Բայց գաթայի պատրաստումն՝ ուրիշ հաճույք է

  • 11:14 10.09.2024

Գայանե Զաքարյանը Ստեփանակերտից է, աշխատում էր Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցում։

Մինչդեռ Գայանեն աշխատում էր որպես ուսուցիչ, նրա բարեկամները, ընկերները նկատել էին նրա սերը դեպի հրուշակագործություն։ Խոստովանում է, որ որդին նույնիսկ առաջարկել էր Ստեփանակերտում հրուշակեղենի արտադրամաս բացել, բայց այն ժամանակ դա այդքան էլ իրատեսական չէր։

2023 թ․ տեղահանումից հետո Գայանեն իր ընտանիքի հետ ապրում է Երևանում։ Կարոտի, ցավի հետ մեկտեղ հասկանում էին, որ ինչքան էլ դժվար է, պետք աշխատանք գտնել, փորձել ոտքի կանգնել։ Սկզբում փորձում էր աշխատանք գտնել իր մասնագիտությամբ, նույնիսկ մի քանի առաջարկ էր ստացել տարբեր դպրոցներից, բայց հասկացավ, որ դեռ պատրաստ չէ համակերպվել այն մտքի հետ, որ այլևս Արցախի դպրոցներում չի դասավանդելու։

Հետո սկսեց փոքր քայլերով զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ, սկզբում ընկերները, բարեկամներն էին հիմնական սպառողները, իսկ այժմ նրանց միացել են նաև մյուս հայրենակիցները։

Ասում է, որ իր գործունեությանը մեծապես նպաստել է «Վսկե ծերքեր» փառատոնը, որից հետո ձեռք է բերել մեծ թվով հաճախորդներ։

Ժամանակի ընթացքում նաև իր մասնագիտությամբ է սկսել աշխատել, մարտ ամսից աշխատում է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական քոլեջում որպես դասախոս, իսկ նոր ուսումնական տարվանից՝ աշխատում նաև դպրոցում։

Չնայած ծանրաբեռնվածությանը, շատ է սիրում իր աշխատանքը և դեռևս չի պատրաստվում թողնել սիրելի հոբբին, որն արդեն վերածվել է սիրուն բիզնեսի։

Նրա պատրաստած հրուշակեղենի ցանկում կարող ենք գտնել և՛ գաթա, և՛ արցախյան փախլավա, և՛ այլ տեսակի քաղցրավենիք, բայց խոստովանում է, որ ունի իր սիրելի քաղցրավենիքը։ Այժմ նույնիսկ հարսանիքների կամ այլ առիթների համար ձևավոր գաթաներ է պատրաստում։ 

Քրիստինա Ալավերդյան

 

f