Արցախը դե յուրե շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածք՝ օկուպացված Ադրբեջանի կողմից

  • 09:56 01.09.2024

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարո՛ն Պապյան, սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի անկախության օրը։ Վերջին շրջանում քննարկումները շատ են Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման շուրջ։ Արցախն անկախ է, թե՞ Հայաստանի մաս է։

-Մեզ համար Արցախը եւ դե յուրե, եւ դե ֆակտո բոլոր այս տասնամյակների ընթացքում եղել է Հայաստանի Հանրապետության մաս։ Դե յուրե դա ամրագրված է եղել Սահմանադրության մաս կազմող Անկախության հռչակագրում, որը վերահաստատվել է բոլոր սահմանադրությունների ընդունման ժամանակ։ Դե ֆակտո դա հաստատվել է այն գործառույթներով, որ Արցախում ծնվածները ստացել են Հայաստանի քաղաքացիություն, որպես Հայաստանի քաղաքացի՝ բուժսպասարկում, կրթություն են ստացել Հայաստանում։ Այն, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ակնհայտ էր մեր զինվորականների ու նորակոչիների՝ Արցախի տարածքում ծառայելով։ Եվ դա առ այսօր ընդունվում է, որովհետեւ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի Հանրապետությունում ստանում են թոշակներ՝ առանց Հայաստանում աշխատելու։ Արախցիներն այստեղ թոշակ են ստանում, որովհետեւ Արցախը եղել է ՀՀ մաս։

-Բաքուն պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին, խոսքը հենց Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը Սահմանադրության նախաբանից հանելու մասին է։ Այդ պահանջը ներկայացնում են Ադրբեջանն ու Թուրքիան, կա՞ն այլ երկրներ, որոնք այդ պահանջը դնում են։

-Բաքվի այդ պահանջը՝ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին արված հղումը, նշանակում է, որ Բաքուն շատ լավ է հասկանում, որ քանի կա այդ հղումը, Արցախն իրավական տեսանկյունից ՀՀ մաս է՝ անկախ նրանից, որ Ադրբեջանն այսօր այն գրավել է։ Ես երբեւէ չեմ լսել ու չեմ տեսել, որ որեւէ այլ երկիր պահանջի Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխություն, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։

-Դա կարո՞ղ է նշանակել, որ մյուս երկրներն ընդունում են վերամիավորման փաստը։

-Այո՛, այդ երկրներն ընդունել են, որ Արցախը Հայաստանի մաս է։ Երբ Արցախում գրանցված անձը հայաստանյան անձնագրով եկել է եւ օտար երկրների դեսպանատներից ստացել է մուտքի արտոնագիր, եւ իրենց Երեւանում վիզա են տվել, նշանակում է՝ իրենք ընդունել են, որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Հակառակ դեպքում կուղարկեին Բաքու՝ այնտեղից վիզա ստանալու, ինչպես Ղրիմում ռուսական անձնագրեր ստացածներին Մոսկվայում վիզա չէին տալիս եւ ուղարկում էին Կիեւ՝ ասելով,որ Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի մաս։ Հետեւաբար, այո, իրենց գործողություններով, ինչպես միջազգային իրավունքն է ասում, «լռելյայն ճանաչումով» իրենք ճանաչել են Արցախի վերամիավորումը Հայաստանի Հանրապետության հետ։

-ԱԺԲ-ն եւ նաեւ այլ ուժեր, անհատներ խոսում են վերամիավորման որոշման կարեւորության ու ուժի մեջ լինելու մասին։ Բայց դրա իրագործման շուրջ հասարակությանը կոնսոլիդացնելու կոչեր կարծես չկան։ Երբեւէ փորձե՞լ եք մարդկանց կոնսոլիդացնել այդ հարցի շուրջ։

-Մենք տարիներ շարունակ բոլոր հնարավոր միջոցներով կոչ ենք արել, այդ թվում՝ Արցախում հանդիպում ենք ունեցել ժողովրդի հետ, բացատրել ենք, որ ի վնաս ձեզ է անկախ Արցախը։ Այո՛, վերնախավը շահում է, որովհետեւ անպատասխանատու կերպով կարող է մսխել ու ծախսել Հայաստանից եկած անհատույց պետական վարկը, որը տարեկան 100 մլն դոլարն անցնել է։ Հիմա, բնականաբար, մենք կոնսոլիդացիայի եւ այլ կոչեր չենք անում, ներկա փուլում մենք հանդես կգանք հայտարարությամբ։ Արցախը դե յուրե շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածք՝ օկուպացված Ադրբեջանի կողմից։ Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքներն օկուպացված են Թուրքիայի կողմից, բայց դրանով չեն դառնում Թուրքիայի տարածքներ։ Մենք ներկա փուլում իրավական տեսանկյունից Արցախն ՀՀ մաս համարելով՝ կարծում ենք, որ գործնականում այս փուլում պետք է լուծել արցախցիների՝ միջազգային հանրության անվտանգային հովանու ներքո ու ներկայությամբ Արցախ վերադառնալու հարցը։ Հետո կանդրադառնանք մնացած հարցերին։

Ռոզա Հովհաննիսյան