«Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ խաղաղության պայմանագիրն առանց Արցախի չի կարող կնքվել։ Դրա համար Ադրբեջանը պնդում է, որ Արցախի հարցը պետք է խաղաղության պայմանագրից հանվի, հնչեցնում է այդ պահանջները»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Ալիեւի օգնական Ամիրբեկովի հայտարարություններին։
Ամիրբեկովն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում կատարել Բաքվի պայմանները՝ Սահմանադրությունից հանել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հղումը եւ հրաժարվել Մինսկի խմբից։ Նա ասել է, որ պահանջում են նաեւ Հայաստանի կողմից հետ կանչել միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում եւս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիևի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը իրավասու չեն լուծարել Մինսկի խումբը։ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում, եւ Մինսկի կոնֆերանսի լուծարման որոշումը նույնպես պետք է ընդունվի կոնսենսուսով՝ 57 պետությունների որոշմամբ։
«Ուստի, դրանք քարոզչական հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն արդարացնել Ադրբեջանին, թե ինչու չի կնքում խաղաղության պայմանագիր։ Բոլորին էլ պարզ է, որ անցած տարիների ընթացքում Ալիեւի իշխանությունը երբեք մտադրություն չի ունեցել կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, համաձայնություն տալ Արցախում հանրաքվե անցկլացնելուն։ Այն, որ մարդկանց էթնիկ զտման են ենթադրել, դրանով չի փոխվել հարցի լուծման ձեւաչափը եւ հարցի լուծման բովանդակությունը։ Այն բոլոր պնդումները, որ ուժով կարելի է նման հարցեր կարգավորել, ի սկզբանե եղել են սուտ։ Մեր հանրությանը մոլորության մեջ են դրել, որ իբրեւ թե կարելի է խաղաղության հասնել առանց Արցախի հարցի։ Այսօր բացահայտվում է, որ նման հայտարարություններ անողները դիտավորությամբ մոլորություն են տարածել։ Ակնհայտ է, որ խնդիրը շարունակում է մնալ, եւ դիվանագիտական ասպարեզում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսլական չունեն։
Արցախի հարցի պրակտիկ լուծումը միջազգային կոալիցիայի ձեւավորումն է, որն ուժով կազատագրի Արցախը։ Հայաստանը միայնակ նման խնդիր չի կարող իր վրա վերցնել։ Միջազգային իրավունքի առանձահատկությունների տեսակետից նման դեպքերում որպես կանոն լուծումը դա է։ Այդ լուծումը եղել է նախկին Հարավսլավիայում, երբ միջազգային կոալիցիան թույլ չի տվել սերբերին էթնիկ զտում անել Կոսովոյում, այդ էթնիկ զտումը կասեցրել է ուժի միջոցով։ Արցախի դեպքում ուշացած է, բայց հիմա այդ խնդիրն է օրակարգային՝ ձեւավորել միջազգային կոալիցիա, որպեսզի ուժով ազատագրվի Արցախը, այնտեղ հաստատվի միջազգային կառավարում»,- ասաց նա։
Ամիրբեկովը նաեւ ասել է․ «Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին։ Իսկ դա կարելի է հանրաքվեով անել։ Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել։ Կարծում եմ՝ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»։
Անդրադառնալով այս մտքին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Սա կարելի է պարզապես հեգնել, որովհետեւ այս պնդումները, որոնք առաջ են քաշվում, միջազգային իրավունքի տեսակետից արժանի չեն որեւէ մեկնաբանության։ Ոչ մի պետություն իրավասու չէ այլ պետության թելադրել պայմաններ իր սահմանադրական կարգի վերաբերյալ։ Նման պահանջ Հայաստանին կարող է ներկայացնել միայն որեւէ միջազգային կազմակերպություն, եթե գտնի, որ Հայաստանի Սահմանադրությունն այդ միջազգային կազմակերպության կանոններին հակասում է։ Բայց այդպիսի բան գոյություն չունի, ՄԱԿ-ի կանոնադրությանը կամ ԵԱՀԿ Հելսինկյան ավարտական ակտի դրույթներին Հայաստանի Սահմանադրությունը չի հակասում։ Եվ Ադրբեջանի կողմից սա լկտի պահվածք է։ Կարողանում են այդ պահվածքը ցուցաբերել, որովհետեւ բավական մեծ չափով փող են բաժանել միջազգային կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներին, տարբեր պետությունների գործիչների են կաշառել։ Սա հանցավոր քաղաքականություն է, այդպես եղել է, այդպես շարունակվում է։ Եվ քանի դեռ Իլհամ Ալիեւն իշխանության է, հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղություն հաստատվել չի կարող»։
Ռոզա Հովհաննիսյան