Անկախության հռչակագրի ընդունմամբ սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը

Կոմունիստական բռնապետության օրոք ՀՀ եւ Արցախի ներկայացուցչական մարմինները համատեղ նիստ գումարեցին 1989 թվականի դեկտեմբերի 1-ին եւ միավորվեցին։ Այս մասին Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նա հավելեց․ «Դրան հաջորդած համապետական խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին նաեւ արցախցիները։ Հետո արդեն անկախացող Հայաստանում արցախակենտրոն մտածելակերպ ունեցող ՀՀՇ-ական ղեկավարության օրոք արցախցիներին արգելվեց մասնակցել Անկախության հանրաքվեին եւ դրան հաջոդրած նախագահական ընտրություններին։ Սա առեղծված էր, մոգոնեցին բազմաթիվ հիմնավորումներ, բայց փաստն այն է, որ «միացում» կարգախոսով իշխանության եկածներն ամեն ինչ արեցին, որ կայացած միացումն անէանա»։

Ըստ Հայրիկյանի՝ Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական արժեհամակարգային փաստաթուղթ էր, այլեւ փոխում էր տարածաշրջանում ավելի քան 70 տարի հաստատված ապօրինի քաղաքական իրավիճակը։

«1920-21 թվականներից մեզ ստիպել էին ապրել Լենին-Աթաթուրք հակահայկական պայմանագրի կանոններով։ Այդ ապօրինի պայմանագրով ոչ միայն մասերի բաժանվեց Հայաստանը, այլեւ յուրովի օրինականացվեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայության հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Եվ դա այն պայմաններում, երբ համաշխարհային հանրությունը տրամադրված էր նվազագույնի հասցնել այս միջազգային հանցագործության հետեւանքները, խոսքս մասնավորապես Վիլսոնյան իրավարար վճռի մասին է»,- ասաց նա։շ

Ըստ Հայրիկյանի՝ Անկախության հռչակագրի ընդունմամբ ակամա սկսվեց Լենին-Աթաթուրք պայմանագրի չեղարկման գործընթացը։ «Ի դեպ, մենք հիմա վերադարձել ենք Լենին-Աթաթուրք պայմանագրի նախնական պայմաններին, այսօր այդ իրավիճակն է, երբ հայերին թույլ չի տրվում թուքերի դեմ խոսել, ասվում է՝ ձեր սահմանները սրանք են։ Հռչակագիրը՝ որպես ազգային ակնկալիքների քաղաքական համագումար, ամբողջությամբ դեմ էր այդ ապօրինի եւ հանցավոր համաձայնագրի ոգուն եւ էությանը։ Իսկ Ցեղասպանության հիշատակումն այդ փաստաթղթում պարզապես ճշմարտության, միջազգայնորեն ճանաչված պատմական իրողության արձանագրումն էր։ Այսօր հակառակ ուղղությամբ շահարկումներ են տեղի ունենում  եթե մենք լսում ենք այդ բարբաջանքները, մեզ կոչ է արվում պատերազմ հայտարարել Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպական միությանը, որովհետեւ նրանք ցեղասպանությունը ճանաչել են»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։

Նա կարեւորեց Սահմանադրությունում Անկախության հռչակագրին արված հղումը, ասաց, որ դա մեզ օգնում է զգալ դրա առարկայական գոյությունը։ Այլապես, հռչակագիրը մոռացության վտանգի առաջ կանգնած կլիներ։

Դեկտեմբերի 1-ի որոշմամբ մենք ընդունել ենք, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է մեր անքակտելի մասը

«Անկախության հռչակարգում մենք ունենք մի հրաշք կետ, այսօր ոչնչացրել ենք այդ կետը մեր հռչակագրից․ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Այսօրվա մեր նիստում կամ մենք պետք է ընդունենք մեկ այլ հայտարարության տեքստ, կամ այս հայտարարության մեջ պետք է անպայման մեկ պարբերությամբ նշվի, որ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում դեկտեմբերի 1-ի որոշմամբ մենք ընդունել ենք, որ Լեռնային Ղարաբաղը համարվում է մեր անքակտելի մասը։ Եվ այդ մասն ինչ-որ պետության դիվերսիայի արդյունքում եւ մյուսների համաձայնությամբ այսօր մեր տարածքում չէ»,-  Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Ղազինյանը։

Նա առաջարկեց ԳԽ պատգամավորների անունից համատեղ հայտարարության տեքստ կազմել, որտեղ անդրադարձ կլինի Արցաի հարցին, նաեւ այսօրվա օկուպացիային։ «Մենք այսօր բոլորս իրարից վախենում ենք, չգիտենք ումից վախենում ենք, չենք ուզում անկեղծ ասել, որ այսօր մենք գտնվում ենք ամենասոսկալի ու ծանր վիճակում։ Եթե որոշ մարդկանց թվում է, թե Լեռնային Ղարաբաղը տվեցինք, պրծանք, սխալվում են, որեւէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել՝ առանց դեկտեմբերի 1-ի որոշման ի կատար ածման։ Որեւէ մեկը թող հույս չունենա՝ քանի թուրքը կա, եւ քանի դեռ Լեռնային Ղարաբաղն այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, կեղծ են բոլոր խաղաղության պայմանագրերը»,- հայտարարեց Ղազինյանը։

Քարին տակի լոբին եւ նրա “պատենտները”

Քարին տակը Արցախի հերոսական գյուղերից է և դրա մասին գիտեն բոլորը:

Գյուղը հայտնի է ևս մի բանով, որի մասին գիտեն բոլորը՝ «Քարին տակի լոբով»: Մենք չգիտենք թե, որ թվականից, որ օրից է հայտնի դարձել «Քարին տակի լոբին», բայց բոլորը գիտեն, որ այն ամենահամովն է:

Գյուղում գրեթե բոլոր ընտանիքները լոբի էին աճեցնում, մի մասը ուտում էին ամառը, իսկ մյուս մասը չորացնում ձմռան համար: Այն ձեռք բերելու համար երկու տարբերակ կար․ կամ շատ ուժեղ ծանոթություն էր պետք, կամ առավոտ շուտ պիտի հասնեիր շուկա: 2-րդ տարբերակից բխում էր ևս մեկ նրբություն` պետք է կարողանալ գտնել իսկական Քարին տակի լոբի, քանի որ այդ լոբու «պատենտ» տեսակները շատ շատ էին:

Առհասարակ արցախյան բարբառում չոր լոբին անվանում են «դռի լոբի»: «Դռի լոբով» ի դեպ արցախյան ավանդական ուտեստ կա, որը պատրաստվում է արցախյան ընկույզով: «Դռի լոբին» օգտագործում են եւ շատ կարևոր արարողության ժամանակ` երեխայի ատամհատիկի, կամ, ինչպես արցախյան բարբառում է ընդունված անվանել` «կճեխաշի» ժամանակ։ Ուտեստը հենց այդպես էլ կոչվում է՝ «կճեխաշ»:

Ինչևէ, վերադառնալով կանաչ լոբուն և նրա կարևոր նշանակությանը արցախյան խոհանոցում, պետք է միանշանակ նշել, որ այն խոհանոցի անբաժենելի մասն է: Արցախյան կանայք լոբուց կարողանում են հազար տեսակի ուտեստ պատրաստել, որի ականատեսը եղանք նաև շրջափակման ժամանակ, երբ թե տանը, և ռեստորաներում բոլոր ուտեստները լոբուց էին:

Եւ այսպես, արցախցիներս լոբիյով կարողանում ենք պատրաստել` լոբիի խաշլամա, ձվով լոբի, լոլիկով լոբի և իհարկե ամենահայտնին բռնով (դդումով ) և փիփերտով լոբի, իսկ միջոցառումների ժամանակ նաև խաշած, կամ ինչպես ընդունված է ժամանակակից լեզվով ասել «ալ դենտե» կանաչ լոբի, մատուցված լոլիկի և սխտորի սոուսով:

Քրիստինա Ալավերդյան

Արցախի Հանրապետությունը չի կարելի տարանջատել Հայաստանի Հանրապետությունից․ Զոլյան

Արցախի Հանրապետությունը չի կարելի տարանջատել Հայաստանի Հանրապետությունից, որովհետեւ Անկախության հռչակագրի հիմքում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումն է։ Այս մասին Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

«Եթե մեր պետական այրերն ուզում են վերանայել Անակախության հռչակագիրը, նախ եւ առաջ իրենց պաշտոններից պետք է հրաժարվեն, որովհետեւ իրենց այսօրվա պաշտոններն ածանցյալ են այս հռչակագրից։ Այդ փաստաթուղթն ընդունվել է ոչ թե Արեւելյան Հայաստանի, այլ միացյալ Հայաստանի համար, որովհետեւ մինչեւ այդ եղել է դեկտեմբերի 1-ի որոշումը։ Այսինքն՝ այն ժամանակվա հիմնադիր փաստաթուղթն ընդունվել է համատեղ, ուստի, չի կարելի տարանջատել մի մասը, ես նկատի ունեմ Արցախի Հանրապետությունը եւ դրանով ռեվիզիայի ենթարկել այս փաստաթուղթը։ Ի դեպ, Ադրբեջանը դա ավելի ճիշտ է հասկանում, քան այսօրվա իշխանավորները, դրա համար այդպիսի մեծ ուշադրություն է դարձնում այդ փաստաթղթին»,- հայտարարեց Զոլյանը։

 

1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանի պաշտոնյան իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում

«Այն խորհրդարանը, որն ընդունել է Անկախության հռչակագիրը եւ այսօր տեսնում է, թե ինչպես է ոտնատակ տրվում այս հռչակագիրը ներկա իշխանության կողմից, բայց որեւէ բան չի ասում․․․ Դա արդեն լուրջ չէ։ Ես կոչ եմ անում, որ անպայման հետեւենք, որ այն հռչակագիրը, որը մենք ընդունել ենք, կյանքում կիրառելի լինի»,- այսօր Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը։

Նա հիշեցրեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագյուն խորհուրդն ընդունել է որոշում, որտեղ նշվում է, որ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում։ «Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ պաշտոնատար անձ, վարչապետ կլինի, թե մեկ ուրիշը, ընդունում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է մեր Սահմանադրության առաջին հոդվածում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար քրեական գործ պետք է հարուցեր եւ պատասխանատվության ենթարկեր»,- ասաց Բալայանը։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբն այօրվա հավաքի շրջանակներում հայտարարության տեքստ էր պատրաստել։ Կիմ Բալայանն առաջարկեց այդ հայտարարությունում ամրագրել, որ որեւիցե իշխանություն, այդ թվում՝ ներկա իշխանությունն իրավունք չունի շեղվելու Գերագույն խորհրդի ընդունած հռչակագրի սկզբունքներից։

Ռուսաստանի երեսպաշտությունը. որտե՞ղ են արցախցի խորհրդային մարշալների հուշարձանները

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղ, ավիացիայի խորհրդային մարշալ Խանֆերյանցի (Խուդյակովի) ծննդավայր

«Ռոսսոտրուդնիչեստվոն» ոչ մի կերպ չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացմանը

Խորհրդային Միության հերոս, գիտնական, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովի ծննդյան 130-ամյակին նվիրված հանդիսավոր հանդիպում է տեղի ունեցել Երևանում գտնվող նրա հուշարձանի մոտ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։

«Արարողությանը ներկա էին Հայաստանի վետերանների միության, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Երևանի քաղաքապետարանի, ՌԴ ԱԴԾ Հայաստանի սահմանապահ վարչության ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր ելույթում հիացմունք հայտնեց, թե որքան տաղանդավոր է հայ ժողովուրդը։

«Այս թվացյալ «ցամաքային տղան», ով մեծացել է լեռնային տարածքում, որտեղ ծովային տարերքների նշույլ անգամ չկա, իր համառության և լավ իմաստով մոլուցքի շնորհիվ հասել է բարձունքների խորհրդային նավատորմում։ Սա ուղղակի զարմանալի է: Մեր խնդիրն է չմոռանալ խոսել իրական հերոսների մասին»,- ընդգծել է Ֆեֆիլովը։

