, չեղարկեցին իրենց թռիչքները։ Երկրորդը՝ օտարերկրյա դեսպանությունները կոչերով ու հաղորդագրություններով հանդես եկան՝ իրենց քաղաքացիներին հորդորելով, որ անհապաղ լքեն Լիբանանի տարածքը։

Տարածաշրջանային առումով այս բոլոր սրացումներն ու էսկալացիան գրանցվեցին, ճիշտ նախօրեին ճնշումները շատանում էին, որպեսզի կողմերը եւ հատկապես իսրայելյան կողմը Գազայում հրադադարի շուրջ համաձայնության գան։ Քանի որ խնդիրը փաթեթային է, այսինքն՝ պատերազմ է եւ Գազայում, եւ Հարավային Լիբանանում, սա տարածաշրջանային բազմակետային, թիրախային մարտավարություններով ընթացող պատերազմ է։ Եվ մեր մտավախությունն այն է, որ պատերազմը կարող է ձեւաչափային փոփոխության ենթարկվել եւ վերածվել տարածաշրջանայինի, եթե Իրանը Իսրայելին հզոր հարված հասցնի։ Անվերջ հակադարձելու շղթայի տրամաբանությամբ են ընթանում ռազմական գործողություններ։

Այսօր, սակայն, որոշակի փոփոխություն է նկատվում լուրերի մեջ։ Նախ մամուլում կան հրապարակումներ, որ ամերիկյան պաշոտանատարներ գնացել են Իրան՝ բանակցելու։ Մոտավորապես բանաձեւը սա է, որ Իրանը սահմանափակ հակադարձում իրականացնի, որի դիմաց հրադադար կլինի, պատանդներն ազատ կարձակվեն, հետո կսկսվեն բանակցություներ, կխոսեն Գազայի կարգավիճակի, իսրայելյան ուժերի հեռացման, գերիների փոխանակման մասին։ Անգամ նաեւ հեռվից նկատվում է «երկու պետություն» բանաձեւը, որը նախադրյալներ ուներ միջազգային օրակարգի վերածվելու։ Այսինքն՝ թեժացման սպառնալիքներին զուգահեռ գնում են նաեւ քաղաքական գործընթացներ, եւ կանխատեսումներ կան, որ պատասխան հարվածները հետաձգվում են։ Ավելի վաղ ԱՄՆ-ն ժամեր էր նշել, ասել էր, որ 48 ժամ հետո կլինի Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Եվ հիմա սկսել են կանխատեսել, որ կարող է ինչ-որ տեղ համաձայնություն լինել, որ ուժգին ու ծավալային պատասխան չլինի։ Եվ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ լայնամասշտաբ պատերազմ չբռնկվի։

-Տրամադրությունները Լիբանանում արմատակա՞ն են, թե՞ հարմարվողական։

– Տարբեր տրամադրություններ կան։ Բնականաբար, «Հեզբոլահի» շրջապատը եւ նաեւ այն համայնքները, որոնք իրենց տիրույթներն են, պատրաստ են պատասխանելու եւ հակազդելու իսրայելական ոտնձգություններին։ Բայց լիբանանյան հասարակական որոշ հատվածներ չեն ուզում, որ Լիբանանը ներքաշվի ընդհանուր պատերազմի մեջ։ Ի վերջո նաեւ պետք է մտածել, որ քաղաքական օրակարգերը փոխկապակցված են։ Այսինքն՝ եթե Գազայում հրադադար լինի, դա Հարավային Լիբանանում եւս կհանգեցնի հրադադարի։ Եթե իսրայելա-պաղեստինայն բանակցություններ սկսվեն, տեսանելի կլինի նաեւ Իսրայել-Լիբանան ցամաքային սահմանազատման օրակարգը։ Ծովային սահմանազատումը եղել է, միջնորդավորված բանակցություններ էին գնում ԱՄՆ միջնորդությամբ, եւ ի վերջո մի քանի տարի առաջ կայացավ ծովային սահմանազատման համաձայնությունը։ Հիմա արծարծվում է ցամաքային սահմանազատման հարցը, բայց նման համաձայնությունները սովորաբար տարածաշրջանի երկու գլխավոր խաղացողների միջեւ են կայացվում՝ մի կողմից Միացյալ նահանգներն է, մյուս կողմից՝ Իրանը։ Բայց հիմա այնպես է, որ Միացյալ նահանգները բանակցում է Իրանի հետ, որպեսզի Իրանին զսպի՝ չգնալու լայնածավալ հարձակումների։

-Հնարավո՞ր է իրանա-ամերիկյան մեծ գործարք, եւ ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի ու տարածաշրջանի վրա։

-Չեմ բացառում դա, որպեսզի այս գործողությունները տարածաշրջանային լայնածավալ տեսք չստանան, կանխվի տարածաշրջանային պատերազմը։ Դրա համար սաստկացել են ճնշումները, թեեւ շուրջ 10 օր է անցել այդ հարձակումներից, բայց դեռեւս պատասխան չկա, չնայած իրենք հայտարարել են, որ պատասխանելու են։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ պատասխանը պետք է նախկին պատասխանի սահմաններում լինի։ Այսպես եմ մտածում, որովհետեւ ապրիլին ամբողջ աշխարհը, համաշխարհային լրատվամիջոցները խոսում էին ավելի ծավալուն պատերազմի մասին, երբ Իսրայելն անօդաչու թռչող սարքերով հարվածեց Իրանին, եւ դրա պատասխանը եղավ անօդաչու սարքերով Իրանի կողմից հարձակումը իսրայելյան որոշ հենակետերի։ Բայց լայնածավալ հարձակում չեղավ, չնայած յուրաքանչյուր կողմ յուրովի մեկնաբանեց հարվածի արդյունքները։ Ուզում եմ ասել, որ անգամ այդ դեպքը չհանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի, եւ չեմ բացառում, որ որոշակի գործարքներ կլինեն, եւ պատասխանները զուսպ ու սահմանափակ կլինեն։

-ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից հետո կմնա՞ Մերձավոր Արեւելքի ներկայիս կառուցվածքը, որի առանցքը ԱՄՆ-Իսրայել անվերապահ դաշինքն է։

-Միջին Արեւելքում նաեւ քաղաքական քարտեզ էր փոխվում։ Գազայի պատերազմից առաջ Սաուդյան Արաբիան եւ Իրանը որոշել էին հաշտվել, Չինաստանում նաեւ կայացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայնություն։ Այսինքն՝ քաղաքական իրավիճակի քարտեզ էր փոխվում, բայց Գազայի հարցը շատ խաղաքարտեր խառնեց։ Ի վերջո նաեւ նկատվում է Իսրայելի դերի վերանայում ԱՄՆ կամ միջազգային ընտանիքի կողմից։ Օրինակ՝ ՄԱԿ-ում Գազայի պատերազմի սկզբնական օրերին Թել Ավիվի ներկայացուցիչը պահանջում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Այդ պահանջն անարձագանք մնաց։ Այդ անարձագանք մնալը ցուցիչ է, որ իրավիճակ է փոխվել։ Հոլոքոստի, ցեղասպանության մենաշնորհն ունեցող Իսրայելն ինքը դատվում էր, այսինքն՝ Միջազգային քրեական դատարանի դատախազությունը ցեղասպանության հանցանքի մեջ է մեղադրում Իսրայելի կառավարությանը։ Իրավիճակ է փոխվել։ Ի վերջո, չմոռանանք, որ Իսրայելյան մարտունակ բանակի միֆը կոտրվեց, Իսրայելի բանակը որոշ հարվածներ է ստացել։ Մինչ այսօր Գազայի պատերազմը չի ավարտվել, Նեթանյահուն ներիսրայելյան շատ լուրջ դժգոհություններ ունի, պատանդները դեռ ազատ չեն արձակվել, իսրայելյան բանակը Գազայի հատվածում չի տեղակայվել, «Համասը» չի ոչնչացվել։ Սրանք իրենց հայտարարած առաջադրանքներ էին, որոնք չեն իրականացվել։ Այս բոլոր հանգամանքների ու փաստերի արձանագրումը պետք է նկատի ունենալ՝ տարածաշրջանում Իսրայելի դերի վերանայման կամ ԱՄՆ անվերապահ սատարման համատեքստում։

Ի՞նչ տրամադրություններ են Լիբանանի հայ համայնքում, մարդիկ լքո՞ւմ են երկիրը, թե՞ մտադիր են մնալ։

-Լիբանանյան հասարակության վրա ընդհանրապես ազդեցին իսրայելյան ռազմական ինքնաթիռների ճախրանքը լիբանանյան օդային տարածքում, պայթյունների ձայները, օտարերկրյա դեսպանատների հայտարարությունները։ Թռիչքների չեղարկումների հետեւանքով կուտակումներ ստեղծվեցին օդանավակայանում։ Կան մարդիկ, որոնք եկել էին արձակուրդ, շտապում են վերադառնալ երկրից։ Այս ամենը հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա, իսկ հայ համայնքը լիբանանյան հասարակության բաղկացուցիչ տարր է եւ բնականաբար ինքը եւս կկրի այս հետեւանքները։

