Մոսկվան Սյունիքում սեպ է խրում ԱՄՆ-ի և Իրանի միջև. Հայաստանին չեն հարցնում

  • 18:54 07.09.2024

Ըստ Tansimnews-ի՝ Իրանը Ռուսաստանին խորհուրդ է տալիս հրաժարվել առանց հայկական անցակետերի դեպի Նախիջևան միջանցք բացելու վիճահարույց գաղափարին աջակցելուց։

Բրիտանական The Guardian-ն իր հերթին գրում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանն ու Նախիջեւանը կապող երթուղու ստեղծման վերաբերյալ Թեհրանի ու Մոսկվայի հակադիր դիրքորոշումների մասին։ Այս շաբաթվա սկզբին Իրանը կանչել էր Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ հայտնելու իր դժգոհությունը Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, որ չի ցանկանում, որ իր սահմաններին հակամարտություն հրահրվի Մոսկվայի կողմից։

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախկին ղեկավար Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեհը զգուշացրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ կարող է կանխարգելիչ հարձակում լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ կանխելու Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապի ուղիների ձևավորումը։

Հիշեցնենք, որ Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը 2021 թվականին հրաժարական տալուց առաջ հարցազրույց էր տվել (որից հատվածներ էին հայտնվել մամուլում), որտեղ ասել էր, որ Ռուսաստանն է միջամտել եւ խանգարել Արևմուտքի հետ Իրանի գործարքին։

Զարիֆը կրկին աշխատում է Իրանի կառավարությունում, և, ըստ ամենայնի, Ռուսաստանի մասին նրա կարծիքը չի փոխվել։ Մոսկվան Իրանի թշնամիների հետ միասին ամեն ինչ անում է Իրանի հզորացումը և ԱՄՆ-ի հետ գործարքը կանխելու համար։

Դրան հասնելու ուղիներից մեկն էլ Իրանին Հայաստանի Սյունիքի մարզի համար հավանական պատերազմի մեջ ներքաշելն է։ Մյուս ճանապարհը՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների իրանական մատակարարումների մասին տեղեկություններն են, որոնք Իրանը հերքել է։

Իրանի խորհրդարանի անդամ Ահմադ Նադերին ասել է. «Իրանի ազգային շահերի դեմ Ռուսաստանի նախկին գործողություններին համարժեք պատասխանի բացակայությունը մեծացրել է ռուսական ամբարտավանությունը: Նրանք պետք է հասկանան, որ ռազմավարական համագործակցությունը չի նշանակում հրաժարվել սեփական շահերից»։

Պատգամավորն հավանաբար նկատի ունի նաև 2020 թվականի դեկտեմբերի իրադարձություններին, երբ Արցախում ահաբեկչական պատերազմից հետո Բաքուն Մոսկվայից նվեր ստացավ Սյունիքի հայկական տարածքները, այդ թվում՝ Իրան-Հայաստան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը։ Միաժամանակ Սյունիքում հայտնվեցին ռուսական զորքերը, որոնք պաշտպանում էին ադրբեջանցիներին։

Իրանը այն ժամանակ եւս չարձագանքեց, բայց ամեն անգամ Ռուսաստանը ավելի ու ավելի բաց էր դառնում, իսկ այժմ Թուրքիայի ու Իսրայելի հետ ցանկանում է բռնակցել հայ-իրանական սահմանը։

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի միջանցքը դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրանում ցանկացած փոփոխության, գրում է Mehr-ը։

Հատկանշական է, որ Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում։

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը, հայտարարեց այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա չասաց, որ Երեւանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե ինչ-որ մեկը փորձի ուժով բացել միջանցքը։ Ընդհակառակը, Հայաստանի իշխանության բոլոր գործողությունները վերջին մի քանի տարիների ընթացքում վկայում են այն մասին, որ Երևանը ոչինչ չի անի, եթե իր տարածքների անեքսիայի փորձ կատարվի։

Ավելին, չի բացառվում, որ Երևանը համաձայնի «միջանցքը» մասնավոր ընկերություններին (հնարավոր է՝ հենց ռուսական) փոխանցելու առաջարկին՝ դրանով իսկ թիկունքից հերթական հարված հասցնելով Իրանին։

Նաիրա Հայրումյան

f