«Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ենք, բայց հասարակությունը չի կոնսոլիդացվել։ Արցախի բնիկ բնակչության բռնագաղթի առաջին օրվանից անհրաժեշտ էր արցախցիների միջազգային իրավունքներին առնչվող քայլեր ձեռնարկել։ Դա չարվեց. ժամանակ կորավ, փախստականների բարեկեցությունն էլ ավելի վատացավ»։ Այդ մասին ասել է Step.am-ին արցախյան հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը։
Պետրոսյանը բացասաբար է արտահայտվել Բագրատ Սրբազանի հանրահավաքների մասին՝ ասելով, որ նրա մոտակայքում կան մարդիկ, ովքեր Հայաստանում սոցիալական և բնակարանային խնդիրներ չունեն, բացի այդ՝ տարիներ շարունակ ապօրինի և անպատիժ շահագործել են պետական բյուջեն և արտոնությունները։
«Ես անձամբ չեմ ճանաչում Բագրատ Սրբազանին։ Բայց երբ տեսնում եմ, թե ղարաբաղցիներից ով է նրան շրջապատում ու, այսպես ասած, աջակցում, մեծ կասկածներ եմ ունենում։ Սրանք այն մարդիկ են, ովքեր անմիջականորեն ներգրավված են և կրում են մեղքի մեծ բաժին, որ մենք հայտնվեցինք փախստականի կարգավիճակում։ Ուստի այս շարժումն ինձ վստահություն չի ներշնչում։ Բայց պետք է նշել, որ վերջին շրջանում Արցախի ու Հայաստանի բնակիչներից ավելի հաճախ եմ լսում, որ չեն վստահում ո՛չ ներկա իշխանությանը, ո՛չ նախկիններին, իսկ հոգեւորականների նկատմամբ անվստահությունը գնալով աճում է։ Իրական շարժումը չպետք է լինի ընդհանրացված պահանջներով, ինչպիսիք են «Փրկենք Հայաստանը» և պայքարի իմիտացիա չպիտի լինի։ Այն պետք է կոնկրետ պահանջներ առաջադրի իշխանություններին ու միջազգային հանրությանը եւ պահանջի դրանց կատարումը։ Եվ ամենակարևորը, պայքարը պետք է տանեն անբիծ ուժերը։ Սրա համար կասկածելի կոնտինգենտ են նաեւ հոգեւորականները։ Բացի այդ, «Քոչարյան-Սերժ» իշխանության մանիպուլյացիաներից ամենաշատը տուժում են շարքային արցախցիները։ Բագրատ սրբազանի հանրահավաքներին 10 արցախցիներից միայն մեկն է անկեղծորեն հավատում այս շարժմանը։ Բայց նրանց են ոստիկանությունը բերման ենթարկում ու քարշ տալիս դատարաններով»։
Հարցին, թե Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործունեություն կցուցաբերի՞ Հայաստանում, ինչպես արեց Արցախում, Պետրոսյանը նշեց, որ դա չի նախատեսում, քանի որ, ինչպես արցախցի բոլոր սովորական փախստական ընտանիքների հայր, ամեն օր զբաղված է իր ընտանիքի սոցիալական և կենցաղային խնդիրները լուծելով։ Բացի այդ, հասարակությունը չի փոխվել, չի ցանկանում ընդունել իր սխալները և պատասխանատվություն ստանձնել ապագայի համար։
Խոսելով արցախցիների հայրենիք վերադարձի մասին՝ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ «սա կասկածելի կարգախոս է, քանի որ այդ մասին բղավողներն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում»։
«Դատարկ կարգախոսներ առաջ քաշելու փոխարեն ավելի լավ է զբաղվել կոնկրետ խնդիրներով։ Այսինքն՝ առաջ քաշել կյանքի, ազատության, սեփականության և այլնի մեր իրավունքները»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: