Արցախցիների վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է

  • 16:57 02.09.2024

«Ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ շեշտել, որ արցախցիների վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է: Հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս պահին որպես առաջնահերթություն ենք հռչակում վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։ Կա իրավունքը, եւ այդ իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Մինսկի խմբի շրջանակներում երեք սկզբունքներ են մշակվել, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր։ «Արցախի ժողովուրդը միշտ հղում էր անում նրան, որ որպես կարգավորման սկզբունք ընտրվել է ինքնորոշման իրավունքը։ Եվ դրանից հրաժարումը նաեւ Արցախի կործանմանը հասցրեց»,- ասաց նա։