Բայց այս համայնքը որոշակի փորձ է կուտակել, տարբեր ճգնաժամերի է հանդիպել՝ եւ անվտանգային, եւ ֆինանսական, եւ սոցիալական։ Հայ համայնքն ունի այդ գիտակցությունը՝  ճգնաժամերի դեպքում համախմբվելու։ Օրինակ՝ հայ քաղաքական կուսակցությունները նիստ են գումարել, քննարկել են տարածաշրջանում եւ Լիբանանում տիրող ռազմաքաղաքական իրադարձությունները, դրանից բխող հավանական ճգնաժամային հետեւանքները եւ այդ բոլորը հաղթահարելու համար համակարգված աշխատելու ուղիներն են քննարկել։ Հայկական բարեսիրական տարբեր միությունների ներկայացուցիչներ նիստ են արել եւ ճգնաժամի սցենարի դեպքում ժողովրդի կարիքների վերաբերյալ հարցեր են քննարկել։ Բայց տա Աստված, որ մենք չգտնվենք այդ հերթական ճգնաժամի փուլի մեջ, եւ պատերազմական գործողություններ չծավալվեն։

Ռոզա Հովհաննիսյան

 

Բաքուն գերադասեց բացառել «Զանգեզուրի միջանցքը», քան ամրագրել Հայաստանի իրավասությունը

Ալիևի օգնական Ամիրբեկովի վերջին հայտարարությունը հերթական աղմուկը բարձրացրեց ինչպես ֆաշիստական, ահաբեկչական ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

Ցավալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը պարզապես հաստատում կամ հերքում է այս կամ այն ​​պայմանագիրը մի երկրի հետ, որը 4 տարի ագրեսիվ քաղաքականություն և պատերազմ է վարում Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Այնուամենայնիվ, Երևանը հաստատել է, որ «փոխադարձ համաձայնությամբ խաղաղ համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը»։ Խոսքը “զանգեզուրի ճանապարհի” մասին է։

Ամիրբեկովը նաև ասել է, որ Հայաստանը համաձայնել է լուծել այլ «խնդրահարույց» հարցեր խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Նա մասնավորապես նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և միջազգային դատարաններին ներկայացված հայկական հայցերի հետկանչումը։ Այս երկու կետերի վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից առայժմ մեկնաբանություններ չկան։

Ինչպես հայտնի է, դեռ 2023 թվականին Իրանը հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանին ցամաքային ճանապարհ տրամադրել Նախիջևանի հետ Իրանի տարածքով հաղորդակցվելու համար։ Իսկ Թուրքիան, իր հերթին, հայտարարեց, որ Հայաստանի տարածքով ճանապարհ իրեն ընդհանրապես պետք չէ, իսկ Ադրբեջանը կարող է հեշտությամբ շփվել Նախիջեւանի հետ Իրանի տարածքով։

Այնուհետև «Զանգեզուրի միջանցքի» թեման որոշ ժամանակ մարեց, թեև պարբերաբար նորից բորբոքվում էր՝ կախված աշխարհաքաղաքական գործընթացներից։

Հիմա, երբ Արևմուտքը ինտենսիվորեն քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման թեման, ահաբեկիչները որոշել են հայկական կողմին այդքան նյարդայնացնող համաձայնագրի տեքստից հանել «զանգեզուրի միջանցքի» թեման։

Ի՞նչ է թաքնված ադրբեջանական կողմի այս որոշման հետևում։

Ինչպես գիտեք, «Զանգեզուրի միջանցքի» թեման ակտուալացվեց 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ին Հայաստանը, ռուսաստանը և ադրբեջանը ստորագրեցին եռակողմ հայտարարություն։

Համաձայն հայտարարության 9-րդ կետի՝ սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, ըստ հայտարարության, պետք է իրականացներ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությամբ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը։

Այսինքն, ըստ էության, ենթատեքստն այն էր, որ մարդասիրական Լաչինի միջանցքը հավասարեցվել է «Զանգեզուրի միջանցքին»։ Հայկական կողմը 2023-ին Բերձորի միջանցքի ապաշրջափակումից հրաժարվելը պայմանավորվել է նրանով, որ չի ցանկանում, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման ակտուալանա։ 2023 թվականի սեպտեմբերին հայկական կողմը կորցրեց վերահսկողությունը Բերձորի միջանցքի նկատմամբ, սակայն դա չհանեց «Զանգեզուր» արտատարածքային ճանապարհի մասին պահանջը։

Դեռ 2021 թվականի փետրվարին ադրբեջանը Ֆիզուլիի շրջանում սկսվել է Հորադիզ-Աղբանդ երկաթուղու շինարարությունը նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքներում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի աշնանը։

Դեռևս 2016 թվականին, երբ ադրբեջանական զինուժը գրավեց Արաքս գետի հովտում Իրանի հետ սահմանին գտնվող Վարազաթումբի բարձունքները, որոնց անվանում են Լելե Թեփե, ակնհայտ էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սկսվում է հենց 1993 թվականին ազատագրված տարածքներից։

