Սակրավոր Նազելին

 Բերձորի անտառներում՝ հրամանատարի ու միջազգային «Հելլո Թրասթ» կազմակերպության ղեկավար անդամներից մեկի հետ

Բերձորցի Նազելի Իսունցը ծննդով Գորիսից է։ Ապրում էր բժիշկ ամուսնու ու երեք երեխաների հետ։ Երջանիկ էին, հետո խնդիրներ ծագեցին ընտանիքում, ու Նազելին մնաց երեք երեխաների հետ մենակ։

Մասնագիտությամբ մանկավարժ է, Բերձորի թանգարանում էր աշխատում։ Ընտանիքը կերակրելու համար Նազելին ընտրեց բարձր վարձատրվող, սակայն ամենևին էլ ոչ կանացի մասնագիտություն՝ նա ականազերծող էր։ Առավոտ ծեգին դաշտ գնալն ու սեփական կյանքը վտանգելը սովորական էր դարձել։ Երբ գիտես, որ այդ գնով վաստակած գումարով երեխաներիդ ես ոտքի կանգնեցնում, ուժ ես ստանում։

“Իրականում հիմա ես ինքս էդ ես չեմ, որովհետեւ այդ 10 տարին շատ բան փոխեց եւ իմ մեջ, եւ արտաքնապես, կարելի է ասած։ Իրականում շատ վախկոտ մարդ էի, խուճապի մեջ մտնող, կաշկանդվող։ Ես մինչեւ այդ աշխատանքին եւ թիմին հարմարվել եմ, հիմա կոլեկտիվա՝ տղամարդիկ են հիմնականում եղել, հետո նոր աղջիկների խումբն է ձեւավորվել, մինչեւ հարմարվել եմ այդ դրսի կյանքին․․․ Աղջիկներով 8 հոգի էինք”։

Առաջին գործը 9 տարի առաջ էր, Եղծահողում էր ականապատ դաշտը։ Աշխատանքն սկսվում էր վաղ առավոտյան. 5:30-ին կանայք արդեն կազմ ու պատրաստ, նախաճաշած բազայից դաշտ են ճանապարհվում։

Լուսանկարում՝ Բերձորի բազայում՝ դաշտ մեկնելուց առաջ

 

Լուսանկարում՝ դաշտում

Ամեն մի օրը սկսվում և ավարտվում էր ինչպես ֆիլմերում՝ կանանց կյանքը մի մազից էր կախված, սխալվելը հավասարազոր էր մահվան։ Իսկ սխալվելու իրավունք այս կանայք չունեին՝ տանը նրանց երեխաներն էին սպասում, մայրիկը պարտավոր էր առավոտ վաղ նրանց համբուրելուց ու տնից դուրս գալուց հետո նույնկերպ երեկոյան անփորձանք տուն դառնալ ու իր ջերմությունը հաղորդել զավակներին։

Լուսանկարում՝ կանանց ականազերծող խումբը ծանր աշխատանքից հետո հանգստանում է

Լուսանկարում. հերթական ականազերծումից հետո Նազելին տուն է վերադարձել, մեքենայի վրա ականազերծող սարքավորումներն են

Լուսանկարում՝ ականազերծող ընկերուհու հետ լուսանկարվել են առաջին արցախյան պատերազմում ազատագրված տարածքները ականազերծելուց հետո

Լուսանկարում՝ երբեմն նման սիրո խոստովանություն են ստանում ֆշշացնող սիրահարներից։ Լուսանկարը Քարագլխում է արված

Լուսանկարում՝ Ձյունապատ տեսարանի տակ ականը չի երևում

Արտասահմանյան լրագրողներին ուղեկցել են առաջնագիծ, լուսանկարը Մարտունիում է արված, 90–ականներին Վեսալլու կոչվող տեղանքը առաջին գիծ էր։ Ձմռան կեսին բարձրանում էին այդ բարձունքները։ «Անտանելի ցուրտ էր,– հիշում է Նազելին,– բայց գիտակցում էինք, թե ինչ կարևոր աշխատանք ենք իրականացնում։ Լավ կոլեկտիվ էր, ամեն մի օրը մյուսի նման չէր, փոխվում էին տեղանքները, խնդիրը նույնն էր մնում՝ մահաբեր ականներից ազատել հայրենիքը, որ ազատ շունչ քաշենք։ Մաքրելը՝մաքրեցինք, ազատ շունչ քաշելը երազանք մնաց»:

Լուսանկարում՝ Արտասահմանյան լրագրողների հերթական խմբի հետ

 

Արցախի հետ են կապված նրա կյանքի լավագույն տարիները. երեխաները ծնվել ու մեծացել են Արցախում, մեծ տղան մասնակցել է 44–օրյա պատերազմին, կռվել ու վիրավորվել է Մարտունիում, մինչև 2023 թվականի սեպտեմբերը Նազելին տղաների հետ Արցախում էր։

Երևանում ապրում է վարձով, որպես 2020 թվականի տեղահանված, օգտվելով պետական ծրագրից, վերջերս Սպիտակում բնակելի տուն է ձեռք բերել։ Երկրորդ հարկում զուգարան-բաղնիք կկառուցեն, ու  հարմարավետ օջախ կդառնա։

Ինչո՞ւ միայն վերջերս են տուն ձեռք բերել, չէ՞ որ 10 մլն դրամի սերտիֆիկատը վաղուց են ստացել: Նազելին ասում է՝ տղաս ու ամուսինս վիրավորված էին, վերականգնողական կենտրոններում բուժման կուրս էին անցնում, և հետո էլ չէինք կողմնորոշվում ՝ վերադառնա՞նք Արցախ, թե՞ Հայաստանում տուն ձեռք բերենք։

Վերջին պատերազմն ու Արցախի հայաթափումը որոշեց նրանց փոխարեն։

Հայաստանում Նազելին որոշեց հիմնել սեփական բիզնեսը, առայժմ առաջին քայլերն է անում։

«Շրջափակումը կանանց հնարամիտ էր դարձրել, մանկական կերից քաղցրավենիք էի պատրաստում»-հիշում է Նազելին։ Այժմ էլ որոշել է նույն հնարամտության կիրառմամբ քաղցր փնջեր կապել, կոմպոզիցիաներ է հավաքում չրեղենից, ընդեղենից։ Արդեն վաճառքներ ունի։

Գինը հարմարեցնում է պատվիրատուի հետ, պատվերներ շատ են լինում, հատկապես՝ կանանց տոների առթիվ։

Չրեղենի փնջերն ավելի թանկ արժեն, քանի որ հումքն ինքնին թանկ է, քաղցրեղենի փնջի գները կախված են կոնֆետների տեսականիից։

Այս փունջը Նազելին պատրաստել է «Կանանց աքսելերատ» ծրագրի շրջանակներում իր շնորհանդեսի համար։ Ծրագրի մասին պատահական սոցիալական ցանցերից է իմացել, հայտ է ուղարկել ու նախնական ընտրության փուլը հաղթահարել։ Այժմ բիզնեսի վարման գիտելիքներ է ձեռք բերում ու նախապատրաստվում ներդրողներին լավագույնս ներկայացնել իր արտադրանքը, որպեսզի տան պայմաններում սկսածը այլկերպ շարունակի։

“Միշտ փորձել եմ մի լավ բան անել, ըստ ինձ՝ լավ բիզնեսա, բայց անգրագետ, քանի որ թվացելա՝ դա է իմ առավելությունը, որ ինչ-որ բան կարում եմ անել, բայց իտոգում առավելություն չունեի։ Հիմա իմ առավելությունը կրթություննա, գրագիտությունը”

Լուսանկարում՝ Նազելին ներկայացնում է իր բիզնեսը

Ստեփանակերտում Նազելին բիլիարդանոց էր բացել, գործերը վատ չէին։ Նոր իրողություններում ճկուն գտնվելու, նոր գաղափարներ զարգացնելու անհրաժեշտություն է տեսնում։

Ռիսկային գործ սկսելուց չի վախենում, սակայն հաջողելու համար  գիտելիքներ են պետք, օրինակ՝ գոյություն ունի գնագոյացման բանաձև, բիզնեսի առաջխաղացման մեթոդներ, ճիշտ բիզնեսվարման ուղեցույցեր: Այս ամենին Նազելին տեղեկացել է «Երազ» բիզնես կենտրոնում կազմակերպված դասընթացների ժամանակ, որ նախաձեռնել էր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։

Արցախում հեշտ էր այն տեսանկյունից, որ  կայուն աշխատանք ուներ, իսկ հիմա ամեն ինչ կախված է պատվիրատուից։

Շուկայական հարաբերություններում մեծ մրցակցության պայմաններում պիտի այնպիսի առաջարկ անես, որ հաճախորդը կողքով չանցնի։ Սկզբնական շրջանում, իհարկե, կաշխատեն նվազագույն շահույթով, հետո արդեն, երբ դիրքավորվեն շուկայում, կկարողանան կայուն եկամուտ ունենալ։

Սա էլ մի յուրահատուկ ականի դաշտ է, պետք է  գերճշգրիտ հաշվարկ անես, նոր գործը սկսես։ Ձախողվելու վտանգը սկսնակ բիզնեսներին սպառնում է ինչպես չպայթած ականը։

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստված է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

Զարիֆի վերադարձը․ Իրանի քաղաքականությունը ՌԴ եւ Արցախի հարցով կփոխվի

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով երկրի նախկին արտգործնախարար Մոհամադ Զարիֆը նշանակվել է Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ, հայտնում են Իրանի պետական լրատվամիջոցները։

«Ձեզ հանձնարարված է վերահսկել ազգային և միջազգային խոշոր զարգացումները, ինչպես նաև, թե որքանով է մեզ հաջողվում հասնել Սահմանադրության նպատակներին», – ըստ IRNA գործակալության՝ նշանակման նամակում նշել է Իրանի նորընտիր նախագահը։

Զարիֆն Իրանի դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարել է 2013-2021 թվականներին։ Նա համարվում է Թեհրանի միջուկային գործարքի գլխավոր ճարտարապետներից մեկը։

Զարիֆի նշանակումը, հավանաբար, միտված է ցույց տալ ոչ միայն Իրանի պատրաստակամությունը՝ վերականգնել միջուկային գործարքը։ Զարիֆի՝ 2021-ի ապրիլին տված հարցազրույցի «արտահոսումը» մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նա բացահայտ հայտարարել է, որ Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների նորմալացումը չի բխում Ռուսաստանի շահերից, այդ իսկ պատճառով միջուկային գործարքը չի բխում նրա շահերից։

Նա մեղադրել է Մոսկվային, որը, ըստ նրա, 2020-ին սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին փորձել է խաթարել Թեհրանի միջուկային համաձայնագիրը արևմտյան երկրների հետ։

Զարիֆի այն ժանանակվա տեղակալ Արաղչին, հավանաբար, Իրանի արտգործնախարար կնշանակվի։ Արաղչին 2020-ի Արցախյան պատերազմի ժանանակ կողմերին խաղաղության իր պլանն էր առաջարկում։ Հետո «անցավ» ռուսական պլանը։

Զարիֆի հուշերի գրքում, որ օրերս է հրատարակվել, նշվում է․

«Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը։ Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտոր Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»:

Հիշեցնենք, որ օրերս այաթոլա Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորեց Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը, ընդգծելով՝ «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։

Օկուպացված Ստեփանակերտում քանդել են Վահրամ Փափազյանի կիսանդրին

Ադրբեջանի վարչախումբը քանդել է Ստեփանակերտի պետական թատրոնի բակում կանգնեցված Վահրամ Փափազյանի կիսանդրին։ Այս մասին է վկայում ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութը։
Ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։

Ռուս սենատորը ձերբակալվել է մարդասպան պատվիրելու մեղադրանքով

Սենատորը կասկածվում է այն ժամանակ ձերբակալված գործարար Իոնովի սպանությունը պատվիրելու մեջ։ Սպանությունը կատարելու համար Սավելևը վարձել է քիլերի, սակայն նա դիմել է ԱԴԾ։ Սպանությունը բեմադրվել էր։

Սենատոր Դմիտրի Սավելևը հրահանգել է կազմակերպել գործարարի սպանությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Ըստ հետաքննության՝ 2023 թվականի օգոստոսին Մոսկվայում Դմիտրի Սավելևը, առաջնորդվելով ձեռնարկատիրոջ նկատմամբ անձնական թշնամանքով, հրամայել է իր ծանոթին կազմակերպել նրա սպանությունը դրամական պարգևի դիմաց»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Քննիչները բեմադրել են սպանությունը։ Սպանության մասին տեղեկություն ստանալով՝ «Սավելևը հանցակցին պարգև է տվել հանցագործության կատարման համար», – ասել են քննիչները։

Մեկօրյա պատերազմում Ճարտարի դիրքերում ընկան 11 հայորդիներ և հարյուրավոր ադրբեջանցիներ

Forrights

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի բժիշկ-ստոմատոլոգ Նվեր Բաղդասարյանը շուրջ 17 տարի մասնագիտական գործունեություն է ծավալել հայրենի բնօրրանում։ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում վեց տարի աշխատելուց հետո նա ձեռնամուխ է եղել սեփական ներդրումներով նույն բուժհաստատությունում բացել ատամնաբուժական մասնավոր կաբինետ (ԱՁ), որտեղ էլ աշխատում էր մինչև անցած տարվա մեկօրյա պատերազմը։

Արցախի շրջափակման պայմաններում յուրաքանչյուր ոլորտի աշխատող յուրովի բախվում էր տարաբնույթ խնդիրների։ Լիակատար շրջափակման հետևանքով Նվեր Բաղդասարյանի ստոմոտոլոգիական նյութերն արդեն վերջացել էին և 2023թ. սեպեմբերի 19-ին պատերազմից կես ժամ առաջ նա ոտքով ուղևորվել է բուժհաստատություն, որտեղ վերջին նյութերով պետք է բուժեր տվյալ ժամին նշանակված հաճախորդին։

«Այդ օրն աշխատանքի էի գնում մեկ հոգու համար և բուժման համար պիտի օգտագործեի մի կերպ հայթայթած վերջին նյութերը։ Սակայն պացիենտը ատամնաբուժարան գալու ճանապարհի կեսից միանգամից մեկնում է առաջնագիծ, որտեղ էլ ծանր վիրավորվում է և տեղափոխվում վերակենդանացման բաժանմունք։ Առաջին պայթյունը Ճարտարի վերևի հատվածում տեղակայված կապի հանգույցում էր, միանգամից խափանվում է բջջային կապը, համայնքը հոսանքազրկվում է ու սկսվում են հրետակոծություններ պաշտպանական դիրքերի ուղղությամբ։

Հիվանդանոցը բարձունքում էր, և ես այնտեղից դիտում էի, թե ինչպես չորս կողմից կրակ էր թափվում։ Ամենուր իրարանցում է սկսվում։ Բուժանձնակազմի մեծամասնությունը կանայք էին և վախից տարակուսած շվարել էին։ Անհրաժեշտ էր սթափվել և օպերատիվորեն պատրաստվել առաջին վիրավորների ընդունելուն»,-պատերազմի առաջին պահերը ներկայացրեց բժիշկը։

Մինչև մեկ ժամը հիվանդանոցի մուտքում տեղադրում են թախտեր, պատրաստում առաջին բուժօգնության պարագաները, հանում պահուստային դեղորայքը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մեկ ժամից հետո ընդունում են առաջին քաղաքացիական վիրավորին Մաճկալաշեն գյուղից։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով հիվանդին ուղարկում են Ստեփանակերտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։

Աստիճանաբար վիրավորների թիվը սկսեց աճել։ Շտապօգնության մեքենաները համարյա վառելիք չունեին։ Թեթև վիրավորումներով զինծառայողները դիրքերից ոտքով էին հասնում տեղամասային հիվանդանոց, իսկ դիրքերը 5 կմ հեռավորության վրա էին։ Բարդ վնասվածքներ ստացած վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո մի կերպ ուղարկել են Մարտունու շրջանային հիվանդանոց։

Բժշկի խոսքով՝ դեռ որոշ ժամանակ կապ ունեին Ստեփանակերտի բուժհաստատությունների հետ, այնուհետև կապը լիովին կտրվում է և չեն կարողանում կապվել նույնիսկ իրենց բուժանձնակազմի շտապօգնության մեքենայի հետ, որով վիրավորները տեղափոխվում էին մարտական դիրքից 700 մ հեռավորությամբ գտնվող ընդհանուր ճանապարհով։

Ճարտարից կրակահերթերի ու հրետակոծությունների տակ շտապօգնության մեքենայով վառելիքի վերջին պաշարներով հինգ անգամ վիրավորներ են տեղափոխել Մարտունու բուժհաստատություն։ «Մեկօրյա պատերազմի ընթացքում տեղամասային մեր հիվանդանոցում ընդունել ենք 19 վիրավոր, որոնցից 2-ը (առաջին և վերջին վիրավորները) հետո մահացել են։ Բուժսպասարկմանը ներգրավվել են 2 բժիշկ, 3 բուժքույր, 2 սանիտար։ Չորս վիրավոր առաջին բուժօգնություն ստանալուց հետո կրկին վերադարձել են դիրքեր։ Վիրավորներից մեկի պարանոցի շրջանի հրազենային վնասվածքը քնային զարկերակից ընդամենը 2 մմ էր հեռու, ինչի հետևանքով փրկվեց մահից։

Դիպուկահարի կրակոցից բարեբախտաբար թեթև ընթացքով վիրավորում ստացած մի զինվոր ամբողջովին հյուծվել էր սովից։ Ասում էր՝ վիրակապեք, գնում եմ, բայց չէր կարողանում քայլել։ Հասկացանք, որ սոված է։ Էնքան պահեցի մինչև հաց կերավ, մոտ մի ժամ կաթիլային ներարկեցինք, մի քիչ քնեց, իսկ գիշերվա երեքին վեր կացավ ու գնաց նույն դիրքը»,- պատմեց բժիշկը։

Հոսանքի և կապի բացակայության պատճառով բուժանձակազմը տեղյակ չէր հրադադարի մասին։ «Կոհակի» դիրքը մոտ էր հիվանդանոցին։ Հենց հրետանին լռեց, հասկացան, որ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որոշ ժամանակ անց մերձմարտեր են եղել նշյալ դիրքում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացրեց զրուցակիցս, թշնամին այդ ձորում ունեցավ հարյուրավոր զոհեր և միայն երկու օր հավաքում էին իրենց դիերը։

«Ճարտարի բոլոր տղամարդիկ դիրքերում էին։ Նույնիսկ հրաման կար, որ ռեզերվում մնացողներ լինեն, բայց ոչ ոք չմնաց։ Սննդամթերքի պակասի և վառելիքի խնդիրների պատճառով խիստ դժվարություններ եղան։ Ի դեմս այդ խնդիրների՝ հակառակորդը հատկապես Ճարտարի դիրքերում կրեց բազմաթիվ կորուստներ։ Մեկօրյա պատերազմում մեր դիրքերում ընկան 11 հայորդիներ և հարյուրավոր ադրբեջանցիներ։ Հետաքրքրական էր նաև այն, որ հակառակորդի հրետանին 24 ժամվա ընթացքում շուրջ հազար արկով չկարողացավ ոչնչացնել մեր դիրքերից մեկում տեղակայված 80 մմ-անոց ականանետը։ Ու այդ դիրքում ո՛չ վիրավոր ու ՛ոչ էլ զոհ ենք ունեցել։ Արցախի ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է անմնացորդ, զինծառայողները մարտնչել են անձնազոհ՝ մինչև արյան վերջին կաթիլը»,-նշեց բժիշկը։

Նվեր Բաղդասարյանը հիվանդանոցում մնաց մինչև սեպտեմբերի 24-ը։ Ճարտարցիների տարհանման համար վառելիք տրամադրեցին սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան։ Մարտունու ամբողջ շրջանն արդեն լիովին տեղահանվել էր, բացի Ճարտարից։

«Այդ ժամանակ արդեն ՌԴ խաղաղապահների զրահամեքենայի ուղեկցությամբ գյուղամեջ են մտել ադրբեջանցի զինվորներ, իբրև թե շեղվել են ճանապարհից ու հետո հեռացել։ Մենք մեր զենքերը չէինք հանձնել և անհրաժեշտության դեպքում պատրաստ էինք դիմակայել։ Ճարտարից ստիպված տեղահանվեցինք սեպտեմբերի 27-ին։

Քաղաքապետարանը կազմակերպեց ավտոմեքենաներ չունեցող ընտանիքների տարհանումը։ Մտնում էին տնետուն, որ մարդ չմնա։ Տարեցներ կային, որոնք հրաժարվում էին դուրս գալ իրենց տներից, բայց ադրբեջանցիներն արդեն համայնքում էին և ստիպված պետք է լքեին»,- տեղեկացրեց Ն. Բաղդասարյանը։

Այդ ժամանակ բժշկի ընտանիքը Ստեփանակերտում էր և կապի բացակայության պատճառով նա տեղեկություն չուներ հարազատներից։ Մեկօրյա պատերազմից միայն հինգ օր հետո նա բարձրանում է Գիշի գյուղի հանդիպակաց սարը և մի կերպ կարողանում է զանգել Երևանում գտնվող քրոջը՝ ընտանիքից որևէ լուր իմանալու համար։ Հայրական տնից բժիշկը ոչինչ չի կարողանում վերցնել. նա օգնում է գյուղից տարհանել հորաքրոջ ընտանիքին և հասցնել Ստեփանակերտ։

Մեր զրուցակցի խոսքով՝ տեղահանման ժամանակ ադրբեջանցիները կանգնեցրել են Ճարտարից տեղահանվող մի ընտանիքի ավտոմեքենան և նրանցից խլել եղած գումարները, կնոջ վզից հանել են ոսկե շղթան, ձեռքի մատանին և արժեքավոր մյուս իրերը։ Դրանից հետո քաղաքապետարանի աշխատակիցները միջոցներ են կիրառել, որ համայնքի մյուս բնակիչները առանց խոչընդոտների տեղահանվեն։

Նվեր Բաղդասարյանն ընտանիքի հետ միավորվել է սեպտեմբերի 27-ին և նույն օրը երեկոյան բռնել են տեղահանման 34-ժամյա դժոխային ճանապարհը։

Բժիշկը Ճարտարում թողել է տարիների իր ներդրումներով կահավորված ատամնաբուժական կաբինետն ու մասնագիտական թանկարժեք բոլոր գործիքները և այժմ Երևանում չի կարողանում շարունակել զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։ Խնդիրներ շատ ունի, բայց առաջնայինը զբաղվածության հարցն է։ Նորից սեփական ԱՁ բացելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը ներկա պահին ինքն ի վիճակի չէ։ Դիմել է մասնավոր ատամնաբուժարաններ, սակայն տեղի բարձր վարձավճարին զուգահեռ պետք է ձեռք բերի նաև ստոմատոլոգիական նյութեր, ինչը նրա ներկայիս կարգավիճակում հնարավոր չէ, իսկ Արցախ վերադառնալու հույսը նրա մոտ երբեք չի մարում։

Զառա Մայիլյան   

Ահաբեկիչների պահանջներին ի պատասխան Հայաստանի կառավարության լռությունը թանկ է նստում հայ հասարակության վրա

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է հոդված, որտեղ հեղինակը գրում է. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը սանձազերծվել է իռեդենտիստների և անջատողականների կողմից, հանգեցրել է միլիոնավոր մարդկանց ջարդերի, տների և ունեցվածքի կորստի: Մի քանի տասնյակ հազար մարդ մահացավ և դարձավ հաշմանդամ։ Հակամարտությունն անցավ երկու պատերազմների միջով, և դրա արդյունքը եղավ ոչ թե սահմանների փոփոխությունը և ներգրավված կողմերի տարածքների ավելացումը, այլ էթնիկական գծերով բնակչության տեղաշարժն ու փոխադարձ փոխանակումը։ Գործընթացը ազդել է հարյուր հազարավոր և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի վրա»:

Ըստ ամենայնի, հեղինակը այդպես էլ չի կարողացել սահմանել հակամարտության էությունը։

Իռեդենտիզմը (իտալերեն irredento-ից «չփրկված; չմարված») կառավարության, կուսակցության, շարժման, առանձին սոցիալական խմբերի կամ մեկ պետության անհատների քաղաքականությունն է, հակումն ու մտադրությունները՝ մեծացնելու տարածքը և իրենց իրավասության թիվը՝ այլ բնակչության եւ իրավասությունների հաշվին։

Անջատողականությունը քաղաքական և այլ շարժումների կամ միտումների հատուկ տեսակ է, որը հիմնված է գաղափարախոսության վրա, որը կոչ է անում և տանում է տարածքի մի մասի անջատմանը պետությունից։

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները, ովքեր օգտվել են 1988 թվականին գործող ԽՍՀՄ Սահմանադրությամբ ընձեռնած ինքնորոշման իրավունքից, չեն կարող դասվել որպես ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

ԼՂԻՄ-ի բնակիչներն իրենց տարածքն ավելացնելու ցանկություն չունեին. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն ավելացել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում՝ ի պատասխան հայկական անկլավի բնակիչների օրինական պահանջների։ Տարածքները շատացան, քանի որ արցախահայությունը ստիպված էր զենքը ձեռքին պաշտպանել իր ծերերին, կանանց ու երեխաներին, որպեսզի նրանք չարժանանան Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Մարաղայի հայերի ճակատագրին։

1988-ից 1992 թվականներին Արցախի 4-ամյա շրջափակումը հայ տղամարդկանց ստիպեց զենք վերցնել և բացել կյանքի ճանապարհը, որը կապում էր Արցախը մայրցամաքային Հայաստանի հետ, բայց սա բավարար չէր։ Ադրբեջանը շարունակեց մշտական ​​հրետանային գնդակոծության ենթարկել խաղաղ բնակչությանը, ինչը ստիպեց հայկական զինված ուժերին աստիճանաբար ոչնչացնել հակառակորդի կրակակետերը։

Ադրբեջանի դեմ արցախյան ողջ պատերազմը կրակակետերի ոչնչացում էր՝ միջազգային սկզբունքներին և օրենքներին համապատասխան ռասիստական ​​կազմավորումից արդեն անջատված հանրապետության խաղաղ բնակչության կյանքի համար նորմալ պայմաններ ստեղծելու համար։

Այսօր ադրբեջանական քարոզչությունը ձգտում է նույնացնել Արցախի հայ բնակիչներին հակամարտության արդյունքում Հայաստանը և Արցախը լքած ադրբեջանցիների հետ։

Մեր պարտքն ենք համարում հիշեցնել ադրբեջանցի քարոզիչներին, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները ԽՍՀՄ քաղաքացիներ են, ովքեր տեղահանվելուց հետո ընդունել են Ադրբեջանի քաղաքացիություն իրենց էթնիկ ծագման երկրում։

Արցախահայությունը լքել է ԽՍՀՄ-ն ու Ադրբեջանը և այլևս չի դիմել այս երկրին քաղաքացիություն ստանալու համար։

ԼՂՀ-ն հատուկ պետական ​​միավոր է, և որքան էլ ֆաշիստական ​​ադրբեջանը փորձի հակառակը համոզել համաշխարհային հանրությանը, չի ստացվի, քանի որ կան միջազգայնորեն ճանաչված փաստաթղթեր և ակտեր։

Այս հարցում վերջին կետը թուրքիայի նախագահ էրդողանի հայտարարությունն էր, որ հենց թուրքիան է մտել Արցախ, այսինքն՝ ոչ թե ադրբեջան, ոչ թե Հայաստան, այլ հենց Արցախ։

Եվ ինչպես ադրբեջանն Արցախը համարեց իր տարածքի միֆը, այնպես էլ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հեքիաթը կփլուզվի։

Ադրբեջանցի քարոզիչները մեծ խաղադրույքներ են կատարում ադրբեջանցիներին իրենց նախկին բնակության վայրեր վերադարձնելու ռազմավարության վրա։ Նրանք կարծում են, որ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում պետք է քննարկվի վերադարձի հնարավորությունը ցանկացողների համար։

Բնականաբար, ադրբեջանցիները կարող են ցանկանալ դա անել, քանի որ գիտեն, որ իրենց ոչ ոք չի սպառնա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում։ Եվ չնայած հիստերիկ առասպելներին, թե իբր հայերն իրենց ցեղասպանության են ենթարկել, նվաճել իրենց հողերը և նմանատիպ ամենատարբեր անհեթեթություններին, նրանք չեն վախենա ապրել հայերի մեջ, քանի որ նրանց հետ նման բան չի արվել։

Կարո՞ղ են հայերն ասել, որ պատրաստ են վերադառնալ ադրբեջանի իրավասության տակ, որն անցած 36 տարիների ընթացքում իր նկատմամբ իրականացրել է բոլոր երևակայելի և աներևակայելի ոճրագործությունները՝ Սումգայիթից մինչև ամբողջ Արցախի էթնիկ զտում։ Ավելին, ցեղասպանական գործողությունների ոճը (խոշտանգումներ, բռնաբարություններ, գլխատումներ, մարմինների մասնատում, մահացածների շիրիմների պղծում, պատմական հուշարձանների և այլի քանդում) տարիների ընթացքում չի փոխվել։

Կարո՞ղ են հայերը վերադառնալ մի երկրի իրավասություն, որն ամեն օր սպառնում է գրավել նոր տարածքներ և ոչնչացնել հայերի ունեցվածքն ու ժառանգությունը իր վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում: Եթե ​​այս ռասիստական ​​երկիրը ձգտում է, որ հայերը խաղաղ ապրեն ադրբեջանցիների հետ, ինչո՞ւ են այսօր ադրբեջանցիները տեղափոխվում Արցախում հայերի տները և հանգիստ վայելում այլ մարդկանց ստեղծած բարիքները: Ինչո՞ւ է այս երկրի ղեկավարը, ով իրեն սուլթան է երեւակայում, Արցախում քանդում է հայի ազատ կամքն ու իրավունքները հիշեցնող պետականության խորհրդանիշները։

Բայց ամենաուշագրավն այն է, որ նման ահաբեկչական երկրի քարոզիչները կարծում են, որ հայերը կարող են վերադառնալ միայն «զղջալով» և «դիմել քաղաքացիության կամ բնակության թույլտվության համար», մինչդեռ ադրբեջանցիների համար նրանք պահանջում են անվտանգության հատուկ պայմաններ և միջազգային երաշխիքներով։

Ահաբեկիչների բոլոր անհեթեթ պահանջներին ի պատասխան Հայաստանի իշխանության լռությունը թանկ է նստում հայ հասարակության վրա։ Բայց ավելի մտահոգիչ է հասարակության իներտ վիճակը, անտարբերությունը սեփական անվտանգության և ապագա ճակատագրի նկատմամբ։

Արագ փոփոխվող աշխարհում դժվար է հետևել ամբողջ տեղեկատվությանը, բայց մենք պարզապես պետք է ապահովենք, որ հասկացությունների փոխարինումը չզբաղեցնի ճշմարտության տեղը:

Մարգարիտա Քարամյան

ՀՀ իշխանությունը չի նախաձեռնում արցախահայերի դեմ կատարվածը որակելու եւ քրեաիրավական հետեւանք առաջացնելու գործընթաց

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

-Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պարբերաբեր շեշտադրում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, եւ հայերը պետք է դիմեն Միջազգային քրեական դատարան։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ աշխատանք չեն իրականացնում, ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ չեն արվում։

-Այստեղ հատուկ քայլերի մեծ շարան չկա, միակ քայլը, որը պետք է անել, պետք է դիմել Միջազգային քրեական դատարան, որպեսզի օրդեր դուրս գրվի Ադրբեջանի նախագահի ձերբակալման համար։ Միջազգային քրեական դատարանը 100-ից ավելի անդամ պետություններ ունի, եւ նման օրդերի դուրս գրման դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կզրկվի աշխարհի պետությունների մեծամասնությունն այցելելու հնարավորությունից, հատկապես եվրոպական երկրներ։ Եվ դա հայկական կողմի մոտ լրացուցիչ քաղաքական լծակ կլինի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ։ Իսկ Հայաստանի իշխանությունը, չօգտագործելով այդ հնարավորությունը, նաեւ իմաստազրկում է Հայաստանի Հանրապետության՝ Միջազգային քրեական դատարանին միանալու քայլը։ Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի Հաագայի Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալ, եթե չես դիմելու դատարան՝ քո պետության, ազգի դեմ կատարված ցեղասպանության ու էթնիկ զտման դեպքով համապատասխան քրեաիրավական հետեւանք առաջացնելու համար։

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն դիմում Միջազգային քրեական դատարան, ի՞նչ պատճառներ եք տեսնում։

-Հնարավոր է՝ դա պայմանավորված է դիվանագիտական գործընթացներով։ Նաեւ հնարավոր է՝ պայմանավորված լինի հենց այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում։ Այսինքն՝ անթույլատրելի է վախենալ անխուսափելիից, եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա, իմաստ չունի դրանից խուսափել, դա հիմարություն է։ Եթե պետք է պատերազմ լինի, մեկ ամիս ուշ, մեկ ամիս շուտ, դրանից վախենալով ինչ-որ զիջումների գնալ կամ քաղաքական, միջազգային իրավական գործիքակազմը չօգտագործել, դա սխալ է։ Հենց վախից դրդված գործողությունների ու զիջումների շարք է սա, որը կատարվում է նաեւ միջազգային իրավունքի դաշտում։

-Միջազգային քրեական դատարան դիմելու դեպքում արդյունքների հասնելու հնարավորություններ կա՞ն։

-Միանշանակ, կան։ Միջազգային քրեական իրավունքի ոլորտում մասնագիտացված անձի՝ Օկամպոյի մասին հարց տվեցիք։ Նա հորդորում է հայկական կողմին միջոցներ ձեռնարկել։ Եթե համապատասխան ոլորտում մասնագիտացված անձը նման հորդորով է հանդես գալիս, ուրեմն լուրջ շանսեր է տեսնում։ Միանշանակ, լուրջ շանսեր կան, քանի որ էթնիկ հայկական բնակչությունը, 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր էթնիկ հայրենիքից։

Ես նաեւ ուզում եմ մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնել՝ եթե հիմա Հայաստանի Հանրապետությունը դիմի Միջազգային քրեական դատարան, ՀՀ մոտեցումները կարող է ճիշտ չհասկացվեն, քանի որ ՀՀ իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախի Հանրապետության  նախկին նախագահները, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում, ազգությամբ հայեր են, ՀՀ իշխանությունները նրանց հետ պարբերաբար բանակցում էին։ Այդ անձինք հիմա Բաքվում են, եւ քաղաքական պահանջ չկա նրանց ազատ արձակելու։ Չի հնչեցվել նման պահանջ, որ գերեվարված մեր նախագահներին պետք է բաց թողնեք։ Այսինքն՝ այս նույն գործընթացի շարունակությունն է նաեւ Արցախում ցեղասպանության եւ էթնիկ զտումների համար մեղավորներին, տվյալ դեպքում Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության չկանչելը։ Այսինքն՝ այս ամենը մեկ ամբողջության մեջ է։

Արցախն ուժով օկուպացնելուց հետո հայտարարում են, թե «Արցախի հարցը լուծված է»։ Արդյոք այդ «լուծումը» լեգիտի՞մ է, իրավիճակը շրջելու ի՞նչ հնարավորություն կա։

-Ուժով լուծումը երբեք չի կարող լեգիտիմ դիտարկվել։ Եթե բռնի ուժով, զենքի գործադրմամբ է հարցը լուծվել, դրա լեգիտիմությունը ո՞րն է։ Միջազգային սկզբունքները խախտվել են, բացի միջազգային սկզբունքները խախտելուց, ակնհայտ է, որ էթնիկ բնակչությունը զրկվել է իր պատմական հայրենիքից։ Եվ դա տեղի է ունեցել ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Երբ Իսրայելը հարձակվեց եւ պատերազմ սկսեց Համասի դեմ, Հարավաֆրիկյան հանրապետությունը դիմեց Միջազգային քրեական դատարան, որպեսզի Իրսայելի գործողությունները որակեն ցեղասպանություն։ Այսինքն՝ նույնիսկ այսպիսի միջազգային փորձ ունենալու պարագայում Հայաստանի իշխանությունը չի նախաձեռնում արցախահայերի դեմ կատարվածը որակելու եւ քրեաիրավական հետեւանք առաջացնելու գործընթաց։ Սա ուղղակի քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում։

Ռոզա Հովհաննիսյան

Սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի գնալ Շառլ Ազնավուրի կենտրոն՝ կաթ ստանալու. պատմում է Գոհար Ալեքսանյանը

Ապրել կյանքը

2023 թվականի ամառն էր։ Շրջափակման ծանր բեռը թոթափելու ևս մեկ հնարավորություն էր Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում «Жить жизнь» երգի պրեմիերան։ «Մռակած» երգչախմբի փայլուն կատարմամբ այդ երգի միջոցով ներկաներին փոխանցվեց ապրելու, չկոտրվելու ու պինդ լինելու մեսիջը։

Երգչախմբում իր անկրկնելի ձայնով առանձնանում էր երգչուհի Գոհար Ալեքսանյանը, որի հոգեզմայլ ձայնին արցախցի հանդիսատեսը վաղուց էր ծանոթ։ Գոհարն իր ուղին ու ասելիքը փոխանցելու երգի, երաժշտության ու մանկավարժության ուղին է ընտրել։ 2020 թվականից հետո, շրջափակման օրերին, ցավն ատամների տակ սեղմելով, երգել է, ուժ ու կորով փոխանցել արցախցուն՝ փորձելով իր արվեստով գոնե մի փոքր մեղմել դաժան իրականությունը։

Գոհարը պատմում է․

Կյանքը` պատերազմից հետո

2020-ին չվերադառնալու տարբերակ չկար, միշտ եղել է անպայման հետ գնալու միտքը, ինչպես որ հիմա է։ Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ մինչև վերջ մնացել ենք՝ հույս ունենալով, որ մեկը դուրս կգա ու կասի, որ ոչ մի տեղ չենք գնում, մնում ենք։

2020-ին մենք Ծաղկաձորում էինք։ Այն ժամանակ էլ մտածում էինք, որ մի քանի օրից հետ ենք գնալու։ Նույնիսկ այդ հյուրանոցում գտնվող երեխաների հետ հայրենասիրական, ազգագրական երգերով երեկոներ էինք կազմակերպում, ես դաշնամուրի վրա նվագում էի, նրանք՝ երգում։ Եվ անընդհատ մտածում էինք՝ շուտ ավարտվի, գնանք մեր տները։

2020-ի պատերազմից հետո առաջինն այցելեցի ամենահարազատ վայրերից մեկը՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը։ Դպրոցը պատերազմից հետո շատ էր վնասվել, արտաքին մասի հայելիները լրիվությամբ փշրված էին։ Աչքիս առաջ է այն տեսարանը, երբ այդ քարուքանդ միջավայրում հավաքվել էինք դաշնամուրի շուրջ ու երգում էինք «Անունս Արցախ է, ես չեմ հանձնվում» երգը։ Մենք մտածում էինք այնտեղ մնալ ու այնտեղ ապրել։ Եթե դու արվեստի մարդ ես, ապա փորձում ես քո արվեստով ապրեցնել։

Երբեմն բարեկամներս տարբեր երկրներից ասում էին՝ եկե՛ք մեզ մոտ, բայց մենք ասում էինք՝ եթե մենք գնանք, ապա ո՞վ պետք է ապրի Արցախում։ Որևէ վայրկյանիս, որևէ ներդրումիս համար չեմ ափսոսում։ Նույնիսկ տան վերանորոգման  աշխատանքներ էինք կատարում։

Ստեղծագործական ուղի

 Երբեմն մտածում էի, որ հայրենասիրական երգերը երգացանկիցս քչացնեմ, նոր ժամանակակից երգերով, նոր մեթոդներով առաջ շարժվեմ, բայց 2020-ի պատերազմը, ցավոք, ավելի ակտուալ դարձրեց այդ երգերը, կյանքը ստիպեց նորից վերադառնալ այդ ամենին։ Ես արվեստի մարդ եմ, և իմ խոսքն արվեստով եմ ասում, դրա համար քաղաքականության հետ կապված մտքեր չեմ արտահայտում։ Իմ արվեստն էլ Արցախն է, նրա անունը հնչեցնելն է, նրա մշակույթը, մեր զինվորի պատիվը բարձրացնելն է։

Անկախ նրանից, ֆինանսավորվու՞մ էր, թե՞ ոչ, մենք աշխատել ենք մասնակցել միջոցառումներին, մեր երախտիքը հայտնել ներդրում ունեցող բոլոր մարդկանց։

Երաժշտական դպրոցի իմ սաներին անչափ շատ եմ սիրում։ Անհատական չէի երգում, որպես մեներգչուհի ելույթ չէի ունենում, բայց քանի որ մի ընտանիքի մասնիկն եմ, որտեղ միայն երաժիշտներ են, մարմնիս ամեն մի բջիջում նոտա է, չէի կարող գենետիկայիս հակառակ գնալ ու չերգել։ Երաժշտական կրթությունը, մանկավարժի բարձրագույն կրթությունը ու նաև այն, որ Տիրոջից տրված տաղանդը չմարվի, բաժնեկցում էի դա իմ սաների հետ։ Աստված երբ շնորհ է տալիս, չես կարող քո մեջ թաքուն այն պահել։ Հիմա  էլ այդ հարցում ինձ մեղավոր եմ զգում, որ լրիվությամբ Նրա տվածը չեմ օգտագործում, չեմ ավելացնում։ Այն ժամանակ էլ այդ նույն զգացողություններ էին, դրա համար ցանկացա աշխատել երաժշտական դպրոցում։ Երեխաներն ինձ միշտ ոգևորում էին։ Ինչ-որ տեղ նույնիսկ հոգեբան էի նրանց համար, երաժշտական գիտելիքների զուգահեռ սեր ու բարություն էի փոխանցում նրանց։

Շատ դժվար էր ստեղծագործող մարդու համար մտածել արվեստի մասին, երբ պատերազմում կորուստներ ես ունեցել, երբ առօրյա հոգսերը ճնշում են։

Բայց մի գործարար ընկեր ունեմ, ով մի անգամ ինձ ասել է՝ «Գոհար, դե արի դու բիզնես արա, ես էլ երգեմ»։ Եթե ես երգչուհի եմ, մանկավարժ եմ, ուրեմն պետք է անեի իմ գործը։ Քույրս, ով երկար տարիներ արտերկրում էր, նույնիսկ նեղ շրջանակում երբ երգում է՝ իսկույն լացում է։ Ինձ ասում է՝ ինչպե՞ս էիր երգում 2020-ից հետո։ Ինչպե՞ս էի երգում։ Այնքան տանը մենակ երգում էի, այնքան մեր տան պատերում լացում էի, որ ինչ-որ ձևով կարողանում էի բթացնել այդ զգացմունքը ու բեմում ինքնատիրապետումս պահում։

2023-ի հունիսի 27-ին «Մռակած» երգչախմբի հետ Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգում ներկայացրել ենք «Жить жизнь» երգը, որը երգչախմբի ղեկավար Մարինա Սերգեևնայի գաղափարն էր։ Այդ երգը հիշվել է, որովհետև յուրահատուկ մեսիջ ուներ իր մեջ։ Մենք պարզապես ուզում էինք ապրել մեր երկրում, մեր ծննդավայրում։ Ոչ մեկս չէր ուզում լքել մեր հայրենիքը։ 2020-ից հետո ովքեր վերադարձել են Արցախ՝ միտք չունեին այնտեղից հեռանալու, այլապես չէին էլ վերադառնա։ Ճիշտ է, կային մարդիկ, որոնք շրջափակման ծանրությունից դրդված ասում էին՝ բացեն ճանապարհները, գնանք, բայց շատերն այլ կերպ էին մտածում։ Ուզում էինք Ապրել Կյանքը հենց այդ երկրում, այդ հողում։ Միամիտ էինք, մտածում էինք մեզ կլսեն, կօգնեն։ Ավաղ․․․

Շրջափակման օրերին

Շրջափակման օրերին ամեն ինչ անում էինք, որ հաղթահարենք դժվարությունները։ Նույնիսկ կաղին էինք հավաքել, բովել ու սուրճ պատրաստել։ Ինչեր ասես մտքներովս անցնում էր։ Ձևեր էինք մտածում ամեն մի դժվարություն հաղթահարելու համար, միայն թե մնայինք մեր տներում։ Բլոկադան շատ հարցերում մեզ համախմբել է։ Հացի հերթերի ժամանակ մեկս մյուսի համար էլ էինք հերթ բռնում, ով շաքարավազ, թեյ կամ ուրիշ ուտելիք ուներ, որը կարող էր կիսել, անպայման բաժին էր տալիս իր շրջապատի մարդկանց։ Մարդ եթե բարի է իր էությամբ, ապա դժվար պայմաններում էլ է բարի մնում։ Չարը չարանում է, բարին՝ բարիանում։

Իրականում շատ հաճելի զգացողություն էր, երբ օգնում էիր որևէ մեկին։ Դեպքեր կային, երբ լավ վիճակում գտնվող շորեր հավաքում էի ընկերներիցս և մեր գյուղի բազմազավակ ընտանիքներին էի օգնում։ Այնքան մեծ սեր կար այդ ամենի մեջ։ Հետո մի պահ եկավ, որ այդ ամենը չէի անում, զգացի մեծ դատարկություն։ Այդ մի կաթիլ բարությունը, որ պիտի ավելացնեի, օրեցօր պակասում էր։ Դրա համար բարի գործ անելը առաջին հերթին հենց մարդուն է պետք՝ ինքն իրեն մարդ զգալու համար։ Մի նշանաբան ունեի, որը հիմա էլ եմ փորձում պահել․ «Այսօր ես ավելի լավը պետք է լինեմ, քան երեկ»։

Հիշում եմ, երբ բենզին ենք գտել ու արդեն պետք է դուրս գայինք, մեր շենքում մի կին մենակ էր մնացել։ Նա սպասում էր, որ ավտոբուսներ պետք է գային ու, մենակ լինելով, շատ վախենում էր։ Ասում էի՝ Հասմի՛կ, մի՛ վախեցիր, այնքան ենք սպասելու, մինչև ավտոբուսները գան ու հետո բոլորս միասին դուրս գանք։ Ու այդպես էլ արեցինք։

19-րդ օրը

Սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի գնալ Շառլ Ազնավուրի կենտրոն՝ կաթ ստանալու։ Այնքան ուրախ էինք դրա համար։ Դուստրս թիվ 3 դպրոցում էր, գնացել էր ընկերների հետ հանդիպելու։ Ծնողներս ու 95 տարեկան տատիկս տանն էին։ Վազելով հասել եմ 3-րդ դպրոց։ Սկզբից մնացինք դպրոցի նկուղում։ Հետո արկերի պայթյունների տակ վազելով հասանք տուն, որպեսզի բոլորս միասին լինենք։ Այնտեղից ոչ մի նկուղ չենք գնացել, մնացել ենք տանը։ Գիշերը, երբ արկն ընկել է հարևանի տունը, վախեցել ենք, բայց, միևնույնն է, որոշել ենք մնալ տանը։
Չէինք մտածում, որ ամեն ինչ կարող էր այս ձևով լինել։ Ենթադրում էինք, որ մինչև 2025 թվականը, քանի կար Եռակողմ համաձայնությունը, պատերազմ չի լինելու։

Հայաստանում

 Հայաստանում ամենաջերմ ձևով են ընդունել մեզ։ Երբ Հակարին անցանք, տեսանք ինչ հոգատարությամբ ու սիրով են մարդիկ մեզ դիմավորում։ Միայն ինձ նեղում է այն հանգամանքը, որ ստիպողաբար ես դարձա Հայաստանի բնակիչ, ես միշտ Արցախի բնակիչ էի ուզում լինել։ Սերս Ստեփանակերտի հանդեպ խամրեցնում է մնացած բոլոր վայրերը։ Փոքր քաղաքներում ապրած մարդիկ այլ մտածողություն ունեն։ Մեր փոքր քաղաքում ջերմությունը, շփումն ուրիշ էր։ Սաներիս հետ հրապարակում հավաքվում էինք, խաղեր խաղում, ուրախանում։ Բոլորն իրենց պայուսակները մի տեղ հավաքում էին։ Երբեք չի եղել, որ որևէ մեկի պայուսակից որևէ իր կորչեր։ Երբևէ չէինք մտածել, որ ինչ-որ բան կարող է կորչել։ Փոքր քաղաքի մտածելակերպն է դա։

Հայրիկիս 70-ամյակին զանգել էի «Խոնչա թայմը», պատվեր անելու։ Դա նրանց վերջին պատվերն էր։ Ստիպված էի Ստեփանակերտի ծայրամասը հասնել ու այդ պատվերը վերցնել։ Այդ ընթացքում, որպեսզի կարճ ճանապարհով հասնեմ, այնպիսի փողոցներով էի գնում, որոնցով երբևէ չէի գնացել։ Այնպիսի տպավորություն էր, որ մեզ հնարավորություն էր տրվել շատ քայլել ու վերջին անգամ լիարժեք ըմբոշխնել ամեն մի քարը, թուփը, հիշել ամեն մի փողոցի անկյունը։ Երբ հետ դառնանք, «Մազի կամրջից» հողը համբուրելով բարձրանալու եմ։ Հայաստանում բարի մարդիկ օգնել են աշխատանքի հարցում։ Ցավոք, այս պահին դեռ ոչ մասնագիտական եմ աշխատում։ Մտածում էի ստուդիա բացել, բայց հետո հասկացա, որ այդ ստուդիայում սովորողը լինելու է արցախցին։ Ես ինչպե՞ս պետք է այս պայմաններում գտնվող արցախցուց գումար վերցնեմ։ Նույնիսկ Արցախում գտնվելով գումար չէի վերցնում անհատական պարապմունքերի համար։ Միայն երբ հուշ-երեկոներ կամ Արցախի հետ կապված ինչ-որ միջոցառումներ են լինում՝ մասնակցում ենք։

Այս պահին իմ մտահոգությունը ծնողներս են, որոնց մասին պետք է հոգ տանեմ, 95 տարեկան տատիկս է, երեխաներս և ընկերներս են։

Խոսք ի խորոց սրտի

Արցախահայությանս տոկունություն եմ մաղթում, նաև՝ որ ամեն մի օրը ուժ ու կորովով լցվի։ Այսպես թե այնպես, օրդ զրոյից ես սկսում։

Դու չես կարող ասել՝ երեկ ես մի լավ բան եմ արել, այսօր արդեն էլ պետք չէ ոչինչ անել։ Ամեն օրվա մաքուր էջդ պետք է լրացնես, այդ էջը պետք է լինի բարի գործերով, բարի մտքերով լցված, որպեսզի ուժ հավաքես ապրելու, առաջ շարժվելու համար։ Կյանքը նրա համար է, որ ապրես։ Մեռնելը, ոչինչ չանելն ամենահեշտն է, դու փորձիր ապրել։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Ո՞ր երկիրը կկառուցի Հայաստանի նոր ԱԷԿ-ը՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա․ դա ռազմավարական հարց է

Հայաստանում կստեղծվի 200 մլն դրամ կապիտալով ընկերություն, որը կզբաղվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման խնդրով։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 1-ին հանրապետության կառավարության նիստում։

Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, հավանություն է տվել «Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման որոշմանը։ Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են պետությանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ գործող ատոմակայանի կողքին առնվազն նույն հզորությամբ նոր էներգաբլոկ պետք է կառուցվի՝ մինչև 2040 թվականը շահագործման ժամկետի ավարտից հետո։

Այս գործընթացը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններին համապատասխան կազմակերպելու համար էլ ստեղծվում է կազմակերպություն։Ստեղծված աշխատանքային խումբը պետք է կողմնորոշվի և կառավարությանն առաջարկ ներկայացնի, թե ինքն ինչ է ուզում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը:

«Կան տարբեր տարբերակներ: Հիմա տարվում են աշխատանքներ, որպեսզի հիմա գործող հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվի մինչև 2036 թվականը: Մեր ատոմակայանը բավականին բարվոք վիճակում է և իմ կարծիքով մենք ունենք ևս 5 տարի երկարացնելու հնարավորություն: Նույն ՌԴ-ում այդպիսի բլոկների կյանքի ժամկետը երկարացվել է 30 տարի: 2036-ին կարող ենք ևս 5 տարի երկարացնել, բայց միևնույն է՝ այդ ժամանակը սպառվելու է:

Մոտ 10 տարի է տևում, մինչև նոր ատոմակայան ես կառուցում: Մեզ անհրաժեշտ է մոտ 600 մեգավատտ հզորության ատոմային բլոկ: Դա միջին հզորություն է: Ցածր հզորությանը մինչև 300 մեգավատտն է, որը ընդունված է ասել մոդուլյար կայաններ:

Այսօր կան տարբեր երկրներից առաջարկներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Կորեայից, Չինաստանից: Չինացիների հետ շատ բանակցություններ չեն տարվել: Կորեացիների հետ եղել են զրույցներ, որոնք ունեն 1400 մեգավատ հզորության բլոկներ: Լավ բլոկներ են կառուցում, բայց այս դեպքում ևս ակտիվ բանակցություն չի գնացել»,- ընդգծեց նա:

Վահրամ Պետրոսյանի ներկայացմամբ, ակտիվ բանակցություններ եղել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. «ՌԴ-ում կա 1000 մեգավատ հզորության բլոկ և կա AP300 մեգավատ հզորության կայան, որը այդ 1000-ի փոքր տեսակն է: Դա նման է մեր ատոմակայանին:

Ամերիկացիների առաջարկը տարբերվում է մեր ատոմակայանից»:

«Ռուսական կողմը փնտրտուքների մեջ է, կա այսպիսի տարբերակ, որ 1200 մեգավատը կառուցես, բայց էլեկտրաէներգիան կիսես, կեսը Հայաստանն օգտագործի, կեսը արտահանի կառուցողը: Ասի՝ 600 մեգավատտի տերը ես եմ, ես կարտահանեմ, դա շատ լավ տարբերակ է, իմ կարծիքով:

Հիմա եւ ռուսներն են առաջարկ ներկայացրել, եւ ամերիկացիները շուտով կտան իրենց առաջարկը: Նրանք տարբեր տարբերակներ են նայում՝ 1000 մեգավատանոց, 300 մեգավատանոց: Բայց ատոմակայաններ կառուցելու առումով ռուսները շատ ավելի ակտիվ են: Վերջին 20-25 տարիներին ամերիկացիները որեւէ տեղ ատոմակայան չեն կառուցել»:

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ավարտին մնացել է 12 տարի։ Ըստ Գնել Սանոսյանի՝ նոր էներգաբլոկը կառուցվելու է գործող կայանի տարածքում, բայց թե կոնկրետ որ թվականին են սկսվելու շինարարական աշխատանքները, որքան գումար կպահանջվի դրա համար, նախարարը չհստակեցրեց։

Ըստ մասնագետների՝ նոր ատոմակայանի կառուցման համար առնվազն 10 տարի է պետք։

Ընտրությունը նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ է կապում Հայաստանի կառավարությունը, բայց չեն բացատրում, թե կոնկրետ ինչ զարգացումներ նկատի ունեն։

Մինչդեռ ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամ Սուրեն Բզնունու, «ներկայումս դիտարկվում են տարբեր երկրների առաջարկներ՝ Միացյալ Նահանգների, ընդ որում, 3-4 տեխնոլոգիաների մասին է խոսքը: Ուշ աշնանը մենք կունենանք նախնական հաշվետվությունը, և արդեն գարնանը կառավարության սեղանին կդրվի որոշում կայացնելու համար պիտանի տեխնիկական նյութ, որի հիման վրա արդեն կառավարությունն իր որոշումը կկայացնի: Բայց հասկանալի է, որ կառավարությունը ոչ միայն տեխնիկական նկատառումներով է առաջնորդվում, այլև գոյություն ունի ազգային անվտանգության բաղադրիչ, երկարաժամկետ առումով Հայաստանի զարգացման ռազմավարություն և այլն»։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող ատոմակայանը պետք է ավարտվեր 2016 թվականին, սակայն հիմնանորոգման շնորհիվ նրա շահագործման ժամկետը երկարացվեց մինչև 2026 թվականը։ Աշխատանքների զգալի մասն իրականացվել է ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին՝ 189 մլն դոլար, մյուս մասը՝ ՀՀ պետական ​​բյուջեի միջոցների հաշվին՝ 63,2 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով։ – 162,8 մլն դոլար):

Մինչդեռ հուլիսի 23-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:

Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով դիտարկվում է նաև Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը: ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ֆրանսիական կողմի հետ այս կարևոր հարցում և ուսումնասիրել ռեակտորային տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկները:

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: Գրիգորյանը կարևորել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:

«Ժողովուրդ». ՊԲ վերջին հրամանատարը` Սուրեն Պապիկյանի խորհրդական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Վերջինիս հրամանատարության օրոք հենց Արցախը հանձնվեց հակառակորդին:

Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաեւ ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին:

Եվ չի բացառվում, որ հայրենիքի եւ սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել. Կամո Վարդանյանն ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից վերադառնալիս նույն ինքնաթիռում են եղել, ու ինքնաթիռով վայրէջք կատարել Սիսիանում:

Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է:

«Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչեւ ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»:

Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլեւ բոլոր պատերազմներում, այսքանը»:

Մինսկի խումբը կարող է օգնել Հայաստանին գերիների վերադարձի հարցում

Գերիների փոխանակումը տեղի է ունենում կամ պատերազմից առաջ կամ հետո։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերջին խոշոր փոխանակումը Թուրքիայի միջոցով լայնորեն դիտարկվում է որպես բանակցությունների և դիվանագիտական ​​գործընթացի սկիզբ: Սակայն կարծիք կա, որ գերիների փոխանակումը լայնածավալ պատերազմի սկիզբի նշան է։

Արցախյան հակամարտությունում գերիների հարցը Բաքուն օգտագործում է քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ Դեռ չի մոռացվել, թե ինչպես 23 հայ գերիների վերադարձի դիմաց Հայաստանի կառավարությունը համաձայնվեց Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացմանը։ Բաքվում մնացած բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերադարձի պայմանների մասին կարելի է միայն ենթադրել։ Իսկ պայմաններից մեկը հավանաբար Արարատ Միրզոյանի Բաքվի գագաթնաժողովին մասնակցելն է և «խաղաղության պայմանագրի սկզբունքների» պայմանական փաստաթղթի ստորագրումը։

Մինչդեռ Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ, ի տարբերություն Հայաստանի, Արևմուտքը, չնայած Ռուսաստանի հետ կոնֆլիկտին, ամեն ջանք գործադրեց իր քաղաքացիներին ազատելու համար։ Նախկին դեսպանը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները ճանաչված են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ինչը մեծացնում է նրանց ազատ արձակման հնարավորությունները։

Չնայած Բաքվի և Մոսկվայի կոչերին՝ ԵԱՀԿ-ն հետ չի կանչում Մինսկի խմբի մանդատը։

Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում, ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ գործընթացի հետ կապված նորություն չունի։

Նշելով, որ ռուսական բանտից երեկ ազատ է արձակվել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, լրագրողը շեշտել է, որ արդեն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում, իսկ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչներ կան:

Լրագրողը վկայակոչել է նաև Freedom House-ի տվյալները՝ նշելով, որ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ամենաանազատն է աշխարհում։ Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի, Աֆղանստանի միջև՝ լրագրողը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղում այսօր իրավիճակն ավելի վատ է, քան վերոնշյալ երկրներում:

Լրագրողը հարց է հնչեցրել, թե արդյո՞ք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը, և ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», – պատասխանել է Պատելը։

Օգոստոսի սկզբին Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում և ամպրոպ

Արագած

Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ից 3-ը հանրապետության ողջ տարածքում, 4-ից 6-ը սպասվում են կարճատև անձրևներ՝ գիշերը և կեսօրից հետո, ամպրոպով։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է պոռթկում մինչև 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ից 5-ը աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Օգոստոսի 2-ի ջերմաստիճանի կանխատեսումներն ըստ մարզերի.

Շիրակ՝ +26°C

Կոտայք՝ +30°C

Գեղարքունիք՝ +22°C

Լոռի՝ +22°C

Տավուշ՝ +23°C

Արագածոտն՝ +32°C

Արարատ՝ +34°C

Արամավիր՝ +34°C

Վայոց ձոր՝ +34°C

Սյունիք՝ +31°C

Երեւանում օգոստոսի 2-ի ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +33։