Օգոստոսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 3000 արցախցի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
«Ամսի 30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ստացել ենք 4300-ից ավելի քաղաքացիության դիմումներ։ Շուրջ 3000 մարդու արդեն հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա՝ հավելելով, որ անչափահասները դիմում չեն ներկայացնում, ծնողների քաղաքացիություն ստանալուց հետո միանգամից դառնում են ՀՀ քաղաքացի։
Ղազարյանն ասաց, որ գործում է դյուրացված կարգ, «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր՝ մոտ չորս ամիս, բայց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում քաղաքացիության ստացման գործընթացը միջինում տեւում է երկու ամիս։
«Երկրորդ էական հանգամանքն այն է, որ մեր բոլոր տարածքային ստորաբաժանումները մարզերում ընդունում են քաղաքացիության դիմումնե, եւ դա էականորեն արագացնում է գործընթացը»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: