Մի խումբ տղամարդիկ երկաթե սեղանի շուրջ հավաքված թղթախաղ ու նարդի են խաղում, վշտահար դեմքերով կանայք նստած են նստարաններին, մեկը այգու մեծ էկրանից անճաշակ-ուրախ երգում է, հնգհարկանու պատուհանի ներսից Արցախի դրոշ է կախած, նարնջագույն ժիլետներով երկու տղամարդ էտում են ծառերը, որ հայտնի չէ, թե երբ են ջրվել: Բանկոմատի մոտ հերթ է հավաքվել, ամպուտացված ոտքով մի ղարաբաղցի փորձում է գրական հայերենով ասել, որ չի սպասարկում, ես նրան հասկանալի լեզվով ասացի, որ նույնը մյուս բանկոմատում է, որ չգնա։ Բեռնատարներն անվերջ գնում-գալիս են, ամենուր մի տհաճ հոտ է կանգնել, դպրոցի հետնաբակում խոտ է բարձրացել, որի միջից պարանով կապած մի երինջ զարմացած ինձ է նայում։ Ծանոթ մի աղջիկ բարեւում եւ դպրոց է շտապում, ասում, որ զանգել, ասել են թե երեխան վատացել է` եկեք տարեք: Արարատի մարզի Մասիս քաղաքն է Հայաստանում, որտեղ բազմաթիվ ղարաբաղցիներ են հանգրվանել:
Քաղաքն ինքն իրեն առեւտրի խաչմերուկ է եղել ժամանակին, ի՞նչ քաղաք, գյուղ էր էլի, ո՞վ էր այստեղ ապրողը: Հիմա մի ազատ տուն չես գտնի, շատ արցախցիներ են եկել․ “գնաս քաղաքային այգի, կտեսնես, թե որքան զեմլյակներ ունես”, ասում է իմ տանտերը եւ ավելացնում, ինչեւէ, մի առավելություն կա, Մասիս սարը շատ մոտ է, գառնանն ու ձմռանը շատ սիրուն է, նրա փեշերին ենք ապրում:
Բլոկադայից հետո Երեւանից մի ընկերոջ հետ էի եկել Մասիսի փեշեր առաջին անգամ: Եկել էինք տեղահանված մի ընտանիքի շոր ու մթերք տալու համար: Փակուղին մի կերպ գտնելով, մենք մի կիսամութ տան կամ գուցե ավտոտնակի մոտ հայտնվեցինք, որ դռան փոխարեն վարագույր էր կախած: Քաշեցինք ու ներս մտանք:
Ընտանիքի հորը ես միանգամից ճանաչեցի, նա ինձ ոչ, մինչեւ չասացի, որ իր հոր մայրն ու իմ մոր հայրը քույր ու եղբայր են, որ փոքր ժամանակ միասին շատ ենք լողացել, կամրջից թռել, ձուկ բռնել Թառթառ գետում:
Չգիտեմ, թե որտեղ ենք, ասում էր ընտանիքի հայրը: Ուրալից գյուղացիներին Գորիս, Վայք, Եղեգնաձոր սամասվալ անելով եկել են, ես էլ այստեղ եմ հայտնվել…
Ողբերգութնուն է դիտարկել, թե ինչ է այսօր տեղի ունենում արցախցիների հետ, ինչպես են նրանք աննկատ սփռվում Հայաստանի մարզերում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում (դուք, ձեր հարազատներն ո՞ւր եք/են հասել): Պատմական մի իրադարձություն է տեղի ունենում․ Նախիջեւա՞ն ենք դառնալու, թե՞ տուն ենք վերադառնալու: Ես չգիտեմ, ողջ կլինեմ, թե՞ ոչ, գուցե թոռներս, – ասում է մի ստեփանակերտցի, – գուցե մի երեսուն կամ հարյուր տարի հետո, շտիկ-նոժս պահել եմ բազմոցի մեջ, թոռանս պետք է ասեմ, որ տեղն իմանա, հուշանվեր է ղարաբաղյան առաջին պատերազմից, վախեցել եմ վերցնեն Հակարիի կամրջին…
Բայց նրանց հետ ինչպե՞ս ապրել, երբ ծեր մարդու են գլխատում, որտե՞ղ է երաշխիքը, որ վերադարձի դեպքում նույնը չի լինելու, ասում է մեկ ուրիշը: Լավ, որքա՞ն կարելի է վարձով ապրել, մեկ է, չենք հարմարվում, բայց տարբերակ էլ չկա, մենք ե՞րբ ենք փախստական եղել, երկհարկ մեր տները, այգիներն ու մաքուր օդը, մեր անտառներն ու աղբյուրները, – լսում ես արցախցիներից, – մենք ադրբեջանցիների պես չենք կարողանալու, ամեն ինչ արվում է Ղարաբաղի հարցը փակելու համար, մի տարի էլ չի անցել, արդեն մեկս մյուսի տեղը չգիտենք, ասում են նրանք:
Մտքում ինչ-որ համակարգչային գրաֆիկայով քարտեզ ես գծում, փորձում պատկերացնել հայերի տեղաշարժն այս տարածաշրջանում եւ նրանից դուրս (այսօր արդեն ՀՀ ԱԱԾ նոր վիճակագրություն է հրապարակել, որ հուլիսի 1-ի դրությամբ 11.351 արցախցի է լքել Հայաստանը), սփյուռքահայերի անցյալն աչքի առաջ առնում, նայում Վայոց Ձորն ու Սյունիքը բաժանող տարածքի նեղությանը:
Կիրանցի պատը, Հայաստանի Սահմանադրությունն ու Ադրբեջանի հայտարարությունները, նոյեմբերի 9-ինն ու ներքաղաքական իրադարձությունները, Արցախը լուծարելու փոխադարձ մեղադրանքները, 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը, Եվրոպա գնալու ախորժակն ու Ռուսաստանի խանդը, խաղաղության պայմանագրի առանցքային կետեր, 13 համաձայնեցված… ԵԱՀԿ մանդատ, Քրիստոսի արձան, անվերջ շինարարություն ու անտուն մարդիկ…
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: