Կառավարությունը, հայտարարելով, որ ռազմական ճանապարհով հող չի վերադարձնելու, պատերազմ է հրահրում

  • 13:39 12.09.2024

ՀՀ-ն ռազմական ճանապարհով իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր չի դնում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է լուծել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ասել է երեկ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունը ՀՀ սահմանադրական տարածքը վերադարձնելու համար։

Փաշինյանը չի բերել դիվանագիտական ճանապարհով որեւէ տարածք վերադարձնելու գոնե մեկ օրինակ, սակայն եւս մի անգամ հարկ է համարել շեշտել, որ իր կառավարությունը չի պատրաստվում ուժ օգտագործել երկրի ինքնիշխանության եւ ազգային շահերի պաշտպանության համար։

Այն իրավիճակում, երբ նույնիսկ հարեւան երկրներն են կոչ անում Ռուսաստանին՝ Հայաստանում թույլ չտալ ռազմական բախում Մեղրիի ճանապարհի համար, Փաշինյանի հայտարարությունը հնչում է որպես հրավեր։ Եկեք, ուժով վերցրեք, մենք ռազմական դիմադրություն չենք ցուցաբերի։

Դիմադրության բացակայությունը՝ ՀՀ այսօրվա կառավարության «կրեդոն» է։ Մակրոնը Փաշինյանին նույնիսկ հրավիրեց Փարիզ՝ Դիմադրության հերոս Մանուշյանին նվիրված միջոցառումներին, փառաբանելով դիմադրություն ցուցաբերած հայերին։ Սակայն ՀՀ կառավարությունը անդրդվելի է՝ ոչ մի դիմադրություն, միայն դիվանագիտական զիջում։

Սկսած առնվազն Խծաբերդի դեպքերից, երբ գերի են ընկել մի քանի տասնյակ զինված հայեր, պարզվել է, որ հայ զինվորներին պատասխան կրակ բացելու հրաման չի տրվում։ Ի պատասխան այս պնդումներին պաշտոնյաները ասում են, որ «չկրակելու» հրաման չի տրվել, այդ թվում 2022-ին Ջերմուկում եւ հետո՝ 2023-ին Տեղ գյուղի բարձրունքներում։ Բայց «կրակելու» հրաման էլ չի տրվում, ինչը ամբողջությամբ իմաստազրկվում է ռազմական դիմադրությունը։

Իմաստազրկման այս պրոցեսի վերջնանպատակն է՝ բանակի անիմաստության մասին հայտարարելն է։ Եթե սահմաններին պիտի կանգնեն սահմանապահները՝ հայ եւ ռուս, եւ սահմանը նախանշեն մի քանի սյուներ եւ գեղագիտական պատ, այլ ոչ թե ռազմականացված բաժանարար գծեր, ապա ինչի՞ է պետք բանակը։

Ալիեւն էլ է դա ասում՝ սահմանափակեք ձեր զինված ուժերը, մեկ է՝ չեք օգտագործում։ Եւ պատահական չեն պնդումները, որ Հայաստանը իր ՀՕՊ զենքերը վաճառել է, իբր, Ուկրաինային, թեկուզ ոմանք պնդում են, որ ռուսներն իրենք են վերցրել-տարել։

ՀՀ իշխանության ներկայացուցիչները դեռ շարունակում են պնդել, որ Արցախը հանձնվել է դասալիքների, Արցախի ղեկավարության եւ այլոց մեղքով։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ «մեր տղաները» զոհվել են “իրենց” համար, կարծես՝ Արցախը Հայաստան չէ, այլ մի օտար երկիր։ Իսկ Փաշինյանն այսօր ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո շատ զենք է անհետացել՝ ակնարկելով, որ ծանր հանցագործությունները ավելացել են, եւ պետք է հանձնել զենքերը։ Ներքին լսարանին նա այդպիսով ասում է, թե ում պետք է մեղադրել հնարավոր “իշխանափոխության” դեպքում, իսկ արտաքին “գործընկերներին” ակնարկում է, որ եթե լինի դիմադրութոյւն, ապա ինքը կապ չունի դրա հետ։

Հայաստանում ոչ ոք պատերազմ չի տենչում, բացի այն անձանցից, ովքեր պատասխանատվությունից խոսափելու համար պատերազմ են հրահրում, որ ամեն ինչ վերագրեն դրան։

Պատերազմ թույլ չտալու պատրվակով զիջումների գնացող կառավարությունը, հայտարարելով, որ ռազմական ճանապարհով հողեր չի վերադարձնելու, ինքն է պատերազմ հրահրում։