Թուրքիան կմիանա ցեղասպանության գործով Իսրայելի դեմ հայցին

Թուրքիան չորեքշաբթի միջազգային դատարան կներկայացնի Իսրայելի դեմ Գազայում ցեղասպանության գործին միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ըստ նրա՝ Իսրայելը ուխտադրժորեն սպանել է հրադադարի բանակցությունների հիմնական մասնակից Իսմայիլ Հանիեին։

«Ուկրաինայում բռնազավթումը հանցագործություն համարողներն անտեսում են պաղեստինյան տարածքների իսրայելական բռնազավթումը»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Կարելի է ենթադրել, որ վաղը Իսրայելի արտգործնախարարը բանավոր կմեղադրի Թուրքիային հայերի եւ քրդերի ցեղասպանության մեջ, հետո բոլորը գոհ ամեն ինչ կմոռանան մինչեւ հաջորդ գործողությունը։ 

Ամեն օր հարազատ Մաճկալաշենն են հիշում․ շատ բանի կարիք ունեն, բայց երեխաները խաղալիք են ուզում

Լեռնահովտում հաստատված արցախցի ընտանիքներից ամենաանապահովը Ավանեսյանների բազմանդամ ընտանիքն է։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Շահեն Ավանեսյանը բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում։ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է տեղահանվել նրա բազմազավակ ընտանիքը։ 5 անչափահաս երեխաների հետ ապրում են գյուղի ամենավերջին տանը, որը երկսենյականոց փայտե տնակ է՝ զուրկ բոլոր կոմունալ հարմարություններից։

Երբ մտանք նրանց կացարանը, մեր առջև ծանր տեսարան բացվեց։ Փայտե տնակում, որտեղ հաստատվել էր Ավանեսյանների 7 հոգանոց ընտանիքը, անշուք և աղքատիկ վիճակ էր։ Մի սենյակը խոհանոցի դեր էր կատարում, իսկ մյուսը ծառայում էր որպես և՛ ննջասենյակ, և՛ հյուրասենյակ։ Այնուհանդերձ ընտանիքի անդամները ուրախ ու ժպտերես դիմավորեցին մեզ։

-Սեպտեմբերի 19-ի գիշերն ենք հեռացել գյուղից։ Մեզ հետ վերցրել ենք ընդամենը մեր փաստաթղթերը և մի քանի հագուստ։ Ոտքով հասել ենք Սոս գյուղ, որտեղից կազմակերպվել է բնակչության տարհանումը դեպի Կոլխոզաշեն համայնքը, ու այդտեղ մնացել ենք մեկ շաբաթ։ Սեպտեմբերի 25-ին բեռնատար ավտոմեքենայով Կոլխոզաշենից հասել ենք Ստեփանակերտ և վերջին ավտոբուսներով, սեպտեմբերի 31-ին ճանապարհվել դեպի Հայաստան։ Գորիսից մեզ ուղարկել են Տաշիր, ասելով, որ այնտեղ անվճար բնակարաններ կտրամադրեն արցախցիներին ու այդպես էլ հայտնվել ենք այստեղ,- պատմում է բազմազավակ հայրը։

Մինչ մենք զրուցում էինք նրանց դարդ ու ցավերից, մանկահասակ երեխաներն իրենց չարաճճիություններն էին անում։ Ցավալիորեն ծանր էր տեսնել, թե Արցախում տուն ու տեղ թողած մարդիկ ինչպիսի խղճուկ վիճակում են հայտնվել, ու դեռ ապագան էլ անորոշ է։

-Լսել ենք, որ բնակարանային աջակցության ծրագիր է գործում։ Մտադիր ենք օգտվել այդ ծրագրից, ՀՀ քաղաքացիություն ստանալ և տուն ձեռք բերել այս գյուղում։ Իհարկե, կաշխատենք ավելի մեծ ու հարմարավետ տուն գնել։ Ամբողջ կյանքում գյուղում եմ ապրել, զբաղվել հողագործությամբ ու ցանկացած աշխատանքով, որ կերակրեմ ընտանիքիս։ Կշարունակեմ այստեղ ապրել ու փորձել աշխատանք գտնել, թեև այս հարցը շատ դժվար է։

Գյուղապետարանի կողմից օգտագործված մահճակալ ու փոքրիկ սառնարան ենք ստացել, սակայն գույքի պակաս շատ ունենք։ Կարիք ունենք պահարանների, սեղան ու աթոռների, հեռուստացույցի։ Բաղնիք չունենալու պատճառով շատ ենք նեղվում, երբ ամեն անգամ դրա համար հասնում ենք Տաշիր՝ կնոջս ծնողների տունը,- խոսքը շարունակում է ընտանիքի գլխավորը։

Մեր աչքից չէր վրիպում, որ երեխաներն ու կինը հագուստի, կոշիկի պակաս ևս ունեն։ Երեխաներն անընդհատ մոր ականջին ինչ- որ բան էին շշնջում, իսկ մայրը լռեցնում էր նրանց։ Հետո պարզվեց, որ ընդամենը խաղալիքներ էին նրանց ուզածը․ բոլոր երեխաների նման նրանք ևս ունեն ուրախ ու անհոգ մանկության իրավունք։ Երեխաներից մեկը՝ հեծանիվ, մյուսները՝ ինքնագլոր ու գնդակ էին ուզում, իսկ մեծ աղջիկը՝ երազում էր հեռախոս ունենալ, թեկուզ լավ են հասկանում, որ այդ երազանքներըը շուտ չեն կարող իրականանալ։

Ավանեսյանները սկսել են փոքրիկ տնտեսություն ստեղծել։ Ձեռք են բերել խոզեր ու հավեր և մտածում են տնտեսությունը բազմացնելու մասին։ Ամեն օր հարազատ Մաճկալաշենն են հիշում, իրենց հանդ ու ձորերը:

Օրվա վերջում, շրջելով գյուղում՝ լսեցինք, որ Լեռնահովտում հաստատված արցախցի ընտանիքներից ամենաանապահովը Ավանեսյանների բազմանդամ ընտանիքն է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Սենսացիա Տոյվո Կլաարից. հայերի վերադարձը Բաքու

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է, և այն ստորագրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Այս մասին Jam-news-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով այս պաշտոնում ավարտում է իր առաքելությունը։

Նրա կարծիքով, կողմերի միջև վերջնական համաձայնության հասնելը գտնվում է «մատչելի հեռավորության վրա»։ Խաղաղության պայմանագիրը և դրա կետերի իրականացումը լիովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում, կարծում է եվրոպացի դիվանագետը։

Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը կդառնա կարգավորման գործընթացի մաս, և Բաքվի հետ ուղիղ բանակցություններ կլինեն նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։

Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ադրբեջանն ունի պարտավորություններ, որոնցից Բաքուն չի հրաժարվում։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Կլաարը, այս համատեքստում Բաքուն բարձրաձայնում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սակայն, եվրոպացի դիվանագետի կարծիքով, այդ թեմաները չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա։

«Առաջին խնդիրը՝ ապահովել ղարաբաղցի հայերի վերադարձն իրենց նախնիների հայրենիք, ինչն Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում բնակված հայերի եւ Հայաստանում բնակված ադրբեջանցիների հարցն է»,- ասել է հատուկ ներկայացուցիչը։

Բաքու և նախկին Ադր․ԽՍՀ այլ քաղաքներ հայերի վերադարձի հարցն առաջին անգամ է բարձրաձայնվում միջազգային նման բարձր մակարդակով։ Անգամ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն չեն հռչակում Ադրբեջանական ԽՍՀ-ը ցեղասպանության պատճառով լքած հայերի հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բոլորը հասկանում են, որ խնդիրը միայն այն չէ, որ Բաքուն ճանաչի այդ իրավունքը, այլ նաև վերադարձի միջազգային երաշխիքները։

Ինչ վերաբերում է «ղարաբաղցի հայերի` իրենց նախնիների հայրենիք վերադարձի» հարցին, ապա այս հարցի ընդգրկումը բանակցությունների օրակարգում անխուսափելիորեն պետք է հանգեցնի հիմնարար հարցերի` կարգավիճակի և անվտանգության միջազգային երաշխիքների քննարկմանը: Բաքուն ամեն կերպ խուսափում է այս հարցից՝ օգտվելով այդ հարցերն օրակարգ մտցնելուց Երևանի հրաժարվելուց։

Հայտնի չէ՝ արդյոք հայկական կողմը նման պահանջներ է ներկայացնում։ Բայց «հեռացող» Կլաարի հայտարարությունը ցույց է տալիս, որ այս հարցերն ավելի լայն միջազգային օրակարգի առարկա են:

Բողոքի ցույցեր Բանգլադեշում. վարչապետը լքել է երկիրը, ամբոխը գրավում է նրա նստավայրը

ВВС

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի։

Շեյխ Հասինան երկուշաբթի օրը թռել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ագարթալա քաղաք՝ փախչելով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից, հայտնում է CNN-ը: Հնդկաստանը մտադիր է Հասինայի անվտանգ անցում առաջարկել, ասվում է զեկույցում՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին:

Երկրին ուղղված իր ուղերձում բանակի շտաբի պետ, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանը հաստատել է, որ վարչապետը հրաժարական է տվել։

Վաքեր-ուզ-Զամանը հայտնել է, որ կձևավորվի ժամանակավոր կառավարություն։

Նա հավելել է, որ պատրաստվում է հանդիպել նախագահ Մուհամմադ Շահաբուդինին և հույս ունի, որ լուծումը կգտնվի մինչև օրվա վերջ։

Զամանն ասել է, որ նա արդեն խոսել է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ: Դեռևս պարզ չէ, թե ով է ղեկավարելու կառավարությունը։

Գեներալը նաև խոստացել է «արդարություն» բոլոր բանգլադեշցիների համար, մի բան, որ պահանջում են ցուցարարները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդկանց մահվանից հետո:

Երկուշաբթի օրը հազարավոր ամբոխը ներխուժեց Գանոբհաբան՝ վարչապետի նստավայր։

Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները ավերում վարչապետի նստավայրը։ Ցուցարարներից ոմանք հանում են աթոռներ և նույնիսկ բազմոց։

Կիրակի օրը առնվազն 90 մարդ է զոհվել ոստիկանության և Շեյխ Հասինայի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև բախումների հետևանքով։

Զոհվածների թվում են 13 ոստիկաններ։ Նրանք սպանվել են Դաքայից 100 կմ հյուսիս գտնվող Սիրաջգանջ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման արդյունքում։

Ուսանողների բողոքի ակցիաները քաղաքացիական ծառայության աշխատատեղերի քվոտային համակարգի վերացման պահանջով սկսվել են հուլիսին։ Բողոքի ցույցերը վերաճել են Հասինային իշխանությունից հեռացնելու արշավի, որը 15 տարի իշխանության ղեկին է և վերջին անգամ հունվարին վերընտրվել է չորրորդ ժամկետով:

Զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 280 մարդ է զոհվել։

Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատարներ սպասում են ՌԴ-ից Վրաստան մտնելուն

Մոտ 1,1 հազար հայկական բեռնատարներ սպասում են «Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթում։

Նշվել է, որ կանգնած բեռնատարների թիվը 4 035 է, դրանցից 1 163-ը՝ հայկական։

Նշվել է, որ կանաչ գոտում, «Վերին Լարս» անցակետի մոտ գտնվում են մոտ 300 մեծ բեռնատարներ տարբեր երկրներից։

Ավելի վաղ Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունում տեղեկացրել էին, որ «Վերին Լարս» անցակետը աշխատում է սովորականի պես, սակայն փաստացի բեռնատարների մուտքը «Կազբեգի» անցակետում աշխատանքի դանդաղման պատճառով նվազել է։

Ռազմավարական ճանապարհն այժմ միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Հայաստանի հետ։

Նոր Ղարաչինարից Յաղդան՝ նորը ստեղծելու հույսով

Ծննդով վանաձորցի Մանվել Զարգարյանի ընտանիքը 20 տարուց ավել Արցախում է ապրել։ Քարվաճառի շրջանի Նոր Ղարաչինար գյուղում են ապրել՝ տուն կառուցել, այգի տնկել, ապրուստ դրել։ 2020 թվականի պատերազմից հետո լքեցին հարազատ բնօրրանը, եկան Հայաստան, բնակություն հաստատեցին հեռավոր Յաղդանում։ Լոռու մարզին յուրահատուկ կանաչով օղակված հունական գյուղի միայն բնությունն է նման Նոր Ղարաչինարին։

Ասպրամ Ավանեսյան

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Զգուշացում․ Կարմիր խաչի անունից կեղծ նպատակով հավաքագրում են արցախցիների բանկային տվյալներ

Հայկական կարմիր խաչի ընկերությունը տեղեկություն է ստացել, ոչ այս օրերին անհայտ անձինք Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց, հատկապես Արցախից բռնի տեղահանված անձանց ու օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական ու բանկային տվյալներ։

Հայկական կարմիր խաչի ընկերության լրատվության բաժնի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հակերային հարձակումներից պաշտպանվելու համար մարդկանց հորդորում է զերծ մնալ անծանոթներին հեռախոսով անձնական եւ բանկային տվյալներ տրամադրելուց։

«Զանգահարում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին եւ փորձում ճշտել անձնական տվյալներ, սոցիալական քարտի համարանիշ, բանկային տվյալներ՝ իբր օգնություն տրամադրելու նպատակով։ Զանգում են ամեն մեկին մի բան խաբում են, բանկային հաշվեհամար են ուզում։ Մենք նաեւ կանխիկ դրամական աջակցության ծրագիր ունենք, որի շրջանակներում գումար ենք փոխանցում մարդկանց քարտերին։ Բայց դա արվում է բանկերի ու Սոցապ նախարարության, արցախցիների հետ ուղիղ կապի միջոցով։ Եվ քանի որ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցած մեր շահառուները շատ լավ գիտեն, որ մենք երբեք հեռախոսազանգերի միջոցով անձնական ու բանկային տվյալներ երբեք չենք քննարկում, իրենք հասկացել են, որ այստեղ մի բան այն չէ եւ իմաց են տվել մեզ։

Մենք հորդորում ենք ոչ ոքի անձնական տվյալ չտալ։ Իդենտիֆիկացնելու համար պետք է  զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին՝ 81 84»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մեր հարցին, թե այս խաբեության թիրախում հենց արցախցինե՞րն են, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Թիրախում հենց արցախցիները չեն, այլ մարդկանց էլ են զանգում, բայց Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի շրջանակ են ներկայացնում»։

Ռոզա Հովհաննիսյան

Forrights. Վիրավոր պառկած էի, ադրբեջանցիները մտան տուն, ինձ ու երեք հոգու մեր գյուղից գերի տարան․ հինգ օր տանջեցին

Forrights

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակչուհի Գայանե Գաբրիելյանը հինգ օր անցկացրել է ադրբեջանական գերության մեջ։ 49-ամյա կինը Forrights.am-ին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 19-ի հարձակումից և գերության օրերից։

Սեպտեմբերի 19-ը տիկին Գայանեի համար հերթական խնդրաշատ օրերից մեկը պետք է լիներ՝ բլոկադայի պայմաններում, մինչև ուժգին պայթյունի ձայնը լսելը։

«Երկրորդ անգամ լսվեց գմփոցը, հարևանս սկսեց գոռալ, երեխաների ձայները լսեցի, վազեցի իր մոտ, ասաց՝ կռիվը սկսվում է, ամուսինս Վազգենաշենի կողմից կալոնա է տեսել։ Գոհարի հետ վազեցինք դեպի գյուղապետի տուն։ Հասանք, ի՞նչ տեսնենք, բոլորը հավաքվել են այնտեղ՝ ծառերի տակ են»,-պատմեց տիկին Գայանեն՝ նշելով, որ ծառերի տակ էին թաքնվել, քանի որ Սառնաղբյուրը հրետակոծվում էր։

«Խփեցին մեզ վրա, ում բախտը բերեց վիրավորվեց, ումը չէ՝ զոհվեցին»,-հիշում է տիկին Գայանեն ու պատմում, որ գյուղապետը կարողացել է մի մեքենայով վիրավոր ու զոհված երեխաներին հանել գյուղից, ինքը մի քանի բնակչի հետ մնացել է Սառնաղբյուրում։

Թշնամիներով շրջապատված գյուղում չորս հոգի է մնացել՝ Գայանեն, Լիանան,  Ջեմման ու Լիպարիտը, նրանք մայր ու որդի են։

«Ես ու Լիպարիտը ծանր վիրավոր էինք։ Լիպարիտն ընդհնարապես չէր կարողանում շարժվել։ Գյուղապետի մոտ ռացիա կար, գնալուց մնացել էր այտեղ, վերցրեցի տեսա ախպորս տղան՝ Գուրգենը, խոսում էր։ Ասացի՝ վիրավոր եմ, օգնեք, չորս հոգով մնացել ենք այստեղ։ Գուրգենը մի հատ վայենի ավտո ուղարկեց, հենց հասավ մեզ մոտ, փչացավ։ Վարորդն ասաց՝ բրդեք, վիրավոր էինք, բայց բրդում էինք»,- պատմում է տիկին Գայանեն՝ նշելով, որ բեկորային վնասվածք էր ստացել ոտքի և որովայնի շրջանում։

Մեքենան շարժի գցել հնարավոր չի եղել։ Իրենց օգնության եկած մեքենայի վարորդը գնացել է ռուսական անցակետ, որ օգնություն կանչի, բայց այդպես էլ չի վերադարձել։ Սառնաղբյուրում մնացած չորս բնակիչները պատսպարվելու նպատակով գնում են գյուղապետի տուն, որտեղ ապրել են երկու օր։

«Երկու օր գյուղապետի տանը կացալ ենք, ոչ սկորի է եկալ, ոչ ռուսն ա եկած մեզ օգնության»,-ասում է տիկին Գայանեն և նշում, որ զրկված են եղել կապի բոլոր միջոցներից։ Ինֆորմացիայի միակ աղբյուրը Լիանան է եղել չորսից առողջը, քանի որ Գայանեն ու Լիպարիտը վիրավոր են եղել, իսկ Ջեմման տարեց կին։ Նա դուրս է եկել, շրջել գյուղապետի տան մոտակա տարածքում և վերադարձել տուն։

«Մենք ոչխարներ ունեինք, մի փակ տարածքում էինք պահում։ Երրորդ օրը Լիանան դուրս եկավ, հետ եկավ ասաց՝ Գայան ջան, ամուսինդ եկել է, ձեր ոչխարները դուրս են։ Ուրախացա, ասացի գնա, ասա գա, մեզ օգնի։ Մի քիչ գնաց գյուղապետի տան հայաթից էն կողմը, վազելով հետ եկավ, ասաց ադրբեջանցիք են։ Ես էլ արյունոտ պառկած էի, որ դա ասաց ընկա գետին։ Ադրբեջանցիք եկան մտան տուն, ասացին՝ վեր կաց»,-տիկին Գայանեն հիշում է, թե ինչպես են իրեն այդ վիճակով ստիպել, որ անկողնուց վեր կենա։

«Ձեռքիցս բռնեց, նստեցրեց կարավատին, ասաց՝ դավայ, ձեռքդ տուր, ռուսերեն էին խոսում։ Ադրբեջանցինեերը երկու ձեռքիցս բռնեցին, տարան մեզ երեքիս իրար հետ պատի տակը նստացրեցին»։

Գերության պահից սկսած հայ անզեն կանայք եղել են զենքի սպառնալիքի ներքո։ Տիկին Գայանեն հիշում է, թե ինչպես էին ցուցադրաբար պահել իրենց ուղղությամբ։ «Ավտոմատները մեր կողմ էր պահած։ Ասաց, եթե ուզենք՝ ձեզ կսպանենք, մեր նախագահ Ալիևն ասել է՝ սպանեք բոլորին։ Հետո սկսեցին մեզ նկարել, ուրախացա, մտածեցի կգցեն ֆեյսբուքում, կտեսնեն, որ գերի ենք»։

Սառնաղբյուրն այդ պահին ամբողջությամբ անցել էր թշնամուն, ադրբեջանցի զինվորները լցվել են գյուղ ու սկսել թալանել։ «Փող, ոսկի, ինչ կար հավաքում էին։ Գյուղապետի տունը խառնեցին իրար։ Էն որ ասացի Ուրալ մաշինա էր եկել, որ մեզ փրկի, դա սարքեցին, գյուղապետի տնից բենզին գտան, լցրեցին, մեզ էլ հետները պոստեր տարան»։

Տիկին Գայանեն պատմում է, որ գերությունից հետո խլել են իր փաստաթղթերը, գտել են գյուղապետարանի մաքրուհու բեյջն ու ասել են, թե նա դիպուկահար է։ «Ասացի ես կռվի հետ կապ չունեմ, փողն ու ոսկին վերցրեցին, փաստաթղթերը տվեցին ինձ»։

Գերության ամբողջ ընթացքում տիկին Գայանեն և մյուսները հոգեբանական և ֆիզիկական բռնության են ենթարկվել։ Խախտվել են նրանց հիմնարար իրավունքերը։ «Առաջին պոստում ո՛չ հաց տվեցին, ո՛չ ջուր, ո՛չ էլ օգնություն ցուցաբերեցին։ Քաշքշելով տարան Վազգենաշենի վերևի պոստերը։ Քցել էին շորերի մեջ, քաշքշում էին, հայհոյում էին։ Հետո տարան Աղդամ։ Այստեղ շատ ադրբեջանցիներ կային․ մեզ ջուր տվեցին ու հաց։ Մի ադրբեջանցի բժիշկ հարվածում էր գլխիս ու ասում՝ հիշո՞ւմ ես Խոջալուն։ Լիպարիտին ծեծում էին, ոտքերով խփում էին՝ երեք-չորս հոգով»։

Հինգերորդ օրը գերության մեջ գտնվող արցախցիներին տարել են Շուշի, քաղաքի մատույցներում փոխանցել են Արցախի փրկարար ծառայությանը։ Տիկին Գայանեն  գերության վերջին օրն է իմացել, որ պետք է լքի Արցախն ու իր տունը։

Նարեկ Կիրակոսյան

Արցախյան մշակույթն ու բարբառը. Բիդա Տօն

Օգոստոսի 4-ին արցախյան մշակույթն ու բարբառը կրկին համատեղվեցին Bardak⁄Gastropub⁄EVN-ում: Ստեղծագործությունների հեղինակն արցախցի բանաստեղծուհի Աննա Մեկունցն էր: Նրա և Սևակ Ջանյանի կատարմամբ հնչեցին արցախյան բարբառով ստեղծագործություններ և երգեր:

Այս ամենն ուղղված է արցախյան բարբառը պահպանելուն, որովհետև, ցավոք սրտի, Արցախից թողեցին միայն բարբառ և մշակույթ, որը մենք անպայմանորեն պիտի պահպանենք, որպեսզի փոխանցենք նոր սերունդներին: Կա մտավախություն, որ նոր սերունդը հնարավոր է մոռացութան տա Արցախի մասին հիշողությունները: Կազմակերպեցինք Մեկունցյան երեկո: Էդ ցի-ն հանելու կարևոր նպատակ կա: Այսինքն կապ չունի, թե որտեղից են քո արմատները, կա մի ազգություն` հայ:

Տաթև Ազիզյան

Արցախցի Բենիամինը՝ Բժշկական համալսարանի ուսանող եւ Օլիմպիադայի դափնեկիր

Միջազգային օլիմպիադայի մեդալը հնարավորություն էր տալիս արցախցի Բենիամին Հայրապետյանին առանց քննությունների ընդունվել անվճար ուսուցման համակարգ, սակայն նա ընդունվեց ինչպես բոլոր դիմորդները՝ միասնական քննությունների միջոցով․․․

Բենիամին Հայրապետյանը Արցախից է՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից։ Մինչև 9-րդ դասարանը սովորել է Սարուշենի Գրիգոր Այվազյանցի անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցում։ Արցախից տեղահանումից հետո ուսումն ավարտել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում։

Բենիամինն այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի “Բուժական գործ” ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է։

Կրթությունը միշտ էլ բարձրագույն արժեք էր նրա համար, և այն առավել արժևորելու գործում շնորհակալ է բոլոր ժամանակներում դասավանդած իր ուսուցիչներին։

-Սարուշենի միջնակարգ դպրոցն իմ անձի ձևավորման մեջ մեծ ու անգնահատելի ներդրում ունի։ Փոքր տարիքից միշտ մասնակցում էի ամենատարբեր օլիմպիադաների և մրցույթների։ Սակայն իմը քիմիան էր։ Եվ քիմիա ու կենսաբանություն առարկաների նկատմամբ սերն ինձ տարավ Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոց՝ նշված առարկաների խորացված ուսուցմամբ դասարան, որի շրջանավարտը դառնալ, ցավոք, չստացվեց։ Թե՛ Սարուշենում, և թե՛ Ստեփանակերտում սովորելուս տարիներին մասնակցել եմ տարբեր մշակութային՝ մասնավորապես ասմունքի մրցույթների և զբաղեցրել մրցանակային տեղեր։

7-րդ դասարանից սկսած քիմիան սովորական առարկա չէր ինձ համար։ Այն կախարդական ու զարմանահրաշ մի աշխարհ էր՝ լի ամենատարբեր երանգներով և որպես ապագայի գիտություն, գրավում էր ինձ։ Բարձր դասարաններում սովորողներից շատ էի լսում, որ քիմիան ամենաբարդ, անընկալելի առարկա է, և իրականում, շատերը չեն սիրում քիմիա, որովհետև այն հասկանալը շատ դժվար է։ Քիմիա չսիրողներին հակառակն ապացուցելու համար որոշեցի խորությամբ ուսումնասիրել և ըմբռնել այս առարկայի ամբողջ էությունը։ Եվ քիմիան դարձավ դպրոցական ծրագրի իմ ամենասիրելի առարկան։

Առաջին անգամ այդ առարկայից օլիմպիադայի որոշեցի մասնակցել շատ ուշ՝ 11-րդ դասարանում։ Առաջին փորձս բարեհաջող էր։ Ես, հաղթահարելով, բոլոր փուլերը, հայտնվեցի եզրափակիչ հանրապետական փուլում։ Արցախից միակ աշակերտն էի։ Շրջափակման պատճառով չկարողացա լիարժեք մասնակցել և միացա օնլայն ձևաչափով՝ միայն տեսական փուլին։ Արժանացա հատուկ խրախուսական գովասանագրի, որը, բնականաբար, ինձ չէր կարող գոհացնել։ Որոշեցի 12-րդ դասարանում ավելի փայլուն ներկայանալ,-պատմում է Բենիամինը։

2023-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ամեն ինչ մի տեսակ անիմաստ դարձավ երիտասարդի համար։ Արցախի հետ կապված բոլոր նրա երազանքները մի օրում փոշիացան։ Մտադրվել էր ընդունվել Երևանի բժշկական համալսարան և որպես բժիշկ վերադառնալ Արցախ ու աշխատել այնտեղ։

-Արցախից տեղահանվելուց հետո ուսումս շարունակեցի Սևանի ավագ դպրոցում և հաջողությամբ ավարտեցի այն։ Առաջին կիսամյակում նախապատրաստվում էի միասնական քննություններին, սակայն քիմիան շարունակում էր ձգել ինձ, և ես զուգահեռ մասնակցեցի նաև քիմիայի օլիմպիադային։ Առանց դժվարության անցա հանրապետական փուլ։ Հունվար և փետրվար ամիսներին գերազանց հանձնեցի միասնական քննություններս և մնացած ժամանակս հատկացրի քիմիայի օլիմպիադային հավուր պատշաճի ներկայանալուն։ Արդյունքում՝ հանրապետական փուլում, արժանացա 3-րդ կարգի դիպլոմի ու դարձա միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներից մեկը։ Առաջին անգամ գիտակցեցի, որ հնարավորություն ունեմ մասնակցելու առավել բարձր մակարդակի օլիմպիադայի։

Հետագայում՝ ընտրական փուլերի արդյունքում, ընդգրկվեցի լավագույն քառյակում և հնարավորություն ստացա մասնակցելու այս տարվա քիմիայի երկու միջազգային օլիմպիադաների։ Առաջինը Մենդելևյան օլիմպիադան էր, որն անց է կացվել ապրիլի վերջին, Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այդ օլիմպիադային քիչ էի հասցրել պարապել, բայց կարողացա լավ ելույթ ունենալ։ Քիչ միավոր էր պակասում, որ մեդալ բերեի և մեդալ չբերելս խթան հանդիսացավ, որ ավելի լավ պատրաստվեմ քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայից ձեռնունայն չվերադառնալու համար։

Թիմի մյուս երեք ներկայացուցիչներով մասնակցեցինք հուլիսի 21-ից 30-ը Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքում կազմակերպված տարվա ամենակարևոր քիմիայի ստուգատեսին, որին մասնակցում էին աշխարհի 88 երկրների 327 մասնակիցներ։ Օլիմպիադան անց է կացվել 2 փուլերով՝  տեսական և գործնական։ Խնդիրները բարդ ու հետաքրքիր էին։ Տեսական փուլին բավական լավ ներկայացանք, սակայն մի քիչ թերացանք լաբորատոր փուլում։ Այնուամենայնիվ, մեր միավորները բավական էին, որ չորս բրոնզե մեդալներ բերենք Հայաստան։ Միաժամանակ այնտեղ մենք ձեռք բերեցինք նոր ծանոթներ ու ընկերներ, որոնց հետ առնչվելու առիթներ դեռ շատ կունենանք։ Ծանոթացանք նոր երկրի, նրա հարուստ մշակույթի հետ։ Չլինեին այդ օլիմպիադաները, հավանաբար, ես չէի կարող լինել այդ երկրներում։

Ես մանկուց որոշել էի բժիշկ դառնալ և շատ էի մտածում այդ ուղղությամբ։ Ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետև բժշկությունը համարում եմ ազնվագույն մասնագիտություններից մեկը։ Այն, սոսկ, գործ չէ, այլ վեհ առաքելություն։ Դեռևս չեմ կողմնորոշվել նեղ մասնագիտության ընտրության հարցում։ Հնարավոր է ապագայում համատեղեմ բժշկությունը քիմիայի հետ։ Ինչ մասնագետ էլ դառնամ, կաշխատեմ պետքական լինել մարդկությանը՝ դառնալով գլոբալ խնդիրներ լուծող,-ասում է Բենիամինը։

Միջազգային օլիմպիադայի մեդալը հնարավորություն էր տալիս Բենիամին Հայրապետյանին առանց քննությունների ընդունվել անվճար ուսուցման համակարգ, սակայն նա ընդունվեց ինչպես բոլոր դիմորդները՝ միասնական քննությունների միջոցով։

Բենիամինը չի կորցնում հույսը, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է և, որպես լավագույն մասնագետ, իր առաքելությունը դեռ կատարելու է Արցախում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախցիների հանդեպ վերաբերմունքի մեջ ոչ բոլորն են տեսնում հայ ժողովրդի «կենսագրության» նվաստացումը

Երեւանի դատարանը չի կալանավորել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը: Փաստաբանի խոսքով՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է նախաքննության միջնորդությունը՝ Արամ Երիցյանի կալանքը համարելով անօրինական։ Նշենք, որ 27-ամյա Արամ Երիցյանը բերման է ենթարկվել իբր մեքենան ոչ պատշաճ կայանելու համար։ Փաստաբանը հայտարարել է, որ պարեկները ծեծել են եղբորը, փորձել են ձեռնաշղթաներ հագցնել, թեև վերջինս ինքնակամ համաձայնել է գնալ ոստիկանություն, և ապօրինի գործողություններն ուղեկցել են հայհոյանքներով, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ։

Ռոման Երիցյանը դա կապում է իր գործունեության հետ. նա պաշտպանում է արցախցիների իրավունքները, որոնք ենթարկվում են Հայաստանի իշխանությունների կողմից անբացատրելի թվացող բռնությունների եւ ճնշումների։

Խոսքը նախագահ Սամվել Շահրամանյանի մասին է, ում մեքենան առգրավվել է ու այլեւս չի վերադարձվել։ Նաև Արցախի համայնքների ղեկավարների մասին, ովքեր ինչ-որ պատրվակներով կալանավորվում էին, երբ Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցեր էին տեղի ունենում (ձերբակալում էին ոչ թե տավուշցիներին, այլ արցախցիներին)։

Ձերբակալված արցախցիներից ոմանք ազատ են արձակվել կալանքից, սակայն գործերը չեն փակվել։

Երիցյանի եղբոր դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց, և եթե Քննչական կոմիտեն հերքեց բռնություն կիրառելը (թեև դա հետագայում ապացուցվեց տեսաձայնագրությամբ), ապա պաշտոնական փաստաթղթերում ոչինչ չի ասվում արցախցիներին նվաստացնելու, հնարավորինս խորը խոցելու նրանց պատիվն ու արժանապատվությունը միտումնավոր մտադրության մասին։

Ինչո՞ւ է միջադեպը նման հնչեղություն և նույնիսկ իրարանցում առաջացրել իշխանամետ շրջանակներում։ Պարեկային ծառայությունը ստեղծվել և աջակցվում է ամերիկյան նվիրատվություններով։ ԱՄՆ պաշտոնյաները պարեկային ծառայության ստեղծումը համարում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև «ժողովրդավարական համագործակցության» հիմնական պտուղը։ Իսկ պարեկների դեմ ցանկացած հրապարակային մեղադրանք սպառնում է վարկաբեկել Միացյալ Նահանգներին և նվազեցնել օգնությունը:

Այն հարցը, որ պետական ​​կառույցները, այդ թվում՝ իրավապահները, ընդգծված անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում արցախցիների նկատմամբ, գրեթե չի քննարկվում արցախցիների հետ արևմտյան պաշտոնյաների հանդիպումների ժամանակ։ Ֆունդամենտալ խնդիրներ քննարկելու փոխարեն արցախցի կանանց հետ ժենգյալով են թխում, դեմքի սրտացավ արտահայտությամբ խոսում հումանիտար խնդիրների մասին՝ դրանով իսկ արդարացնելով Հայաստանի իշխանության վերաբերմունքը։

Այս վերաբերմունքը Հայաստանում եւս հանրային դիսկուրս չի դառնում, թեև այն առանցքային քաղաքական ցուցանիշ է, որը հայկական պետության վերացման վեկտոր է հանդիսանում։

