«Դուք Սամվել Բաբայանին մի խանգարեք, այդ մարդն ընդունակ է գերիներին Բաքվից վերադարձնել»

«Դուք Սամվել Բաբայանին մի խանգարեք, այդ մարդն ընդունակ է գերիներին Բաքվից վերադարձնել»,- այսօր լրագրողներին ասաց Սամվել Բաբայանի աջակիցներից Յուրի Մուսայելյանը։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցներն այսօր Արցախի ներկայացուցչության մոտ պահանջ են ներկայացրել Արցախի Ազգային ժողովին՝ կոմիտե ստեղծել եւ Սամվել Բաբայանին տալ գործելու լիազորություններ։

Անդրադառնալով հարցին, որ Սամվել Բաբայանը մեղադրում է Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ասելով, որ իրենց մեղքով են հայտնվել այնտեղ, Յուրի Մուսայելյանը պատասխանեց. «Այդ նույն հերոսները, որոնք Բաքվի բանտում են գտնվում, ամեն ինչ անում էին, որ այս մարդու խոսքը չլիներ։ Նույնիսկ, երբ պարոն Բաբայանը Հակարիի կամուրջն անցավ, միանգամից պառակտում առաջացավ։ Այն, որ պարոն Բաբայանը կամուրջն անցել է, իրենք կապել են նրա հետ, թե Ադրբեջանի հետ քիրվայություն է անում։ Ցանկացած քայլի փորձում են պիտակ կպցնել։ Դե հիմա ես առաջարկում եմ՝ պարոն Բաբայանը մի քանի անգամ ասել է՝ սխալ է, որ Արցախի էլիտան Բաքվում է գտնվում։ Ասում եք՝ պարոն Բաբայանը քիրվա՞ է ադրբեջանցիների հետ, չնայած դա այդպես չէ, բայց այսօրվա դրությամբ ձեզ մի հատ քիրվա մարդ է պետք, որ կարողանա ձեր գերիներին Բաքվից բերի այստեղ։ Դե եթե քիրվա է այդ մարդը, ինչո՞ւ եք նրա ցանկացած մտահղացման պիտակ կպցնում։ Այդ մարդուն սատարենք, ի՞նչ է, դուք նախընտրում եք, որ ձեր գերիները Ադրբեջանո՞ւմ մնան։ Մեր ղեկավարությունը պետք է չխանգարի, լիազորություններ տա, որ այդ մարդն իր գաղափարներն օգտագործի։ Թեկուզ պետք է կոմիտե ստեղծել ու մանդատ տալ Սամվել Բաբայանին»։

Սամվել Բաբայանի աջակիցները պահանջում են կոմիտե ստեղծել և Բաբայանին գործելու մանդատ տալ

Պահանջում ենք, որ  կոմիտե ստեղծվի և Պարոն Բաբայանը ունենա գործելու մանդատ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի ներկայացուցչության մոտ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքին հայտարարել է ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը։

«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասաց նա՝ պնդելով, որ Հայաստանի կառավարություն էլ պետք է դրան աջակցի։

Նա նշեց՝ իրենց պահանջն է, որ Արցախի ներկայացուցչությունը պատգամավորների հետ օրենքով վերահաստատի և կոմիտե ստեղծվի միասին գործելու համար։

«Պարոն Բաբայանը ողջերից միակ հերոսն է, որ տարիներ շարունակ ինչ ասել է, թեկուզ Արցախից, մի ստորակետ սխալ չի խոսացել»,- ընդգծեց նա:

news.am

Ռուսաստանը ամառվա կեսից չկա, բայց Հայաստանը կարող է Թուրքիայից կախվածության մեջ մտնել

«Ազատության» հետ զրույցում Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը մի շարք կարեւոր դիտարկումեր արեց։

«Եկեք պատկերացնենք, որ կայացավ Բաքվի և Երևանի միջև այդ հայտարարությունը, և Անկարան համարեց, որ դա բավարար է, որպեսզի նրանք սկսեն իրականացնել գոնե 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է, իհարկե, սահմանի բացմանը և ինչ-որ առևտրային հարաբերությունների սկսմանը։ Բայց նույնիսկ սա մի կողմից, անշուշտ, որոշակի օգուտ է բերում, բայց մյուս կողմից ավելացնում է նաև Հայաստանի կախվածությունը Թուրքիայից, քանի որ, ասենք, այս գործընթացը իրականացնում եք մեկ, երկու, հինգ տարի, բայց եթե ապագայում ինչ-որ ապակայունացում կունենաք, ինչ-որ խնդիրներ կունենաք Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, էլի, դուք դրանով կասկածի տակ եք դնում ձեր հարաբերությունները, այդ թվում՝ Թուրքիայի հետ, և ձեր սեփական վիճակն ու ազդեցությունը ձեր սեփական տնտեսության վրա», – ասաց Վարդանյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ միակ ճանապարհը բանակցելն է։

Հարցին, թե կա՞ այնպիսի վտանգ, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են ցանկացած պահի պարզապես փակել սահմանները և շրջափակել Հայաստանը, սա Հայաստանին կախվածության մեջ է դնո՞ւմ Ադրբեջանից և Թուրքիայից, փորձագետը պատասխանեց․ – «Սա հենց այն է, ինչ ես նշեցի»:

Վարդանյանն ասել է, որ այս ամառվա կեսերից Ռուսաստանի դերը գործընթացում կարծես թե չկա։ Վերջինը՝ Պուտինի այցն էր Բաքու եւ այնտեղ արված հայտարարությունները։ “Կարծես թե միջանցքի հարցը չի հաջողվում վերադարձնել օրակարգ, համենայնդեպս հիմա”, ասել է փորձագետը։

Forbes. Հնդկաստանն ու Պակիստանը որոշել են ուժեղացնել Հայաստանի և Ադրբեջանի օդուժը

Երկարամյա մրցակիցներ Հնդկաստանը և Պակիստանը որոշել են ուժեղացնել ևս երկու երկրների զինված ուժերը, որոնք միմյանց հետ մրցում են Հարավային Կովկասում։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի մասին է։

Սեպտեմբերի 25-ին JF-17C Block III մարտական ​​ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալիևի օդանավակայանում, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահը, հայտնում է Forbes-ը։ Հենց հաջորդ օրը Պակիստանը հաստատեց լուրը, որ Բաքվի հետ պայմանագիր է կնքել միաշարժիչ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ։ Սակայն ինքնաթիռի գինն ու քանակը չի նշվում։ Դեռևս փետրվարին սակայն պակիստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին այս համաձայնագրի մասին, որը նախատեսում էր 1,6 միլիարդ դոլար գումար։

Մինչև վերջերս Ադրբեջանի ռազմաօդային ուժերը բաղկացած էին մոտ 40 Սու-25 գրոհային ինքնաթիռներից և մինչև 13 ՄիԳ-29 ինքնաթիռներից։

Լուրը եկել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հնդկական լրատվամիջոցները հաստատեցին, որ Երևանը օգնություն է խնդրում Դելիից՝ արդիականացնելու իր մարտական ​​ինքնաթիռների պարկը: Հնդկաստանն ունի ռուսական Су-30МКИ ինքնաթիռներ արտադրելու լիցենզիա։ Դելին պատրաստ է արդիականացնել բոլոր չորս Սու-30-ները, որոնք ներկայումս սպասարկում են Երևանին։ Հայտնի է, որ Հայաստանը ցանկանում է իր ավիացիան համալրել Uttam AESA ռադարներով և զինատեսակներով։

Հնդկաստանն արդեն արտադրում է «օդ-օդ» հրթիռներ, որոնք համատեղելի են Սու-30 տիպի ինքնաթիռների հետ։ Ոչ վաղ անցյալում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնեց «Ակաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանությունը։ Ֆրանսիայում Երևանը ձեռք է բերել «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռներ և «Կեսար» հաուբիցներ։

Diplomat ռեսուրսը հայտնել է, որ հնդկական արտադրության Սու-30-ները կարող են շրջադարձային դառնալ զենքի արտահանման միջազգային շուկայում։ Փորձագետները գրում են, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ նոր Սու-30 մոդելը, որը շատ ավելի մատչելի է, քան ֆրանսիական Dassault Rafale կործանիչները։

Մինչև 2022 թվականը Երևանը Մոսկվայի հետ 13 Սու-30 ինքնաթիռ գնելու գործարք էր կնքել, սակայն Ռուսաստանի Դաշնությանը հաջողվեց Հայաստանին մատակարարել ընդամենը 4 միավոր։

Ավելին կարդացեք «Dialog.UA» կայքում

Դատը սկսված է․ Արցախցի հայցվորը վկայակոչեց 1989 թ․՝ Միացումի մասին որոշումը

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։ Այս գործով դատական նիստը կայացել է Վարչական դատարանի Սեւանի նստավայրում։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ հիմնավորել է, որ Անուշ Ալեքսանյանը համարվում է ՀՀ քաղաքացի, հետեւաբար, չի կարող ստանալ փախստականի կարգավիճակ։ «Դուք 1995 թվականին առաջին անգամ ստացել եք ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հետագայում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով եւ փաստաթղթավորվելով 070 կոդով անձնագրով, դուք չեք կորցրել ձեր քաղաքացիությունը։ ՀՀ-ից դուրս բնակվելն ինքնին չի ենթադրում քաղաքացիության կորուստ կամ դադարեցում։ Քաղաքացիությունը դադարեցվում է բացառապես Հանրապետության նախագահի հրամանագրով։ Հետեւաբար, հաշվի առնելով, որ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում բացակայում է տեղեկությունը ձեր՝  ՀՀ քաղաքացիության դադարեցնելու մասին, ձեզ ժամանակավոր պաշտպանության տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են»,- ասել է նա։

Անուշ Ալեքսանյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ նախքան անկախ Հայաստանի քաղաքացի լինել, եղել է ՀԽՍՀ քաղաքացի, դրանից առաջ էլ եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի քաղաքացի։ Առաջին անձնագիրն էլ ստացել է ԼՂԻՄ-ում, ծնվել է ԼՂԻՄ-ում, ծնողները նույնպես ծնվել են ԼՂԻՄ-ում, իսկ նրանց նախապապերը՝ Լեռնային Ղարաբաղում։

«Ապուպապերիս գերեզմանները բոլորն Արցախում են՝ Մարտակերտի շրջանում։ Ես իմացել եմ, որ իմ ստացած ՀՀ անձնագիրը նույնն է, ինչ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն է ստացել։ Ինձ ոչ ոք չի ասել, որ դա նույնը չէ։ Ես 2015 թվականին արդեն գրանցվել ու հաշվառվել եմ պետռեգիստրում, մասնակցել եմ Արցախի նախագահական, հետո Ազգային ժողովի ընտրություններին, ինձ ոչ ոք չի ասել, որ դու ՀՀ քաղաքացի ես, մի մասնակցիր, որովհետեւ բոլոր արցախցիներն են եղել ՀՀ քաղաքացի։ Ինձ հիմա ասում են՝ դու չես գրանցվել պետռեգիտսրում, որ գրանցված չեմ եղել, ո՞նց եմ մասնակցել ընտրություններին։ Ոչ մի տարբերություն չի եղել, Արցախում ես, թե Հայաստանում, նույն ՀՀ քաղաքացիությունն է։ Իսկ 2020 թվականին, երբ արդեն անձնագրիս ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկար, ես փոխել եմ անձնագիրս, գնացել դիմել ու ստացել եմ 070 կոդով անձնագիր։ Այսինքն՝ ունեմ ԼՂ բնակիչների ստացած անձնագիրը։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ՀՀ քաղաքացի էր, եւ ոչ ոք չի կարող ապացուցել, որ 070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ»,- ասաց նա։