Հիմա Արցախն ամբողջությամբ հայաթափվել է. Ռուսական խաղաղապահ զորախումբը լքել է Արցախը, որը օկուպացվել և հանձնվել է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական խմբավորումներին, որոնք գործում են  Իսրայելի զինված ուժերի աջակցությամբ։

2024 թվականի մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Իրանի ղեկավարությունը վերադառնում էր ադրբեջանի հետ Իրանի սահմանին գտնվող երկու հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունից։ Նույն օրը Ռաիսին պետք է մասնակցեր Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի և հարևան երկրների միջև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի բացման արարողությանը։

Այսօր մենք տեսնում ենք իրավիճակի անհավանական սրում Մերձավոր Արևելքում. Իրանն ու Իսրայելը պատերազմի շեմին են։ Իսկ ուկրաինական զորքերն արդեն ռուսական տարածքում են։

Այս իրավիճակում Բաքուն իբր «հրաժարվում է» «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից։ Փաստորեն, Բաքուն հասավ դրան, որ «պայմանագրից» հանեն կարեւոր հիշատակումը՝ տարածաշրջանի բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Բաքուն գերադասեց բացառել «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը, քան ամրագրել Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Մարգարիտա Քարամյան

Լուկաշենկոն խոսել է «Ռուսաստանի փլուզման» հավանականության մասին

Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ եթե «Ռուսաստանը քանդվի», ապա ԱՊՀ մյուս բոլոր երկրները «կհասնեն հատակին»։ Լուկաշենկոն կոչ է անում «միասնության»՝ արտաքին սպառնալիքներին համատեղ դիմակայելու համար, հայտնում է Belta ռեսուրսը։

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ խորհրդի նիստում Լուկաշենկոն ասել է, որ ստեղծված իրավիճակում որոշ երկրներ փորձում են օգուտ քաղել իրենց համար։ Բելառուսի բռնապետի խոսքով՝ ԱՊՀ որոշ երկրներ որոշել են հեռու մնալ Ռուսաստանի Դաշնությունից, քանի որ երկիրը գտնվում է պատժամիջոցների տակ։ Այնուամենայնիվ, նա կոչ է անում «երես չշրջել Ռուսաստանի Դաշնությունից»։ Հակառակ դեպքում դա «վատ» կլինի բոլորի համար։

Մարտերն ընթանում են Կուրչատովից՝ Կուրսկի ԱԷԿ-ից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա

Կուրչատովի սահմաններից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, մարտեր են ընթանում, իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Կորպունկովը Telegram-ի իր ալիքում։

Կորպունկովը քաղաքի բնակիչներին կոչ է արել չտրվել խուճապին և «թշնամու տեղեկատվական սադրանքներին»։ Նրա խոսքով, ուկրաինական իշխանությունները Կուրսկի շրջանի բնակիչների դեմ օգտագործում են ոչ միայն ռազմական զենք, այլև «հոգեբանական հատուկ ջոկատներ»։ «Նրանց նպատակն է խուճապ սերմանել բնակչության շրջանում, ստեղծել անկառավարելի իրավիճակ և քաոս։ Մեր ընդհանուր խնդիրն է դա թույլ չտալ: Վստահեք միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին: Հանգիստ մնացեք և հավատացեք մեր հաղթանակին», – եզրափակեց նա։

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` օգոստոսի 9-ին, 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են NEWS.am-ին՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+31

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28,

Լոռի՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+28,

Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36,

Արարատ՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,

Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+29,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +35+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29:

Արցախցի Իդան վարպետաց դաս անցկացրեց․ համի գաղտնիքը հոգուս մեծ սերն է

“”Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից կյանքի կոչված “Վերածնունդ” ծրագրի շրաջանակներում Common Ground Books & Spirits-ում կազմակերպվեց հերթական միջոցառումը՝ Արցախյան փախլավայի պատրաստման վարպետաց դասը։ ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը, ողջունելով հյուրերին, մաղթեց վարպետաց դասի հաջող ընթացք ու արցախյան փախլավայի բարի վայելում։

Ծրագրի շահառու Իդա Պողոսյանը արցախյան անուշահամ փախլավայի պատրաստման վարպետաց դաս անցկացրեց մի խումբ հյուրերի համար, որոնք շատ էին ցանկանում սովորել արցախյան փախլավա թխելը և իմանալ պատրաստման գաղտնիքներն ու նրբությունները։ Իդան իր բաղադրատոմսով փախլավա է թխում արդեն 5 տարի։ Նա ասում է, որ իսկական փախլավան պետք է ընկույզով լինի և ներկայացնում է փախլավայի բաղադրիչները։

-Ինձ համար փախլավան բոլոր թխվածքների թագուհին է, իսկ Արցախյան փախլավա թխելը մի իսկական ստեղծագործություն։ Նրա պատրաստումը պահանջում է շատ նուրբ աշխատանք, որի մեջ պետք է ներդնել մեծ սեր,- ասում է Իդան և ավելացնում,-իմ փախլավայի համի գաղտնիքը հոգուս մեծ սերն է, որ տալիս եմ աշխատանքիս։

Մինչ փախլավաները կթխվեին՝ երեք աղջկա մայր Իդան պատմում է, թե երբ ու ինչպես է սկսել զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ և մատնահարդարմամբ։

“2020 թվականի պատմերազմից հետո, երբ տեղափոխվել էինք Հայաստան, առաջին անգամ մտածեցի խմորեղեն պատրաստել ու վաճառքի հանել։ Մոտ 10 ամիս զբաղվեցի այդ գործով, որը հետզհետե սկսել էր ինձ դուր գալ։ Հետո վերադարձանք Արցախ, ու ես անցա իմ հիմնական աշխատանքին։ Աշխատում էի դպրոցում՝ որպես համակարգչային օպերատոր, իսկ դպրոցից հետո զբաղվում էի  մատնահարդարմամբ։ Այնուհետև ծնվեց երրորդ բալիկս, մի որոշակի ժամանակահատված դադար տվեցի ու հետո որոշեցի ունենալ իմ սեփական մատնահարդարման անկյունը՝ չնայած Արցախում լիակատար շրջափակում էր։ Այդ ընթացքում հրուշակագործությամբ չէի զբաղում։

2023-ին Արցախից տեղահանվելուց հետո որոշեցի կրկին սկսել բիզնեսս, քանի որ բոլորիս համար հոգեպես ծանր ժամանակաշրջան էր և այդ իրավիճակից դուրս գալու համար զբաղմունք էր պետք։  Քաղցրավենիքներ պատրաստելը միշտ էլ իմ հոբբին է եղել, ու ես այն դարձրի նաև եկամտի աղբյուր։ Դժվարությամբ, սակայն կարողացա պատվիրատուներ ձեռք բերել և այսօր դժգոհ չեմ իմ աշխատանքից։ Խմորեղենիս պահանջարկը մեծ է”,-պատմում է Իդան և ջեռոցից հանում արդեն պատրաստ Արցախի ամենահայտնի քաղցրավենիքը։

Վարպետաց դասն ամփոփվեց անուշաբույր խմորեղենի համտեսով։ Իհարկե, չէր պակասում նաև խոտաբույսերով պատրաստված համով թեյը։

Նշենք, որ “”Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն” ՀԿ-ն 2023 թվականի հոկտեմբերի 10-ին վերագրանցվել է Հայաստանում և ձեռնամուխ եղել “Վերածնունդ” ծրագրի իրականացմանը, որը ֆինանսավորվել է “Եվրասիա համագործակցութուն” հիմնադրամի կողմից։ Արցախցի մի շարք ձեռներեց կանայք կարողացել են ծրագրի շրջանակներում օժանդակություն ստանալ և Հայաստանում զարգացնել իրենց փոքրիկ բիզնեսները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կեղծավորություն. Հայաստանի խորհրդարանն ընդունում է ոչ թե արցախցի պատգամավորներին, այլ երեխաներին

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ, որոնք ընդգրկված են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում։ Այս մասին փոխանցում են Ազգային ժողովից։

Տեղահանությունից հետո 10 ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, այդպես էլ չեն նախաձեռնել հանդիպումներ Արցախի ընտրված իշխանությունների կամ հասարակության ներկայացուցիչների հետ։ Սոցապ նախարարությունը երբեմն «բնակության զոնաներում» հանդիպումներ է ունենում արցախցիների հետ՝ շփվելով նրանց հետ ինչպես բորոտների։ Արցախի՝ որպես պետական, վարչատարածքային միավորի կամ ազգային միավորի մասին ցանկացած հիշատակում անտեսվում է։ «Արցախ» տեղանունը խստորեն փոխարինվել է «Լեռնային Ղարաբաղ»-ով. Հայաստանի խորհրդարանի պատգամավորները, որոնք ունեն բազմաթիվ «համագործակցության հուշագրեր» ստորագրված արցախցի իրենց գործընկերների հետ, կտրականապես չեն շփվում արցախցի պատգամավորների հետ։ Արցախի հարցը «փոխադարձ համաձայնությամբ» բացառված է ապագա «խաղաղության պայմանագրի» տեքստից, թեև Հայաստանի Սահմանադրությունն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989թ. որոշմանը։ Բաքուն անընդհատ հիշեցնում է այդ մասին, բայց Երևանում ձևացնում են, թե նման բան չկա։

Ինչո՞ւ եք հյուրընկալում փոքրիկ արցախցիներին, այ, ներեցեք, ղարաբաղցիներին, ինչպես կասեր Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը, Հայաստանի խորհրդարանում։ Ո՞ւմ է պետք նման կեղծավորություն:

Արթուր Ալեքսանյանի եզրափակիչը կբողոքարկվի

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:

«Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն առաջին մեկնաբանությունն է տվել եզրափակիչ գոտեմարտից հետո:

«Ես այստեղ ոսկե մեդալի համար էի եկել: Բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց: Այդ դրվագում իրանցի ըմբիշը երկու ոտքով գտնվում էր գոտեմարտելու տարածքից դուրս: Եվ ես այդ պահը նկատեցի և ինքս ասացի, որ մարզիչները բողոքարկեն: Եթե երկու ոտքով դուրս ես գալիս, ուրեմն մեկ միավոր ինձ պետք է տային: Բայց այդ մեկ միավորի փոխարեն երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկն ավելացրին բողոքարկելու համար: Բոլորն են հարցնում, թե ինչո՞ւ հանեցի մեդալը: Սրա համար եմ հանել այն: Այդտեղ մեկ միավորը իմը պետք է լիներ,  և հաշիվն էլ պետք է լիներ 2:1 հօգուտ ինձ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանյանը:

Վերջինիս խոսքով` այժմ հիասթափությունը մեծ է մրցավարական անարդարությունից:

«Ապագայի մասին դեռևս վերջնական չեմ որոշել: Եվ, իրոք, այս անարդարություններից շատ եմ հիասթափված: Դեռ մնալու եմ ըմբշամարտում: Հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի»-առանձնացրեց նա:

Ըստ Ալեքսանյանի՝ մրցավարների հետ կապված խնդիրներ կային նաև Սլավիկ Գալստյանի գոտեմարտում, ինչը տպավորություն է ստեղծում, որ Հայաստանի հավաքականի դեմ ինչ-որ տեղ լարվածություն կա:

«Ինչ վերաբերում է գոտեմարտերին ներկա մեծաքանակ հայ երկրպագուներին, կարծես ես տանը գոտեմարտեի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ համայնքին, բոլոր հայերին, ովքեր ներկա էին: Իրոք մեծ աջակցություն ենք զգացել: Ամբողջ թիմի անունից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,-ասաց ըմբիշը:

 

Կուրսկ. Մոսկվան միտումնավո՞ր է ցույց տալիս թուլությունը

Արդեն չորս օր է, ինչ Ռուսաստանի Կուրսկի մարզում իսկական մարտեր են ընթանում՝ տանկերով, ինքնաթիռներով, բնակչության տարհանումով ու տարածքների գրավմամբ։ Վերլուծաբանները քննարկում են, թե արդյոք Կուրսկի օպերացիան կարող է լինել «պայմանավորված»՝ խոշոր բանակցություններից առաջ: Ռուսաստանի ղեկավարության անսպասելի արձագանքը, որը ի ցույց դրեց իր թուլությունը, վկայում է «պայմանավորվածության» հավանականության մասին։

Ըստ ռուս զինվորական բլոգերների՝ Կուրսկի շրջանում մարտերն այժմ ընթանում են Կուրչատովից 30 կիլոմետր հեռավորության վրա, այնտեղ է գտնվում Կուրսկի ատոմակայանը՝ նշելով, որ ուկրաինական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում ամրակայման աշխատանքներն արդեն ընթանում են։

Ամերիկյան մամուլը գրում է, որ նույնիսկ Կիևում նման հաջողություն չէին սպասում Կուրսկի շրջանում ռազմական գործողություններից։ Այս ֆոնին Ուկրաինան կրկին դիմել է ԱՄՆ-ին` թույլ տալ օգտագործել ATACMS հրթիռները ռուսական ռազմական օդանավակայանները գրոհելու համար: «Օդանավակայաններին հարվածները Կիևին հնարավորություն կտան իր վերահսկողության տակ պահել Կուրսկի շրջանի մի մասը, և դա զգալի հակակշիռ կլինի Կրեմլի հետ խաղաղ բանակցությունների դեպքում»,- գրում է The Washington Post-ը։ Կուրսկի շրջանի տարածքում եռօրյա մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել գազի չափիչ կայանը։ Հենց այս կայանի միջոցով Կրեմլը գազ է մատակարարում Հունգարիային և Սլովակիային։

Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հաղթահարել հակառակորդի երկու պաշտպանական գիծ, ​​որի վրա Կրեմլը ծախսել է 15 միլիարդ ռուբլի։