Քաղաքական քարոզչությունից դրդված՝ շատերը վրդովված են, թե ինչու արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ անգամ բնակապահովման ծրագրին մասնակցելու համար։ Բայց քչերն են հարցնում, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն այս ակնհայտ անհեթեթ եւ դժվար իրականացնելի պահանջն առաջադրել որպես պարտադիր պայման։ Դժվար է իրականացնել ոչ միայն այն պատճառով, որ հայկական անձնագրով բազմաթիվ արցախցիներ առանց դրա էլ իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և չեն ցանկանում քաղաքական խաղերի մասնակցել։ Դժվար է իրականացնել նաև, որովհետև մարդիկ 10 ամսվա ընթացքում արդեն երեք անգամ դատապարտվել են փաստաթղթային նվաստացուցիչ քաշքշուկի․ սկզբից նրանց ստիպել են ստորագրել, որ քաղաքացիություն չունեն, հետո ընդունել փախստականի կարգավիճակ, իսկ հիմա՝ քաղաքացիություն։ Շատերը փաստաթղթեր չունեն, իսկ դրանց վերականգնումը երկար գործընթաց է արխիվներում ու դատարաններում։

Հայ հասարակության մեջ ոչ ոք չի հարցնում. կա՞ առանձին հիմնադրամ, որտեղ ՀՀ կառավարությունը կուտակում է արցախցիների համար նախատեսված գումարները, ինչպե՞ս են ծախսվում այդ գումարները։ Որքա՞ն օտարերկրյա օգնություն է ստացվել արցախցիների բնակարանաշինության ծրագրի համար, և որտե՞ղ է դա «կախվել», եթե կառավարության անհեթեթ պահանջներից ելնելով բնակարանաշինության ծրագրի մեկնարկից 2 ամիս անց ընդամենը 30 ընտանիքի է վկայական տրվել։

Կառավարության վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ ունի հեռահար քաղաքական նպատակներ, որոնք հեշտությամբ տեսանելի են, բայց չեն քննարկվում։ Լռությունը բերում է մի իրավիճակի, երբ հասարակության մեջ, որն արցախցիների հանդեպ նորմալ, ադեկվատ վերաբերմունք է ցուցադրում՝ կարեկցանքով և օգնելու պատրաստակամությամբ, արհեստական ​​խոչընդոտներ և բաժանարար գծեր են ստեղծվում։ Ոչ բոլորն են արցախցիների նկատմամբ վերավերմունքի մեջ ամբողջ հայ ժողովրդի, նրա «կենսագրության» և ընդհանրապես ինքնության նվաստացման միտումնավոր քաղաքականություն տեսնում։

Նաիրա Հայրումյան

Բրիտանիայում հականերգաղթյալների ցույցեր. Ռոթերհեմում հարձակվել են փախստականներով հյուրանոցի վրա

BBC

Բրիտանական քաղաքներում շարունակվում են անկարգությունները անցյալ շաբաթ Սաութպորտի մանկական պարի ստուդիայի վրա հարձակումից հետո, որի հետևանքով երեք աղջիկ է սպանվել, ևս ութ երեխա և երկու մեծահասակ վիրավորվեցին: Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 147 մարդու, և այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի:

Կիրակի առավոտյան անկարգություններ են սկսվել Ռոթերհեմ քաղաքում՝ Հարավային Յորքշիրի վարչական կենտրոնը։ Holiday Inn Express հյուրանոցի մոտ հավաքվել էին միգրացիային թե՛ դեմ, թե՛ սատարող մարդիկ։

Սակայն շուտով «Ոչ ռասիզմին» ներգաղթյալ շարժման ներկայացուցիչները լքեցին հյուրանոցը, մինչդեռ ներգաղթի հակառակորդների գործողությունները վերաճեցին անկարգությունների։

Ցուցարարները աղյուսներ ու քարեր են նետել հյուրանոցի պատուհանների վրա՝ կոտրելով մի քանի պատուհաններ, իսկ ոստիկանների ուղղությամբ ցանկապատի վահանակներ ու ապակե շշեր են նետել։ Խռովարարները փակել են հյուրանոց տանող ճանապարհը, իսկ հետո հրկիզել շենքը, որտեղ գտնվում է հյուրանոցի էլեկտրական գեներատորը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այն, ինչ կատարվում է բրիտանական շատ քաղաքներում, անվանել է «ոչ թե բողոքի ցույց, այլ կազմակերպված բռնություն»։

Նա զգուշացրեց անկարգություններ անողներին, որ նրանք «կզղջան» իրենց արարքների համար և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Սթարմերը Ռոթերհեմի ցուցարարներին նկարագրել է որպես «ծայրահեղ աջ խմբավորումներ, որոնք մտադիր են խախտել օրենքը»՝ հավելելով, որ և՛ հյուրանոցի հյուրերը, և՛ անձնակազմը վախեցած են։

Նա նաև հավելեց, որ այս ամբոխը «մեր երկիրը չի ներկայացնում»։