Արցախցի Արմեն Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններին։
«Ես անձամբ Արցախի «Վերադարձ» կիոկուշին կարատեի մարզական ակումբի ղեկավարն եմ, նաեւ «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ համահիմնադիրն եմ։ Եվ մենք չենք պատրաստվում ոչ մի կերպ ինքնալուծարման գնալ, այլ ընդհակառակը, մենք ատամներով պահպանում ենք մեր արցախյան պետական ինստիտուտները, առանձին միավորները։ Եվ այդ ուղղությամբ մեծ աշխատանք ենք տանում։
Մեր կազմակերպությունների միջոցով մենք կարողանում ենք կոմպակտ ձեւով արցախյան միջավայր ստեղծել։ Օրինակ՝ իմ մարզական ակումբում ավելի քան 80 արցախցիներ են մարզվում։ Իսկ 80 մարզիկ նշանակում է 80 ընտանիք։ Երբ ես ծնողական ժողով եմ անում, ապա կարծես ինձ մոտ մի փոքրի Արցախ է լինում։ Եվ այդ միջավայրն է մարդկանց ձգում, որ գան, իրար հետ շփվեն, մեր բարբառը պահպանվի։ Այսպիսի արցախյան միջավայր ստեղծելով՝ մենք ուզում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի արցախցիները չլքեն Հայաստանը։
Ինչո՞ւ է մեր ՀԿ-ների անունների մեջ «վերադարձ» բառը շեշտվում, որվհետեւ վերադարձը դա գերագույն նպատակ է։ Իսկ այդ գերագույն նպատակին հասնելու համար մենք առաջնահերթությունը տալիս ենք նրան, որ արցախցիները պետք է մնան Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Ըստ Արմեն Պետրոսյանի՝ եթե Հայաստանում լինեին ազգային իշխանություններ, իրենք ամեն ինչ կանեին, որ մարդիկ ստիպված չլքեն Հայաստանը։ Նա նշեց, որ արցախցիների արտագաղթը Հայաստանից շարունակվում է։ «Ուսումնական տարվա ավարտից՝ մայիս-հունիս ամիսներից հետո իմ աշակերտներից 14-ը լքեցին Հայաստանը։ Իրենց ծնողներն այստեղ ապագա չէին տեսնում, իրենք վստահ չէին, որ կարող են այստեղ ընտանիք պահել, բնակարան ունենալ, իրենք հույս չէին կապում Հայաստանի իշխանությունների հետ։ Ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները հակաարցախյան հայտարարություններ են անում, դա մարդկանց մոտ առաջացնում է նեգատիվ զգացմունքներ եւ իրենք չեն կարողանում իրենց ապագան կապել Հայաստանի հետ։
Հենց Հայաստանում մնալը պետք է այն միջոցը լինի, որը հետագայում կապահովի մեր վերադարձը։ Այդ վերադարձը ռազմական նվաճմամբ կլինի, թե քաղաքական ճանապարհով, դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ մենք ունենանք ազգային իշխանություն, իսկ այս իշխանությունները ադրբեջանա-թուրքական թեզերն են առաջ քաշում։ Իրենց խոսույթը՝ Արցախի իշխանությունների ու պետական ինստիտուտների վերաբերյալ, մեկ առ մեկ համընկնում է Ադրբեջանի իշխանության խոսույթի հետ»,- ասաց նա։
Արմեն Պետրոսյանը նշեց, որ վաղ թե ուշ Արցախի հարցը պետք է նորից բերվի առաջնային պլան։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երկու հարց մշտապես պետք է լինեն՝ Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցերը։
Ըստ նրա՝ արցախցիների՝ Հայաստանում մնալու գործոնը եւս պետք է հզորացնի Հայաստանը։ Եվ Հայաստանի իշխանությունները, եթե ազգային լինեին, արցախցի զինվորականների ներուժը կօգտագործեին այսօր։ «Օրինակ՝ 50 հազար արցախցուց գոնե 5000 տղամարդ կլինի, չէ՞, որ զինված ուժերը համալրի։ Բայց այս իշխանություններն ի դեմս արցախցիների վտանգ են տեսնում։ Եվ նույնկերպ թունավորում են Հայաստանի բնակչությանը՝ ընդդեմ Արցախի ժողովրդի։ Եթե նկատել եք, իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցները Հայաստանի եւ Արցախի հայության մեջ սեպ են խրում՝ արցախցիների ելույթներին ապակողմնորոշող վերնագրեր դնելով ու ապատեղեկատվություն տարածելով։ Արցախցիներն իրենց այսօրվա վիճակի համար մեղադրում են Հայաստանի իշխանություններին, ոչ թե հայաստանցիներին։ Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, հիմա էլ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն Արցախի հայաթափումը համարում է Հայաստանի հաղթանակը։ Թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այսքան հրճվել, հասկանալի չէ»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան