Էրդողանի «գնդաձեւ» աշխարհաքաղաքականությունը. Միջնորդ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, սուգ Հանիյի համար

Ուրբաթ օրը Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ Հանիեն սպանվել է Թեհրանի նստավայրի վրա իսրայելական հարվածի արդյունքում: ՀԱՄԱՍ-ը Հանիեի մահվան համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ խոստանալով արձագանքել հարձակմանը:

«Իսմայիլ Հանիեի մահից հետո պաղեստինյան գործին մեր աջակցությունը և պաղեստինցի եղբայրների ու քույրերի հետ մեր համերաշխությունը ցույց տալու համար ես օգոստոսի 2-ին համազգային սուգ եմ հայտարարում»,-ասել է Էրդողանը սոցիալական ցանցերում և հրապարակել հրամանագիրը։

Էրդողանը հրամանագիր է հրապարակել այն բանից հետո, երբ Անկարայի օդանավակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև գերիների փոխանակում, որն անվանվել է «պատմական»: Թուրքիայի՝ որպես միջնորդի և «օպերատիվ դիտորդի» ընտրությունը բացատրվել է նրանով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ։

Իսկ այսօր նա զանգահարել է Հռոմի պապին ու վրդովվել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունից, որտեղ խաղարկվել է Վերջին ընթրիքի պատմությունը։

Էրդողանը վարում է «գնդաձեւ» աշխարհաքաղաքականություն՝ անտեսելով «չարիքի առանցքի», դաշնակիցների, թշնամիների արհեստական ​​բաժանարար գծերը և տապալելով բոլոր անկյունները։ Նա առաջ է մղում իր շահն ամենուր՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները, իսկ նրա հիմնական շահը թուրքերի «պատմական»՝ զավթած տարածքների իրավունքի հաստատումն է։

Մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս. Ռոման Երիցյանը

Ավտոմեքենան իբրև թե արգելված վայրում կայանելու պատրվակով մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել եղբորս և տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Հարազատ եղբորս՝ Արամ Երիցյանին, ոստիկանները, ավելի ճիշտ պարեկները ավտոմեքենան ոչ թույլատրելի վայրում կայանելու համար մոտեցել են եւ արցունքաբեր գազ են փչել երեսին, ահավոր ծեծի են ենթարկել, ձեռանշղթաներ են հագցրել եւ տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Հիմա իր ձեռքը կոտրած, թաթի մատները կոտրատած, աչքերը ընդհանրապես չեն տեսնում, գլուխը ուռած վիճակում  գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, հիմա նրան բուժօգնություն են ցուցաբերում: Մինչեւ իմ մոտենալն էլ մոտ կես ժամ նրա հետ խոսակցություն էին տանում, որ կատարվածի մասին ինձ լրիվ չտեղեկացնի»,-ասաց նա:

Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունը Արամ Երիցյանի նկատմամբ, որը զուգորդվել է բազմաթիվ հայհոյանքներով ոչ միայն Արամ Երիցյանի հասցեին, այլ նաև բոլոր արցախցիների նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան արցախցինների հանդեպ ուղղորդված անհարգալից վերաբերմունք, ինչու չէ նաև թշնամական վերաբերմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախից բռնի տեղահանված փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի  փաստաբան Էրիկ Բելգարյանը՝ մանրամասներ հայտնելով միջադեպից:

«Այսպիսի դեպքերը խորը հիասթափություն և վրդովմունք են առաջացնում հասարակության շրջանում և հստակ ցույց են տալիս, որ համակարգի ներսում առկա են լուրջ խնդիրներ և թերություններ։ Եթե իմ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ պետք է ձերբակալվեն բոլոր այն ոստիկանները, որոնք անմիջապես մասնակից էին այդ ծեծկռտուքին՝ հստակ ցուցադրելով, որ պետությունն արժևորում է մարդու իրավունքները և իր քաղաքացիների անվտանգությունը։ Առանց այդպիսի գործողությունների հասարակությունը կարող է կորցնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ, ինչը կարող է բերել ավելի մեծ խնդիրների ու անկարգությունների։

Նման դեպքերը չպետք է մնան անպատիժ, և պետությունը պետք է վճռականորեն պայքարի բոլոր այն երևույթների դեմ, որոնք խաթարում են հասարակական կարգը և վտանգում քաղաքացիների արժանապատվությունը։ Արդարության հաստատումը պահանջում է, որ մեղավորները կրեն իրենց գործողությունների պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն են զբաղեցնում»։

2020-ից հետո ամբողջ երկիրը վերածել էին շինհարթակի, երբ թշնամին ստրատեգիական բարձունքներ էր գրավում

Step1.am-ի զրուցակիցն է՝ Ասկերանի շրջանի Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Սահակյանը։

-Արցախի հայաթափումը կանխամտածված ծրագիր է՝ իրագործված ներքին և արտաքին իշխանական կառույցների կողմից։ 44֊օրյա պատերազմից հետո ժողովրդին սպառնալիքով վերադարձնելը խոսում է նոր փողերի լվացման մանիպուլյատիվ քայլի մասին… Ամբողջ երկիրը վերածել էին շինհարթակի, երբ թշնամին քայլառքայլ ստրատեգիական բարձունքներ գրավելով՝ մեզ վերցրել էր աքցանի մեջ, երբ կարելի էր այդ գումարները դնել բանակաշինության և պաշտպանական կառույցների ամրապնդման վրա… Հիմա եկել եմ այն կարծիքին, որ այդ տները տեղահանվածների համար չէին, այլապես ամբողջ Իվանյանի երկայնքով ի՞նչ նպատակով էին բոլոր տները 4֊5 սենյականոց սարքել և սալիկապատել…

Ամեն ինչ մտածված էր, ամեն մի քայլ պլանավորված էր, և եթե հանկարծ բողոքողներ էին լինում, ովքեր իրենց հետևից համակիրների հոծ բանակ ունեին, հրավիրում էին կլոր սեղանի շուրջ՝ պաշտոն և կաբինետ տալով՝ պայքարի ոգին սպանում դեռ սաղմում…

Այսպես ընկավ Արցախը, ընկավ ապիկար, ընչաքաղց իշխանությունների կողմից, ովքեր չխղճացին երեք պատերազմ տեսած իր բազմատանջ ժողովրդին և ստիպեցին անցնել վերջին՝ հայրենասպան, ազգակործան պատերազմի արհավիրքի միջով… Ես այնքան ցնցված էի, որ անգամ ապրումներ չունեցա…Ապրումները հատուկ են սթափ գիտակցություն ունեցող և իրադրությունը վերլուծել կարողացող մարդուն… Այն զգացողությունը ունեի, որ ծնողներիս նորից եմ դնում գերեզման… Ու բացի դրանից, ծանր վիրավորում էր ստացել որդիս, և թունավոր գնդակ լինելու պատճառով վերքերը չէին լավանում։

Սպասում էինք Հայաստանից ժամանելիք շտապբուժօգնության մեքենաներին, և միայն Կարմիր խաչի միջնորդությամբ հաջողվեց ծանր վիրավորներին տեղափոխել ՀՀ։

Տեղահանումից հետո ինչպես է ձեզ հաջողվում ինտեգրվել նոր միջավայրում։

-Հայրենիքը թողնելը, լքելը այնպիսի զգացողություն էր թողել իմ մեջ, որ ես դադարել եմ ես լինելուց, ես գիտակցական մարդուց վերածվել եմ կենսաբանական գոյության, իսկ որդուս հետզհետե վատթարացող առողջությունը Դամոկլյան սուր էր իմ գլխավերևում… Բայցևայնպես ուժ գտա իմ մեջ, հաստատվելով Երևան քաղաքում՝ աշխատանքի անցա հրուշակեղենի արտադրամասում (բավական փորձ ունեի, որովհետև Ստեփանակերտում հրուշակեղենի արտադրամաս ունեի)։ Հիմնականում թխում եմ արցախյան համուհոտ ունեցող քաղցրավենիքը, ժենգյալով հացն ու թերթերուկը։

Բնակարանային աջակցության և ՀՀ քաղաքացիություն ընդունելու մասին ի՞նչ եք մտածում։

-Բնակարանային ծրագիրը ոչ թե ծրագիր է մարդկանց բնակարաններով ապահովելու համար, այլ հերթական ծաղր տնանկ եղած իմ ժողովրդին, ծրագիր՝ նորից ստիպել բռնելու արտագաղթի ճանապարհը։ Արցախցիների 40 տոկոսը թողել են մայր Հայաստանը՝ աշխատանք և բնակատեղի փնտրելով օտար երկրներում.։ Սա էլ արցախցիների հայաթափման ծրագրի երկրորդ փուլն է, այլապես ի՜նչ մեծ դժվարություն է 20 000 ընտանիքներին բնակարանով ապահովելը․ ընդամենը երկու տասնյակ բազմահարկ, այդ էլ այն դեպքում, երբ ողջ Հայաստանն է վերածվել շինհարթակի։

Ամենացավալին՝ մեզ ցրել են ողջ հանրապետությունով մեկ, մեր մշակույթն ու ավանդույթները, չքնաղ բարբառը կանգնել են փլուզման վտանգի տակ։ Մի՞թե այս 10 ամիսների ընթացքում, թեկուզ երկրորդ հերթով արցախցի երեխաների համար դժվար էր ուսումնական գործընթաց կազմակերպել՝ ամեն ընտանիք մի հոգեբան գործուղելու փոխարեն։ Մեր երեխաները սթրեսից դուրս կգան՝ շփվելով իրենց համերկրացիների հետ, խոսելով իրենց բարբառով։  Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել սեփական ժողովրդին, այդքան անտարբեր լինել պատերազմի դժոխքն անցած երեխաների նկատմամբ։ Մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել…

Մենք միշտ էլ եղել ենք ու կանք Հայաստանի քաղաքացի, այդ են վկայում մեր անձնագրերը։ Իսկ թե երկրորդ անգամ քաղաքացիություն ընդունելը ինչ ինտրիգի է մղում, չգիտեմ։ Ցրել սահմանամերձներում՝ ինչպես ճորտեր, շատ վիրավորական է։ Մենք չենք վախենում պատերազմից, ամբողջ Արցախն էր շրջանագծով սահմանամերձ և 4 պատերազմ է տեսել ու մաքառել։ Եթե տալիս են բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատներ, ապա դա թող լինի կամընտրական սկզբունքով, մարդիկ թող ընտրեն իրենց բնակության վայրը։

Գիտենք, որ հայրենասիրությամբ լցված ուսուցչական ու աշակերտական կոլեկտիվներ էիք ղեկավարում ու հաստատ կապ եք պահպանում բոլորի հետ։

-Դժվար եմ ապրում առանց իմ աշակերտների, կոլեկտիվի, համագյուղացիների, հարազատների։ Միշտ էլ հասարակական գործունեություն եմ վարել, հիմա շատ դժվար եմ համակերպվում նոր իրողությանը, միշտ թվում է՝ մի երկար մղձավանջային երազի մեջ եմ և, ուր որ է, կարթնանամ իմ տանը, իմ անկողնում, կքաշեմ լուսամուտիս վարագույրը, կնայեմ Քիրսին, Մռովին, Սուրբ Աստվածածին տաճարից եկող զանգերի հետ կխաչակնքեմ ու կասեմ “Փառքդ լինի, Տե՜ր”։ Ու համոզված եմ, որ կվերջանա այս մղձավանջը, քանի դեռ կա ազգային ոգի, ազատատենչ երիտասարդներ, ու մի օր էլ մեր ժողովուրդը կարթնանա լեթարգիական քնից և կպաշտպանի իր արժեքները։

Ձեր խոսքը արցախցիներին և Արցախի ճակատագրի մասին ձեր տեսլականը։

-Արցախցիները ազգի սերուցքն են, և գուցե Աստված ամենաուժեղին է տալիս փորձությունները հաղթահարելու առաքելությունը։ Չորս պատերազմներում մենք ապացուցեցինք, որ մեզ կոտրելն անհնար է։ Մենք դեռ ունենք պայքարի ու ցասման իններորդ ալիքը և մեր սուրբ Հայրենիքից կքշենք պիղծն ու ուխտադավը։ Հայրենիքից դուրս ես Հայրենիք չեմ տեսնում, իմ երազանքները մնացել են Արցախում, ու ես տեր պիտի կանգնեմ նրանց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Անկարայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև լայնածավալ գերիների փոխանակում

Թուրքական IHA գործակալությունը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը տեղի կունենա Անկարայում, այն կվերահսկվի թուրքական հետախուզության վարչության կողմից։

CBS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է փոխանակման շրջանակներում առնվազն 12 քաղբանտարկյալի հանձնել։ Նրանք կտեղափոխվեն Գերմանիա, պնդում է հեռուստաալիքը։

Ռուսաստանից մեկնողների թվում կլինի 25 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան։ Նրան կտեղափոխեն ԱՄՆ, որտեղ ապրում է նրա ընտանիքը, հայտնում է CBS-ը։

8 քաղաքացի կվերադառնա Ռուսաստան, այդ թվում՝ ռուսական հետախուզության հետ կապված անձինք։ Նրանց թվում է Բեռլինում Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար դատապարտված Վադիմ Կրասիկովը։

«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան, իրոք, ազատ կարձակվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման արդյունքում։ Այս մասին ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» նախագահ Սթիվեն Կապուսը։

«Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ներկայությունը պայմանագրի կոպիտ խախտում էր. Հայաստանը հայտարարել է, որ «պահանջ չունի»

Forrights

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդային անցակետում պետական ​​սահմանի պահպանության ներքո հայկական կողմին հանձնելու մասին արձանագրության ստորագրումը։ Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

Արձանագրությունում նշվում է, որ «Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային հսկողություն ապահովելու երկարաժամկետ համատեղ ծառայության համար և նշում է, որ ռուսական կողմի նկատմամբ որևէ պահանջ չունի»։

Ինչո՞ւ էր Ռուսաստանի համար կարևոր, որ Հայաստանը արձանագրությունում հայտարարի պահանջների բացակայության մասին։ Ինչպիսի՞ պահանջների մասին է խոսքը։

Այն, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում առանց իրավական կամ պայմանագրային հիմքերի են գտնվում, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Նույն հարցը տալիս էին Հայաստանի բազմաթիվ միջազգային գործընկերներ, ովքեր չէին հասկանում, թե ինչու են Հայաստանի միջազգային օդանավակայանում անձնագրային հսկողություն իրականացնում այլ պետության սահմանապահները։

Մոսկվայի և Երևանի միջև «Հայաստանում ռուս սահմանապահների կարգավիճակի մասին» պայմանագրում, որը ստորագրվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին, հոդված 2-ում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը՝ իր, Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգությունը ապահովելու նպատակով պատվիրակում է իր տարածքում Թուրքիայի և Իրանի հետ պետական ​​սահմանի պահպանության խնդիրները Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որոնք սույն պայմանագիրը ստորագրելու պահին տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում»: Իսկ 3-րդ հոդվածում գրված է. «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պաշտպանությանն առնչվող այլ խնդիրներ կատարելու համար (բացառությամբ բնական աղետների, դժբախտ պատահարների և աղետների վերացման աշխատանքների) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն կարող ներգրավվել»։

Պայմանագրում չի հիշատակվում «Զվարթնոց» օդանավակայանի մասին, և ստացվում է, որ այս ամբողջ 32 տարիների ընթացքում ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են եղել անօրինական։

2024-ի մարտի 6-ին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանին՝ պահանջելով դուրս բերել իր սահմանապահներին Զվարթնոցից։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ուղերձում հանրապետության սահմանապահները շնորհակալություն են հայտնել իրենց ռուս գործընկերներին օդանավակայանի անվտանգության ապահովման գործում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ շարունակելու են հսկողությունը սահմանին առանց ռուսական կողմի աջակցության։

Քանի որ ռուսական զորքերը Զվարթնոցում ծառայում էին առանց պայմանագրային հիմքերի, դրանց դուրս բերելու համար պայմանագրերի կետերը փոխելու կարիք չկար։ Միայն արձանագրություն է ստորագրել «պահանջների» բացակայության մասին, ինչն ավելի է ընդգծել նրանց ներկայության անօրինականությունը։

Երկրի գլխավոր օդային նավահանգստում առանց օրինական հիմքերի օտարերկրյա պետության սահմանապահների ներկայությունը երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում է։ Եթե ​դա տեղի է ունեցել  Հայաստանի հանրապետության կամքին դեմ, ապա քաղաքական իրավունքում սա կոչվում է օկուպացիոն զորքերի ներկայություն։ Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը, առանց պայմանագրային հիմքերի, ինքն է հրավիրել ռուսական զորքերին վերահսկելու իր օդային դարպասները, ապա սա պետական ​​հանցագործություն է Հայաստանի ղեկավարության կողմից։

Այս կամ այն ​​դեպքում խոսքը միջպետական ​​հարաբերությունների իրավական հիմքերի կոպիտ խախտման մասին է։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի համար կարևոր էր, որ Հայաստանը հայտարարեր պահանջների բացակայության մասին և Մոսկվային չմեղադրի հայկական սահմանին անօրինական մնալու և փաստացի օկուպացիայի մեջ։

Նաիրա Հայրումյան

Բողոք «Չեփման Թեյլոր»-ի դեմ՝ Շուշիում ապօրինի աշխատելու համար

«Քերքոնեան Դաջանի» (Kerkonian Dajani LLP) իրավաբանական ընկերությունը բողոք է ներկայացրել «Չեփման Թեյլոր» (Chapman Taylor LLP) դիզայներական ընկերության դեմ` Արցախում (Լեռնային Ղարաբաղ) իր աշխատանքի հետ կապված ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) խախտումների համար

ԳԼԵՆԴԵԼ, Կալիֆորնիա – 30 հուլիսի, 2024  «Քերքոնեան Դաջանի» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել Միացյալ Թագավորության Ազգային կոնտակտային կետին` պնդելով, որ «Չեփման Թեյլոր» համաշխարհային ճարտարապետական ​​ընկերության  կողմից խախտվել են բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ-ի ուղեցույցները: Ավան Շուշի Գործընկերության անունից ներկայացված Բողոքը պնդում է, որ «Չեփմեն Թեյլորի» վարքագիծը Շուշիի վերանախագծման հարցում խախտում է ՏՀԶԿ-ի ուղեցույցները՝  չկարողանալով մեղմել, այլ հակառակը ավելի խորացնելով Արցախի բնիկ հայերի հանդեպ մարդու իրավունքների խախտումների բացասական ազդեցությունը։

Գործը հարուցվել է Ադրբեջանի 286-օրյա շրջափակումից և 2023 թվականի սեպտեմբերին արցախահայության բռնի տեղահանումից հետո, ինչը Freedom House-ը հստակորեն որակել է որպես էթնիկ զտում: Ավելին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը շտապ զեկուցել է, որ Ադրբեջանի նախագահը դրսևորել է արցախահայության նկատմամբ բացահայտ ցեղասպանական մտադրություն։ Genocide Watch-ը, Լեմկինի ինստիտուտը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հրապարակել էին ցեղասպանության մասին իրենց սեփական ահազանգերը:

ՏՀԶԿ-ի բողոքում Ավան Շուշիի գործընկերությունը, որին են պատկանում  Շուշիի «Ավան Շուշի» հյուրանոցը և զբոսաշրջային կենտրոնը, պնդում է, որ «Չեփմեն Թեյլորը» զբաղվել է Շուշիի վերանախագծմամբ 2020 թվականի նոյեմբերին՝ ադրբեջանական զինուժի կողմից պատմականորեն հայկական քաղաքը վերահսկողության տակ վերցնելուց անմիջապես հետո, և որ 2020թ. «Չեփմեն Թեյլորն» իր գործունեությամբ ակտիվորեն որոշումներ էր կայացնում Շուշիի կառույցների ճակատագրի վերաբերյալ՝  մինչև  իսկ նշելով քանդման ենթակա շենքերն ու տները:

«Ակնհայտ է, որ մեր հյուրանոցը ձևափոխվել է, վերագործարկվել և վերանվանվել. Եվ դա արվել է առանց մեր հաստատման կամ համաձայնության», – ասում է Ավանի առաջատար գործընկեր Ալեք Բաղդասարյանը: Նրա մտահոգությունները, սակայն, ավելի խորն են. «Ցավալի է ականատես լինել հայկական ունեցվածքի, այդ թվում՝ արցախահայության տների, եկեղեցիների և գերեզմանատների ոչնչացման անհամար պատկերներին: Սա կատարյալ զավեշտություն է, որի համար պետք է պատասխանատվության ենթարկել»։

Ինչպես նշվում է Բողոքում, «Չեփմեն Թեյլորը» շարունակել է իր աշխատանքը Շուշիում մարդու իրավունքների շարունակվող խախտումների պայմաններում: Իր ներկայացրած բողոքում Ավան Շուշին պնդում է, որ «Չեփմեն Թեյլորի» վարքագիծը չի համապատասխանում ՏՀԶԿ-ի համապատասխանության ռեժիմին, որը պահանջում է բազմազգ ձեռնարկություններից ճանաչել և նույնիսկ մեղմել իրենց գործունեության հետ կապված մարդու իրավունքների ռիսկերը:  Բողոքը պնդում է, որ «Չեփմեն Թեյլորի» ՏՀԶԿ խախտումները տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի, Շուշիի և նրա ժառանգության համակարգված բնաջնջման ֆոնին, և որ նախագծային ընկերությունը չի օգտագործել որևէ լծակ՝ փորձելու մեղմել մարդու իրավունքների բացասական ազդեցությունը, ինչպես պահանջվում է ՏՀԶԿ ուղեցույցներով։

«Ադրբեջանը բացահայտորեն լծվել էր բնիկ հայ ժողովրդին և նրա ժառանգությունն ու պատմությունը Արցախից արմատախիլ անելու անթաքույց արշավի: Ադրբեջանի անպատժելիությունն այս առումով միանշանակ ակնհայտ է», – պնդում է «Քերքոնեան Դաջանի» իրավաբանական ընկերության  գործընկեր Գառնիկ Քերքոնյանը: «ՏՀԶԿ-ի ուղեցույցների համաձայն՝ բազմազգ ձեռնարկություններին տրամադրվում են հստակ և մանրամասն պարամետրեր, որոնց միջոցով կարող են չափել իրենց գործողություններն ու միավորումները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և, մասնավորապես, ինչ վերաբերում է մարդու իրավունքների անբարենպաստ ազդեցության ճանաչմանը և մեղմացմանը»:

ՏՀԶԿ-ի բողոքարկման մեխանիզմն ավելի ու ավելի է օգտագործվում մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ բազմազգ ձեռնարկությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ գործարկելու համար: «Չեփմեն Թեյլորի» դեմ այս գործը ներկայացվել է Միացյալ Թագավորության Ազգային կոնտակտային կետ Լոնդոնում 2024 թվականի հուլիսի 25-ին:

Հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և մանրամասների համար խնդրում ենք այցելել՝:

Facebook:     www.facebook.com/kerkoniandajani

X/Twitter:        www.x.com/kdlawyers

Instagram:     www.instagram.com/kerkoniandajani/

LinkedIn:        www.linkedin.com/company/kerkonian-dajani-llp/

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Ավան Շուշի Գործընկերության իրավախորհրդատուին  [email protected] հասցեով:

Դժվարին օրերում հումորի չափաբաժինը․ Կարինեի ֆեյսբուքյան էջը վիրուսային ձեւով տարածվում էր

Բլոկադային Արցախի միակ, չպակասող վիտամինը հումարինն էր, որ կարելի էր գտնել Կարինե Պետրոսովայի ֆեյսբուքյան էջում։

Սննդի պակասը, տրանսպորտի բացակայությունը, բլոկադայի նախնական շրջանում լավ խանութպան-ընկեր ունենալը դարձան այն հումորներից, որ քիչ թե շատ թեթեւացնում էին ծանր օրերը։

-Ամեն ինչ սկսեց հենց ծանոթ խանութպանից,- պատմում է Կարինեն։- Մի անգամ մտա խանութ եւ արդեն չեմ հիշում՝ ինչ էի ուզում, խանութպանը շատ արտասովոր հայացքով նայեց ու ոչինչ չպատասխանեց։ Այդ պահին հասկացա, որ պետք է լավ ծանոթ-խանութպան ունենաս, որ ապրանքները «տակից» տան։

Այսպես հայտնի ֆիլմերի հերոսները հայտնվեցին Ստեփանակերտում, եւ սկսվեցին բլոկադային երկխոսությունները։

Կարինեի ֆեյսբուքյան էջը վիրուսային ձեւով տարածվում էր, որովհետեւ նա գտել էր բոլորիս հուզող խնդիրների հումորային լուծումը։

Հաճախ ասում էին ինձ՝ նկարներիցդ ենք հասկանում, թե որ խանութում ինչ են ստացել,- հիշում է Կարինեն։

Իրավիճակը գնալով վատանում էր, եւ օգոստոսի կեսերին ու սեպտեմբերի սկզբին անհնարին էր թվում դժվարությունների հաղթահարումը, բայց պատերազմն ու Արցախի հայաթափումը ամենածանրն էին։

Դժվար էր պատկերացնելը, որ ծննդավայրումդ վերջին օրերն ես ապրում եւ շատ հավանական է, որ այլեւս երբեք չկարողանաս գալ տուն, այցելել հարազատներիդ գերեզմանները։

Կարինեն մեծացել է առանց հոր, ավելին՝ հայրը մահացել է հենց իր ծննդյան օրը, երբ ինքը 5 տարեկան էր դարձել։ Մանկությունը թեեւ դժվար էր, բայց իր հուշերում ամենաջերմ պահերն են տպավորվել։ Իր մանկության ու պատանեկության լավագույն հուշերը պապիկ-տատիկի հետ են կապված, որոնց հետ մեծացել են։

Պապիկի մասին հատվածը Քաթից

Ինչպես բոլորի, այնպես էլ Կարինեի համար ամենադժվարը անխնամ ու անտեր մնացած գերեզմաններն են, եւ այն մեծ կարոտը, որ ունենք բոլորս։

Կարոտի հաղթահարման, տունն ավելի մոտ զգալու համար Կարինեն լուծում է գտել։

-Ես լավ եմ նկարում եւ հաճախ եմ թուղթն ու մատիտը ձեռքս վերցնում։ Մի օր կարոտի հետքերով մեր տունը նկարեցի, նույնիսկ առանձնացրել էի լվացքի քողի կախիչների ամանը,- պատմում է նա եւ ասում, որ այդ նկարը դարձավ դաջվածք՝ ձեռքին։

-Տնեցիների արձագանքները տարբեր էին, որովհետեւ չգիտեին, թե ինչ դաջվածք է, բայց երբ ձեռքիս տեսան մեր տունը՝ մեղմացան։

Բռնատեղահանությունից հետո Կարինեն շարունակում էր ջերմացնող հուշեր գրել Արցախի մասին՝ բոլորիս տներում եղած թավայի մասին, որ ոչ ոք չի բերել, սկզբնական շրջանում աշխատանք փնտրելու եւ տասնյակ հարցազրույցների գնալու մասին, վերջերս շատ հանդիպող ատելության խոսքի մասին, բայց այս ամենը՝ նորից հումորով։

Ասում է՝ միակ միջոցը չխելագարվելու…իրավիճակին այլ տեսանկյունից նայելն է եւ հումոր ավելացնելը։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

 

Գլխավոր խնդիրը՝ Ադրբեջանի բոլոր հանրապետությունները հռչակված տարածքներ չունեն

Step1.am-ի հետ զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

-Պարո՛ն Մանասյան, Բաքուն խոսում է այդպես կոչված «ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին՝ փորձելով արցահայության վերադարձի հարցին հակադրել սա։ Արդյոք սրանք համարժեք հարցեր են, եւ ինչպե՞ս պետք է հակադարձել այդ պահանջներին։

-Սրանք մեզ գցում են տարբեր ծուղակներ, որպեսզի մենք կենտրոնանանք այդ հարցերի վրա եւ դուրս չգանք այդ շրջանակից։ Այնինչ, մենք պարտավոր ենք իմանալ արմատական հարցերը՝ արդյոք Արցախը միջազգային իրավունքով պատկանո՞ւմ է Ադրբեջանին, թե՞ ոչ։ Եվ բնության մեջ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան», այդպիսի մի բան կա, թե՞ չկա։ Դրան հակադարձելու գլխավոր փաստարկը սա է՝ ինչ էլ նրանք ասեն, մենք պետք է ասենք՝ Արցախը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին։ Դա հաստատվել է Ազգերի լիգայի՝ 1920 թվականին ընդունած որոշմամբ։ Հինգերորդ կոմիտեի եւ Ասամբլեայի գլխավոր քարտուղարի հուշագրում այդ ամենը ասված է, որ Ադրբեջան պետություն նախկինում չի եղել, որ այսպես կոչված ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն իրեն հռչակել է անհասկանալի տարածքներում, որոնք հնարավոր չէ ընդհանրապես ճշգրտել։

Մյուս կողմից, ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է վերջանում Արեւելյան Անդրկովկասը, եւ պետության սահմանների համար այդպիսի ձեւակերպումն իրավաբանորեն անիմաստ է։ Այսօր էլ նրանք հենվում են այդ անիմիաստ հիմքի վրա։ Բայց կա ավելի հետաքրքիր փաստ՝ 1991 թվականին, երբ նրանք ընդունել են ադրբեջանական հանրապետության անկախության մասին սահմանադրական ակտը, որով վերականգնում են ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, իրենք գիտեին, որ տարածքների ու սահմանների մասին ձեւակերպումը անիմաստ է իրավաբանորեն։ Դրա համար նրանք սահմանադրական ակտում փոխել են այդ ձեւակերպումը ու գրել են՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններում ադրբեջանական հանրապետության տարածքներն անձեռնմխելի են, անօտարելի են»։

Բայց սա ավելի անհեթեթ է, քան ադրբեջանական դեմոկրատական հանրապետության ձեւակերպումը։ Ոչ ոքի հայտնի չէ, թե դա ինչ է, նամանավանդ, որ Ազգերի լիգան ասել է՝ այդտեղ պատմականորեն ադրբեջանական պետություն չի եղել։

Մենք 30 տարի եւ հիմա էլ խնդրին չենք տիրապետում եւ այս փաստերն իրենց աչքը չենք խոթում։ Անընդհատ մտնում ենք մանր հարցերի ու վեճերի մեջ, թե Կիրանցն ում է պատկանում, Ոսկեպարն ում է պատկանում։ Գլխավոր հարցը մոռանում ենք, այն է՝ միջազգային իրավունքի տեսակետից, միջազգային իրավունքի հիմքերով այդ տարածքներն ընդհանրապես չեն պատկանում Ադրբեջանին։ 1991 թվականի նա չի հռչակել տարածք, ասել է՝ «պատմականորեն ձեւավորված սահմաններում»։ Անհեթեթ, իրավունքի տեսակետից անիմաստ, սահմանազատման, սահմանագծման ու ճշգրտման ոչ ենթակա տարածքային հավակնություն։ Դրանից բխում է, որ Ադրբեջանի բոլոր հանրապետությունները երբեւիցե չեն հռչակել տարածքներ, հռչակված տարածքներ չունեն։

Թվում էր, թե 1991 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նրանք պետք է օրինական տարածքներ ձեռք բերեին, բայց արի ու տես, որ այդպես չեղավ։ Հանրաքվեի դրված էր հետեւյալ հարցը՝ «դուք համաձա՞յն եք սահմանադրական ակտի հետ», որտեղ սահմաններ չկան, որտեղ ահեթեթ բան է գրված սահմանների մասին։ Մենք այս ամենը թողած՝ ընկել ենք մանր հարցերի հետեւից։ Իրենց հաջողվում է մեզ ներքաշել երկրորդական վեճերի մեջ, այնպիսի վեճերի մեջ, որի կանխադրույթն այն է, թե դա իրենց տարածքն է։

-Արցախն ուժով օկուպացրեցին եւ հայտարարում են, թե «Արցախի հարցը լուծված է»։ Արդյոք հնարավո՞ր է հենց այսպես փակել Արցախի հարցը։

-Արցախի հարցն իրավունքով լուծված չէ, միջազգային իրավունքն ագրեսիայի արդյունքում կազմավորված պետություններն օրինական չի համարում։ 1991 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ հետո դեկտեմբերի 23-ին՝ Ալմա-Աթայից հետո Եվրոպան ընդունել է այսպես կոչված «12-ի հայտարարությունը», որտեղ ասվել է, որ ագրեսիայի արդյունքում կայացած պետություններն ինքը չի ճանաչում։ Առաջադրել է նաեւ չափանիշներ, դա վերաբերում է ազգային փոքրամասնություններին, մարդու իրավունքներին, խաղաղ միջոցներով տարածքային հարցերը լուծելուն։ Այս չափանիշներից ոչ մեկին չի բավարարել Ադրբեջանը։

Հիմա, երբ ասում են՝ «Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», պետք է հաշվի առնել այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղը ձեռք է բերել ագրեսիայի միջոցով, որը միջազգային իրավունքով ճանաչման ենթակա չէ։ Մենք դա պետք է ասենք այսօր։ Նախ պետք է ասենք՝ տուր, Ալիեւ, «կադաստրի թուղթը», ըստ որի դա քոնն է։ Տեսնենք ինչ է տալիս, բան չունի տալու, մենք պատառոտենք այդ «կադաստրի թուղթը» եւ ասենք, որ քոնը չեն այդ տարածքները։ Այդ տարածքներն ընդգրկում է ոչ թե ԼՂԻՄ-ը, այլ ամբողջ Լեռնային Ղարաբաղը, որովհետեւ Կավբյուրոյի չընդունված մի որոշմամբ ողջ Լեռնային Ղարաբաղն է բռնակցվել Ադրբեջանին։ Այսինքն՝ էլի օրիանական չի եղել, ագրեսիվ ակտ է եղել։ Մենք շատ ենք խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հիմնվել է մի տարածքում, որտեղ 95 տոկոսը հայեր էին։ Կավբյուրոյի այդ ապօրինի որոշման մեջ ասվում էր՝ ամբողջ Լեռնային Ղարաբաղը, եւ այնտեղ 70-80 տոկոսը դարձյալ հայեր էին, Շահումյանում, Քարվաճառում, մյուս տարածքներում մենք էլի վճռական մեծամասնություն էինք ունենալու։

Այնպես որ, մեր խնդիրը՝ խնդիրը չիմանալն է, մենք ազգովի չգիտենք փաստերը, փաստաթղթերը։ Իրենք անգիր գիտեն եւ այդ փաստաթղթերով են գրավում մեր երկիրը։ Ասում ենք՝ սա իմն է, մենք էլ ասում ենք՝ քոնն է, դե ուրեմն եկ, մտիր։ Մինչեւ մենք ճշմարտությունը չիմանանք, ճիշտ խոսք չենք ասի։ Նա ճշմարտությունը գիտի, որովհետեւ ինքն է կեղծել փաստաթղթերը, Ղարաբաղի վերաբերյալ չկա մի փաստաթուղթ, որը կեղծ չլինի։ Եվ այդ իմացությամբ է մեզ խաբում։

Մեր մասնագետները հաճախ ասում են, որ ԼՂԻՄ-ը լուծարվել է Ադրբեջանի կողմից 1991 թվականի նոյեմբերին։ 1991 թվականի նոյեմբերին դեռ սովետը կար, նա իրավունք չուներ դա անելու, բայց նոյեմբերին այդ որոշումն ընդունել է, ամիսներ անց, երբ սովետը չի եղել, հրապարակել է։ Այսինքն՝ բոլոր փաստաթղթերը կեղծ են, բայց մենք բոլորս դա «հալած յուղի» տեղ ընդունում ենք, որովհետեւ չգիտենք փաստաթղթերը։ Իսկ փաստթղթեր չիմանալը նշանակում է չիմանալ սեփական իրավունքը։ Եվ հակառակը՝ եթե մենք չգիտենք մեր իրավունքը, այդ փաստաթղթերին հավատում ենք։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախից սկսված մեծ պատերազմը պետք է ավարտվի Միացումի մասին 1989թ.-ի որոշման ճանաչմամբ

Երուսաղեմ, Հայկական թաղամաս

Մերձավոր Արևելքում պատերազմը «սկսվեց» Հայաստանից, բայց «նախադեպը» Պաղեստինում չաշխատեց

Իսրայելում արդեն 9 ամիս շարունակվող պատերազմը սկսվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, հենց որ պարզ դարձավ, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը մտադիր չեն բողոքարկել Արցախի բռնազավթումը և բնիկ բնակչության արտաքսումը։ Քաղաքական խնդիրներ բարձրացնելուց Հայաստանի հրաժարումը և դրանք զուտ հումանիտար հարթություն տեղափոխելու փորձը պետք է նախադեպ դառնար այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Պաղեստինում հակամարտությունները «կարգավորելու» համար։

Իսրայելի ղեկավարությունն առ այսօր չի կարող Պաղեստինի գոյության պլան ներկայացնել ռազմական գործողությունների ավարտից և ՀԱՄԱՍ-ի պայմանական ոչնչացումից հետո։ Իսրայելը չի ​​ցանկանում ճանաչել Պաղեստինի պետությունը, և դա ավելի ու ավելի շատ մերժում է առաջացնում աշխարհում։ Հատկապես արցախյան «նախադեպի» ֆոնին, որտեղ ընդհանուր կոնսենսուսով կիրառվեց «չկա արցախցի, չկա արցախյան խնդիր» սկզբունքը։ Բայց այս սկզբունքը չգործեց նույնիսկ Արցախում։ Արեւմուտքը չի պատրաստվում հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, այսինքն՝ Արցախի հարցը լուծված չի համարում։ Իսկ Մերձավոր Արեւելքում պահանջում է 1967 թվականի սահմաններում ստեղծել երկու պետություն։

Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը միակ ճանապարհն է դեպի «խարխուլ խաղաղություն» այս տարածաշրջանում, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր անգլալեզու Telegram ալիքում։

Արևմուտքի վերլուծաբանները նույնպես ասում են, որ միայն լայնածավալ պատերազմը կարող է լուծել խնդիրների ամբողջ կլաստերը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները, հայտարարելով Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու մասին, կտրուկ նվազեցրին ռազմական օգնությունն այդ երկրին։ Բրիտանական լեյբորիստական ​​նոր կառավարությունը եւս հայտարարեց Իսրայելին տրամադրվող օգնության կրճատման մասին:

Առանց այդ օգնության Իսրայելը նույնքան անզոր է, որքան Բաքուն՝ առանց Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի օգնության։ Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ կարող է «ներխուժել Իսրայել, ինչպես ներխուժեց Ղարաբաղ և Լիբիա», փաստորեն բացահայտելով 2020-2023 թվականների պատերազմի ամբողջ էությունը։

Թեհրանում և Բեյրութում ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի առաջնորդների սպանություններից հետո, որոնցում մեղադրում են Իսրայելին, մեծ պատերազմի հավանականությունն ավելի է մեծացել: Երբ խաղացողները չեն կարողանում գտնել օպտիմալ շախմատային քայլեր, նրանք շրջում են խաղատախտակը: Հիմա ուզում են դա անել Իսրայելի ձեռքով։

Հայաստանի համար մեծ պատերազմի հեռանկարները կարող են ճակատագրական դառնալ։ Համաշխարհային տերությունները չեն թաքցնում, որ Հայաստանը ընկալում են որպես «խաչմերուկ»՝ չբացառելով, որ Հայկական լեռնաշխարհը կարող է մնալ առանց հայերի։ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը վայր դրեցին իրենց հիմնական զենքը՝ անքակտելի իրավունքները, ձեռքերը բարձրացնելով տերերի սպասելով։

Թուրքիան, որի հետ Հայաստանի կառավարությունը հուսահատորեն փորձում է բարելավել հարաբերությունները, պայմաններ է առաջ քաշում. Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ասել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն։ Բաքուն իր հերթին հայտարարեց, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության համաձայնություն չի լինի։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը սակայն կբերի դրա վերջնական վերացմանը։

Արցախը տարածաշրջանի պատմության մեջ միշտ եղել է բանալին, որը կարող է բացել կամ փակել Պանդորայի արկղը։ Արցախից սկսված պատերազմը պետք է ավարտվի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման միջազգային ճանաչմամբ։

Նաիրա Հայրումյան

Կիսատ մնացած կյանք, որ կյանքեր է փրկում. «ՍաԾի»-ն նկարների հիման վրա ստեղծված բրենդ

«ՍաԾի»-ն նկարների հիման վրա ստեղծված բրենդ է։

Սածին՝ Սաթենիկ Սաֆարյանն է, ապագա ուռուցքաբան, ով պիտի փրկեր հարյուրավոր կյանքեր, սակայն 25-ամյա բժշկուհուն հաղթեց չարաբաստիկ քաղցկեղը։

Նունե Սաֆարյանը 25 տարեկան էր, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց ամուսինը՝ Սամվել Սաֆարյանը։ Ունեին աղջիկ՝ Գեղանուշը, եւ դեռ նոր էր իմացել, որ սպասում են երկրորդ բալիկին։

«Բոլորը հորդորում էին դադարեցնել հղիությունը»,- հիշում է տիկին Նունեն, միայն սկեսուրն էր, որ հակառակն էր համոզում։ Աղջկա՝ Գեղանուշի տեսած երազը ամրապնդեց տիկին Նունեի միտքը «հայրիկն ասել է ինձ համար քույրիկ բերես»։

Քույրիկը ծնվեց՝ Սաթենիկը։

Տիկին Նունեն լավ է հիշում այն դժվար օրերը, որ ապրել է աղջիկների հետ, ասում է՝ նույնիսկ ամուսիններով էր դժվար հետպատերազմական Արցախում երեխա մեծացնելը, ուր մնաց՝ մենակ։

Դժվարությունների մասին չի սիրում խոսել, պատմում է, որ միշտ հոգատար բարեկամներով ու ընկերներով էր շրջապատված։

Աղջիկները բարձրագույն կրթություն են ստացել, Գեղանուշը հոգեբան է, Սաթենիկը՝ ապագա ուռուցքաբան։

«Երկու ուսանող ունենալը հեշտ չէր, երբ փորձում էին որեւէ հավաքի չգնալ, կամ ընկերների հետ չմասնակցել կոլեկտիվ հավաքների՝ հորդորում էի հետ չմնալ ընկերներից»,-  աղջիկների պատասխան նվիրումի մասին է հիշում տիկին Նունեն։

Հենց ուսանողական տարիներին ծանոթացա Սաթենիկի հետ։ Նա իմ ճանաչած այն քիչ մարդկանցից էր, ով միշտ ճիշտ բառեր էր գտնում, որ «երբեք տխուր չէր լինում» եւ ուներ աշխարհի ամենազրնգուն ծիծաղը։ Սաթենիկի մեծ ցանկություններից մեկը ճամփորդելն էր, գիտելիքներ ստանալն ու համակ բարություն լինելով՝ քաղցկեղ ունեցող երեխաներին փրկելը։

Մի քանի ամսվա ընթացքում փոխվեց ամեն ինչ։

Սաթենիկը, որ ամենուր էր իր հանգստացնող ժպիտով ու ամրապնդող խոսքով, բժշկից դարձավ հիվանդ, բայց մինչեւ կյանքի վերջին օրը չդադարեց պայքարել։

«Ամեն անգամ, երբ սպասում էինք անալիզներին, ասում էի՝  հույս ունենանք, որ այս անգամ լավ կլինի։ Սաթն ասում էր՝ մենք հույս չենք պահում, մամ, մենք պայքարում ենք»,- հիշում է տիկին Նունեն։

Սա այն եզակի պայքարներից էր, որ կյանքի պարտությանը չէիր ուզում հավատալ, որովհետեւ Սաթի զրնգուն ծիծաղը մարել չէր կարող, որոհետեւ ինքը պիտի կյանքեր փրկեր, որովհեեւ Սաթի չլինելը պատկերացնել չէր լինում․․․

«City of smile» հիմնադրամի  հայտարարած դրամահավաքը մի քանի օրում հավաքեց նախատեսվող գումարը, որով Գերմանիայում վիրահատվեց Սաթենիկը, բայց ստամոքսի քաղցկեղը աննահանջ էր․․․

Սաթենիկի կյանքի համար պայքարն ավարտվեց, սակայն մոր համար սա նոր պայքարի ուղենիշ էր։ Տիկին Նունեն, որ  ամեն րոպե տեսնում էր Սաթենիկի վերափոխումը, որ տեսնում էր դստեր ուժը՝ չհամարեց իր պայքարը վերջացած։

Գերմանիայում կատարված վիրահատության գումարը պետք է հետ վերադարձվեր։

«Մամ, էդ գումարը պետք է երեխաներին, կփոխանցես հիմնադրամին»,- Սաթենիկի այս խոսքը դարձավ նորի սկիզբ։

Տիկին Նունեն պատմում է, որ որոշ դժվարություններից հետո 2020 թ․ հոկտեմբերին գումարը հետ ուղարկեցին եւ 6080 եվրոն ամբողջությամբ փոխանցեց հիմնադրամին։

«Դրանից հետո ես անզորություն էի զգում, որովհետեւ չգիտեի ինչպես շարունակել օգնել, որովհետեւ Սաթի խոսքը մտքումս էր։ Պիտի օգնեի  մնացած մայրերին, որ չկորցնեն հավատը,- պատմում է տիկին Նունեն։

Օգնելու մղումը հիմնեց «ՍաԾի» բրենդը։

Սաթենիկը սիրում էր լուսանկարել, հիմնականում ջրի արտացոլանքներ, որ կոչում էր «գյոլեր», ծաղիկներ, փողոցներ։  Գեղեցիկը տեսնելու եւ ստեղծելու յուրահատուկ ունակություն ուներ։ Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է կատարվում իր հետ եւ որքան ժամանակ ունի․․․ Այդ շատ կարճ ժամանակում  այնքան գեղեցի՜կ կադրեր է անմահացրել, չգիտակցելով անգամ, որ այդ կադրերը կդառնան իր նվիրումի հետնորդները։

Կորուստներից հետո, սովորաբար, մարդիկ դժվար են ուշքի գալիս եւ իրենց կողքին ուրախություն տեսնելը դժվար է լինում, ուրիշին երջանկացնելը՝ ոչ այդքան դյուրին։

Իմ ճանաչած ուժեղագույն կանանցից է տիկին Նունեն, ով անդադար կորուստներ է ունենում իր կյանքում, բայց արցունքների միջից ժպտալն ու դիմացինին հոգեկից, աջակից լինելն իր էությունն է։

Սաթենիկի ֆիքսած գեղեցիկ կադրերը դարձան նոր հիմք, բարության նոր ակունք․ նկարները դարձան վզնոցներ, տետրեր, ալբոմներ ու սփռոցներ։

Ստեփանակերտից տիկին Նունեն կարգավորում էր գործնական ամեն հարց Երեւանում, հավատով լի էր՝ շարունակում է աղջկա պատգամը։

Քաղցկեղը դարձավ թշնամի, որի հետ արդեն 6 տարի պայքարում է։

Բռնատեղահանությունից հետո մասնագիտությամբ ուսուցչուհի տիկին Նունեն աշխատանքի անցավ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ ամեն օր քաղցկեղի դեմ են պայքարում։

«Սա միակ վայրն է, որտեղ ինձ չեն խղճում, որտեղ բոլորս հասկանում ենք այդ ցավը՝ թե՛ բուժառուները, թե՛ ծնողները։ Այնտեղ այն մթնոլորտն է, որն ինձ Սաթիս մասին է հիշեցնում, աշխատակիցներից յուրաքանչյուրի մեջ ես իմ աղջկա մի մասնիկն եմ գտնում»,- ասում է նա։

Տիկին Նունեն մի մտատանջություն ունի․ ֆեյսբուքյան իր էջում երբեմն Ստեփանակերտի գերեզմաններից է արբանյակային նկար հրապարակում․ աղջկա գերեզմանը տեղում է, այսինքն՝ հույս կա, որ մի օր հնարավոր կլինի տեղափոխել այստեղ․ սա է հիմա նրան մտատանջող գլխավոր հարցը։

«ՍաԾի»-ն՝ միշտ ժպտուն ու կենսախինդ Սաթենիկի նկարների հիման վրա, ուժեղ մայրիկի ստեղծած բրենդն է, ով փորձում է շարունակել աղջկա կիսատ մնացած պայքարը։ Համարելով, որ քաղցկեղն, այո՛, իր թշնամին է, պայքարում է կյանքեր փրկելու համար։ Շնորհակալ է յուրաքանչյուրին, ովքեր ընկալում են գաղափարը՝ «ՍաԾի»-ի հետ կյանքեր փրկելու գաղափարը, քանի որ արտադրանքից ստացած շահույթը նվիրաբերում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին։ Հավատում է, որ մի օր ոչ թե առցանց, այլ իրական, մեծ խանութում կվաճառի իր զարգացող եւ մտքում ծնվող տեսականին։

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

 

Թե՛ Շահան Նաթալիի օրերում, թե՛ հիմա հաճախ ենք լսում, թե ինչ ուզում են տանք թուրքերին, միայն թե մեր կյանքին չդիպչեն

Դասեր Շահան Նաթալիից

Չկայ ճշմարտութիւն․ Կան ճշմարտութիւններ։ Կարեւորը ճշմարտութիւնները դասակարգելն է, ըստ արժեքի։ Ահա ա՛յն, ինչ որ հայը, մանավանդ քաղաքական միտքը, չհասկացավ ընթացքում, եւ ա՛յն, ինչ որ թուրքը ըմբռնեց տառացիորէն։ Ու մենք պարտվեցինք։ Թուրքը պարտության մատնեց մեզ։

Շահան Նաթալի․ Հաջողության հասնելու համար շատ հաճախ բավարար չէ ինքնաճանաչումը, անհրաժեշտ է աշխարհաճանաչումը, խիստ կարևոր է նաև թշնամուն ճանաչելը։ Սխալ է և գերագնահատելը թշնամուն և թերագնահատելը։ Հաջողության հասնելու համար պետք է հասկանալ նաև թշնամու ընթացքը, նրա որդեգրած քաղաքականությունն ու քաղաքական ծրագրերը։ Փորձենք համեմատության մեջ դնել մեզ հայերիս և մեզ պարտության մատնած թուրքերին, Շահան Նաթալիի դիտանկյունից, իսկ այս անունը մեզ ավելի շատ հայտնի է Նեմեզիս ծրագրից։

Ճմշարտություն է, որ գիրն ու գրականությունը ուժ են եւ հայն ըմբռնեց այդ ու վանքեր կառուցեց, դպրոցներ բացեց․ գիր ու գրականություն տարածեց։ Ճշմարտություն է, որ արվեստն ու առևտուրը ուժ են․ եւ հայը նվիրվեց արվեստի բոլոր ճյուղերին, հպարտացավ իր արվեստով, որոնց ազդեցությունը տարածեց մոտիկ ու հեռավոր ժողովուրդների վրա։ Զարգացավ իբր առեւտրական, ծովեր կտրեց, հարստացավ եւ տիրող տարրը իր տնտեսական գերին դարձրեց։ Ճշմարտություն է, որ արհեստն ու երկրագործությունը ուժ են․ եւ հայը իր միջավայրի արհեստներին տեր ու տիրական դաձավ․ երկիրը հերկեց, հունձքը առավ։ Ճշմարտություն է, որ քաղաքակրթությունն ու կրթությունը ուժ են․ եւ հայը արեւմուտքի քաղաքակրթության հետ շփվեց, սերունդ կրթեց, կրոնական կապերով կապվեց քաղաքակրթված աշխարհի հետ։ Ճշմարտություն են դեռ էլի շատ բաներ։ Սակայն դառնագույն ճմշարտություն է նաեւ որ այդ բոլորը չփրկեցին մեզ պարտվելուց մահվան ու կյանքի պայքարում։ Եվ պարտվեցինք թուրքին, որ ո՛չ մեկը չուներ այդ բոլորից, գոնե մեր չափ։ Թուրքը մի բան ուներ մեզանից ավելի― ԶեՆՔ։ Որովհետեւ նա գիտեր, և գիտի, որ քաղաքական կյանքում զենքի ուժը ավելի արժեք է քան արժեքները մնացած բոլոր վերը թվարկած ուժերի։ Եւ պետք չէ ամաչել ու  չխոստովանել, որ թուրքը շատ ավելի խելոք էր եւ այսօր էլ խելոք է ճշմարտությունները դասակարգելու մէջ։

Թե՛ Նաթալիի օրերում, թե՛ հիմա, հաճախ ենք լսում, թե ինչ ուզում են տանք թուրքերին, միայն թե մեր կյանքին չդիպչեն։ Բայց արդյո՞ք սա ճիշտ է, արդյո՞ք սա փրկություն է։ Պատմությունը քանիցս ցույց է տվել, որ ոչ, սա փրկություն չէ։  Քուրդը անգամ այս ճշմարտութիւնը հայից լավ է ըմբռնել, անգիր, անքաղաքակիրթ քուրդը։ Զենքին կռթնած թուրքը, ահա կքայլե այն ճամբաներին, ուր մեր փառքերն ու հպարտությունները արյունոտվեցին։ Եւ եթե այս փաստերի առջեւ էլ դեռ չենք ընդունում պողպատե ուժի ճշմարտությունը, բոլոր ճշմարտություններից վեր, հայ քաղաքակրթական մնացորդ ամբարտակներն էլ շուտով գետնին կհավասարվեն, շարունակում է  Շահան Նաթալին։

Թուրքերը գնացին թուրք ազգի ստեղծման ճիշտ ճանապարհով. … ինչքան հույսներս կապում ենք ուրիշի քեռիների հետ, ով էլ որ նրանք լինեն, այնքան ավելի քիչ իրավունք ունենք խոսելու պատասխանատվության մասին, եւ հակառակը։ Այս չափազանց կարևոր սկզբունքը հասկանալիս թուրքերը շատ ավելի խելացի են, քան մենք՝ հայերս։ Այս սկզբունքի կիրառումը նրանց հաղթանակի և մեր պարտության հիմնական պատճառներից մեկն է։ Որովհետեւ այս սկզբունքը, անկախ ամեն ինչից, ոչ միայն արժեւորեց թուրքին արտաքին աշխարհի աչքում, այլեւ հնարավոր դարձրեց, որ Մուստաֆա Քեմալը ծնվեր նրա արգանդում։ Տասնամյակներ անց Շահան Նաթալիին փոքր ինչ կհակադրվի քաղաքագետ Մանվել Սարգսյանը։  Ինչպես այն ժամանակվա բոլոր հայ գործիչները, Շահան Նաթալին նույնպես թուրքերի գործողություններում տեսնում էր միայն «այլազգիների վայրի ջարդը»։ Այն ըմբռնումը, որ ամեն ինչի հիմքում ինքնիշխանությունն է, այդպես էլ չհայտնվեց անգամ տարիներ անց։ Նրա համար էլ անհասանելի մնաց այն պարզ ճշմարտությունը, որ ազգային մեծամասնությունը չի կարող հայտնվել մի տարածքում, որտեղ ինքնիշխան ռազմավարություն չի իրականացվում։ Թշնամական ուժի կենտրոնի դեմ կարող է պայքարել միայն ինքնորոշմամբ ձևավորված ուժի նոր կենտրոնը։ Իսկ մնացած ամեն ինչ առաջանում է անխուսափելի կանոնավոր պատերազմի և նրանց ազգային իշխանության վերահսկողության տակ անցնող ժողովուրդների զուգահեռ տարանջատման արդյունքում։ Աթաթուրքը բոլորին ցույց տվեց, թե ինչպես է դա արվում։ Շատ տասնամյակներ անց մենք նույն բանը տեսանք Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինքնորոշումից հրաժարվելը քաղաքական համակարգերի փլուզման պայմաններում վերածվում է լայնածավալ կործանման։

Այսօր ճիշտ և ճիշտ կանգնած ենք նման իրադարձությունների կենտրոնում, ինչ որ 1918-20թթ էր։ Այն ժամանակ էլ քաղաքական համակարգեր էին փլուզվել և ի հայտ էին գալիս նորերը և մենք չկարողացանք, մեր քաղաքական միտքը պատրաստ չէր նոր իրողություններին ու մեզ բաժին հասավ արյունն ու ցավը, կորուստները։ 100 տարի անց, այսօր էլ մենք կանգնած են նոր աշխարհակարգի ստեղծման շեմին, մի գործընթաց, որ անցնում է թույլերի վրայով։ Ունենալով նախկին դառը փորձը, կկարողանանք ազգ ու պետություն կերտել, կկարողանա՞նք չհրաժարվել Ինքնորոշումից ու խուսափել կործանումից։ Կկարողանանք, եթե ինչպես Նաթալին է ասում, ճշմարտությունները ճիշտ դասակարգենք։

Թուրքերի և մեր տարբերություններից մեկն էլ շեշտված կերպով հրապարակի վրա է այն փաստով, որ մինչդեռ նրանք կգործեն, մենք կխոսենք։ Եվ որ ամենից տխուրն է, խոսելն ու գործելը մեզ համար դարձել է գործ, ասում էր Նաթալին, իսկը այս օրերի  համար։ Մենք անընդհատ խոսում ենք, գրում ենք, մինչդեռ պետք է գործել ու գործել ու չվախենալ ինքնորոշումից, չվախենալ սեփական բախտը տնօրինելու պատասխանատվությունից։ Խոստովանենք, որ դա էլ կա մեր մեջ, վախը պատասխանատվությունից։ Հիշենք 1991-92 թվականներն ու մեր պատասխանատվություն վերցնելու կամքը, որ մեզ բերեց հաղթանակ։

Արմինե Հայրապետյան

Ղեկավարության արձակուրդը աննկատ է անցնում՝ նոր զիջումներ չկան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների սպառնալիքի տակ գտնվող Հայաստանը, փաստացի, այս պահին բարձիթողի վիճակում է։ Բարձրագույն իշխանության բոլոր ներկայացուցիչները որոշել են միաժամանակ արձակուրդի գնալ՝ երկիրը թողնելով բախտի քմահաճույքին”։

Թեկուզ “էլիտայի” հանգիստը հասարակության մեջ մի փոքր տագնապ է առաջացրել, սակայն վերջին երկու շաբաթը ապացուցում են, որ երկրի ղեկավարության բացակայությունը աննկատ է անցնում։ Համենայնդեպս, նոր զիջումներ, սահմանափակող օրենքներ, աղետալի պայմանավորվածություններ չեն եղել։

Ճիշտ է, այդ ընթացքում չկայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Բրիտանիայում, սակայն կայացավ ՀՀ եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը, Փաշինյանը գնաց Մարգարայի անցակետը ստուգելու, սակայն աղետալի իրադարձություններ չեն եղել։ Դա էլ արձակուրդի “օգուտն” է։