(https://am.sputniknews.ru/20240822/eto-prosto-porazitelno-den-rozhdeniya-admirala-isakova-otmetili-v-erevane—79738936.html)

Ուզում ենք պարոն Ֆեֆիլովին մի հուշում տալ. չմոռանաք ասել, որ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովը ծագումով Լեռնային Ղարաբաղից է։ Ինչպես նաև սովետահայ այլ մարշալներ՝ Իվան Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանֆերյանց (առավել հայտնի՝ Սերգեյ Խուդյակով):

Ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից են նաև Հայրենական Մեծ պատերազմի տասնյակ գեներալներ, հարյուրավոր սպաներ և տասնյակ հազարավոր զինվորներ։

Նրանց հուշահամալիրներն ու գերեզմաններն այսօր ամենուր ավերվում են կամ արդեն ավերվել են 2020-23 թվականներին օկուպացված Լեռնային Ղարաբաղում Ալիևի նացիստական ​​ռեժիմի կողմից՝ Կրեմլի թողտվությամբ։

Շատ ավելի վաղ Մոսկվան «կուլ էր տվել» Հյուսիսային Արցախի հերոսական Չարդախլու գյուղում մարշալներ Ի.Բաղրամյանի և Ա.Բաբաջանյանի հուշարձանների ոչնչացումը և երկու հայտնի մարշալների թանգարանը թեյարանի վերածելը։

«Ռեգնում» գործակալության սյունակագիր, ՌԴ ԱԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Միխայիլ Դեմուրինը (նա արտաքին գործերի նախարարության խոսնակն էր, ինչպես այսօր տիկին Զախարովան), 2021 թվականի սեպտեմբերի 17-ի իր մեկնաբանության մեջ գրել է. «Ինչու է Մոսկվան պահանջե՞լ, որ Ռիգան պահպանի պատերազմի հերոսների հիշատակը, բայց ոչ Բաքվին։
(https://regnum.ru/news/polit/3373235.html):

«Ռուսաստանը պետք է հարգանք պահանջի ֆաշիզմի դեմ պայքարողների հիշատակի նկատմամբ ոչ միայն նրանցից, ովքեր այսօր մեր բացահայտ հակառակորդներն են, այլ առաջին հերթին նրանցից, ովքեր իրենց մեր ընկերներն են անվանում։ Եվ անշուշտ պետք է ընդհանուր հիմունքներով մոտենա այս հիշողության խախտման դեպքերին, այլապես խարխլվում է այս պայքարի գաղափարական հիմքը։

Այսպիսով, արբանյակներից արված լուսանկարներով հաստատված մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, անցյալ տարվա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերջերս ավերվել են 1945 թվականի հաղթանակում իրենց հերոսական և անձնուրաց ավանդը ներդրած մեր վաստակավոր հայրենակիցների հուշարձանները։

Խոսքը նաեւ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Արտեմովիչ Խանֆերյանց) հուշարձանի ու հուշահամալիրի մասին է Հադրութի շրջանի Մեծ Թագեր գյուղում։ Նաեւ Խորհրդային Միության գվարդիայի փոխգնդապետ, կրկնակի հերոս Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանի հուշարձանի մասին է Շուշի քաղաքում։ Նաեւ Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս Իվան Ֆեդորովիչ Թևոսյանի հուշարձանի, ով 1940-1948 թվականներին եղել է ժողովրդական կոմիսար, ապա՝ ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարար, նույնպես Շուշիյում։

Որտե՞ղ է մեր ԱԳՆ արձագանքն այս ամենին։

Արցախը օկուպացվել է Բաքվի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական ռազմական աջակցությամբ, որն իր բազաներն ու զորքերը տեղակայել է նախկինում օկուպացված հայկական Նախիջևանի և 1918 թվականին թուրքերի կողմից արհեստականորեն ստեղծված «Ադրբեջանի Հանրապետության» տարածքներում։

