Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Բաքվին արած առաջարկը, ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, “շտապելու տենչ է՝ սեփական ուղղակի քաղաքական և բարոյական ուղեգորգ լինելու զգացո՞ւմ, թե՞ պատվեր կատարելու հրահանգ»։ Փաշինյանը, հիշեցնենք, հայտնեց, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, ևս 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Ապա հավելեց՝ Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։
Պայմանագրի տեքստի մեջ, ինչպես ավելի վաղ է հայտնի դարձել, չկան երեք հիմնական կետեր՝ Արցախի հարցը, դելիմիտացիայի եւ կոմունիկացիաների բացման խնդիրները։ Ըստ Փաշինյանի, համաձայնության են եկել, որ կճանաչեն սահմանները ըստ Ալմաթիյի հռչակագրի, թեկուզ Բաքուն հրապարակավ չի համաձայնվել դրան։
“Շտապելու տենչը” հենց դրա հետ է կապված՝ Արցախի օկուպացիան անշրջելի դարձնել “խաղաղության պայմանագրով”, որից հետո “չեղարկել” Մինսկի խումբը, Եռակողմ հայտարարությունը եւ փոխել ՀՀ Սահմանադրությունը։
Արցախի հարցը փակված չէ, հայտարարեց երեկ արքեպիսկոպոսը։ «Այն իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը: Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին», – ասաց նա՝ գործող իշխանություններից պահանջելով հետամուտ լինել Արցախի հիմնահարցը բանակցային օրակարգում ներառելուն։
Նա Հայաստանի իշխանություններին մեղադրեց «արցախցիների տուն վերադարձի խոչընդոտը լինելու» մեջ։
Ակտիվ ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունները, չեն խոսում Արցախի կարգավիճակի, 1989 թ․ ոորշման մասին, ըստ որի Հայաստանը եւ Արցախը միավորվել են, եւ դա ամրագրված է Անկախության հռչակագրի եւ, ըստ այդմ՝ Սահմանադրության մեջ։ Ընդդիմույունը խոսում է արցախցիների՝ անհասկանալի պայմաններով վերադարձի մասին, շեղելով այդպիսով պայքարի վեկտորը սահմանադրական լուծոմից։
Փաշինյանը, խոսելով արցախահայերի հավաքական վերադարձի մասին՝ ասել է, որ “այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ ու նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չէ”:
Դա ճիշտ է, քանի որ արցախցիների վերադարձը, ըստ գործող օրենսդրության, հնարավոր է միայն ՀՀ արցախյան մասի դեօկուպացիայի պայմաններով։ Դոր է գալիս դա մեզ, թե ոչ՝ հրաշք չի լինելու, պետք են կոնկրետ քայլեր այս ուղղությամբ։ Եւ առաջին քայլը՝ ՀՀ իշխանություններն ու քաղաքական-հասարակական միավորները պետք է հստակ գնահատական տան իրավիճակին։ Այդ գնահատականը տվել է Ալիեւը․ նա հայտարարել է, որ՝ ըստ ՀՀ Սահմանադրության Արցախը Հայաստանի մաս է։
Նման գնահատական հնչեցնում են ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, Ազգային-ժողովրդավարական բեվեռը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորները, առանձին քաղաքական գործիչներ։ Սակայն այս հարցի շուրջ լռելյալ համաձայնություն կա՝ բարձրաձայն այդ մասին չխոսալ, շեղել օրակարգը Սահմանադրությունից։ Իշխանությունը դա անում է “խաղաղ պայմանագրով”, տանելով դեպի ՀՀ կործանում, ընդդիմությունը՝ դեպի “արցախցիների վերադարձ”՝ ցեղասպանության “երաշխիքով”։
Մի շեղվեք Սահմանադրությունից։ Պետք է ընդամենը պահանջել կատարել Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդի կամարտահայտությունը։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: