Արցախի Հանրապետության նվիրված օրն առանց Արցախի

  • 07:57 02.09.2024

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Արցախի պետական օրհներգով մեկնարկեց Սրբազան պայքարի՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաքը։

“Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իր միակամությամբ, առանց ուրիշի վրա հույս դնելու հնարավորություն է ստեղծելու նորից վերականգնելու Արցախի Հանրապետության անկախությունն ու մեր ազատ ապրելու իրավունքը։

Ցավոք, Արցախի Հանրապետության տարածքն օկուպացնելուց հետո Ադրբեջանը փորձում է մեր հիշողությունից ջնջել նաև Արցախի հայկական հետքը։

Ովքեր եղել են Արցախում, գիտեն, որ անզեն աչքով էլ տեսանելի է՝ դրախտային այս երկիրը հնարավոր չէր չլիներ մարդկային օրրաներից մեկը”,- ասել է Արցախի Հանրապետության պատգամավոր Վահան Բալայանը:

Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` բոլորս հավատացած ենք, որ վերադառնալու ենք մեր հայրենիք և վանքերում, ու եկեղեցիներում նորից հնչելու է տերունական աղոթքը, և նորից այնտեղ մենք կատարելու ենք կնունքի ու պսակի արարողություններ։

“2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ես իջել եմ փողոց՝ արդարության փնտրտուքով, ճշմարտության հաղթանակի համար ու մինչև հիմա ես փողոցում եմ։ Ես շարունակելու եմ իմ պայքարը, քանի դեռ հավատս ու հույսս ուժեղ են:

Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ Հայաստանի Հանրապետության տերն ու տիրակալներն ենք, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Բայց ինչպես հայկական քրիստոնեական ընտանիքներին է բնորոշ, տերն ու տիրակալը պետք է պատասխանատվություն կրի իր ընտանիքի անվտանգության, առողջության, մաքրության, ամեն ինչի համար, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը կրել,-ասել է արցախցի Արեգա Հովսեփյանը»։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին, այսինքն, տնավեր ենք բոլորս։ Մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոլոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին:

Այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։

Ու այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Սա դատապարտության խարան է ձեր ճակատին։

Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, մենք կոչված ենք գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից՝ որևէ վայրկյան չտատամսելով մեր կյանքի համար, որովհետև այդ կյանքն արդեն գնված է մեր եղբայրների ու քույրերի կողմից։

Ինձ համար գոյություն ունի մեկ կյանք, հայրենիք կամ մահ”։

Տաթև Ազիզյան

 

f