Թուրքերը 200 տարի, բացառությամբ 1918-1919 թվականներին Ռուսական կայսրության փլուզումից հետո կարճ ժամանակաշրջանի, Անդրկովկասում չեն եղել։ Հիմա նրանք նորից այնտեղ են, բայց Մոսկվայի նշանավոր հայրենասերները դրանում ոչ մի վատ բան չեն գտնում։

Որտե՞ղ են հայտնի Z-հայրենասերները: Ո՞ւր են «ԽՍՀՄ վերածննդի» կողմնակիցները. Նրանք լռում են։ Տիպիկ երկակի ստանդարտ, իրականությունը տեսնելու և այն սթափ գնահատելու չկամություն։ Ինչպես ասում են՝ սեփական վերնաշապիկը ավելի մոտ է մարմնիդ։

Նույնը «Ռոսսոտրուդնիչեստվոն»։ Որպես օրինակ՝ նրա արձագանքը գրեթե երեք տարի առաջ՝ ի պատասխան մոսկովյան հայ հասարակության մի խումբ ներկայացուցիչների՝ ադրբեջանա-նացիստների կողմից մարշալ Ս. Խուդյակովի՝ Ա. Խանֆերյանցի հուշահամալիրի ոչնչացման հետ կապված կոչին։ Դա տեղի է ունեցել 2020 թվականի աշնանը Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ եռակի դաշինքի 44-օրյա ագրեսիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի դեմ Հադրութի շրջանի Մեծ Թագեր գյուղում։

Պատասխանից բխում էր, որ Ռոսսոտրուդնիչեստվոն «իրական հնարավորություններ չուներ ինչ-որ կերպ ազդելու Ադրբեջանին հանձնված Լեռնային Ղարաբաղի մշակութային և հումանիտար իրավիճակի զարգացման վրա…»:

Մի՞թե «Ռոսսոտրուդնիչեստվոն» չէր կարող դատապարտել ազերի-նացիստների այս բարբարոսական գործողությունները։

Չէ՞ որ Ռուսաստանի վետերանների միության նախագահ, բանակի գեներալ Միխայիլ Մոիսեևն այն ժամանակ դատապարտեց ազերոնացիներին՝ ի պատասխան ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նույն կոչին («Սենսացիա Azerprop-ից», http://russia-artsakh): ru/node/7776):

Այսինքն՝ քաղաքական հայտարարություն անել՝ կապված Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսությունների հետ, Ռոսսոտրուդնիչեստվոն նույնպես «իրական հնարավորություններ չունե՞ր»։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru

Արցախցիների՝ ռուս հպատակ դառնալու հույսը փլուզվեց, ինչպես վստահությունը, որ ուկրաինացիները ռուսներին կդիմավորեն ծաղիկներով.

Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրն է։

Անկախության հռչակագիրը իրավական փաստաթուղթ է, որն ազդարարում է անկախ պետականության ստեղծման գործընթացի սկիզբը և սահմանում հայոց պետականության հիմնարար սկզբունքները։

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։

Հռչակագրի նախաբանում ասվում է.

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հենց այս դրույթներն են Ադրբեջանը համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ։ Թշնամու ահաբեկչական ֆաշիստական ​​միավորումը կարծում է, որ ժողովրդի ինքնորոշման կամքն ու իրավունքը «տարածքային պահանջներ» են մի երկրի նկատմամբ, որն արհեստականորեն ձևավորվել է թուրք քեմալականների և խորհրդային բոլշևիկների հանցավոր դավադրության արդյունքում։

Չնայած ադրբեջանի հիստերիկ հարձակումներին և պնդումներին, թե Արցախն իր տարածքն է, 1989 թվականին Հայաստանի և ԼՂՀ Գերագույն խորհուրդների համատեղ որոշումից հետո ոչ մի միջազգային կառույց, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն չի դատապարտել կամ կասկածի տակ չի դրել այս որոշումները, եւ նրանք լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և միջազգային օրենքներին:

Դա արեցին ավելի քան 30 տարի անց Հայաստանի իշխանությունները, ադրբեջանցի ահաբեկիչները և ֆաշիստական ​​տերություն դարձած ռուսաստանը։

Ահա թե ինչու ահաբեկիչ ու բռնապետ ալիեւը այդքան համառորեն պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, իսկ Հայաստանի անկախության հռչակագրից հանվի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին կետը։

Այժմ միանգամայն ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը նախաբան էր այս պահանջներին։ Այսինքն՝ ռուսաստանն ինքն է եղել հայկական Արցախի կործանման եւ ադրբեջանա-թուրքական տանդեմին հանձնելու նախաձեռնողը։ Հիմա ինքը՝ ռուսաստանը, ծնկաչոք աղաչում է Ալիևին՝ բարձրաձայնել հայկական պետականության ոչնչացման ծրագրի մասին։

Բայց, ըստ ամենայնի, Ալիևն այլևս չի կարողանում, եւ օգնության հասավ բռնապետ Լուկաշենկոն։

Հայաստանը պե՞տք է ձեզ, թե՞ ոչ։ Եթե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, ինչո՞ւ են այդքան կատաղի կառչում նրանից։ Ինչո՞ւ առանց նրա համաձայնության չեն կարողանում բացել բաղձալի «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչո՞ւ են նրանք այդքան ոգևորված քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու Հայաստանի ցանկությամբ, հայկական բանակի վերազինմամբ, հայ հասարակության՝ պետականությունը, ինքնությունը պահպանելու և իր հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ:

Թե՞ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ոտը իջել է Արցախ կոչվող կուռ քարի վրա։

Ապստամբ Արցախը, ըստ երեւույթին, շփոթել է բոլոր ծրագրերը. արցախցիների՝ Ռուսաստանի հպատակ դառնալու հույսը փլուզվեց, ինչպես ռուսների վստահությունն առ այն, որ ուկրաինացիներն իրենց կդիմավորեն ծաղիկներով և «Ուռա՛յ»-ով։ Ստեփանակերտում ռուս խաղաղապահներին նվիրած անմեղ տորթը, գաղտնագողի փռված ռուսական բազմամետրանոց դրոշը և «Z» տառով պաստառը, Ստեփանակերտի մուտքի մոտ Պուտինի հսկայական դիմանկարը սպասված արդյունքի չբերեցին. Արցախը նախընտրել է թքել բոլորի երեսին ու լքել սեփական տները, բայց չենթարկվել։

Եվ թեև Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրը նրա վարչապետը ոչ մի խոսք չասաց այս հռչակագրի էության, այն է՝ ազգի վերամիավորման և պատմական արդարության վերականգնման մասին, հայ ժողովուրդն արդեն ծնկներից բարձրանում է և ճիշտ ուղի է տեսնում իր առջև, ինչպես արեց 1988 թվականին:

Իշխանությյունը գալիս ու գնում է։ Բռնապետները կա՛մ մահանում են, կա՛մ ավարտում են իրենց կյանքը բանտում։ Կայսրությունները մահանում են կամ բաժանվում են տարբեր նահանգների: Միայն ժողովուրդների ազատության կամքն է հավերժ, և բոլոր բռնապետերը սայթաքում են դրա վրա:

Հայ ժողովրդի վերամիավորման որոշումը ոչ ոք չի վիճարկվել և չի վիճարկվելու, քանի որ այն հիմնված է իրավունքների վրա։ Վաղ թե ուշ բոլորը պետք է հաշվի առնեն այս իրավունքները։

Մարգարիտա Քարամյան

Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +32+36,

Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +36+38,

Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +36+37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+19+21, ցերեկը՝ +36+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29։

Պուտինը զանգել է Փաշինյանին, բայց չի շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի օրը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Հիշեցնենք, որ այօր ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է։ Պուտինը “չնկատելու է տվել” Հայաստանի համար այդ կարեւոր օրը, քանի որ ՀՀ Անկախության հռչակագիրը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միավորման մասին 1989 թ․ որոշմանը։  

Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են. Արթուր Խաչատրյան

Գերագույն խորհրդի պատգամավորներն այսօր հավաք են անցկացնում՝ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Անկախության հռչակագիրը ոչ միայն հիմք դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլ նաեւ ուղենշեց հիմնական քաղաքական կետերը եւ սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց Հայաստանի անկախ հանրապետությունը։ Եվ երրորդ հանրապետության ստեղծման, որի կործանմանը տանում է այսօրվա իշխանությունը, մի քանի հիմնական սկզբունք կա։

Առաջինը՝ համահայկական նպատակների իրականացումն է։ Հայաստանի Հանրապետությունը միայն 29 743 քառսկուսի կմ վրա ապրող հայերի եւ հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է։ Եվ ամենակարեւորը՝ այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված պետությունն է։ Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են։

Այսօր Հայաստանի իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, արցախահայության ու սփյուռքահայության միջեւ, փորձում են պառակտել մեր ազգը եւ ջնջել հայկականություն։ Եվ այսօր, նշելով Հայաստան Անկախության հռչակագրի 34 ամյակը, մենք ուղերձ ենք հղում, որ ողջ հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներր, հայոց պետականությունը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորումն ուղենիշ հռչակող պետություն է։ Եվ այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել։

Պետությունը, պետականությունը շատ թանկ հաճույք է, աշխարհի հազարավոր ազգերից մոտ 250 ազգ ընդամենն ունեն այդ երջանկությունը, այդ բախտը, այդ առավելությունը։ Եվ բոլոր այն պնդումները՝ սպառողական ու քաղքենիական, թե ինչքա՞ն պիտի պայքարենք, բա երբ ենք ապրելու, ընդամենը պետականության կործանմանը տանող գաղափարախոսություն ու փիլիսոփայություն է։ Ոչ, պետությունը թանկ հաճույք է, թանկ պարգեւ է, եւ այդ թանկ պարգեւը պահելու համար յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր օր պետք է ապացուցի, որ պատրաստ է պայքարել հանուն ազատ, անկախ եւ միացյալ պետության»։

Փաշինյանը չհիշատակեց 1989 թ․ Հայաստանի եւ Արցախի միավորման մասին որոշումը

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է։ Այն նույն հռչակագրի, որի վրա հղում է անում ՀՀ Սահմանադրությունը, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի միավորման մասին 1989 թ․ համատեղ որոշմանը։ Հենց այդ հղումն են խնդիր համարում Պուտինն ու Ալիեւը, ասելով, որ քանի այն կա Սահմանադրութան մեջ, Հայաստանը տեր է Արցախին։

Փաշինյանը գարնանը կարծես համաձայնվել էր այդ պահանջի հետ, նույնիսկ “հայրենիք-պետություն” հակադրության մասին անհեթեթ տեսություն է ներկայացրել ու ասել, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Հայաստանում ամռան սկզբին ծավալված բողոքի ակցիաների եւ դրանց չմիացած ժողովրդի խուլ դժգոհության ֆոնին Սահմանադրության փոփոխության թեման վտանգավոր դարձավ Փաշինյանի իշխանության համար։ Եւ նա հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություն կարող է տեղի ունենալ 2027 թ․ միայն՝ այսինք 2026-ի ընտրություններից հետո։

Բաքուն դա գնահատեց որպես “խաղաղ պայմանագրի” տորպեդավորում, դրան միացավ նաեւ Լավրովը, որը փաստորեն ասել է, թե Փաշինյանը սաբոտաժ է անում իր իսկ ստորագրված փաստաթղթերը։ Թեկուզ ակնարկը վերագրեցին Մեղրիի ճանապարհին, բայց այն կարող է հենց այս՝ Սահմանադրության հարցին վերաբերվել։ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ Լավրովը խոսում էր ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին։

Կա՞ արդյոք փաստաթուղթ, որով Փաշինյանը խոստանում է հրաժարվել Միացումի մասին 1989 թ․ որոշումից։  Նրա բանավոր հայտարարություները, որ ճանաչում է Արցախը “ադրբեջանի” մաս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Չէ՞ որ գերագույն փաստաթղթով Արցախը Հայաստանի մաս է, հատկապես, երբ հայտարարվեց “անկախ Արցախ” պրոեկտի ավարտի մասին։

Հիմա Փաշինյանը կա՛մ պետք է իրոք Սահմանադրություն փոխի, ինչը կբերի եւ Հայաստանի, եւ նրա իշխանության կործանման, կամ շուստրիություն անի եւ ասի “я не я, и лошадь не моя”։ Եւ նա ասաց։

Այսօրվա իր ուղերձում Փաշինյանն ասաց, որ “ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա /հղումը/ չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են”: Նա չհիշատակեց 1989 թ․ որոշումը կամ Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին դրույթները, այլ մի անհեթեթ օրինակ բերեց։

“ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ”, ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա 1989 թ․ ուղիղ հիշատակում։ Բայց դա չի նշանակում, որ Արցախը Հայաստան չէ, եւ Հայաստանի կառավարությունը պատասխանատու չէ Արցախի համար։ Ուզեն թե չուզեն, բոլորը պետք է բացեն աչքերը եւ ընդունեն՝ Արցախը Հայաստան է, նույնիսկ օկուպացված վիճակում։ Եթե այդպես չլիներ, Հռչակագիրը խոչընդոտ չէր լինի “խաղաղ պայմանագրի” համար։

Նաիրա Հայրումյան

«Սեպտեմբերյան պատվերների վերջին հնարավորությունները՝ Նախշունի ձեռագործ մազակալներով»

Նախշուն Ավագյանի պատմությունը խորհրդանշական է այն մարդկանց համար, ովքեր, չնայած դժվարություններին, շարունակում են պայքարել ու ստեղծագործել՝ պահպանելով իրենց մշակույթը և արժեհամակարգը: Նախշունը, լինելով Ստեփանակերտում ծնված և մեծացած արվեստասեր ընտանիքի զավակ, իր ամբողջ կյանքն ուղղել է դեպի արվեստը և ձեռագործությունը:

Նրա ստեղծագործական ուղին սկսվել է փոքր տարիքից, երբ նա մասնակցել է Շուշիում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքներին: Ավարտելով Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը, նա դարձավ դիզայներ և շարունակեց զբաղվել ձեռագործությամբ, ինչը նրա կյանքի անբաժան մասն է: «ՆԱԽՇ» ապրանքանիշը, որը ստեղծել է իր անունից որոշակի կրճատումով, դարձավ կայուն բիզնես, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ վերադառնալով Արցախ՝ նա իր ձեռագործ աշխատանքներով սկսեց վաստակել։

Նախշունի պայքարը միայն նյութական չէ. այն նաև հոգևոր է և գաղափարական: Նա ձգտում է բարձր պահել Արցախի անունը և ապացուցել, որ որքան էլ ժամանակները լինեն բարդ, արցախցիները երբեք չեն հանձնվում։ Այս ոգով և հաստատակամությամբ նա նաև փորձում է նոր միջավայրում ինտեգրվել, շարունակելով կրթվել, նոր հմտություններ ձեռք բերել և իր արվեստով ու ձեռագործությամբ նպաստել իր ընտանիքի բարեկեցությանը:

Նրա պատմությունը վկայությունն է այն բանի, որ արվեստը և ստեղծագործությունը կարող են ուժեղ հիմք հանդիսանալ դժվարությունների հաղթահարման և նոր կյանք սկսելու համար։

Նախշունը հիշեցնում է, որ սեպտեմբերյան պատվերների համար շատ քիչ տեղ է մնացել։

Ներկայումս նա ապրում է Հրազդանում և ստեղծում է հետաքրքիր ու յուրօրինակ մազակալներ: Եթե ցանկանում եք աջակցել նրան և ակտիվացնել նրա ինստագրամյան էջը, ապա միացեք և հետևեք այստեղ:

Նախշունը ուրախ կլինի լսել ձեր կարծիքները իր աշխատանքների վերաբերյալ։

Տաթև Ազիզյան