Բաղրամյան 6-ն այսօր արցախոտ ու արցախահամ էր։ Արցախյան բարբառն ու ժենգյալով հացի համը բոլորիս տեղափոխեցին Արցախ, մեր տուն։
Օդի մեջ ցավ ու ցավ խեղդող ուժ կար։ Իրարից Արցախի կարոտն առնելու անհագ ծարավ։
,,Ասկերանցիներ,, համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ն սեպտեմբերի 2-ին կազմակերպել է իր ,,Վերածնունդ,, ծրագրի վերջին միջոցառումը` ժենգյալով հացի թխման բաց դաս, մինչ այս, արցախյան փախլավայի բաց դասն էր։ Նպատակը` արցախյան խոհանոցի ավանդույթների պահպանումն ու փոխանցումն է։
,,Վերածնունդ,, ծրագիրը միտված էր Արցախից տեղահանված կանանց աջակցությանը, փոքր բիզնեսների ստեղծման և նոր միջավայրում կանանց ինքնադրսևորման հարցում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը։ Բաց դասը վարեցին ժենգյալով հացի վարպետներ Միրա Հայրապետյանն ու Մարինե Գաբրիելյանը։
Հաճելին այն էր, որ մեծ ակտիվություն էին ցուցաբերում մեր երևանաբնակ քույրերն ու եղբայրները, այո-այո տղամարդիկ նույնպես փորձում էին, սկզբից կաշկանդվելով, հետո արդեն վարպետացած։
Սեփական ձեռքերով թխած ժենգյալով հացը կրկնակի համով էր, դրա համար անընդհատ հերթեր էր գոյանում։ Բոլորի մոտ մի ցանկություն էր, վերադառնալ Արցախ ու նույն կազմով նորից հավաքվել։
Արմինե Հայրապետյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: