«Մի՛շտ պատրաստ-կանգուն` հանուն հայ ազգի…», – վաղ առավոտ դասակն երգելով, թմբուկ-շեփորներով անցնում է Ստեփանակերտի փողոցներով, մարդիկ հեռախոսներով պատշգամբ են շտապում` վիդեո-ֆոտո անելու համար: Հետո Եղբայրական գերեզմանատուն, շքերթ ու տոնական միջոցառումներ, հրավառություն ու հպարտության մի զգացում: Արցախը նշում է իր անկախության օրը` Սեպտեմբերի երկուսը:
2023թ․ սեպտեմբերին արդեն շշուկներ էին տարածվել, իբր վարչական շենքերից հանելու են Հայաստանի եւ Արցախի դրոշները: Այս լուրը ես լսել եմ մի մարդուց, ով իրենց գրասենյակի հետնաբակում վառում էր կազմակերպության արխիվը, մետաղե երկար ձողով տրորում կրակը, հալածվում ծխից:
Անցնելով Վերածննդի հրապարակով՝ նախագահականի դրոշների տակ մարդիկ եմ տեսնում կանգնած: Ես միանգամից վատը մտածեցի, ահա, հանում են…
– Հանո՞ւմ եք դրոշները, – հարցնում եմ ես:
– Ո՛չ, գունաթափ է, փոխում ենք, – հեգնական մի ժպիտ դեմքին ասում է նրանցից տարեցը, – դեռ բարձրացնում ենք, ավելացնում է նա:
Հետաքրքիր է, որտե՞ղ են այդ դրոշները, որտե՞ղ է մեր տոնը…
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: