Ինչի մասին լռում էր Տոյվո Կլաարը․ “ինստրուկցիա” Մագդալենա Գրոնոյի համար

Եվրոպական միության քաղաքական և անվտանգության հանձնաժողովը հաստատել է Մագդալենա Գրոնոյի թեկնածությունը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Նա այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին։ Ինքը՝ Կլաարը, կուղարկվի Ուզբեկստան որպես դեսպան։

Պաշտոնը լքելուց առաջ Տոյվո Կլաարը, ում անունը շատ նեգատիվի հետ է ասոցացվում, որոշել է հարցազրույց տալ և «նշաձող» սահմանել հաջորդ հատուկ ներկայացուցչի համար։ Նա մոտավորապես մատնանշեց այն վեկտորը, որին պետք է հետևի Մագդալենա Գրոնոն և լռեց այն հիմնական խնդիրների մասին, որոնք կողմերը քննարկում են «գետնի վրա», բայց որոնց մասին ԵՄ-ն չպետք է իմանա։

Հիշեցնենք, որ Կլաարը 2023-ի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում մասնակցել է ԵՄ-ՌԴ-ԱՄՆ չարաբաստիկ հանդիպմանը, որում որոշում է կայացվել սեպտեմբերի 19-ի ագրեսիայի, Արցախի ցեղասպանության և բնիկ բնակչության արտաքսման վերաբերյալ։ Այս փաստը չի հերքվել, և այն հավերժ խարան է մնալու նրանց ճակատին, ովքեր մասնակցել են այդ որոշման կայացմանը։

Բացի այդ, Կլաարի և նրա ղեկավար Շառլ Միշելի դրդմամբ ներդրվեց «Ալմա-Աթայի հռչակագրի» վրա հիմնված սահմանազատման արատավոր գաղափարը, այսինքն՝ խորհրդային սահմանների, Ստալինի որոշումների և ռուսական այլ խոսույթների հաստատումը:

«Մեր և իմ խնդիրն էր հիմնականում աջակցել հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին։ 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն, հիմնականում կողմերի խնդրանքով, սկսեց ավելի ակնառու դեր խաղալ»,- ասում է Կլաարը Jam-news-ին տված հարցազրույցում։

Նա փորձում է «օրինականացնել» ԵՄ-ի կողմից Մինսկի խմբի անօրինական անտեսումը, ինչպես այն, որ ԵՄ-ն աննկատ փոխարինեց Ֆրանսիային, ինչը ակնհայտորեն տեղի է ունեցել Մոսկվայի և Բաքվի պահանջով։

Համաձայնեցված գործողությունները «հիմնված են հենց մեր մասնակցությամբ ավելի վաղ ձեռք բերված ընդհանուր համաձայնությունների վրա, օրինակ՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ընդունման վրա՝ որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք», – ասում է Կլաարը՝ հրահանգելով Մագդալենա Գրոնոյին․ սրանից չհեռանաք, այլապես այն, ինչ այդքան դժվարությամբ է ստեղծվել, կփլվի՝ հազիվ մի թուղթ գտանք, ըստ որի Արցախն առնչություն ունի Ադրբեջանի հետ։

«ԵՄ-ն շատ հստակ է արտահայտվել այս հարցում: Եվ ես նաև ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերը կլինեն կարգավորման գործընթացի մաս, ու Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Ադրբեջանն այս հարցում ունի պարտավորություններ, որոնք, ինձ թվում է, չի հերքում»,- ասում է Կլաարը՝ չխոսելով կարգավիճակի, միջազգային երաշխիքների և ԵՄ-ի կողմից արցախյան հիմնախնդրի ուժային «կարգավորման» մասին։ Արդյո՞ք ԵՄ-ն ճանաչում է ռուսական զորքերի մուտքը, Թուրքիայի մասնակցությունը եւ այլը։

Կլաարը չի խոսում այն ​​պահանջների մասին, որոնք Բաքուն առաջադրում է «համաձայնագրի» ստորագրման համար։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունից Հայաստանի և Արցախի միացման մասին 1989 թվականի որոշման հղումն հանելու, Մինսկի խմբի մանդատից հրաժարվելու և միջազգային ատյաններում Բաքվի դեմ հայցերի հետ կանչման մասին է։

Շառլ Միշելը հեռանում է և Կլաարի բերանով հող է նախապատրաստում Մոսկվայի և Բաքվի շահերին համահունչ քաղաքականության շարունակության համար՝ ի հաշիվ հայկական իրավունքների և շահերի։

Նաիրա Հայրումյան

Բաքուն առաջարկում է Հայաստանին արտահերթ ընտրություններ եւ հանրաքվե

Մինչ ՀՀ ղեկավարությունը հեծանիվ է քշում, իսկ ընդդիմությունը պատրաստվում հերթական “թեժ աշնանը”, Բաքուն բացահայտ ներքին օրակարգ է թելադրում Հայաստանին։

Ալիեւի օգնական Ամիրբեկովը նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում կատարել Բաքվի պայմանները՝ Սահմանադրությունից հանել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշման հղումը եւ հրաժարվել Մինսկի խմբից։ Նա ասել է, որ Բաքուն համաձայնվել է “պայմանագրի” տեքստից նույնիսկ հանել “Զանգեզուրի միջանցքի” հարցը, սակայն այս երկու պայմանները անբեկանելի են։ Ամիրբեկովը նուրբ ակնարկում է, որ ՀՀ հաջորդ իշխանությունը կարող է չեղարկել կնքված պայմանագիրը։ Այսինքն՝ իրենց նաեւ պետք են երաշխիքներ, որ Փաշինյանի կառավարությունը չի փոխվի։ Ըստ երեւույթին՝ դա ակնարկ է Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու։ Ինչպես դա արել է Ալիեւը։

Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ, չնայած պատերազմական պարտությանը, 2021-ին ժողովուրդը կրկին ընտրել է Փաշինյանին, քանի որ նա խաղաղություն էր առաջարկում՝ նույնիսկ պարտության գնով։ Հիմա Բաքուն առաջարկում է “կրկին փորձել”․ արտահերթ ընտրություն անցկացնել, հաղթել, լեգիտիմություն ստանալ անցկացնելու հանրաքվե՝ խաղաղությո՞ւն, թե՞ Արցախ։ Նա համոզված է, որ ժողովուրդը հանուն խաղաղության կրկին կհրաժարվի “միացումից”, ինքնությունից ու պետականությունից՝ այս անգամ վերջնական։

Ներկայացնում ենք Ամիրբեկովի հարցազրույցն “Ազատությանը”

«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», – ասել է Ամիրբեկովը:

«Հիմա նա ուզում է առաջ տանել փաստարկը, թե սա քաղաքականապես շատ ծանրաշարժ գործընթաց է, թե Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին։ Շատ լավ, դա էլ է տարբերակ, բայց արդյոք արտաքին աշխարհը պատրաստ է այդքան երկար սպասել, մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Որովհետև ակնհայտ է, որ մենք կարիք չունենք շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկվել նոր կառավարության կողմից», – ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

«Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին», – ընդգծել է Ամիրբեկովը՝ հավելելով, թե դրա համար տարիների քննարկումներ պետք չեն։ Ավելին, Բաքվում նաև այդ հարցը հանրաքվեի դնելու ձեևակերպումն ունեն. – «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել։ Կարծում եմ՝ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»:

Խնդրահարույց մյուս հարցը, ըստ Ամիրբեկովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը պետք է լուծարվի, ինչպես նաև Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում ևս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիևի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։ Կողմերը, ըստ նրա, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», – նշել է Ամիրբեկովը, հավելելով, – «Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»:

Միաժամանակ, նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների անցած շաբաթվա հանդիպումը սահմանին՝ Ադրբեջանի դիվանագետն ընդգծել է՝ Անկարան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Երևանը զուր ժամանակ է վատնում, եթե կարծում է, թե կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Բաքվին շրջանցելով։

Հայաստանում ծնելիությունը կտրուկ նվազել է, իսկ մահացությունը՝ աճել

Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիսին ծնելիության մակարդակը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7,7 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվել։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 15671 երեխա, մինչդեռ 2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 16985 նորածին։

Միաժամանակ այս ընթացքում գրանցվել է մահացած ծննդաբերության 227 դեպք, ինչը 9,7 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում մահացել է 13 211 մարդ, ինչը 5,9 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Նշվում է նաև, որ բնակչության բնական աճը կազմել է 2460 մարդ, այս ցուցանիշը 45,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Կլաարի հարցազրույցի վտանգավոր “ականները”․ Մարիամ Ավագյան

Տոյվո Կլաարը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Jam-news-ին տված հարցազրույցում ասել է. «Երբեմն այս (արցախցիների վերադարձի – խմբ․) համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:»

Jam-newsում բերված Տոյվո Կլաարի խոսքից կարելի է ենթադրել, որ կա՛մ Տոյվո Կլաարը չի տեսել ու տեղյակ չի, թե ինչ է պատկերացնում իլխամը քարտեզի վրա «արևմտյան ադրբեջան» ասածը,  փաստացի այդպես կոչելով ՈՂՋ  ՀԱՅԱՍՏԱՆԸ, կա՛մ էլ դիտավորյալ է այդ հորինվածքը մտցնում պաշտոնական շրջանառության մեջ՝ լեգիտիմացնելով այն, և շատ լավ հասկանալով, որ հայկական դիվանագիտության կողմից՝ պետական թե հանրային, արձագանքի չի արժանանա։

Ակամա հիշեցի, որ երբ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի կազմով պարբերաբար հանդիպում էինք Երևանում ներկայացված դեսպանատներում, մի դեսպան հերթական հանդիպման ժամանակ ասաց, որ մենք մեր այցելություններով ստիպել ենք իրեն ուսումնասիրել Մադրիդյան սկզբունքները, և ինքը արդեն իր բացասական գնահատականը ունի դրա մասին։

Հիմա հարցս՝ արդյո՞ք, բոլոր այն պետական օղակները, որոնք որևէ ձևով առնչվել են Տոյվո Կլաարի ու նրա գրասենյակի հետ, ցույց տվե՞լ են քարտեզի վրա իլխամի զառանցանքը։

Իսկ եթե ցույց են տվել, ապա ինչու՞ չեն ընդվզում Տոյվո Կլաարի «այսպես կոչված «արևմտյան ադրբեջանի» հարցը» դարձվածքի դեմ: Չէ՞ որ, փաստացի, եթե նա տեղյակ է քարտեզից, ապա իր այս դարձվածքով լեգիտիմացնում է ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ իլխամի ոտնձգությունները։

Կասկած չունեմ, որ ցույց չեն տվել և ոչ էլ ապահովել են  հետևողական աշխատանք, ինչը Թոյվո Կլաարին էլ կստիպեր դիտարկել իլխամի քարտեզը։

Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը, այլ տարբերակ չկա։

Երկու դեպքում էլ իշխանությունները պարտավոր են արձագանքել, այլապես նրանց պահվածքի գնահատականը ողբերգական է։

Տոյվո Կլաարի հարցազրույցի մեջ մի քանի ահազանգող պարբերություններ էլ կան, ահա մեկը ամբողջությամբ՝ «Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել:

ԵՄն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի ԱլմաԱթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը:»:

Իհարկե, պատմական իրողությունների հերթական կոծկումը այն մասին է, որ ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրին միացավ 1993-ին, երբ 1991-ից ԼՂՀ դեմ տարած ագրեսիայի արդյունքում ունեցել էր տարածքային կորուստներ։ Ու ակնհայտ է, որ ԵՄ-ն է «համոզել» ՀՀ վարչապետին իջեցնել նշաձողը և ճանաչել 86.600 քառ.կմ-ը՝  ներառյալ Արցախը։

Ու COP29-ի ողջ ներուժը նվիրել մարդատյաց Բաքվին՝ կրկին ԵՄ-ի կամքն է։

Դե հա, «ուժները չի պատել» իլխամի երախից մեր ռազմագերիներին ըստ «նոյեմբերի 9-ի» թղթի ազատեն, հայությանը հայության հաշվին նվիրաբերել են ռազմագերիների վերադարձը, ու սա է միշտ քաղաքական կամազուրկ պետության ճակատագիրը։

Հաջորդը այն է, որ ԵՄ-ն է «համոզել», որ Արցախի ինքնորոշման հարցը փոխարինվի «իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի» հարցով՝ «Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:

ԵՄն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»:

Տոյվո Կլաարի «լավատեսությունը», թե «պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում» ընդամենը դիվանագիտական ճառասացություն է, որի հիմնավորման համար Կլաարը պարտավորություն չունի։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին էլ Միջազգային դատարանը որոշում էր ընդունել, թե Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ կերպով:

Խոսքը նույն «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» մասին է։

Իսկ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝  հայությանն ուղղված իր նամակի մեջ հիշեցնում է, ասելով, որ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ»։

Օկամպոն հուշում է, որ շարունակվող ցեղասպանությունից փրկությունը «անվտանգ և արժանապատիվ վերադարձը» չէ, այլ անջատման մեջ է:  «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն կկասեցնի ցեղասպանությունը, և հայությունը կվերադառնա իր կենսատարածք՝ Արցախ։

Ու այստեղ պարտավորությունը հայկական քաղաքական վերնախավինն է, նաև դրա բաղադրիչի՝ Արցախի քաղաքական վերնախավի, որ ջանք չպետք է խնայեն արտաքին կառավարման դաշտից դուրս միաբանվելու ու տանելու ԱՐՑԱԽԻ քաղաքական իրավուքների պաշտպանության ընթացքը, ինչը հիմք ու հենարան է դառնալու միջազգային իրավական դաշտի համար հենց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ գոյության պաշտպանության համար։ Այլապես հայկական քաղաքական վերնախավը դառնում է ուղիղ մասնակիցը հայկական պետականության վերացման։

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

 

 

Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ին և 7-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից  հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 6-7-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի ամպրոպ։ Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+30,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 19+21, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +23+26,

Լոռի՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+30,

Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+36,

Արարատ՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +36+38,

Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +28+30:

Անյուտայի աչուկները

Լուսանկարում. Անյուտան մոր և երեխաների հետ

Խոսելիս քեզ են նայում սև ու ժպտուն աչքերը, որոնց խորքում, սակայն, տխրությունն է բուն դրել։ Այն պահից, երբ ամուսինը՝ հատուկ ջոկատային  Ռաֆայելը,  մարտի դաշտից տուն չվերադարձավ, Անյուտայի աչուկները  դադարեցին ժպտալ, աչքերի փայլն էլ ավելի չկորցնելու համար սկսեց փայլուն քարերով իր խաղը։

Անահիտ Հարությունյանը՝ Անյուտան, Ասկերանից է։ Երկու երեխայատեր միայնակ մայր է, հպարտությամբ է խոսում որդու՝ ութամյա Սերգեյի սպորտում ունեցած հաջողության ու դեռատի ջութակահարուհի  աղջկա՝ 10 տարեկան Վիկտորիայի երաժշտության բնագավառում ունեցած հաջողությունների մասին։ Երեխաները շուտ են ինտեգրվել նոր միջավայրին, դպրոցում նրանց սիրում են, ընդունում՝ որպես հավասարը հավասարի։ Անյուտան էլ է փորձում հարմարվել մեծ քաղաքի աշխույժ անցուդարձին։ Առայժմ հաջողվում է։

Ամուսնուն՝ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի սպա Ռաֆիկ Հարությունյանին,  սեպտեմբերի 19-ին է կորցրել, մարտի դաշտում նռնակը ձեռքին է դիմավորել հակառակորդին՝ երկու երեխաներին թողնելով դեռատի կնոջ հույսին։

«Լավ տղա էր,– ասում է Անյուտայի մայրը,– հոգատար ամուսին ու հայր էր,  Հիսուսի տարիքում  միացավ երկնային բանակին։ Որդին նրա  կրնկնօրինակն է»։

Չարաճճի ժպիտով, աշխույժ Սերգեյը, ով բաց էր թողել մեր խոսակցության թելը, մորն ասում է՝ պատմե՞լ ես, թե ոնց եմ հաղթել մենամարտում։ Խոսքը սպորտային հաղթանակի մասին է, տա Աստված չիմանա, թե ինչ է ռազմական մենամարտը՝ մտածում եմ ես։

Ամուսնու մահից հետո «Զինապահ»  հիմնադրամի տրամադրած  գումարը Անյուտան փորձում է խնայողաբար ծախսել։ Մեծ հոգսերը դեռ առջևում են՝ բնակարան չունի, աշխատանք՝ ևս։ «Լոֆթ» ընկերության կողմից կազմակերպված՝   տեղահանվածների բնակարանային հարցով քննարկումներին ենք հանդիպում Անյուտային ու մորը՝ Օֆելյա Գաբրիելյանին։ Պաշտոնյաների պարզաբանումներն անհանգստությունն ու տագնապը չփարատեցին։ Մոտ ապագայում բնակարան ձեռք բերելու մասին կարող են չերազել։ 63-ամյա կինը հաշմանդամություն ունեցող ամուսնու հետ, չի կարող ապրել գյուղական բնակավայրում, Բաքու քաղաքում ծնված, Արցախ հարս եկած Օֆելյան երբևէ ֆիզիկական աշխատանքով չի զբաղվել՝ գրասենյակային աշխատանք էր կատարում Ասկերանում։

Լուսանկարում. Հանդիպում բռնի տեղահանվածների հետ

Պատմում է մայրը

2020 թվականի պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար 20  մլն դրամ էր հատկացվում, դրան ավելացնելով «Զինապահ» հիմնադրամի մոտ 10 մլն դրամը՝ հնարավոր էր բնակարան ձեռք բերել, 2023 թվականի պատերազմի զոհերի հարազատներն այդ հնարավորությունից զրկված են։ Բնակարանային ապահովման ծրագրով նրանք առաջնահերթ պիտի ապահովվեն բնակարանով, սակայն իրեն ու երեխաներին հասանելիք 9 մլն դրամով Անյուտան չգիտի՝ հնարավո՞ր է տուն գնել։

Լուսանկարներում. Երեխաները՝ դիպլոմներով

Երեխաներին պահել–մեծացնել է պետք. դեռատի կինը սա գիտակցում է, տարբեր դասընթացների է գնացել, հաշվապահություն ու SMM նորօրյա մասնագիտություններում է հմտացել, այժմ էլ բիզնես-դասընթացների է հաճախում՝ ուզում է սեփական բիզնեսը հիմնել՝ Սվորովսկի ու այլ կիսաթանկարժեք քարերով զարդարում է պայուսակներ, դրամապանակներ, գոտիներ ու մոխրամաններ, մանկական աքսեսուարներին յուրահատուկ փայլ տալիս, դեռ  նոր է սկսել, շատ քիչ է վաճառել։

 

Լուսանկարում. Անյուտայի գործերից

Այս գործի հետ մեծ հույսեր է կապում Անյուտան։ Դասերը շատ ուշադիր է սերտում, բիզնես վարելու մարկետինգային ու ֆինանսական նրբություններին է ծանոթանում պարտաճանաչ աշակերտուհու պես, պիտի լավ տիրապետի բիզնես վարելու հմտություններին, որպեսզի հաջողի։

Այս ամենն Անյուտան սովորել է GITC–ի՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված «Կանանց տնտեսական հզորացման աքսելերատ» ծրագրի դասընթացավարներ Ամալյայից ու Էդգարից, ովքեր պարզ ու մատչելի, առանց խորդուբորդ տերմինների բիզնես-մտածողություն են ձևավորում արցախցի կանանց մեջ, որպեսզի վերջիններս իրենց բիզնեսները ստեղծեն ու համարձակ շուկա մտնեն, մրցունակ լինեն ու կարողանան իրենց ընտանիքների կարիքները հոգալ։

Լուսանկարում. Անյուտան GITC–ի տնօրեն Ամալյա Եղոյանի հետ

 

 

 

Կարուձևից գլուխ հանող մայրը շուտով  կմիանա  աղջկան, բարի մարդկանց շնորհիվ կարի մեքենա է ձեռք բերել, նախկին տանտերը չէր թույլատրում իր բնակարանում կարուձևով զբաղվել, տեղափոխվել են ուրիշ վարձու բնակարան, այստեղ ազատ կզբաղվեն սիրած գործով, որը հոբբից  կվերածվի ապրուստի միջոցի։

Ու կրկին կփայլեն Անյուտայի աչուկները, ինչպես իր ձեռքի աշխատանքի փայլփլուն քարերը։

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Բաքվին կարելի է ստիպել կատարել բարձր դատարանի որոշումը քաղաքական ճնշմամբ միայն

Մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի այս որոշումը։ Step1.am-ը իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին հարցրեց՝ ի՞նչ լծակներ կան պարտադրելու այդ երկրին, որպեսզի կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

«Մենք գործ ունենք միջանկյալ որոշումների չկատարման հետ, որը պետք է հանգեցնի Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման մեծացման։ Հասկանալի է, որ միջազգային համակարգում դատական ակտերի կատարումն ապահովող մեխանիզմներ չկա, եւ միջազգային իրավունքի, այդ թվում՝ դատական որոշումների կատարումը պետք է ապահովվի քաղաքական ու բարոյական ճնշման ճանապարհով։ Սա կարեւոր զարգացում է, որ նախ մենք ունենք ակտ, որն արձանագրում է հայերի իրավունքները, դրանց խախտումները կամ այլ ռիսկեր եւ որոշակի գործողություններ է պարտադրում Ադրբեջանին։ Նման որոշումների գոյության պայմաններում, եթե Ադրբեջանը խախտում է այդ որոշումները, մեր կողմից ճիշտ աշխատանք կատարելու դեպքում կարելի է առաջացնել այն անհրաժեշտ քաղաքական ճնշումը, որը կստիպի Ադրբեջանին գործել միջազգային որոշումներին համահունչ կամ կառաջացնի մի իրավիճակ, որտեղ այդ պետության նկատմամբ կձեռնարկվեն միջազգային պատժամիջոցներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ միջազգային դատարանի որոշումները չկատարելու պատճառով Ադրբեջանը բացասական արձագանքների է արժանացել։ Կան նաեւ որոշ ճնշումներ այդ երկրի նկատմամբ։ «Ուղղակի պետք է այդ ճնշումներն ինտենսիվացնել, որպեսզի մենք գործնականում փոփոխություն ունենանք։ Ադրբեջանն այդ ճնշումներին հակակշռելու որոշակի ռեսուրսներ կուտակել է, դրանք օգտագործում է, բայց ես կարծում եմ, որ դա անսպառ ռեսուրս չէ։ Եթե միջազգային հանրությունը հետեւողական գտնվի, որոշ հարցերի լուծումը հնարավոր է միջազգային դատական որոշումների եւ դրանց արդյունքում առաջացող քաղաքական ճնշման շնորհիվ»,- հավելեց Սահակյանը։

Հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է ընդհանրապես չկատարել Արդադարադատության միջազգային դատարանի որոշումները, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Չկատարումը հանգեցնում է շարունակական ճնշման։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ պետք է միջազգայնորեն աշխատանքներ տարվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ակտերը կատարված չեն։ Այսինքն՝ չկատարումը չի նշանակում, որ հարցը սպառված է, եւ միջազգային հանրությունն այլեւս չի զբաղվում խնդրով։ Միջազգային հանրությունը պետք է շարունակաբար հետաքրքրվի այդ որոշումների ճակատագրով եւ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ որոշումների կատարումը երաշխավորելու համար, որովհետեւ դրանք իրավաբանորեն պարտադիր որոշումներ են։ Դրանք կաշկանդում են հասցեատեր պետությանը, բայց դրանք նաեւ հետեւանքներ ու պարտավորություններ են առաջացնում միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների համար»։

Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին կայացրել էր որոշում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ՀՀ-ն ներկայացրել էր նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից ու Արցախի էթնիկ զտումից հետո:

Դատարանը պահանջում է Ադրբեջանից «​​ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագորեն, ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, եւ որոնք ցանկանում են մնալ այնտեղ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ»:

Ռոզա Հովհաննիսյան

 

Արցախը նույնպես պատրաստվում էր ավանդական պատերազմի. Իրանի հարվածի սպասումն արդեն զավեշտական ​​է դառնում

Իրանի և Իսրայելի միջև պատերազմի ակնկալիքը, որն իբր պետք է դառնա մեծ պատերազմի և աշխարհի բաժանման սկիզբը, վերածվել է ձանձրալի համակարգչային խաղի։ Այս պատերազմի բեմական բնույթը ծիծաղելի կթվա, եթե իրական սպանված ու հայրենիքից զրկված մարդիկ չլինեին։

Հեռահար և գերճշգրիտ զենքերի հայտնվելը փոխել է պատերազմի դեմքը: Այլևս չկան հազարավոր զորքեր փղերի, ձիերի կամ նույնիսկ տանկերի վրա, որոնք գրավում են հողը, սպանում նրանց տերերին, այդ հողերը շնորհում տիտղոսակիր զինվորականներին, վերածում նրանց օրինական հողատերերի և արիստոկրատիայի, իսկ բնիկ ժողովուրդներին՝ «թագի» հավատարիմ հպատակների:

Հիմա ամեն ինչ այլ է։ Շոյգուն թռչում է Թեհրան, այնտեղից էլ Բաքու՝ իբր հարվածներ չհասցնելու մասին Ալիևին զգուշացնելու համար։ Իրանը դեռ պարզի խնդիրներն Ալիեւի հետ, ում հետ հանդիպումից հետո պայթեցվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռը։ Իսկ թե հիբրիդային պատերազմի պայմաններում Շոյգուն ինչ նոր՝ ոչ ավանդական  առաջադրանք է դրել Ալիևի վրա՝ հայտնի չէ։

Արցախը նույնպես պատրաստվում էր «ավանդական» պատերազմի՝ վստահ լինելով, որ ունի բավականաչափ զենք, և ամենակարևորը՝ ռազմական ոգի ու հայրենասիրություն՝ պաշտպանելու իրենց պապերի հողի հանդեպ իրավունքը։ Ամեն ինչ այլ կերպ եղավ՝ 2020 թվականին, Կովսականի զորանոցներին նպատակաուղղված հարվածը, հազարավոր զոհեր, սակրալ Հադրութի գրավումը, բեկում դեպի Շուշի, ռուսական զորքերի մուտք, Արցախի երեք առանցքային շրջանների հանձնում «եռակողմ» հռչակագրի» համաձայն՝ առանց մեկ կրակոցի, կոմունիկացիաների գրավում եւ անջատում, Ալմա-Աթայի հռչակագիր, «Ղարաբաղի ճանաչում» ադրբեջանի կազմում, «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքով Հայաստանի՝ Արցախը ապաշրջափակելուց հրաժարում, Հայաստանի կառավարության հրաժարումը քաղաքական պահանջներից և ազգային իրավունքներից, իսկ 2023 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանում՝ արցախցիների քաղաքական իրավունքների ճնշում, ընդհուպ մինչև շանտաժ՝ սոցիալական աջակցության դադարեցումով և ձերբակալություններով։

Անգամ այս քայլերը չհանգեցրին 70 տարի Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ապրած հայերի, այդ թվում արցախցիների քաղաքական իրավունքների վերացմանը։ Այս իրավունքները վեր են բարձրանում ուժի իրավունքից, ինչպես Արարատը վեր է բարձրանում Հայկական լեռնաշխարհում։

Այսպես թե այնպես, հողի ու ժողովրդի ճակատագիրը որոշվելու է ոչ թե զենքի ուժով, այլ քաղաքական պայմանավորվածություններով, եւ ամեն ինչ կախված կլինի ազգային առաջնորդների՝ հայկական իրավունքի ուժը դրսևորելու կարողությամբ և ցանկությամբ։

Հիմա նույն իրավիճակը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, և Իրանի հարվածի և ԱՄՆ-ի պատասխանի սպասումը գրեթե զավեշտական ​​իրավիճակ է առաջացրել, իսկ նպատակաուղղված հարվածները, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը, պատերազմի հրահրումը Լիբանանում՝ փյունիկեցիների հայրենիքում՝ նոր բաժանման նախերգանք է։

Արդյո՞ք Իսրայելը և «Ավետյաց երկրի հանդեպ հրեաների իրավունքը» լինելու են աշխարհի նոր բաժանման առանցքը։ Այն փաստը, որ Նեթանյահուն գնում է «վա-բանկ», հուշում է, որ նա վստահ է․ «աշխարհի առանցքը» տեղափոխվում է Իսրայելից:

Արցախի խորհրդարանի ղեկավարը Արցախում կատարվածը ցեղասպանություն է անվանել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին («COP29») ընդառաջ։ Արշավի նպատակն է բարձրաձայնել հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների համակարգային և կոպիտ խախտումները։ Այն նաև միտված է միավորելու համահայկական ու միջազգային ջանքերը Ադրբեջանի կողմից անօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման համար։

2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունից և Արցախի ամբողջական հայաթափումից հետո, Բաքվում նման հեղինակավոր միջոցառում կազմակերպելու միջազգային հանրության (ներառյալ՝ Հայաստանի) համաձայնությունը՝ առանց այդ պետության գործած հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց հետևանքների վերացման օրակարգի հստակ ձևակերպման, լրացուցիչ հիմք է ստեղծում Ադրբեջանի հետագա ագրեսիվ և անպատիժ վարքագծի համար։

2020 թվականի սեպտեմբերից ի վեր, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ցեղասպանական ագրեսիաների հետևանքով ոչ միայն Արցախի ողջ ժողովուրդը բռնի տեղահանվեց, այլև՝ բազմաթիվ հայեր ապօրինաբար պահվում են Բաքվում։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների ու ապօրինի դատավարության՝ առանց տարրական իրավունքների պաշտպանության։ Այս պատանդների, ներառյալ՝ Արցախի ութ առաջնորդների անհապաղ հայրենադարձությունը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Խուսափումը այդ պարտավորությունից պետք է հանգեցնի համապատասխան հետևանքների։

Համաշխարհային այս կարևոր միջոցառմանն ընդառաջ, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության անկյունաքարային հարցերից պետք է դառնա նաև Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հավաքական վերադարձի հարցը։ Նախքան այդ, հրատապ ուշադրության կարիք ունի նաև Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պահպանության հարցը՝ հատկապես դրանց զանգվածային ոչնչացման դեպքերի համատեքստում: Հատկանշական է, որ նշված դրույթները հստակորեն ամրագրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի հրամանում, ինչպես նաև առանձին պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններում։

Հաշվի առնելով վերոգրյալը և գիտակցելով, որ այս թեմաները պետք է լինեն առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում՝ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը և Արցախի բարեկամներին գործուն աջակցություն ցուցաբերել մեկնարկած արշավին։ Խնդրում ենք կիրառել հասանելի բոլոր գործիքները արշավի սահմանված նպատակների իրագործման համար։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել արդարության և ապահովել մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։

Իսրայելն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի հրամանատարների սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին, հայտարարեց Գազայի հատվածում արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման գումարտակի հրամանատար Ջաբեր Ազիզի սպանության մասին։ Ժամեր անց Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարավային Լիբանանում ավիահարվածի հետևանքով սպանվել է նաև շիա արմատական ​​«Հեզբոլլահ» շարժման հրամանատար Ալի Ջամալ Ալդին Ջավադը:

Ըստ իսրայելական բանակի, Ջաբեր Ազիզը սպանվել է նախօրեին՝ օգոստոսի 4-ին, Գազայի հատվածում գտնվող Հասան Սալամեհ և Նասեր դպրոցներին հասցված հարվածի արդյունքում, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը։ Հրամանատարի հետ սպանվել են նաև «այլ ահաբեկիչներ»։ Ազիզը 2020 թվականից ղեկավարում է Համաս ալ-Ֆուրկան գումարտակը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ նա ծրագրել և մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներին:

Լիբանանի հարավում գտնվող Էբբա շրջանում սպանվել է նաեւ Հեզբոլլահի Ռադվանի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ալի Ջամալ Ալդին Ջավադը։ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրությանը կցել է հարվածի տեսանյութը։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է իսրայելական բանակը հարվածում շարժման մեջ գտնվող մեքենային:

Նիկոլ Փաշինյանը կկատարի՞ Ալիևի պահանջը՝ «համաձայնագիրը» ստորագրելու համար

«Ադրբեջանը, Հայաստանի առաջ պահանջներ դնելով, պարզապես ժամանակ է շահում՝ փորձելով ձգձգել բանակցային գործընթացը։ Սա բոլորս հասկանում ենք։ Նաև այն, որ բոլոր հայտարարություններն ու պահանջները գրվել են Կրեմլում, և Ալիևը դրանք բարձրաձայնում է խամաճիկի պես»,- Step1.am-ին տված հարցազրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցին՝ փորձագետը նշեց. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն ստեղծել այդ խումբը, հետևաբար չեն կարող այն լուծարել։ Առավելագույնը, որ կարող է անել Ալիեւը, եվրոպացի դիվանագետների վիզաները չեղարկել։ ՄԽ գործունեության խնդիր ոչ մի տեղ չի առաջանում։ ԵԱՀԿ Մինսկի խմբին են վստահված պարտականություններ՝ պաշտպանել Արցախի բնակչության իրավունքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, արցախցիներին Արցախ վերադարձնելու գործընթացի նախապատրաստումը։ Այդ պարտականությունների կատարումն ինքնաբերաբար կսկսվի համապատասխան պայմանների ստեղծման պես»։

Սարգսյանը դրական է գնահատել Ռուսաստանի դուրս գալը Մինսկի խմբից.

«Այս երկրի ղեկավարությանը չպետք է թույլ տալ մասնակցել խաղաղապահ գործողություններին։ Սա ահաբեկչությունը հովանավորող երկիր է, որն ինքն է ագրեսիա իրականացնում, իսկ Ռուսաստանի ղեկավարները պատերազմական հանցագործներ են, որոնց տեղը Հաագայի տրիբունալում է։

«Արցախը կա, բայց այնտեղ հիմա ադրբեջանցիներ են»,- նշեց սոցիոլոգը՝ հավելելով, որ «հակամարտությունն ի սկզբանե էթնիկ է»։

«Առնվազն 1905 թվականից, երբ Կովկասում ռուս նահանգապետը կազմակերպեց առաջին բախումները հայերի և թաթարների միջև։ Հակամարտությունը էթնիկ է, թեև «ադրբեջանցիներ» էթնոնիմը առաջացել է 1936թ.։ Տարածքների հարցը միայն հետևանք է։ Քանի հայ ազգը կա, նրանք թերարժեքության զգացում կունենան՝ իրենց ներքին թերարժեքության պատճառով»։

Անդրադառնալով Արցախից տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցությանը՝ փորձագետը նշեց. «Արցախի ժողովուրդը հատուկ աջակցության կարիք ունի, քանի որ կորցրել է իր տունը, հարազատներին, հայրենիքը, բայց այդ աջակցությունը չպետք է “լավություն” թվա»։

Ալվարդ Գրիգորյան

Իրանը նախազգուշացրել է Իսրայելի վրա հարձակվելու մտադրության մասին

Իրանը նախազգուշացրել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։ Թեհրանի նախազգուշացումը, ըստ նրա, փոխանցվել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, գրում է Jerusalem Post-ը։

«Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար», – հավելել է Կացը:

Իրանը երկուշաբթի ավելի վաղ հրապարակել է քաղաքացիական ինքնաթիռների նախազգուշացում (NOTAM)՝ երկրի կենտրոնում, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում: