Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հրավիրել է Երևանին և Բաքվին Բուդապեշտում խաղաղության պայմանագիր ստորագրելու։
Ինչպես հայտարարեց հունգարացի նախարարը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ, պատերազմը երբեք չի ավարտվում մարտի դաշտում, դա տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ։ Հունգարիան կարող է շփվել հակամարտության երկու կողմերի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։
Բուդապեշտը, նրա խոսքով, վերջերս վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։ Դրանից հետո երկկողմ առևտուրը ռեկորդ է սահմանել, և մայրաքաղաքների միջև թռիչքներ են սկսվել։ Հունգարիան ամառային արձակուրդներին ընդունել է մոտ հազար երեխա ղարաբաղյան ընտանիքներից։
Բացի այդ, կողմերը համագործակցություն են հաստատում, այդ թվում՝ դեսպանատներ բացում։
Միևնույն ժամանակ, Հունգարիան ռազմավարական համագործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ և սերտ կապեր էներգետիկ ոլորտում, նշել է Սիյարտոն։
«Սա մեզ հնարավորություն է տալիս օգնելու երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտին: Երկու կողմերի հետ իմ վերջին զրույցների ժամանակ առաջարկվել է որպես տարբերակ ընտրել Բուդապեշտը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման վայր»,- նշել է հունգարացի նախարարը։
Քաղաքական ցինիզմը սահմաններ չունի. Սաֆարովի պատմությունը, ով 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հիմք դրեց դրանից մեկ տարի առաջ նախագահ կարգած Իլհամ Ալիևի՝ հայերին անպատիժ ոչնչացնելու քաղաքականությանը: Հենց որ 2010 թվականին Օրբանը դարձյալ դարձավ Հունգարիայի վարչապետ, սկսվեց Սաֆարովի գործի վերանայումը, իսկ 2012 թվականին նա արտահանձնվեց Բաքու՝ Պուտինի ընկերոջ բացահայտ աջակցությամբ։
Այս պատմությունը սոսկ մարդկային դրամա չէ, այլ համաշխարհային քաղաքականության շրջադարձի, մասնավորապես՝ Հայաստանի վերացման ծրագրերի մեկնարկի ցուցիչ։ Այդ ծրագրերը հետեւողականորեն իրականացնում են առ այսօր Պուտինը, Էրդողանը, Օրբանը, որոնց հետ Հայաստանի ներկայիս իշխանությունը բարեկամական հարաբերություններ ունի։
Հայաստանի իշխանությունն ամեն քայլափոխով հաստատում է իր մասնակցությունը Պուտին-Օրբան-Էրդողան ծրագրերին, և հնարավոր է, որ «խաղաղության պայմանագիրը» իրոք կնքվի Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի այն դպրոցում, որտեղ սպանվել է Մարգարյանը, «երախտավոր» ղարաբաղցի երեխաների շրջապատում։