Իրանի պաշտոնական հաստատությունների, պաշտոնյաների վերջին օրերի հայտարարություններն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խիստ առարկայական, ուղիղ ու հասցեական են դարձել։ Դրանցում ամենակարեւոր արձանագրումները հետեւյալն են․ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, այն է՝ Հայաստանի հարավի օտարման եւ հայ-իրանական սահմանը ոչնչացնելու ծրագրի նախաձեռնողն ու իրականացնողը Ռուսաստանն է՝ Բաքվի ու Անկարայի միջոցով։
Միջանցքի բացումը Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար լուրջ սպառնալիք է, այդ թվում՝ երկրի մասնատմանն ուղղված։ Զանգեզուրի միջանցքը Պուտինի հարձակումն է՝ ուղղված Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապուղիների ձևավորման հնարավորությունը կանխելուն։ Ծրագիրը սպառնում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող միակ ցամաքային ճանապարհին: Տարածաշրջանում ցանկացած միջամտություն, լինի դա Թուրքիայից, Ադրբեջանից կամ Ռուսաստանից, դիվանագիտական և ռազմական մակարդակներում կբախվի Իրանի վճռական դիմադրությանը։
Ընդգծվում է, որ հայ-իրանական սահմանը հազարամյա սահման է։ Նշվում է, որ Իրանը հնարավոր բոլոր միջոցներով, անկախ այլ երկրների դիրքորոշումներից, կանխելու է միջանցքի ծրագիրը։ Ընդ որում, այդ հայտարարություններում բավական թափանցիկ ակնարկներ են արվում պաշտոնական Երեւանի կողմ, եւ դա բնական է՝ Փաշինյան-քպ կառավարությունը եւ նրա նոմենկլատուրային ռուսապատկան «ընդդիմությունը» սպասարկում են ռուս-թուրքական ծրագրերը։
Իրանական հայտարարություններում նշվում է՝ անկախ Երեւանի դիրքորոշումից, Իրանը պաշտպանելու է հայ-իրանական սահմանը։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ մեղադրանքին ի պատասխան, թե Երեւանը սաբոտաժի է ենթարկում եռակողմ պայմանավորվածությունները, նկատի ունենալով հաղորդակցությունների կետը, ՀՀ ԱԳՆ չի նշել, որ խախտվել են եռակողմ համաձայնությունների մյուս բոլոր կետերը, եւ չի պահանջել այդ խախտումների վերացում։
Միջանցքի խնդրի վերաբերյալ Իրանից հնչող կոշտ ու հասցեական հայտարարությունները կապված են Ռուսաստանի վերջին քայլերի հետ․ Բաքու կատարած այցի ժամանակ ոմն Պուտին Ալիեւի հետ քննարկել է ՀՀ հարավի օտարման արագացման խնդիրը, այդ թվում ռազմական միջոցով։ Ռուսաստանի համար միջանցքը ստվերային սխեմաներով արտաքին առեւտրի խողովակ է, նկատի առնելով արեւմտյան պատժամիջոցների երկարաժամկետ բնույթը։
Սակայն խորքային խնդիրը Հայաստանի պետականության ոչնչացումն է՝ տարածաշրջանից Ռուսաստանի նահանջն անցնցում իրականացնելու համար։
Թեհրանը հասցեական եւ ուղիղ նշում է ՀՀ պետականության վերացման ծրագրավորողին ու իրականացնողին՝ Ռուսաստան։ Հետաքրքիր է՝ հիմա ինչ կասեն հայաստանյան ռուսապատկան քաղդասն ու մեդիա-քաղաքագիտությունը, որոնք զբաղված են ռուսական պրոպագանդայի կեղտը սփռելով։
Հեռու չէ այն օրը, երբ Թեհրանն առավել առարկայական ու մանրամասն կարտահայտվի Ռուսաստանի այդ ծրագրերի մասին։
Հայաստանի դեմ Արցախում 2020-ից սկսած ռազմական արշավն ու նոյեմբերի 9-ի թուղթը ուղղված էին նաեւ Իրանի դեմ, հաշվի առնելով այդ ծրագրերի շահառուներին՝ Ռուսաստան եւ նրա գործիք այսպես կոչված ադրբեջան, Իսրայել, Թուրքիա։
Իրանի համար սա գոյության խնդիր է, եւ «ադրբեջանի տարածքային ամբողջականության», «աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության» վերաբերյալ մանթրաների ժամանակն անցել է։
Վերջին օրերի հայտարարություններն իրենց ընդգրկմամբ ու շեշտադրումներով ցուցանում են խնդրի, իրավիճակի լրջության գիտակցումը։
Արամ Եգանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: