Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին։
“Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք”, ասված է հայտարարության մեջ:
Բաղունցը նշել է. “Ի դեպ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ”։
Նկատենք, որ այլ երկրներում գործող Արցախի ներկայացուցչյունները առ այսօր աշխատում են, բացի Ռուսաստանից։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մի քանի ամիս առաջ փակվել է Մոսկվայում ՀՀ դեսպանատան տարածքում գործող Արցախի ներկայացուցչությունը։ Թե ում նախաձեռնությամբ՝ Հայաստանի թե Ռուսաստանի, կարեւոր չէ։ Պաշտոնական Երեւանն ու Մոսկվան Արցախի էջը փակելու հարցում համակարծիք են։