Այն ճակատագիրն են նախատեսում Հայաստանի համար, ինչ Արցախում՝ լիակատար հայաթափում

  • 09:39 06.09.2024

Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

Պարոն Այվազյան, կառավարությունը հաստատեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Նախքան այս, 2020-2024 թվականներին Հայաստանից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, ի՞նչ են փորձում անել, այս փաստաթղթով փորձում են տարածքները հանձնելու իրավական հիմքե՞ր ստեղծել։

-Այստեղ մի շարք կարեւոր հանգամանքներ կան։ Առաջինը, եթե այդ կանոնակարգը նոր է ստորագրվել եւ դեռ ներպետական ընթացակարգերով չի անցնել, ուժի մեջ չի մտել, ապա ինչի՞ հիման վրա Կիրանցում եւ Տավուշի մարզում կատարվեց այսպես կոչված «սահմանազատման-սահմանագծման» գործընթաց։ Երկրորդ, Ալիեւը հստակ մատնանշեց, թե ինչպես է պատկերացնում սահմանը։ Պատահական չէ, որ վերջերս Բերձորում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» համայնքը հավաքվեց եւ վերստին տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, ադրբեջանական պետության ամենաբարձր օղակների հովանավորությամբ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի», այսինքն՝ Հայաստանի նախկին թուրք բնակիչները որոշել են ստեղծել վտարանդի կառավարություն։ Այսինքն՝ ողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանը տարածքային պահանջ ունի եւ այլ կերպ չի պատկերացնում սահմանազատումը կամ սահմանագծումը, քան իրենց կողմից գծված ու երբեք գոյություն չունեցած «մեծ Ադրբեջանի» քարտեզներով, որտեղ ՀՀ համար առավելագույնը թողնվում է մոտ 10 հազար քառակուսի կմ տարածք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի միջեւ որպես անկլավ։ Այսինքն՝ այն ճակատագիրն են նախատեսում Հայաստանի համար, ինչ Արցախում տեղի ունեցավ՝ լիակատար հայաթափում։

Շատերը ոգեւորվեցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» մասին հայտարարություններով, ասելով՝ տեսեք, Ադրբեջանը համաձայն է հանել հնարավոր պայմանագրից այդ պահանջները՝ կապված միջանցի հետ։ Բայց դա այդպես չէ, դա մարդկանց թյուրիմացության մեջ գցելու փորձ է։ Խոսքը գնում է տարածաշրջանային կոմունիկացիների մասին։ Այսինքն՝ իրենք փորձում են այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» թեզը վերածել մահվան համակենտրոնացման ճամբարի թեզի։ Իրենք օրակարգից չեն հանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, բայց իրենց նպատակն է Հայաստանին թույլ չտալ բլոկադայից դուրս գալ։ Աշխարհում ոչ ոք չի տեսել այսպիսի «կառուցողականություն», որը ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները՝ ասելով, որ ճանապարհի վերահսկողությունը կարելի է պատվիրակել միջազգային ինչ-որ կազմակերպության։ Սա չտեսնված մի բան է, ներողություն հարցադրմանս համար, միջանցքը պոզով ու պոչո՞վ է լինում, եթե դա միջանցք չէ, բա ի՞նչ է։

Այնպես որ, առաջիակում սպասվում են հետաքրքիր զարգացումներ, եթե մենք զգոնությունը չպահպանենք եւ պատշաճ նախապատրաստություն չտեսնենք Ադրբեջանի կողմից սպասվող սպառնալիքներին ու մարտահրավերներին, ապա բավականաչափ վտանգավոր զարգացումների ականատես կարող ենք դառնալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը սահմանային գծում անընդհատ սրում է իրավիճակը՝ դրանում մեղադրելով Հայաստանին։

Ադրբեջանը Միլի մեջլիսի ընտրություններն անցկացրեց սեպտեմբերին, որպեսզի COP29-ից հետո իրենց ձեռքերն ազատ լինեն Հայաստանի հանդեպ ցանկացած ոտնձգություն կատարելու։ Իմիջիայլոց, մենք այդպես էլ չենք լսել՝ ներադրբեջանական ընթացակարգով այդ սահմանագծման ու սահմանազատման կանոնակարգն ի՞նչ փուլում է գտնվում։ Եվ արդյոք ինչ-որ աշխատանք տարվո՞ւմ է այդ ուղղությամբ։ Ադրբեջանից մենք միայն ժխտական մոտեցում ենք տեսնում, ասում են, որ իրենք արդեն 11-րդ փաթեթն են պատրաստում, որը պետք է ստորագրել, ու իրենք համաձայն չեն Հայաստանի մոտեցման հետ, ըստ որի՝ նախ համաձայնեցված դրույթները պետք է ստորագրեն։ Իրենք կարծում են, որ եթե իրենց շահերին չի համապատախանեցվել ամեն ինչ, ապա չի համաձայնեցվել ոչինչ։

-Դուք բարձրացրել եք հարցը, որ Հայաստանը պետք է պետական մակարդակով հակարդարձի ադրբեջանական թեզերին եւ գործողություններին՝ Հայաստանում ձեւավորելով Հայոց Աղվանքի վտարանդի փախստականների կառավարություն և ամեն կերպ աջակցելով Արցախի վտարանդի կառավարությանը։ Ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն։

-Անշուշտ, դա օրակարգային հարց է դառնում, մանավանդ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում գործող այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» համայնքը պետական ամենաբարձր մակարդակով է ղեկավարվում եւ ստեղծվել է ՀՀ նկատմամբ տարածքային պահանջները հիմնավորելու եւ ներկայացնելու համար։ Ուռճացվում է Հայաստանից գնացած թուրքերի քանակը, այն պարագայում, երբ մենք ունենք 1988-1992 թվականներին ադրբեջանական նախկին ԽՍՀ-ից գաղթած ավելի քան կես միլիոն հայություն, որոնք իրենց ժառանգներով մոտ մեկ միլիոն են կազմում։ Իսկ ընդհանուր առմաբ նախկին ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս եկած հայության թվաքանակն ամբողջ աշխարհում մոտ 3 մլն է կազմում։ Նրանց իրավունքների եւ շահերի, փոխհատուցման հարցերի բարձրացումը կարող է լիակատար չեզոքացնել ադրբեջանական շահարկումները՝ կապված Հայաստանից դուրս եկած թուրքերի հարցի հետ։ Օրակարգային է դառնում ստեղծել ադրբեջանահայության վտարանդի կառավարություն, որի նպատակը ադրբեջանահայության օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի։ Իսկ իրականության մեջ, պաշտպանելով վտարանդի ադրբեջանահայության շահերը, այս կազմակերպությունը կամ ընդհանրապես ադրբեջանահայությունը կպաշտպանի Հայաստանի Հանրապետության ազգային շահերը Ադրբեջանի կողմից սպասվող եւ կատարվող ոտնձգությունների շարանից։ Ադրբեջանահայ փախստականների խնդիրը ադրբեջանական քարոզության եւ նաեւ մեր հանդեպ պահանջների աքիլեսյան գարշապարն է, ամենաթույլ կետն է, որին անընդհատ անհրաժեշտ է խփել, որպեսզի գոնե պաշտպանենք մեր ունեցածը։

Դրան զուգահեռ պետք է համակարգված աշխատանք տանել արցախահայության խնդիրների լուծման ուղղությամբ։  Ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ ինտեգրման ծրագրեր իրականացնել, այլ Արցախի վտարանդի կառավարությանը համակողմանի օժանդակություն պետք է ցուցաբերել, որպեսի Արցախի կառավարությունը՝ որպես Արցախի ժողովրդի լիազոր ներկայացուցիչ, ներկայացնի նրանց շահերը տարբեր միջազգային կազմակերպությունների ու ներկայացուցիչների առջեւ։ Եվ համանախագահող երկրները, եւ միջազգային բոլոր խոշոր կազմակերպություններն ու խաղացողները փաստել են, որ արցախահայությունն իրավունք ունի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո վերադառնալ Արցախ։

Իզուր չէ, որ Ադրբեջանն այս ընտրությունները փորձեց կազմակերպել հենց հիմա, քանի դեռ Արցախը ժամանակավոր իր լիակատար վերահսկողության ներքո է գտնվում։ Բայց Ադրբեջանում հասկանում են, որ դա փխրուն է, եւ ամեն ինչ փոփոխվող է։ Պարզապես մեր կողմից համապատասխան կիրթ ու գրագետ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ՝ մի կողմից ադրբեջանահայ համայնքի վտարանդի կառավարության ստեղծման, մյուս կողմից՝ Արցախի վտարանդի հայկական կառավարության աջակցության ուղղությամբ։ Մենք պետք է հասկանանք, որ այսպես թե այնպես անիրական է խոսել որեւէ հարատեւ ու կայուն խաղաղության մասին Ադրբեջանի պարագայում, եթե ինքը բոլոր հնարավոր ձեւերով ահռելի աշխատանք է տանում տարածաշրջանում իրավիճակի սրման ու նոր ռազմական սադարանք կազմակերպելու համար։ Եվ այդ նպատակով իրենք այդ խամաճիկային կառավարությունն են պատրաստում։ Մեզ մոտ պաշտպանության բնազդը պետք է գործի, պետք է գիտակցել, որ ՀՀ ազգային անվտանգության շահերից է բխում ադրբեջանահայության եւ արցախահայության համայնքների համատեղ գործողությունը՝ ընդդեմ ադրբեջանական ֆաշիզմի։

-Այդ աշխատանքն իրականացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է ՀՀ համար։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Պետք է գիտակցել, որ Արցախի վտարանդի կառավարության չգոյությունը ու պասիվ վիճակում գտնվելն է սպառնալիք։ Դա էլ ավելի է բորբոքում ադրբեջանական անհիմն պահանջները ՀՀ տարածքի նկատմամբ։ Այնպես որ, մենք պետք է իրական վտանգը հասկանանք՝ Ադրբեջանը պետական բարձր մակարդակով քայլեր է ձեռնարկում, որպեսզի այսպես կոչված «վերադարձ դեպի Իրեւան» տեսլականն իրականություն դառնա։ Մենք կարող ենք քամահրանքով վերաբերվել դրան, ծաղրել դա, բայց հիշենք, որ ժամանակին ծաղրել ենք նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի գոյության փաստը։ Կարծում եմ, որ այսօր իրավիճակն արդեն այնքան էլ ծիծաղելի չէ, վտանգի աստիճանը պետք է գիտակցել, որ Ադրբեջանը պլանավորված քայլ առ քայլ մոտենում է հայկական պետականության հիմքերի իսպառ ջնջմանը այս տարածաշրջանից։ Եվ մենք պետք է հասկանանք, որ Արցախը ժամանակավորապես օկուպացնելով՝ Ադրբեջանը ոչ թե բավարարվեց, այլ նաեւ իրենց ռազմական ենթակառուցվածքները մոտեցրել են Հայաստանի Հանրապետության կենսական նշանակության օբյեկտների ու բնակավայրերի ուղղություններով։ Ադրբեջանը չի վարանի հարված հասցնել, ինչքան էլ մենք փորձենք խաղաղություն քարոզել։ Իրականում Ադրբեջանը միայն երկու բանի է սպասում՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը եւ իրենց համար աշխարհաքաղաքական նպստավոր զարգացումներին։ Այսինքն՝ տարածաշրջանում ցանկացած ցնցում ու իրավիճակի փոփոխություն իրենց համար պատեհ առիթ կարող է դառնալ՝ նոր ագրեսիա իրագործելու համար։ Մենք պետք է հասկանանք իրավիճակի լրջությունը, բայց նաեւ պետք է հասկանանք, որ ցանկացած իրավիճակից ելք կա։ Ամեն ինչ չէ, որ ընդդեմ մեզ է գործում։ Եվ այս պարագայում հիմնական ելքն այն է, որ պետք է բոլոր ուժերն օգնեն, որպեսզի ստեղծվի եւ կայանա Հայոց Աղվանքի վտարանդի կառավարությունը, եւ իր դիրքերն ամրապնդի Արցախի վտարանդի կառավարությունը։ Այս երկու սուր վահանը կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական ֆաշիզմի վերահաս վտանգից։

Ռոզա Հովհաննիսյան