Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ինչ դիրքորոշում ունի Հայաստանը, Փաշինյանը երեկվա ասուլիսի ժամանակ պատասխանեց.
«Ընդհանրապես, խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձեւաչափի գոյությունն իրոք, կարծում եմ՝ կարող է հարցեր առաջացնել: Խնդիրն այստեղ ժամկետի մասին է: Որեւէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել, հարց է, թե արդյոք արդյունավետ եւ ճիշտ ճանապարհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա, որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք: Ադրբեջանն, օրինակ, ասում է՝ եթե Հայաստանը հենց հիմա չի համաձայնում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է՝ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչո՞ւ է Բաքուն Մինսկի խումբը համարում վտանգ սեփական «տարածքների» նկատմամբ։ Բայց առանց բացատրության էլ ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, Մինսկի խումբ ստեղծելով, հաստատել է, որ չի ճանաչում Արցախը ադրբեջանի մաս։ Հակառակ դեպքում ՄԽ-ն, ինչպես այլ կոնֆլիկտների դեպքում, առաջ կտաներ միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։
Այնինչ Մինսկի խմբի նպատակն է՝ պատրաստել համաժողով, որտեղ կհաստատվի Արցախի կարգավիճակը։ Ընդ որում, այդ կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները՝ հանրաքվեի միջոցով։ Եւ ՄԽ մանդատում ոչինչ առ այսօր չի փոխվել։
Նույնիսկ հիմա, երբ Արցախի տարածքը օկուպացված է, իսկ արցախցիները Հայաստանում են, Մինսկի խումբը գոյություն ունի, եւ բացի Բաքվից եւ Մոսկվայից ոչ ոք չի պահանջում լուծարել այն։ Կասպշիկը դեռ աշխատավարձ է ստանում, իսկ Ստեփանակերտի ՆԳՆ գրասենյակի փակման մասին հրապարակավ չի հայտարարվել։
Փաշինյանի կառավարությունը, անտեսելով այս միջազգային միակ լեգիտիմ ձեւաչաձը, չի պահանջում բանակցությունները վերադարձնել այդ ֆորմատ եւ չի դիմում ՄԱԿ կամ ԵԱՀԿ, պահանջելով “խաղաղության” ռազմական երաշխիքներ։ Փաստորեն, Փաշինյանը նույնիսկ չի բացառում, որ կարող է Մինսկի խումբը լուծարվել, եթե «խաղաղություն» կնքվի, քանի որ նրա առաջարկած «խաղաղության» հիմքում Հայաստանի եւ Արցախի անջատումն է։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա դեմ լինի, պետք է լուծարել այն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: