Օհանյան․ Ադրբեջանն անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափմամբ իրականացրել է ցեղասպանություն

  • 17:06 02.09.2024

«Մեր ժողովուրդը չպետք է ընկճվի, ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի տոնի կապակցությամբ եւ ասում, որ երբեք ոչինչ կորցված չէ։ Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով գոնե երեք հանգամանք։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը պետք է շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի եւ ամենակարեւորը՝ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները՝ գոյություն ունեցող ձեւաչափով եւ այլ նոր ձեւաչափերով, որոնք հայ ժողովուրդը, արցախահայությունը կընտրեն, այլընտրանք չունեն։ «Ասել է, թե պայքարելն անհրաժեշտություն է։ Եվ ովքեր այսօր անտեսում են Արցախը, ովքեր այսօր Արցախի վրա խաչ են քաշել, դա ՀՀ իշխանություններն են, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն»,- ասաց նա։