«Ժամանակը կանգ է առել ժամագործի համար». Ռուբեն Հարությունյան

Ռուբեն Հարությունյանը, ով իր կյանքում դժվար ու փորձություններով լի ուղի է անցել, այսօր ստիպված է բնակվել Գորիսում, հեռու իր բնօրրանից՝ Արցախից։ Նրա կյանքի պատմությունը սերտորեն կապված է հայ ժողովրդի ծանրագույն օրերի հետ, սկսվելով Շուշիից, որտեղից նրա ընտանիքը ստիպված եղավ հեռանալ 1920-ականների դաժան ջարդերից հետո։ Սիբիրում երկար տարիներ ապրելուց հետո Հարությունյանների ընտանիքը տեղափոխվեց Բաքու՝ նոր կյանք սկսելու հույսով, սակայն ճակատագիրը նոր փորձություններ էր պատրաստել նրանց համար։

1990-ին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, Ռուբենը հազիվ կարողացավ փրկել իր ընտանիքը՝ հարազատներին դուրս բերելով և տեղափոխելով Հայաստան։ Նա վերադարձավ Արցախ՝ մասնակցելու 1990-ականների ազատագրական պատերազմին։ Հաղթանակից հետո Ռուբենն իր ընտանիքի հետ վերադարձավ Շուշի՝ գտնելու հայրական տունը։ Ընտանիքի հետ միասին նա Շուշիում ապրեց մինչև 2020 թվականը։

Պատերազմը կրկին բաժանեց նրան իր տնից։ Ճակատագրի հեգնանքով ստիպված եղան լքել Շուշին՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ, քանի որ նրանց վստահեցրել էին, որ ընդամենը մի քանի օրից կկարողանան վերադառնալ։ Երկու տարի անց, երբ նրանք նորից Ստեփանակերտում սկսեցին իրենց կյանքը վերակառուցել, ճակատագիրը կրկին անարդար վարվեց. 2022 թվականին, երբ Ռուբենը մեկնեց Հայաստան, բլոկադայի պատճառով չկարողացավ վերադառնալ Արցախ։

Ռուբեն Հարությունյանը երաժիշտ է։ Նրա երաժշտական ուղին սկսվել է դեռևս մանկությունից, երբ չորս տարեկանում առաջին անգամ ձեռքն առավ դհոլը։ Տարիների ընթացքում նա դարձավ Շուշիի ժողգործիքների պետական անսամբլի ամենաավագ երաժիշտը՝ նպաստելով հայկական մշակույթի պահպանմանը և տարածմանը։ «Մեր ժողովրդական երգերն ու պարերը մեր ազգի հոգին են, դրանք պետք է միշտ մնան մեր սրտերում։ Մարդիկ պիտի լսեն, պարեն ու իմանան արվեստի գործիչներին»,- ասում է նա։

Այսօր, Ռուբենը ստիպված է դադարեցնել իր սիրելի գործը՝ նվագելը, խոստանալով ինքն իրեն, որ միայն այն ժամանակ նորից դհոլ կնվագի, երբ կրկին ոտք կդնի հայրենի հողին, կվերադառնա Արցախ։ Մինչ այդ նա Գորիսում փոքրիկ կրպակում վերանորոգում է ժամացույցներ և կարի մեքենաներ։ Ասում է, որ աշխատելն այսօր մեծ դժվարություն է, քանի որ մարդիկ նախընտրում են շատ բաներ դեն նետել, քան վերանորոգել։ Չնայած դրան՝  նա շարունակում է այդ գործը սիրով: Բայց նրա կյանքը, կարծես, կանգ է առել՝ անորոշության ու սպասման մեջ։

Անժելիկա ԶԱՔԱՐՅԱՆ

 Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Հետպատերազմյան Արցախում ծնված հոբբին Երևանում դարձավ աշխատանք` ava_artsakh

Շուշիի ու Ղազանչեցոց եկեղեցու պատկերով պայուսակ ունենալու ցանկությունը Ավանեսյան քույրիկների՝ Աննայի ու Գայանեի համատեղ բիզնեսի հիմքը դարձավ։ Նման պայուսակներ այդ ժամանակ Արցախում չկային, 2021 թվականն էր, պատերազմից հետո։ Կտորն ու ներկերը Ստեփանակերտի նոր-նոր վերաբացվող խանութներից առան, պայուսակը կարեց մայրիկը, վրան նկարեց քույրերից Գայանեն։

Պայուսակն արդեն պատրաստ էր, աղջիկները հերթով կրում էին, այն ժամանակ ո՛չ շարունակելու միտք կար, ո՛չ էլ առավել ևս գործը բիզնես դարձնելու գաղափար։ Աղջիկների ընկերուհիներն ու ծանոթները հավանում էին քույրերի սիրուն և առանձնացող պայուսակը։ Գաղափարն այստեղից շունչ առավ։

«Մտածեցինք, որ կարող ենք արդեն վաճառելու համար պայուսակներ կարել։ Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի վրա գտնվող գրախանութի հետ պայմանավորվեցինք, մենք սկսեցինք կարել, նրանք` վաճառել։ Գործը լավ էր գնում, մշտական եկամուտ ունեինք»․- պատմում է Աննան։

Վրա հասավ բլոկադան, որը խոչընդոտեց ու խաթարեց ամեն բան։ Ժամանակի ընթացքում խիստ դժվարացավ կտոր ու ներկեր ձեռք բերելը։ Նյութերի փնտրտուքը խանութից խանութ, քաղաքի մի ծայրից մյուսն էր տանում, չէր վերջանում ու քչանում նաև արտադրանքի պահանջարկը։

«Դպրոցին նախապատրաստվելու շրջանը եկավ, երեխաները պետք է դպրոց գնային, բայց պայուսակի տարբերակ չկար, ու վաճառքի պահանջարկը կրկնապատկվեց, եռապատկվեց։ Շա՜տ-շա՜տ դժվարությամբ էինք կտոր ճարում, տարբեր խանութներ էինք գնում։ Մի կերպ կտոր էինք գտնում, որպեսզի վաճառքը ապահովենք, բայց գնային որևէ փոփոխություն չենք արել»։

Տատիկի հին, բազմաչարչար կարի մեքենայով էր աղջիկների մայրը կարում այդքան պահանջված պայուսակները։ Այն իրենց հետ Հայաստան պիտի բերեին, բայց տունը ոստիկանության շենքի դիմացն էր, որտեղից պարզ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են մտնում շենք։ Այդպես խուճապի մեջ ընկան, պլանավորված իրերից շատերը թողեցին ու ճանապարհ ընկան, թողեցին նաև կարի մեքենան։ Մայրը դրա համար շատ էր տխրել, նույնիսկ դեպրեսիայի մեջ էր ընկել։

Դեպրեսիայից դուրս գալու և սթրեսը հաղթահարելու համար պետք էր աշխատել, կարի մեքենա արդեն չունեին, ստիպված նորը գնեցին։ Բիզնեսի աշխատանքների վերսկսման ճանապարհը բարդ էր, բայց ինչպես Աննան է ասում՝ ընկերները անգնահատելի օգնություն ցուցաբերեցին։ Հետո բազմաթիվ միջոցառումների ու տոնավաճառների մասնակցեցին, քիչ-քիչ https://www.instagram.com/ava_artsakh/ բիզնեսը սկսեցին ճանաչել նաև հայաստանյան շուկայում։

Անելիքները, նպատակներն ու երազանքները շատ են, ճանապարհը՝ դժվար, բայց ցանկությունը՝ մեծ։

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում

Արցախցիներին նույնականացման՝ ID քարտ տրամադրելու հարցը լուծված է

Արցախից բռնի տեղահանված անձանց նույնականացման՝ ID քարտ տրամադրելու հարցը լուծված է․ հուլիսի 22-ից արցախցիները հնարավորություն ունեն դիմել անձնագրային ծառայություններ ու ստանալ ID քարտեր։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չէին կարողանում Հայաստանում ID քարտ ձեռք բերել։ Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը տեխնիկական էր, որը շտկվել է։ Արցախցիներին տրամադրվող նույնականացման քարտերում որպես նրանց ծննդավայր նշվելու է Արցախի իրենց բնակավայրը։