Անուշ Ալեքսանյանը դատարանում հիշեցրել է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն՝ Արցախի բնկաիչները համարվում են ՀՀ քաղաքացի։ Նա մեջբերում է այդ որոշման երրորդ կետը․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։

«Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, ովքեր ներկա են եղել գործընթացներին հենց շարժման սկզբից։ Մենք աջակցել ենք, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Մենք շրջապատել էինք Ամերիկյան համալսարանի շենքը, որպեսզի այդ որոշումը կայացվեր։ Այդ որոշումը կայացվել է, ընդ որում, հեշտ չի կայացվել, լավ է, որ մեզ վրա չեն հարձակվել այդ օրը ու չեն կոտորել։ Ընդ որում, այդ որոշումը դեռ ուժի մեջ է, ոչ ոք չի բեկանել։ Իսկ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով ամրագրված է, թե ովքեր են ՀՀ քաղաքացի ճանաչվում, երրորդ կետում էլ գրված է՝ ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն, ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն»,- նշեց նա։

Հիմա տիկին Անուշը հարցադրում է անում՝ եթե Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշման համաձայն՝ Արցախի բոլոր բնակիչները համարվում են ՀՀ քաղաքացի, ունեն 070 կոդով ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչո՞ւ են իրեն տարանջատում։ Ինչո՞ւ են մյուս արցախցիներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրում, իսկ իրեն ասում՝ ՀՀ քաղաքացի ես, եւ այդ հիմքով չեն տրամադրում փախստականի կարգավիճակ։ «Ես չէի ուզում Արցախից գալ Հայաստան, հարկադրված եմ եղել, ի՞նչ է նշանակում, որ փախստականի կարգավիճակ չունեմ»,- հարցադրում է անում նա։

Ռոզա Հովհաննիսյան

Լավրով. Ռուսաստանը կարող է զորքերը դուրս բերել Աբխազիայից… Վրաստանի դիմաց

DW

ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով «գործարքի» հնարավորության մասին։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, որ հնարավոր է Վրաստանում երկարաժամկետ առճակատման կարգավորման համաձայնություն։ Ռուսաստանը բաց է փոխզիջման համար, որը կարող է հանգեցնել իր զորքերի դուրսբերմանը Աբխազիայից և Հարավային Օսիայից, ասել է Լավրովը։

Ավելի վաղ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր կրեմլամետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր, որ վրացական իշխանությունները «ուժ կգտնեն» ներողություն խնդրելու 2008 թվականին Հարավային Օսիայի հետ պատերազմի համար։ Նրա խոսքերը բողոքի ցույցեր են առաջացրել ամբողջ երկրում:

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը, ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է Mtavari-ն։ «Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ դրական է։ Սակայն ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- Թբիլիսիի քաղաքապետի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Վրացական ընդդիմությունը ռուս դիվանագետի խոսքերը համարել է սադրանք և խայտառակություն իշխող կուսակցության համար։ «Լավրովն, իհարկե, իր հայտարարությամբ հաստատում է, որ համագործակցում է «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Կուսակցության համար շատ ամոթալի է, որ Լավրովը հավանություն է տալիս Ռուսաստանի կողմից ճանաչված այսպես կոչված անկախ պետությունների հետ համագործակցելու վրացական իշխանությունների ցանկությանը։ Ավելի մեծ ամոթ չի կարող լինել Վրաստանի իշխանությունների համար»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Թամարա Կորձայան:

Խմբ․ կողմից․ Մոսկվայի նման «պատրաստակամությունը» հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Վրաստանը վերջապես վերադառնա Ռուսաստանի գիրկը։ Դրա համար «Վրացական երազանքը» պետք է հաղթի հոկտեմբերի ընտրություններում, եւ Լավրովը նրան նախընտրական բոնուս է տալիս։

 

Միշուստինը մեկնում է Իրան, այնուհետեւ Հայաստան․ վերջին զգուշացումը մինչ Զանգեզուրի ճեղքումը

Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին Կրեմլը հայտնել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30-ին կմեկնի Թեհրան՝ հանդիպելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Մոսկվան խստորեն դատապարտել է Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլա»-ի զինյալների վրա Իսրայելի հարձակումները:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Հայաստան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։

ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։

Մոսկվան փորձագիտական մակարդակում փորձում է համոզել Իրանին հակահարված տալ Իսրայելին, այդպիսով մեծ պատերազմ հրահրելով եւ թույլ չտալով Իրանի եւ Արեւմուտքի մերձեցումը։ Իրանի նոր նախագահը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հայտարարել է իր երկրի նման մտադրության մասին։ Մինչ այդ Իրանը պաշտոնապես մեղադրեց Ռուսաստանին հայ-իրանական սահմանը զավթելու եւ միջանցք բացելու մտադրության մեջ։

Իրանի եւ Արեւմուտքի մերձեցումը թույլ չտալու Ռուսաստանի գլխավոր միջոցը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է, որով կմասնատվի Հայաստանը եւ կխափանվի Իրանի եւ Արեւմուտքի կապը։ 

Միշուստինի այցը կարող է “վերջին զգուշացումը” լինել՝  Զանգեզուրի միջանցքը ռազմական ճանապարհով ճեղքելու առաջ։ Բաքվում արդեն տրտնջում են, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի ձեռքերով հարված հասցնել Իրանին եւ Արեւմուտքին։  

 

Մի փոքր կցրտի

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում, հայտնում է Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին առանց տեղումների եղանակ է, սակայն արդեն հոկտեմբերի 1-ին հնարավոր է անձրեւ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 2-3 աստիճանով։

Շիրակում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կլինի +17, Կոտայքում՝ +20, Գեղարքունիքում՝ +15։
Լոռիում և Տավուշում սեպտեմբերի 30-ին օդերևութաբանները կանխատեսում են +18 և +20, իսկ Արագածոտնում +2։ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, ինչպես նաև Սյունիքում օդը տաքանալու է մինչև +24։

Երևանում սեպտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +23։

Նասրալլայի զարմիկը՝ «Հեզբոլլա»-ի նոր ղեկավար

Լիբանանյան «Հեզբոլլա» խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Ադ-Դինը 60 տարեկան է։ Նա «Հեզբոլլա»-ի համահիմնադիրներից է, եղել է գործադիր կոմիտեի ղեկավարը։ Նրան համարում են «Հեզբոլլա»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ Ադ-Դինը 2017 թվականից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։

Նա «Հեզբոլլա»-ի սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է մայրական կողմից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանի փեսան։ Սոլեյմանը սպանվել է 2020-ի սկզբին Իրաքում ԱՄՆ ավիահարվածից։

Մոսկվան և Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» համար լեզգիների հողերի վրա մեծ հանգույց են կառուցում

Արտերկրում գործող ադրբեջանական ընդդիմադիր ալիքները հաղորդում են Գուսարի շրջանում տագնապալի իրավիճակի և ներքին զորքերի կողմից իրականացվող հատուկ գործողության մասին։ Ինչպես հաղորդում է Azad Söz հեռուստաալիքը, «Գուսարի շրջանի անտառներում հայտնաբերվել են “Անտառային եղբայրներ” կազմակերպության հենակետեր և գետնի տակ թաքնված զենքեր»։ «Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ահաբեկիչներ են բռնվել։ Նրանք, ում Ալիևը ահաբեկիչներ է անվանում, կարող են պարզապես զրպարտվող գյուղացիներ լինել»,- ասում է ալիքներից մեկը։ Հաղորդվում է, որ ռեյդը շարունակվում է երեք շաբաթ:

Անվտանգության փորձագետ Ա.Օրուջլուն բացարձակ սուտ է անվանել Ալիևի հայտարարությունները արտաքին սպառնալիքների առկայության մասին։ Փորձագետի խոսքով՝ Գուսարիում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կապված են Գոդ Նիսանովի այս տարածքում բիզնես գործունեության հետ, ով գնել է սահմանամերձ տարածքները և մտադիր է Ռուսաստանի հետ հաղորդակցության համար մեծ տրանսպորտային հանգույց կառուցել։ Նույն տարածքում կան գյուղացիների առևտրի օբյեկտներ, եւ նրանք ցանկանում են խլել այն։ «Մարդիկ փորձում են պաշտպանել իրենց իրավունքներն ու սեփականությունը։ Եվ հիմա իշխանությունները ցանկանում են ներկայացնել իրավիճակը, թե իբր այնտեղ հայտնվել են «Անտառային եղբայրների» ջոկատներ, իբր թե ինչ-որ սպառնալիք է գալիս Ռուսաստանից։

Օրուջլուի խոսքով՝ Գոդ Նիսանովը Հաբադ-Լյուբավիչ աղանդի ակտիվ անդամ է։ Համառոտ ներկայացնելով դրա էությունը՝  նա ասաց. «Այս աղանդը վերահսկում է Պուտինին, իշխանության բերեց Զելենսկիին և պաշտպանում է Իլհամ Ալիևին։ Ադրբեջանում այլեւս ավանդական հրեական համայնք չի մնացել։ Բոլորը գնացին Հաբադ։ Սա ռեակցիոն աղանդ է, և Իսրայելի ժողովուրդը դա ընկալում է որպես սպառնալիք»։ Նա կարծում է, որ Ադրբեջանում կան ներքին ռիսկեր, որոնք, նրա կարծիքով, սպառնում են երկրի կայունությանը։

Հիշեցնենք, որ Գուսարիի շրջանը սահմանակից է Դաղստանին։ Սա Ադրբեջանի միակ շրջանն է, որը հիմնականում բնակեցված է լեզգիներով:

Ռուսաստան-Ադրբեջան սահմանին պատմությունը տեղի է ունենում Մոսկվայի և Բաքվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը «բացելու» համատեղ արշավի ֆոնին։ Մոսկվան և Բաքուն մտադիր են անեքսիայի ենթարկել Հայաստանի տարածքը և ստվերային ճանապարհ ապահովել Թուրքիայի, ապա Իսրայելի հետ։ Այդ նպատակով այժմ լեզգիների հողատարածքների վրա հաբ է կառուցվում։

Իսրայելը հաստատում է «նոր կարգ»՝ «ոչ մի կանոն»։ Մոսկվային դա դուր է գալիս

Լիբանանում Հեզբոլլահի ղեկավարությունը և ներուժը ոչնչացնելու Իսրայելի գործողությունը կոչվում է «նոր կարգ»: Այս անվանումը պատահական չէ և վերաբերում է ԱՄՆ նախկին դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի՝ ընտրվելու դեպքում աշխարհակարգը փոխելու մտադրությանը։ Այն, որ Բայդենն ընտրություններից 2-3 ամիս առաջ դուրս եկավ ընտրապայքարից, հուշում է, որ «նոր կարգը» կլինի հին, և այն կշարունակի որոշվել իսրայելական գործոնով։ Իսկ Բայդենի «հիվանդությունը» «Նոր կարգ» գործողության մի մասն է։

Ներկայիս աշխարհակարգը, որը վերջնականապես ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից, ՄԱԿ-ի ձևավորումից և աշխարհի նոր բաժանումից հետո, հիմնված է «հրեական հարցի» վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմը կապված է Հոլոքոստի հետ, Իսրայել պետությունը ստեղծվել է որպես ցեղասպանության «փոխհատուցում», և Միացյալ Նահանգները չեն թաքցնում, որ հովանավորում է Իսրայելին՝ որպես նացիզմի հիմնական զոհ։

Իրանը բացահայտորեն դեմ է նման աշխարհակարգի անարդարությանը, ինչի պատճառով Իսրայելն Իրանին  համարում է ոխերիմ թշնամի։ Իրանն այժմ ձգտում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ, և Իսրայելը փորձում է ցույց տալ, որ ինչ էլ որ լինի, Իսրայելում է որոշվելու «նոր կարգը»:

Ռուսաստանը, որն աջակցում էր տարածաշրջանում հակամարտություններին և հանդիսանում է Իսրայելի «ծնողներից» մեկը, փորձում է կանխել Արևմուտքի և Իրանի հաշտեցումը։ Հիմա Մոսկվայում, փորձագիտական ​​մակարդակով, Իրանին հրահրում են ռազմական գործողությունների՝ բողոքելով, որ Թեհրանի նոր ղեկավարությունն այլևս չի լսում Մոսկվային։

Մերձավոր Արևելքի փորձագետ Սեմյոն Բաղդասարովը ափսոսանքով նշեց, որ «Իրանի ղեկավարությունն այժմ գերիշխում է «չափավոր» բարեփոխիչները… «Ստվերային Գորբաչովի» առկայությունը Իրանի քաղաքականության մեջ լուրջ հետևանքներով է սպառնում երկրի անվտանգության համար»: Այսինքն Մոսկվան բացահայտ սպառնում է Իրանին երկրի մասնատմամբ, ինչպես գորբաչովյան ԽՍՀՄ-ը քանդվեց։

Ռուսաստանը ողջունում է Իսրայելի «նոր կարգը», որը ընդարձակում է ընդունելիի սահմանները: Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն և Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը ծաղրել են Հեզբոլլահի զինյալների փեյջերների զանգվածային պայթեցման հետ կապված միջադեպը։

«Նոր անեկդոտ. Կինը անսպասելիորեն ամուսնուն փեյջեր է նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ»,- պատմել է Մատվիենկոն։ Երբ դահլիճում անհարմար լռություն հաստատվեց, Մարգարիտա Սիմոնյանը որոշեց այս «անեկդոտին» ավելացնել՝ իրավիճակը լիցքաթափելու համար։ «Օդեկոլոն էր ուզում նվիրել: Իսկ հետո կարդաց լուրը և նրան փեյջեր տվեց»,- պատմել է քարոզիչը։

Մոսկվան նույն «նոր կարգը» կիրառում է Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում, որտեղ գործում է «նոր կարգի» հեղինակների հետ համատեղ։ Նոր կարգում Ուկրաինայի, Հայաստանի և Լիբանանի համար տեղ չպետք է լինի։

Սահմանահատման համար պարտադիր է փախստականի վկայականը

Ինչու՞ է փախստականի վկայականը պարտադիր պայման սահմանհատման համար, հատկապես, որ արտերկրում ոչ մեկ դա չի ստուգում։ Սա այն բազմաթիվ հարցերից մեկն է, որ հուզում է արցախցիներին և թվում է, թե այն ձևական բնույթ է կրում, քանի որ դրա առկայությունը ստուգում են միայն ՀՀ սահմանապահները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը պարզաբանեց, որ դա արվում է բացառապես անձի անվտանգության ու ապահովության համար։

«Քանի որ Ադրբեջանը քանիցս հայտարարել էր, որ մի շարք արցախցիների նկատմամբ հետախուզում է հայտարարված, մենք չենք կարող բացառել նման վտանգը։ Քարտը սահմանապահին հնարավորություն է տալիս ստուգելու, արդյո՞ք անձը հետախուզվում է թե ոչ։ Իսկ այն երկրների համար, որոնց բազաները հասանելի չեն, ԼՂ-ից բռնի տեղահանված անձին, որը չունի ՀՀ քաղաքացիություն, հենց փախստականի վկայականով իր պաշտպանության տակ է առնում Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար, խնդիր առաջանալու դեպքում կապը կհաստատվի ՀՀ-ի, այլ ոչ թե հետախուզում հայտարարած երկրի հետ։

Իսկ եթե անձը ստանում է քաղաքացիություն, սահմանը հատելիս, եթե առաջանա խնդիր այսպես, թե այնպես կապը հաստատվելու է քաղաքացու երկրի հետ, այսինքն Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի հետ»,-նշեց Նելլի Դավթյանը։

Հավելենք, որ դեկտեմբերից նորից երկարաձգվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ժամանակավոր պաշտպանության, կամ փախստականի կարգավիճակը։