Սիլվա Աշխարյան. Աշխատանքն օգնում է հաղթահարելու սթրեսը, նաև եկամտի աղբյուր է

  • 10:17 12.09.2024

Սիլվա Աշխարյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից է։ Բարձրագույն ուսումը ստացել է ԱրՊՀ-ում, ամուսնացել և տեղափոխվել է Ավետարանոց գյուղը։ Աշխատել է Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբանության, ապա՝ աշխարհագրության ուսուցչուհի։ 2009-ից համատեղությամբ աշխատել է գյուղի մանկապարտեզում՝ որպես վարիչ։

44-օրյա պատերազմից հետո շատ բան է փոխվել նրա կյանքում, սակայն հարազատ հողի հանդեպ սերն ու կապվածությունը մնացել է անփոփոխ, և այդ է պատճառը, որ Արցախից դուրս չէր ցանկանում ապրել։ Տեղահանվելով Ավետարանոց գյուղից՝ նրա ընտանիքը հաստատվել է Ստեփանակերտում։

Դեռևս 2020-ին է մանկավարժ Սիլվա Աշխարյանի մոտ քաղցրավենիք պատրաստելու հոբբի առաջացել, երբ պատերազմի ժամանակ Էջմիածին քաղաքում ծանոթացել է մի խումբ ձեռներեց կանանց հետ, որոնք հալվա էին պատրաստում։ Այդ քաղցրավենիքն այնքան հոգեհարազատ է եղել Սիլվային, որ նա անմիջապես հիշել է տատիկի պատրաստած անուշահամ հալվաները։ Սկսել է սովորել քաղցրավենիքի պատրաստման նրբությունները և հմտացել այդ գործում։ Պատերազմից հետո, վերադառնալով Արցախ, զբաղվել է այդ գործով։ Մասնակցել է դասընթացների, շահել դրամաշնորհ և ձեռք բերել նորարարական սարքավորումներ։

Նախ՝ հարազատներին ու ծանոթներին էր հյուրասիրում, ապա՝ շրջանակները լայնացան և նրա պատրաստած անուշահամ հալվաները ճանաչում գտան Արցախում։

Արցախի հայաթափումից հետո կրկնակի տեղահանված Սիլվա Աշխարյանը, Արցախում թողնելով ամեն ինչ, Հայաստանում շարունակում է իր փոքրիկ բիզնեսը։ Այստեղ նա նորից է ձեռք բերել որոշակի սարքավորումներ։ Ընտանիքը հաստատվել է Էջմիածին քաղաքում։

-Սկզբից, որ սկսեցի հալվա պատրաստել, փորձում էի դիզայն ու գեղեցիկ տեսք տալ իմ աշխատանքին, իհարկե, մեծ ուշադրություն դարձնելով համին։ Բոլորս գիտենք, որ առաջներում Արցախում հալվաները
պատրաստում էին ձեթով, դոշաբով, ընկույզով, բայց այսօր ժամանակակից հալվաների բաղադրությունը փոխվել է։ Ավելացել են կարագը, շաքարավազը, դարչինը և տարբեր զարդարանքներ: Կողքից նայողին հեշտ աշխատանք է թվում, բայց իրականում այն շատ նուրբ գործընթաց է, ու եթե ինչ-որ բան խախտվում է աշխատանքի ընթացքում, ապա հալվան չի ստացվում:

Հմտություն ու տեխնիկայի տիրապետում է պետք․ եթե դրանք լինեն, ուրեմն աշխատանքը բարեհաջող կստացվի: Խոհանոցի յուրաքանչյուր աշխատանք պետք է սիրել ու սիրով կատարել։ Զարդարելու ընթացքում ես հիանում ու հանգստանում եմ:

Արցախից տեղահանվելուց հետո իմ աշխատանքն ինձ օգնում է հաղթահարելու սթրեսը, ինչպես նաև եկամտի աղբյուր է ընտանիքիս համար։ Ինձ օգնում է նաև աղջիկս։  Բացի հալվայից, պատրաստում ենք նաև տարբեր տեսակի հրուշակեղեն։

Մեր արտադրանքով մասնակցել ենք Երևանում կազմակերպվող մի շարք տոնավաճառների։ Այստեղ ներկայացրել եմ բիզնես-ծրագիր, որն ընթացքի մեջ է։ Ցանկանում եմ ընդլայնել արտադրանքը, և հույս ունեմ, որ կկարողանանք ձեռք բերել հավատարիմ պատվիրատուներ ու մեր քաղցրավենիքի պահանջարկը միշտ կլինի,-ասում է Սիլվան ու ավելացնում, որ ցանկացած աշխատանք հաջողությամբ է պսակվում մարդու ուժեղ կամքի, աշխատասիրության շնորհիվ: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե ունես քո նպատակին հասնելու ձգտում, ուրեմն դու դրան կհասնես:

Սիլվա Աշխարյանը խանդաղատանքով է հիշում հարազատ Ավետարանոցը, մանկապարտեզի իր երեխաներին, գործընկերներին, գյուղի ամեն մի անկյունը։ Նա ծանր  է տանում, որ թշնամին տիրել է ողջ Արցախին, և այսօր արցախահայությունը կանգնել է դաժան իրականության առաջ։

Կարինե Բախշիյան

f