«Հուլիսի 22-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները սովորական ընթացակարգերով կարողանում են դիմել ու ստանալ նույնականացման քարտեր՝ բնակավայրի նշումով»,- ասաց Ղազարյանը։ Իսկ այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, չեն կարող ID քարտ ստանալ եւ ունեն փախստականի վկայական, կարող են ակտիվացնել մոբայլ ID-ին։

«ID քարտը հիմնականում օգտագործվում է էլեկտրոնային միջավայրում հավաստագրման, այսինքն՝ էլեկտրոնային ստորագրությունների համար։ Որպեսզի այնպես չլինի, որ բռնի տեղահանված անձինք չկարողանան օգտվել այդ հնավորությունից, մենք հնարավորություն ենք տվել, որ արցախցիների փախստականի քարտը եւս կիրառվի մոբալ ID-իի համար։ Այսինքն՝ եթե անձն ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական, ինքը եւս կարող է ակտիվացնել մոբայլ ID-ին։ Անձը պետք է մոտենա իր հեռախոսային օպերատորին, ակտիվացնի մոբայլ ID-ին, որից հետո կկարողանա էլեկտրոնային միջավայրում էլեկտրոնային ստորագրություններ դնել»,- ասաց Արմեն Ղազարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը դեկտեմբերին կավարտվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ ներկայացրել է հարցեր ու դրանց պատասխանները.

ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։

Բելգորոդի շրջանում ուկրաինական զորքերը ճեղքելու փորձ են արել

Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ճեղքել Բելգորոդի շրջանի սահմանը, հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ իրավիճակը սահմանին մնում է ծանր, բայց վերահսկելի։ Մեր զինվորականները պլանային աշխատանքներ են իրականացնում»,- գրել է նա իր հեռագրային ալիքում։

Նա չի հստակեցրել, թե սահմանային որ շրջանների մոտ են ընթանում մարտերը։

Մարզպետը ժողովրդին հորդորեց հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին։

Իր հերթին, ուկրաինական լրատվամիջոցները գրում են. ռուսական Z-ալիքները հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի Բելգորոդի շրջանի տարածք ներխուժելու փորձի մասին։ Միաժամանակ ուկրաինացի զինվորականների գործողության մասշտաբների մասին վարկածները տարբեր են։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 60-ից 200 ուկրաինացի զինվորներ են սկսել են գործողությունը մոտավորապես ժամը 8:00-ին Նեխոտեևկա գյուղի տարածքում։ Խումբը բաղկացած է ութ զրահամեքենայից։ Տեղեկություններ կան նաև, որ 300 ուկրաինացի զինվորներ մարտ են սկսել Բելգորոդի շրջանի Շեբեկինո անցակետի տարածքում։

Արցախցիների համար կարեւոր փոփոխություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 02-ին պատրաստել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծ։ Այդ մասին գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նախագծով առաջարկվող լրացումների համաձայն վերը վկայակոչված օրենքի 7-րդ և 63-69-րդ հոդվածների դրույթները տարածվելու են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի ծառայողների վրա։

Այլ խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերելի են լինելու նաև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած այն անձանց, որոնք ծառայություն էին իրականացնում վերը նշված մարմիններում։

Փոփոխություններն ընդունվելու դեպքում վերը նշված անձինք պետք է ստանան զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի կարգավիճակ (ուշադրություն. ոչ թե զոհված, այլ՝ մահացած) և օգտվեն զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-69-րդ հոդվածներով նախատեսված ծրագրերից (դրամական օգնություն, բնակարանային ապահովում, բժշկական օգնություն և սպասարկում, տրանսպորտային և հանգստի ապահովում, կրթություն ստանալու երաշխիք և դրամական աջակցություն)։

Քաղաքացիական անձանց, ինչպես նաև դատախազության, հարկային, դատական կամ քննչական ծառայողների մահվան հետևանքով նրանց ընտանիքի անդամներին սոցիալական հատուցում, աջակցություն կամ որևէ արտոնություն սահմանելու վերաբերյալ նոր իրավական ակտ կամ նախագիծ առայժմ գոյություն չունի։

Բարբարոսության դեմքը. Ստեփանակերտ, այսօր

Համացանցում հայտնվել են Ստեփանակերտի կենտրոնական բակերից մեկի կադրերը, որտեղ փորոտվել են բոլոր ավտոտնակները, և ինչ-ինչ պատճառներով հատուկ ուշադրություն են արժանացել մանկական հեծանիվները և մանկասայլակները։ Բարբարոսության դեմքն այսպիսի տեսք ունի։

Ո՞վ է «ղեկավարելու» Արցախը. Սամվել Բաբայանի վրա խաղադրույքը չի ​​աշխատի

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ Սամվել Բաբայանը վերսկսել է ակտիվությունը Հայաստանում և պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Բաբայանը Արցախի պաշտոնյաներին և քաղաքացիներին հրավիրում է համախմբվել իրեն շուրջ, ստեղծել հանձնաժողով և հանդես գալ որպես միասնական ճակատ 2026 թվականի ընտրություններում կամ արտահերթ ընտրություններում։ Ասում է, որ գիտի բոլոր խնդիրների լուծումը։

Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Սամվել Բաբայանի մտերիմ Հայկ Խանումյանը հաստատել է, որ հանձնաժողով ստեղծելու առաջարկ իրոք կա, բայց այն ուղղված է ոչ թե ընտրություններին մասնակցելուն, այլ արցախցիների խնդիրների լուծմանը։

Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը և ինչպե՞ս է Բաբայանը պատրաստվում լուծել դրանք։ Եթե ​​խոսքը սոցիալական խնդիրների մասին է, ապա ի՞նչն է խանգարում Բաբայանին հիմա, առանց «կոմիտե» ստեղծելու, օգտագործել իր կապերը Հայաստանի ղեկավարության հետ և վերացնել Արցախի ժողովրդի առջև ծառացած սոցիալական և իրավական խոչընդոտները։ Թե՞ գործում է «երեկոյան փողը, առավոտյան աթոռները» տրամաբանությունը։

Արդյո՞ք խոսքը Ադրբեջանի իրավասության տակ արցախցիների ապրելու մասին է, ինչը Բաբայանը բարձրաձայնում էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայից առաջ։ Բայց «վերադարձով» արդեն իսկ հաջողությամբ զբաղվում է Վարդան Օսկանյանը, իսկ Բաբայանի կուսակից, Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բագունցը step1.am-ին տված հարցազրույցում ասել է, որ խորհրդարանը գոհ է Օսկանյանի աշխատանքից։

2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 200 քաղաքական և հասարակական միավորումներ դիմել են միջազգային կազմակերպություններին եւ հստակ պարզաբանել «վերադարձի» պայմանները։ Դիմումը դրական դեր խաղաց՝ կանխելով «վերադարձի» հետ կապված հնարավոր արկածները և սահմանելով նշաձող։ Ու թեև այդ դիմումից հետո կոնկրետ գործողություններ չհետևեցին, սակայն ցանկացած նախաձեռնություն այսուհետ չափվելու է առնվազն սահմանված նշաձողով։

Սամվել Բաբայանի առաջարկները որքանո՞վ են համապատասխանում այս նշաձողին։ Իսկ Օսկանյանի հանձնաժողովը դրան համապատասխանո՞ւմ է։

Ձեր տեղը խորհրդարանի պատերի մոտ է. արտաքին թշնամիները շարունակում են ճնշումը հայերի ձեռքով

Հայաստանի նոմենկլատուրային ընդդիմությունը կոչ է անում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, գնալ Արցախի ներկայացուցչություն և այնտեղ ինչ-որ բան ասել։ ՀՅԴ-ն նույնիսկ մտադրվել է դրան նվիրված միջոցառում անցկացնել մարզահամերգային համալիրում։ Սակայն Համալիրի ղեկավարությունը մերժել է, և այժմ, ըստ մամուլի հրապարակումների, միջոցառումը կարող է տեղի ունենալ «Դվին» հյուրանոցում։

Սեպտեմբերի 2-ին Երևանում Արցախի ներկայացուցչություն գնալու կոչով է հանդես եկել նաև Բագրատ Սրբազանը, ով մտադիր է սեպտեմբերին շարունակել բողոքի գործունեությունը։ Թե ինչ պիտի ասվի այդ միջոցառմանը, հայտնի չէ։

Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրը, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ժողով, որում հստակ ասվեց, որ Հռչակագիրը, որը հղում է պարունակում Հայաստանի և Արցախի (ԼՂԻՄ + Շահումյանի շրջան և Գետաշեն) վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, մինչ օրս գործում է։

Ընդդիմությունը ձեւացրե է, թե չի նկատել տեղի ունեցած իրադարձությունն ու այնտեղ հնչեցված վերջնական ճշմարտությունը։

Հայաստանի ինքնիշխանության ակունքներում կանգնած և այդ ճանապարհից երբեք չշեղված Պարույր Հայրիկյանը հիշեց նորագույն պատմությունը, որի մասնակիցները, փառք Աստծո, դեռ ողջ են։ Նա հայտարարեց, որ 1990թ.-ի Հռչակագրի ընդունումից և Հայաստանի միասնական խորհրդարանի առաջին ընտրություններից հետո, որում ի դեպ ընդգրկված էին պատգամավորներ Արցախից, “Միացումի” կարգախոսով իշխանության եկած ՀՀՇ-ն կտրուկ փոխեց կուրսը և որոշեց անջատել Արցախը միացյալ  Հայաստանից։

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, արդյո՞ք միայն ՀՀՇ որոշմամբ։ Վերլուծաբանները խոսում են Մոսկվայի, Անկարայի և Կարսի պայմանագրի այլ եռանդուն կողմնակիցների արտաքին քաղաքական հզոր ճնշման մասին, որոնք այն ժամանակ, հասան Հայաստանի անջատմանը Արցախից, որն արդեն բռնում էր զինված պայքարի ուղին։ Ու թեև այս տարիների ընթացքում Հայաստանն ամեն կերպ օգնեց Արցախին, Միացումի գաղափարը խնամքով թաղվեց։

33 տարի Հայաստանում արտաքին ուժերն ու նրանց վստահված անձինք մոռացության են մատնել Արցախի կարգավիճակի մասին միակ փաստաթուղթը՝ պահպանելով ​​հակամարտությունը, անպտուղ քաղաքական խաղերի մասնակցելով և Արցախին սուբսիդիաներով ծածկելով իրենց ապազգային քաղաքականությունը։

Բայց այն ուժերը, որոնք 33 տարի առաջ Հայաստանին ստիպեցին հրաժարվել Միացումից, այսօր էլ կատաղի ճնշում են գործադրում եւ հայերի ձերքերով ուզում են վերջնական թաղել ՀՀ պետականության հիմքը։

Հիմա, երբ 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն Սամվել Շահրամանյանին ստիպեց ստորագրել Ռուսաստանի ԱԳՆ-ում գրված Արցախի պետականությունից «հրաժարականը», Հայաստանի Հանրապետության հիմքն իր ողջ փառքով բացահայտվեց։

Այսուհետ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կառուցված է 1989 թվականի որոշման վրա, և այդ փաստը ճանաչում են Բաքվում, Մոսկվայում և աշխարհի բոլոր մայրաքաղաքներում։

Դա չեն ճանաչում միայն Երևանում, հատկապես իշխանությունները և նոմենկլատուրային ընդդիմությունը, որոնք սնվում են Մոսկվայի ձեռքից։ Եթե ​​Հայաստանում լիներ ազգային ընդդիմություն, ապա օգոստոսի 23-ին այն կհավաքվեր Հայաստանի խորհրդարանի պատերի մոտ ու կպահանջեր կատարել ընդունված որոշումները։

Եթե ​​Հայաստանում լինեին ազգային ուժեր, սեպտեմբերի 2-ին կհայտարարեին «անկախ Արցախի» նախագծի ավարտը և կպահանջեին վերադարձ 1989թ. որոշմանը։

Մնացած բոլոր գործողությունները սատանայից են։ Ոչ ոքի պետք չեն Արցախի ներկայացուցչության մոտ բոցաշունչ ելույթները, որոնք նպաստում են Արցախը Հայաստանից անջատելու չար գործին։ Կոնկրետ գործողություններ են պետք Միացումը կյանքի կոչելու համար։ Կհռչակեք նման նպատակ, ժողովուրդը ձեզ կհետեւի, չեք հռչակի, մարդիկ կրկին կասեն, որ ծառայում եք հակահայկական ուժերին։

Նաիրա Հայրումյան

Կարո՞ղ են անջատել Telegram-ը

BBC

Կարո՞ղ է Telegram-ը դադարեցնել աշխատանքը Դուրովի ձերբակալության պատճառով

«Ակնհայտ է, որ գրեթե մեկ միլիարդ օգտատեր ունեցող մեսենջերը չի աշխատում բացառապես Պավել Դուրովի համակարգչից», – BBC-ին ասաց իրավապաշտպանը, որն աշխատում է «Online Freedoms» իրավապաշտպան նախագծի հետ (նա խնդրեց անանուն մնալ): «Միլիարդ օգտատեր ունեցող ծառայությանն աջակցելն ակնհայտորեն պահանջում է ավելորդ, ինքնաբավ տեխնիկական ենթակառուցվածք, և առանձին տարրերի կորուստը չպետք է ոչնչացնի ամբողջ համակարգը»:

Նրա հետ համակարծիք է ՏՏ ոլորտի փորձագետ և ZaTelecom հեռագրային ալիքի հեղինակ Միխայիլ Կլիմարևը։ Նա BBC-ին ասել է, որ միլիարդ օգտատեր ունեցող ենթակառուցվածքը «չի կարելի պարզապես փակել: Իսկ գումարային առումով, որքան գիտեմ, այնտեղ ամեն ինչ կարգին է՝ ամեն ինչի համար որոշ ժամանակով կանխավճար է տրված»։

«Telegram-ի անհետացումը ինտերնետից հնարավոր կլիներ, եթե ամբողջ ենթակառուցվածքը, բոլոր սերվերները, այն ամենը, ինչը կազմում է Telegram-ի «կոշտ» մասը, գտնվեին Ֆրանսիայում», – BBC-ին ասել է «Ռոսկոմսվոբոդա» հասարակական կազմակերպության ղեկավար Արտեմ Կոզլյուկը։

Բայց դա այդպես չէ, Telegram-ն ունի չորս քիչ թե շատ հանրային տվյալների կենտրոններ երկրագնդի տարբեր մասերում, ասաց Միխայիլ Կլիմարևը։ Հայտնի է, որ տվյալների այս կենտրոնները գտնվում են ինչ-որ տեղ Եվրոպայում, Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Մերձավոր Արևելքում։ «Միաժամանակ չորս տվյալների կենտրոն փակելն ինձ անհավանական է թվում: Թեեւ նման ռիսկեր, իհարկե, կան»,- հավելեց նա։

Ավելին կարդացեք BBC-ում

Ինչպես կայացավ Միացումը, ինչպես Արցախը տարանջատվեց և նորից վերադարձանք 1989թ․ որոշմանը

2024 թվականի օգոստոսի 23-ին անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադիրները պատգամավորական «Գերագույն խորհուրդ» ակումբի հովանու ներքո գումարեցին ժողով, որի լեյտմոտիվն էր՝ Արցախի Հանրապետությունը չի կարող անջատվել Հայաստանի Հանրապետությունից։

Խորհրդային Միության ավարտին ծնված Անկախ Հայաստանը ստեղծվել է Խորհրդային Միության գաղափարական պառակտման և պերեստրոյկայի կողմնակիցների՝ հին խորհրդային համակարգին աճող հակադրության ժամանակաշրջանում։

Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկի՝ Մանվել Սարգսյանի խոսքով,  առաջացավ «ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարը, որը ԽՍՀՄ-ի կազմում ստեղծված վարչական սուբյեկտների միավորման միջոցով հայկական պետության կայացման փիլիսոփայությունն ու ռազմավարություն էր»։

1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից ընդունվեց Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյանը։ 1990 թվականի հունվարի 9-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ՀԽՍՀ 1990 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրում ներառել է նաեւ ԼՂԻՄ-ը։

Անկախ Հայաստանի Հանրապետության պետական ​​ռազմավարության սկզբունքները սկսեցին ձևավորվել 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման և Խորհրդային Սահմանադրության նորմերի վերացման ժամանակ։ Այդ ժամանակ Հայաստանը գոյություն ուներ որպես այս որոշման հիման վրա հռչակված պետական ​​սուբյեկտ։

1990 թվականին 1989 թվականի որոշման շրջանակներում ընտրվել է միացյալ Հայաստանի խորհրդարանը։ Խորհրդարանն ընդգրկեց 10 ընտրված պատգամավորներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Եվս երկու մանդատ տրվել է ԼՂՀ-ի ադրբեջանցի ներկայացուցիչներին, որից նրանք հրաժարվել են։ Բացի այդ, նորընտիր խորհրդարանը հռչակագիր է ընդունել Հայաստանի Հանրապետության կազմավորման մասին՝ եւս հիմնվելով 1989թ. որոշման վրա։

Որոշումը գործում է նաև այսօր, քանի որ այն ներառված չէ ժամկետանց իրավական ակտերի շարքում։

Պետականաշինության տրամաբանությունը փոխվեց խորհրդային սահմանադրության նորմերի վերացումից հետո։ 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ կազմաքանդման վերջնական փուլում Հայաստանը ընտրեց ԼՂԻՄ-ից քաղաքական և իրավական սահմանազատման սկզբունքը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվե Հայկական ԽՍՀ սահմաններում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները, որն, ի դեպ, ստեղծվել է նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի և Գետաշեն շրջանների տարածքում, զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից։

Սեպտեմբերի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվեց Խորհրդային Հայաստանի տարածքում անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Հայաստանի Հանրապետության անկախության նոր հռչակագիր չի ընդունվել։

ԼՂՀ-ն այլ ելք չուներ, քան անկախության հանրաքվե անցկացնել, որը տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին խորհրդային ներքին զորքերի հալածանքների ամենադաժան պայմաններում։ Նույն թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցան ԼՂՀ խորհրդարանի հիմնադիր ընտրություններ և հռչակվեց ԼՂՀ պետական ​​անկախությունը։ 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նիստում ընդունվեց Անկախության հռչակագիրը։

Հայաստանը չի ճանաչել ոչ անկախության հանրաքվեն, ոչ էլ ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքները։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը գործող սահմաններում։ ԱՊՀ պայմանագրի վավերացման ժամանակ ներկայացված կարծիքում Հայաստանը չի անդրադարձել Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցում տարաձայնությունների և կոնֆլիկտի առկայությանը։ Այս խնդիրը երբեք չի բարձրացվել ԱՊՀ շրջանակներում։

Սակայն 1992 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որում ասվում է, որ Հայաստանում ոչ մի պաշտոնյա իրավունք չունի Արցախը ճանաչել որպես այլ պետության մաս։

Այսպիսով, իր անկախությունը հռչակած Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց «Միացում» ազգային գաղափարից, որը հիմնված էր Լեռնային Ղարաբաղի հայերի պահանջի վրա՝ մեծամասամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միացնելու Հայաստանին։

Այսինքն՝ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, սկսած 1991 թվականից, մերժեցին ազգային կամարտահայտության հիման վրա պետություն ստեղծելու գաղափարը և հիմք ընդունեցին ռուս-թուրքական որոշումները, մասնավորապես՝ հանցագործ Կարսի պայմանագիրը։

2023 թվականի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսպես կոչված «լուծարումից» հետո, Հայաստանի և Արցախի գոյության միակ իրավական հիմքը մնում է 1989 թվականի «Միացում» որոշումը։

Մենք կշարունակենք վերլուծել վերջին 30 և ավելի տարիների նորագույն պատմությունը, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչու է Հայաստանի ներկայիս ղեկավարը պետականությունը տանում դեպի կործանում։

Մարգարիտա Քարամյան

Ադրբեջանը սկսել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը յուրացնելու գործընթաց

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»։

Հանրահայտ է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է և որ այն ստեղծվել է որպես նշան և խորհուրդ երկրամասի հայ ինքնության: Ավանդական կեցվածքով և արտաքինով տարեց ամուսնական զույգը հավսատումն էր արցախահայերի պատմական անցյալի և ապագա հույսերի: Հույսեր, որ այսօր ի դերև են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականության արդյունքում: Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի  քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետևյալ կերպ․  «Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի, բայց  կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ»։ Հավելենք, որ տարեց զույգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի և պապի կերպարներով է քանդակված. «Նրանք հենց ժողովուրդն են, նրանք հենց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները։ Այս մարդիկ այստեղ են ծնվել, այստեղ են նրանց հազարամյա արմատները, նրանք են իսկական տերը այս հողի ու բնության» գրել է քանդակագործը (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»):

Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթե չէր անդրադառնում այս հուշարձանին: Հուշարձանին, որն Արցախի հայության ամենավառ ու հանրահայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում և «չէին նկատում» օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատվականներում հնչեցվում էին կարծիքներ, որ այն պետք է քանդել: 2023 թվականին վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ  հուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թեզը, որ դեմ են ոչ թե հուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանությանը»: Ադրբեջանական հրապարակումներից կարելի է եզրակացնել,  որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում հայերի սեփական պատմության, մշակույթին, արմատներին ուղղված ցանկացած դրսևորում համարվում էր «ազգայնական»:

Վերջերս հատուկ այս հուշարձանին անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտը լուսաբանող Քյամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային Ադրբեջանի բյուջեից հատկացված գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է: Այս շեշտադրումները կարևոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է հուշարձանը յուրացնելու գործընթաց, որտեղ երևում են հուշարձանին վերաբերով թեզերը՝ այն կառուցված է Բաքվի գումարներով, այն ադրբեջանական է և այն ցուցում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը խորհրդային տարիներին:

Հարկ ենք համարում նշել, որ հուշարձանի գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ։ Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել հենց Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել և պահանջվել, որ այն հարկ է ապամոնտաժել: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմից հատուկ հանձնաժողով է ժամանել Ստեփանակերտ՝ պարզելու, թե «Մենք ենք մեր սարերը» կոթողում ո՞ր «մենքի» և ո՞ր «սարերի» մասին է խոսքը: Հայկական կողմի ջանքերի շնորհիվ է միայն հաջողվում փրկել կոթողը ապամոնտաժումից: Այս հանգամանքը իրենց հիշողություններում ցուցում են այդ տարիներին ԼՂԻՄ-ում պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք, արձանի տեղադրմանը առնչություն ունեցած և արձանի հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյանի մտերիմները և հարազատները (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»):

Մեր արձագանքը

Հուշարձանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ժառանգության յուրացման փորձ է, երբ ոչ միայն կտրվում է հայկական պատկանելությունից, այլև Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային և հանդուրժող երկրի կերպար։  Այսպիսի քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ 2005 թ. Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան։  Կոնվենցիան  կարևորում է մշակութային բազմազանությունը որպես հանրության, ժողովուրդների և ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ։ Բայց, համաձայն կոնվենցիայի «Մշակութային բազմազանություն» նշանակում է ձևերի բազմազանություն, որոնց միջոցով խմբերի և հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը:   Համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ մշակութային բազմազանության պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Փաստական համատեքստից կարելի է եզրահանգել, որ մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը ենթադրում է բոլոր, այդ թվում՝ փոքրամասնությունների և տեղաբնիկ ժողովուրդների մշակույթների հարգում: Ավելին՝ կոնվենցիայի համաձայն՝ մշակույթը զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Ուշագրավ է հատկապես այն, որ, ըստ կոնվենցիայի, «պաշտպանություն» նշանակում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանը, պաշտպանությանն ու ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում»։