Մոխրաթաղ․ մենք չգիտենք, ինչ վիճակում են մեր չքնաղ գյուղերը

  • 10:23 05.09.2024

Գյուղը գտնվում է շրջկենտրոն Մարտակերտից 4 կմ հեռավորության վրա: Գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է շուշեցի Մեսրոպ Թառումյանի միջոցներով` 1883 թվականին: Խորհրդային տարիներին այն վերածվել է ակումբի, օգտագործվել որպես պահեստ։ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի հետեւանքով բնակչությունն ամբողջությամբ տեղահանվել է:

Եթե մայրաքաղաք Ստեփանակերտն ադրբեջանցիները մեր աչքի առաջ են քանդում, «շինում», ապա Արցախի գյուղերից գրեթե տեսանյութեր չենք հանդիպում սոցիալական հարթակներում (ափսոս մեր գյուղեր):

Երեկ արցախցի մի կին ինձ ասել է, որ իրենց գյուղից միայն հինգ ամիս առաջ է լուսանկարներ հանդիպել համացանցում, որ տեղադրել են ադրբեջանցիները: «Մահացած հարազատի ծննդյան օրը չգիտես ուր գնալ, որտեղ ծաղիկ դնել, Աստծուց էլ եմ խռովել, եկեղեցի էլ չեմ կարողանում գնալ», – ասում է նա:

Կհամաձայնեք ինձ հետ, որ Արցախի ամեն մի գյուղ իր յուրահատկությունը, ավանդույթները, ակցենտը, հարեւան գյուղի մասին կատակներն է ունեցել. թափան ուտող շոշեցիք, վար-վար անող մարտակերտցիները, Բերդաշենի, Ճարտարի գինին, Սոսի խաղողը, միամիտ խունուշինակցիները եւ այլ… Դուք կարող եք ավելացնել:

Մարութ Վանյան

f