Օգոստոսի լույս 9-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Լիպեցկի տարածքում հակառակորդի բանակի ռազմական օդանավակայանի վրա։ Այնտեղ պայթել են զինամթերքի պահեստի արկերը: Տեղական իշխանությունները հայտարարել են օդանավակայանի տարածքում գտնվող չորս բնակավայրերից՝ Տինկովկայից, Յակովլևկայից, Ֆեդորովկայից և Կոպցևի խուտորներից խաղաղ բնակիչների տարհանման մասին։

The Insider-ը, հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում՝ տեղի բնակիչների, նշում է, որ Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վերահսկողության տակ առնել 350 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող 11 բնակավայր։ Համեմատության համար նշվում է, որ օկուպացված տարածքը մոտավորապես հավասար է Խարկովի տարածքին։

Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհն ասել է, որ Վաշինգտոնը ռուսական սահմանի ճեղքումն ու Կուրսկի մոտ տեղի ունեցած բախումները սրացում չի համարում։

«Ուկրաինայի նպատակը, ամենայն հավանականությամբ, հնարավորինս շատ տարածք գրավելն է՝ այն փոխանակելու համար։ Սա պարզ, գծային նպատակ է՝ դուք մեզնից խլեցիք Խարկովի մի մասը, մենք ձեզնից գրավեցինք Կուրսկը, և եկեք փոխանակենք։ Տրամաբանությունը պարզ է, և, ամենայն հավանականությամբ, հենց դրանով են առաջնորդվել ուկրաինական իշխանությունները, երբ համակարգում էին այս գործողությունը»,- ասում է Մարկ Ֆեյգինը։

«Տարածք զավթելը մակերեսային նպատակ է, թեև դա ձեռնտու է բոլորին, քանի որ հանկարծ պարզվեց, որ Ռուսաստան մտնելը հեշտ է (համեմատաբար հեշտ է, այնուամենայնիվ), որ կարելի է մտնել, քանի որ այնտեղ ոչինչ չկա։ Իսկ եթե նույն ճանապարհով գնան Բրյանսկի մարզ կամ մեկ ա՞յլ տեղ։ Սա, ի դեպ, նույնպես կարևոր է Արևմուտքի համար»,- ասաց Մարկ Ֆեյգինը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ ասել է, որ այս հարձակումը կարող է ուղղված լինել նաև Կիևի բանակցային դիրքերի ամրապնդմանը։

Ռուսական հետախուզությունը երկու շաբաթ առաջ գիտեր ուկրաինական զինված ուժեր Կուրսկի շրջան մոտալուտ ներխուժման մասին, սակայն երկրի ռազմական ղեկավարությունն անտեսել է այդ տեղեկությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։

Նրա խոսքով, հարձակման նախապատրաստման մասին տեղեկատվությունը, որը ամենախոշորն է Ուկրաինայի համար պատերազմի սկզբից ի վեր, նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաղորդվել: Տվյալներն անտեսել է նաև Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ով Ուկրաինայում ռուսական խմբավորումը ղեկավարում է 2023 թվականի հունվարից։

Նրանք անտեսե՞լ են, թե՞ թույլ են տվել ուկրաինացիների մուտքը, որպեսզի արդարացնեն առաջիկա նահանջը Ուկրաինայի որոշ շրջաններից Z-պատրիոտների կողմից զոմբիացված բնակչության առաջ։

Հարազատները չգիտեն՝ որտեղ փարատեն իրենց վիշտը․ Արթուրը կրկին որբացավ

Արցախյան պատերազմը մեզանից հազարավոր կյանքեր է խլել: Ցավոք, շատ շատերն անգամ չեն հասցրել ճաշակել կյանքի քաղցրությունները․ նրանք թողել են միայն չսպիացող վերքեր և խոսուն հայացքներով շիրմաքարեր։ Գերեզմաններն են սոսկ հարազատների սփոփման վայրը, որտեղ կարողանում են զրուցել տղաների հետ, խնկարկել նրանց հիշատակը։ Սակայն 2023 թվականի՝ Արցախի հայաթափումից հետո մեր տղաների սուրբ շիրիմները մնացին գերության մեջ․ այսօր հարազատները չգիտեն՝ որտեղ փարատեն իրենց վիշտը, որտեղ ծաղիկներ խոնարհեն։

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Վլադիմիրի Խաչատրյանի հարազատները չեն կարողանում ներել իրենց, որ Արթուրին մենակ են թողել։

-Արթուրն ինձ համար եղբայր էր։ Վերջին տարիներին ապրում էր մեր ընտանիքի հետ։ Նրա ներկայությունը մեր տանը հանգստություն ու մի յուրահատուկ խաղաղություն էր բերում։ Նրա մեջ այնքա՜ն բարություն ու ազնվություն կար։ Սիրում էր նվերներով տուն գալ, ուրախացնել տղայիս՝ Գրիշային, ու միշտ ասում էր, որ ինքը չի տեսել, թող փոքրիկը լավ մանկություն տեսնի։ Տոն օրերին ծաղիկներ էր նվիրում ինձ․ առհասարակ հոգատար էր բոլորի հանդեպ։ Շատ էր սիրում ժամանակ անցկացնել երեխաների հետ, մանկան պես հրճվում էր, խաղում հետները։ Սեպտեմբերի 26-ին դուրս եկավ բակ ու նկարեց մեր շենքի երեխաներին։ Դա վերջին հանդիպումն էր փոքրիկների հետ։

Սեպտեմբերի 27-ից Արթուրն իր ծառայակից ընկերների հետ մարտի դաշտում էր։ Հոկտեմբերի կեսերից կտրվեց նրա հետ կապը։ Բոլորս սպասում էինք, աղոթում, աղերսում Աստծուն, որ նա տուն վերադառնա, սակայն անգութ ճակատագիրը շարունակում էր իր սև գործը։ Արթուրը դարձավ լուսավոր մի հուշ և երբեք չմարող ցավ,-պատմում է Օվսաննան՝ Արթուրի եղբոր կինը, որն այսօր ապրում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում։

Արցախի տեղահանումից հետո Խաչատրյանների գերդաստանը ցրվել է Հայաստանի տարբեր մարզերով մեկ։ Ինչպես բոլոր արցախցիները, նրանք նույնպես ծանր են տանում իրարից բաժանող հեռավորությունը, առանձնապես մորմոքվում Արցախում մենակ մնացած Արթուրի համար։

Արթուրը փոքրիկ քրոջ՝ Հերմինեի հետ պիտի հայտնվեր Հայաստանի մանկատներից մեկում, ապա արցախցի ընտանիքի կողմից որդեգրվեր ու․․․ կրկին որբանար։  Հանկարծակի հիվանդությունից կյանքից հեռացան՝ սկզբից մայրը, ապա հայրը։ Շուշիկ և Վլադիմիր Խաչատրյանների որդեգրած երեխաների հոգսն ընկավ նրանց հարազատների վրա։ Ընտանիքը, որտեղ ապրում էր, բազմանդամ էր։ Մորը փոխարինած Հերսիկ Խաչատրյանը տղային բարի աչքով էր նայում, խնամում՝ ինչպես հարազատի։

Տարիներն անցնում էին գլորվելով, և Արթուրը կարողանում էր դիմանալ կյանքի մարտահրավերներին ու կայանալ՝ որպես Արցախի լիարժեք քաղաքացի։ Ավարտելով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցն՝  ընդունվեց ԱրՊՀ իրավագիտության բաժինը և ձեռք բերեց իրավաբանի մասնագիտություն։ Նոր կյանք էր ցանկանում ստեղծել, ու դրան հասնելու, սրտում ամբարած երազանքներն ի կատար ածելու համար տարբեր աշխատանքներ էր կատարում՝ ուսմանը զուգահեռ։ 2020 թվականին ծառայում էր ԱՀ ՊԲ շարքերում։

Հերոսի քույրը՝ Հերմինեն, չի հաշտվում այն մտքի հետ, որ էլ չի կարողանալու ծաղիկներ խոնարհել եղբոր հիշատակին։

-Եղբայրս կրկին է որբացել։ Նրան թողել ենք մենակ ու գերության մեջ։ Վախենում եմ մտածել անգամ, թե թշնամու կողմից ինչպիսի վայրագություններ կարող են կատարվել մեր տղաների շիրմաքարերի հետ։ Արցախից ինձ հետ բերել եմ եղբորս նկարը ու ամեն օր խոսում եմ հետը, մտաբերում խորհուրդները։ Արթուրն ինձ ապրելու ուժ է տալիս ու երկնքից հսկում մեզ։ Միակ երազանքս՝ Արցախ վերադառնալն է ու եղբորս գերեզմանին այցելելը,-ասում է Հերմինեն։

Ցավոք, Խաչատրյանների գերդաստանը 2020 թվականից հետո շատ կորուստներ է ունեցել։ Սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվել է Ռազմիկ Խաչատրյանը, նույն օրը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում թշնամու հրետակոծությունների զոհ են դարձել փոքրիկ Միքայելն ու Հայկն, իսկ բոլորովին վերջերս Լոռու մարզի Մեծավան գյուղում շմոլ գազի թունավորումից մահացել է ընտանիքի կրտսեր զավակը՝ Հարութը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